«Արցա՜խն Է Մեզ Կանչում…»… – «Արցա՜խն Է Մեզ Կանչում…»… – «Արցա՜խն Է Մեզ Կանչում…»… – ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
11 ՅՈՒՆՈՒԱՐ 2023 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ:
Դերենիկ Մելիքեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Եւ ահա ռազմահայրենասիրական յայտնի երգի իրական պահերն ենք այս օրերին եւս վերապրում, երբ հնչում է.
«Հայե՛ր, միացէք, միացէ՜ք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնութեան հասէ՜ք…»:
Շրջափակուած Արցախի հանդէպ տեղեկատուական-բարոյական աջակցութեանը շաբաթներից ի վեր գործի են լծուել սփիւռքեան խոշոր համայնքներում ու գաղթօճախներում հայկական ինչպէս քաղաքական, այնպէս էլ մարդասիրական-հասարակական
կազմակերպութիւն-կուսակցութիւնները…
Իսկ այժմ մի հարց.
Ո՞ւր է Միացեալ Նահանգներում Հայաստանի ու հայութեան շահերը պաշտպանելու կոչուած դեսպանուհի Մակունցը:
– Ժամանակին, իր ապաշնորհութեան դէմ Կապիտոլիումի (Քոնկրես) առջեւ հայ ցուցարար երիտասարդներից «պաշտպանուելու» համար ամերիկացի ոստիկանութեանը դիմող դեսպանուհին արդեօ՞ք Արցախի 120.000 հայերի շրջափակման մասին ոչինչ չունի ասելու նոյն քոնկրեսականներին կամ ԱՄՆ ԱԳՆ-ին` պետքարտուղարութեանը: Թէ՞ դա էլ է վերապահուած Հայ դատի յանձնախմբերին ու «CELEBRITY» քարտաշեաններին…
Ամենաազդեցիկ ու հուժկու քայլն, սակայն, կը լինէր Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում արցախցիների հանրահաւաքի ծաւալով Երեւանում հարիւրհազարաւորների ժողովրդական համահաւաքի պետական կազմակերպումը, որն էական նշանակութիւն կ՛ունենար թէ՛ ներազգային ճակատի ամրապնդման եւ թէ՛, որն խիստ կարեւոր էր արտաքին ճակատի իրական սպառնալիքները շրջանցելու համար: Աւա՜ղ, դա եւս տեղի չունեցաւ, բայց ամենեւին էլ չի նշանակում, որ գալիքում իր վերջին խօսքը չի ասելու ի վերջոյ դանակը ոսկորին հասած գիտակից երեւանցին…
Արցախին օգնութեան հասնելու մասին մեր խնդրոյ առարկայ երգի ոգով օրեր առաջ իր իրաւացիօրէն վրդովուած ձայնը հնչեցրեց Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը` ասելով, թէ` «Որտե՞ղ էք, հայե՛ր, Արցախը պաշարուած է…»:
Սիրելի՛ ընթերցող,
Խիստ հետաքրքրական է, երբ ի տես այդ պաշարման` հէնց նախօրեակին ականատես ենք դառնում Իրանի Խուզիստան նահանգի կենտրոն` Ահւազի զօրավար Չամրանի անուան համալսարանի պարսիկ ուսանողութեան խիստ յուզառատ յայտարարութեանը, որը բարոյականից առաւել` քաղաքական պատգամ էր պարունակում իր մէջ, երբ երկու ժողովուրդների բնական ու բարեկամական համերաշխութիւնը, տուեալ դէպքում, համարւում է հայոց Արցախի շրջափակումը կոտրելու ազդեցիկ գործօն: Հարկ է փաստել, որ ամիսներ ի վեր իրանական պետական, դիւանագիտական, քաղաքական, փորձագիտական ու զանգուածային լրատուական միջոցների լայն շրջանակները հայոց Արցախի շուրջ ստեղծուած ընդհանուր իրավիճակին արձագանգում են հայամէտ դիրքերից: Երեւոյթ, որին մենք ականատես չեղանք նոյնինքն ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի համապատասխան նիստում:
Ահաւասիկ այսօր իսկ ողջ հայութեան եւ յատկապէս հայաստանեան մեր քոյր-եղբայրների ինչպէս բարոյական, այնպէս էլ քաղաքական-գիտակցական պարտաւորութիւնն է արձագանգել մետաքսէյակոբեանների ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՉԻՆ, որպէսզի ապացուցուի, որ միայնակ ու լքուած չէ հայութեան հպարտանքի խորհրդանիշ արծուաբոյն Արցախը…
aztagdaily.com/archives/569251