Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականները այսօր պահանջում են ճանաչել ցեղասպան Ադրբեջանի հերթական ագրեսիան. դիմում ՄԱԿ-ին և Մինսկի խմբի համանախագահ երկրներին
28.09.2020 | Քաղաքականություն | Lragir.am,
Իզուր եք փորձում կոծկել ու շրջանցել այն հրեշավոր երևույթը, ինչը արդեն հարյուր երեսուն տարիներ Մեծ Մերձավոր Արևելքը առել է իր շնչի տակ, փորձում է վերացնել ազգերին, ժողովուրդերին, մշակույթները, քաղաքակրթությունները: Ու մենք այդ հրեշավոր երևույթի մի դրվագի զոհն ենք, արհամարհված, ոտնահարված, մոռացված հենց ձեր հանցավոր համաձայնությամբ: Դուք, որ իրավունքի ջատագով եք ներկայանում, առաջինն եք ոտնահարել մեր կյանքի իրավունքը` չխոսելով դրա պաշտպանության անհրաժեշտության մասին, դուք, որ խոսում եք տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին, առաջինն եք ավերում այդ խաղաղությունը, երբ մեր ապրելու իրավունքը ժխտում եք ու ցեղասպան Թուրքիայի այդ հավելումին` ցեղասպանության այդ մեքենային, որին դուք Ադրբեջան եք կոչում, դրդում եք ագրեսիայի իր ինչ-որ օկուպացված տարածքների վերադարձի համար:
Դուք, իրո՞ք, անտեղյակ եք, թե ձեզ հանձնարարված է չիմանալ, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 000 հայ փախստականներն են ցեղասպան մեքենայից 1992-1994 թվականներին ազատագրված տարածքների իրավատերը միջազգային իրավունքի տիրույթում: Դուք, երբևէ, ձեր այսպես կոչված կարգավորման ձևաչափում անդրադարձել ե՞ք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց Արցախյան պատերազմը, թե ինչպե՞ս ցեղասպան մեքենան փորձեց հայության ցեղասպանությունը Սումգայիթից, Նախիջևանից, Բաքվից, Գանձակից, Գարդմանքից, Շաքիից ու Շիրվանից հետո իրականցնել Ստեփանակերտում, Մարտակերտում ու Արցախի ողջ տարածքում: Դուք երբևէ հարգել ե՞ք ու այցելել ե՞ք Շուշիի ազատագրման համար Շուշիի մատույցներում զոհված այն հայ փախստականների շիրիմներին, որոնք ցեղասպանությունը չկարողացան զսպել Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում, Գանձակում, Գարդմանքում, բայց ցեղասպանությունը կասեցրին Արցախի մատույցներում: Բաքվում 1988-1990 թվականներին հայության ցեղասպանությունից փրկված ու փախստական դարձած տաս հայ, Սումգայիթում 1988-ի փետրվարին հայության ցեղասպանությունից փրկված ու փախստական դարձած մեկ հայ զոհվեցին Շուշիի մատույցներում:
Ու դուք չեք ուսումնասիրել այդ ոչ հեռավոր պատմությունը, դուք տեղյակ չեք հակամարդ այդ դեպքերից, ու նման հանցավոր անտարբերություն պահանջում են ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը, որտեղ մարդու կյանքի ու այլ իրավունքները տեղ չունեն:
Ու դուք ձեր մեղքի չափը չեք էլ քննարկում նաև այսօր, երբ ցեղասպանը գալիս է ոչնչացնելու նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին, ովքեր այսօր փրկություն են գտել իրենց համար ազատագրված տարածքներում, ու կրկին մտադիր եք զոհին ու ցեղասպանին իրար հավասարեցնել:
Մենք` աշխարհով մեկ ցրված Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներս այսօր պահանջում ենք ձեզանից ազնիվ լինել մարդկության ու մարդկայնության առաջ, ճանաչել ցեղասպան Ադրբեջանի հերթական ագրեսիան, ճանաչել դրա ցեղասպանական նկրտումները ու ձեռնարկել պատժամիջոցներ դրա դեմ:
Այո, պետք է և պարտադիր է շարունակել բանակցությունները հենց Մինսկի խմբի ձևաչափում, որոնց արդյունքները ցեղասպան այդ միավորման չեզոքացումը պետք է լինի: Եվ բանակցային այդ սեղանի շուրջ պետք է նստած լինեն ու խնդիրներն ու հարցերը բանակցային օրակարգ պետք է մտցնեն ցեղասպանի երախում հայտնված տարածաշրջանի ազգերն ու ժողովուրդները, նրանք պետք է որոշեն իրենց ճակատագիրն ու վերականգնեն իրենց ապրելու և ներդաշնակ զարգանալու իրավունքը:
Սա է խաղաղության հաստատման եզակի միջոցն ու ուղին, մնացածը ծառայում են խաղաղության ավերմանն ու սպառնալիքը թեժ պահելուն:
27.09.2020թ.
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
www.lragir.am/2020/09/28/582505/