Անդրադարձ – Այժմէականութիւնը Պահած Դրուագ Մը – Հայկ Խաչատրեան

Map of Armenia - Historical Armenia and future Armenia – Carte de l'Arménie - Arménie historique et future Arménie

Անդրադարձ – Այժմէականութիւնը Պահած Դրուագ Մը – Հայկ Խաչատրեան

03 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2022 – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ստորեւ կը ներկայացնենք բաւական ժամանակ առաջ գրուած, սակայն տակաւին այժմէականութիւնն ու խոր պատգամը պահպանող գրութիւն մը, որուն մէջ լուսարձակի տակ կը բերուի մայրենիին տիրութիւն ընելու կարեւորութիւնը:

– Ի՞նչ է քո անունը,- հարցրեց արքայից արքան:

– Ես հայերէն չգիտեմ,- յունարէն պատասխանեց Եւպատորի զօրապետը:

Մի ակնթարթում Տիգրանի դէմքը փոխուեց: Զայրոյթից նա չկարողացաւ նստած մնալ տեղում, ելաւ գահից եւ, առանց ոեւէ մէկի կողմը նայելու, սկսեց անցուդարձ անել: Յետոյ նորից բազմեց գահին եւ դիմելով անծանօթ զօրապետին` յունարէն հարցրեց.

– Դու հա՞յ ես:

– Այո՛:

– Ի՞նչ է քո անունը:

– Հեկտոր:

– Քանի՞ տարեկան ես:

– Քսանեօթը:

– Քսանեօթը տարի աշխարհի վրայ ապրել ես առանց հայերէն խօսելո՞ւ:

– Արքայի՛ց արքայ, Պոնտոսում յունարէն են խօսում:

– Բայց դու հայ ես:

– Այո՛, եւ այնուամենայնիւ Պոնտոսում կարելի է ապրել նաեւ առանց հայերէնն իմանալու:

– Մի՞թէ այդպէս են մտածում Պոնտոսում գտնուող բոլոր հայերը:

– Երեւի ոչ բոլորը: Բայց հայերէնով ես չէի կարող զօրապետի աստիճանի հասնել Միհրդատ Եւպատորի մօտ:

– Օտարազգի թագաւորին ծառայելու համար դու մոռացե՞լ ես մայրենի լեզուն:

– Չգիտեմ, արքայի՛ց արքայ, բայց այդպէս եմ վարուել:

– Որտե՞ղ ես ծնուել դու:

– Փոքր Հայքում:

– Ահա թէ ինչո՛ւ էր Եւպատորը պինդ գրկել Փոքր Հայքը: Լսո՞ւմ ես, Մամիկ, թէ ինչքան ենք ուշացել մենք: Փոքր Հայքում հայերը ուրանում են մայրենին, պաշտօններ ձեռք բերելու եւ բարեկեցիկ կեանք ստեղծելու համար խօսում են յունարէնով, փոխում են նոյնիսկ իրենց տոհմանունները: Ինչո՞ւ են քեզ Հեկտոր կոչել:

– Չգիտեմ, հայրս է դրել այդ անունը:

– Իսկ դու երբեւիցէ մտածե՞լ ես, որ աստուածները կը պատժեն քեզ մի օր դաւաճանութեանդ համար:

– Իսկ ո՞ւմ եմ դաւաճանել ես:

– Հայքին:

– Բայց ես երբեք գործ չեմ ունեցել Հայքի հետ, ես Եւպատորի հետ կռուել եմ միայն հռոմէացիների դէմ:

– Դու չե՞ս դաւաճանել Հայքին:

– Ո՛չ: Նոյնիսկ հոգուս խորքում հպարտացել եմ, որ Հայքն աւելի զօրեղ է, քան Ասիայի որեւէ տէրութիւն, որ արքայից արքայ Տիգրանն աւելի մեծ է, քան` աշխարհի որեւէ մեծութիւն:

– Քո հաճոյախօսութիւնն ինձ չի ուրախացնում: Եթէ ոեւէ հայ չի խօսում հայերէն, պէտք է ստանայ իր արդար պատիժը:

– Ի՞նչ օրէնքով:

– Մեր հայկեան օրէնքով: Մենք աշխարհ ենք եկել հայերէնով, եւ եթէ մի օր հեռանանք աշխարհից, մեր հրաժեշտի խօսքը պէտք է հայերէն լինի:

Հայկ Խաչատրեան
«Տիգրան Մեծ»

aztagdaily.com/archives/566075

Facebooktwitterredditpinterestlinkedinmail