Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար ԱՀՀ ՊՈՒ գեներալ-մայոր Արամ Անդրեասյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ
2022 թվականի դեկտեմբերի 26-ին, 53 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախկին պատգամավոր, «Ազատամարտի վետերանների միություն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագան, Արցախյան պատերազմի վետերան, մեր շատ սիրելի ընկեր եւ համախոհ ԱՀՀ ՊՈՒ գեներալ-մայոր Արամ Անդրեասյանը:
Արամ Անդրեասյանը Հայ Զինվորի եւ Ազատամարտիկի այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։
Եվ որպես հայկական օջախի պահապան ընտանիքի հայր, պրոֆեսիոնալ զինվոր՝ ՀՀ ԶՈւ կադրային սպա, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին՝ որդուն եւ երեք դուստրերին, ու գործընկերներին, ովքեր այսօր շարունակում են ապրել այս հայկական արժեքներով։ Հենց այս հայրենասիրական զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։
Մենք մշտապես բարձր ենք գնահատել Արամ Անդրեասյանի հայրենանվեր գործունեությունը Արեւմտյան Հայաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործում, այդ թվում՝ իր պատասխանատու դերը, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների, Պաշտպանության ուժերի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին՝ նաեւ զորակցությունը Արամ Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
ԱՀՀ ՊՈՒ գեներալ-գնդապետ Նարեկ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Գլխավոր հրամանատար
26.12.2022 թ․
***
Հարգելի ընկերներ,
Արամ Անդրեասյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 28-ին, ժ. 16:00-ից Երեւան քաղաքի «Անգել» սգո սրահում (Հասցեն՝ Երեւան, Թբիլիսյան խճուղի, շենք 29/10):
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 29-ին, ժ. 13:00-ին՝ երրորդ գյուղի հարևանությամբ գտնվող Շահումյանի գերեզմանատուն: