«ԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԿԱՐԱԳՐԵԼ ԱՆԹԻՎ ԱՆԳԱՄ՝ ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ, ԼՈՒՍԻՆԸ, ԾՈՎԸ, ԶԵՓՅՈՒՌԸ»… – ԿԱՐԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ
17 ՅՈՒԼԻՍ 2023 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ մի քանի օրվա շրջագայությունների արդյունքում Հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932)՝ ծնունդով Արցախի Քարին տակ գյուղից, գրում է իր տպավորությունները՝ Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքի ավերակների նկարագրությամբ՝ փոխանցելով «բարբարոսության ավերիչ շունչը»…
«Անին կարելի է նկարագրել անթիվ անգամ՝ ինչպես նկարագրում են արշալույսը, լուսինը, ծովը, զեփյուռը… Որովհետև նա էլ այդպիսի մի երևույթ է մեր մարդկային աշխարհում»:
Որոշ քաղվածքներ Լեոյի՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից՝ ստորև…
…«Անին մոռացված էր, բայց Անեցին չէր մոռացվում:
Պարծանք էր Անեցի լինելը, որովհետև Անին մի բարձր, կուլտուրական, ընտրյալ, ազնիվ և զարմանալի ընդունակ ժողովրդի անուն էր:
Հայերի մեջ դեռ այդպիսի բարձր, ազնվական տիտղոս ոչ մի նահանգ, ոչ մի քաղաք չէր ստեղծել:
Անեցի լինելը մեծ պարծանք էր, թեև իրապես Անեցի լինելը նշանակում էր լինել հայրենիքից զուրկ թափառական, օտար երկնքի տակ դեգերող:
Դառն ճակատագիրը քշում էր Անեցուն ամեն տեղ. դրա պես գաղթական չէ եղել նույնիսկ Հայերի նման մի ազգի մեջ, որ հրեաներից հետո առաջին համաշխարհային թափառականն էր:
Անեցին տեղափոխվում էր Հայաստանի զանազան կողմերը: Նա նույնիսկ պատռեց Ասիայի սահմանները և ահագին քանակությամբ ցրվեց այնպիսի հեռաստաններում, ինչպես են Ղրիմ, Լեհաստան, Հունգարիա:
Բայց ամեն տեղ նա տանում էր իր պարծանքը. այն, որ նա Անեցի՛ է:
Եվ այն ժամանակ, երբ Ախուրյանի ափին կարիճներ էին միայն սողում պալատների, եկեղեցիների, պարիսպների հոյակապ բեկորների մեջ, գաղթական Անեցու երրորդ կամ չորրորդ սերունդը՝ նստած Ղրիմի ափերում, հիշատակարան էր գծագրում, որի մեջ, նկարագրելով իր տարաբախտ, ողբալի ներկան, մխիթարվում էր իր հեռավոր անցյալը հիշելով, այն, որ Ղրիմի Հայ գաղթականությունը Անիի՛ց է դուրս եկել…
«Մենք, — սրտառուչ հպարտությամբ պատմում է հիշատակարանը, — Պահլավունիների սերունդից ենք, Անի մեծ, թագավորանիստ քաղաքից: Մեր Անի քաղաքը իշխանների և ազնվականների բնակության տեղ էր և չենք կարող սահմանի մեջ գցել ու պատմել այն անսահման և անհուն հարստությունները, որ ուներ ժողովուրդը՝ ազնվական իշխաններից սկսած մինչև գռեհիկները: Բացի յուրաքանչյուրիս ոսկեզօծ զանազան պալատներից, ունեինք նրա մեջ և «հազար ու մի եկեղեցի» »:
Դարերի ընթացքում Անեցի գաղթականը ամեն ինչ մոռացավ Եվրոպայի հողի վրա՝ և՛ իր լեզուն, և՛ իր ազգային ավանդույթները, բայց երբեք չմոռացավ և նույնիսկ այժմ էլ չի մոռացել մի բան՝ որ նա Անի քաղաքից է»…
«…Անին մեր նախնիքների ռազմագիտական տաղանդի մի աննման թանգարան է ներկայացնում: Ահա մի փաստ էլ, գուցե՝ ամենահիանալին բոլոր այստեղ հավաքված փաստերից:
Ինչպե՜ս լավ են իմացել օգտվել բնության ահավոր խաղերից: Ինչպե՜ս կարողանում էին նվաճել անմատչելի վայրենություններն անգամ հպատակեցնելով նրանց իրենց բահերին, թիերին, բրիչներին: Պարիսպն իր վերևի մասերում է քիչ ավերված: Մնացած մասը կարմիր միապաղաղ մի զանգվածի է նմանում:
Թվում է, թե դա Միջնաբերդից դուրս մի ամեհի գազան է, որ համարձակ ցած է վազել և, հասնելով խորխորատին, կանգնել, ծառացել է նրա վրա…
Միայն ռազմական պետքերի կարող էր ծառայել այդ մեծ, ահարկու տպավորություն թողնող պարիսպը: Նա վերջանում է քառակուսի սպառվածքով, որ ցցված է ձորի ահագին խորության վրա և իր մի հատ մեծ պատուհանով խոժոռ սպառնական հայացք է բևեռել ոչ միայն ձորի, այլև նրա ափով անցնող ճանապարհի վրա: Այստեղից չի երևում այդ աչքը, բայց այստեղից նայողն էլ զգում է, որ այնտեղ պատի բարձր քառակուսի ծայրը պլշած նայում է դարձյալ սպառնալից, դարձյալ ահարկու՝ ինչպես իր կառուցման առաջին օրից…
Փոքրիկ, անանուն եկեղեցուց մենք դանդաղ շրջագայում ենք Միջնաբերդի հարավային ստորոտով՝ ուղղվելով դեպի արևելք: Բայց աչքից չգցենք մեզանից ցած ընկած ժայռերի տարածությունը:
Ծաղկոցաձորը գնալով նրա արևմտյան կողմով նեղանում, կուչ է գալիս, և այստեղից նա հազիվ նկատվում է իբրև մի սև, անհատակ պատռվածք:
Միշտ այդ նեղված ձորը ձգտում ունի դեպի արևելք գալու, ժայռերը հաղթահարելու:
Ինչու՞, ի՞նչ կա արևելքի մեջ ձգողական:
Ախուրյա՛նն է այդ կողմում, և Ծաղկոցաձորի ջուրը շտապում է ժամ առաջ միանալ նրա հետ:
Սև ապառաժ բարձրությունն է ընկած նրա և Ախուրյանի մեջ. չէ թողնում միանալ, բաժանում է, բայց ժա՛յռն էլ վերջ ունի, ժա՛յռն էլ հոգնում է:
Հրե՜ն, հեռու հարավում Ախուրյանի լայն պատռվածքը ժայռերի միջով շրջան տվեց, թեքվեց դեպի արևմուտք:
Իրան է սպասում Ծաղկոցաձորի երկար ու նեղ շարունակությունը և իսկույն ընկնում է Ախուրյանի գիրկը:
Եվ ստացվում է այսպիսի տեսարան:
Միջնաբերդի հարավային մասը՝ ցածրանալով, տեղի է տալիս այն բարձր ժայռերին, որոնք անջատում են Ախուրյանը Ծաղկոցաձորի ջրից: Այսպիսով, Անիի թերակղզին ստանում է սեպի նման վերջավորություն, որ իր սուր անկյունով խրվում է երեք կողմից շրջապատող ձորերի մեջ:
Սուր անկյուն կազմող ժայռոտ բարձրությունը՝ երկու ջրերն իրարից անջատողը, այժմ անվանվում է «Գըզըլ գալե» կամ «Գըզ-գալե»: Մի բերդ, ուրեմն:
Եվ իրավ, բնության շինած մի անմատչելի ամրություն է դա, ուր, ինչպես ցույց են տալիս այնտեղ երևացող ավերակները, մարդիկ են ապրել, պաշտպանվել:
Շատ քչերին է աջողվում գնալ, տեսնել Աղջկա բերդը:
Ճանապարհը սաստիկ վտանգավոր է, նա քերում է այդ ժայռերի կուրծքը, և անցնողն առանձին ճարպիկություն և դյուրաթեքություն պիտի ունենա՝ խոր ձորի մեջ գլորվելու անխուսափելի վտանգից ազատված լինելու համար:
Այդ հանգամանքը արգելք է դնում մեր առջև: Եվ ես կասեմ այստեղ այն, ինչ տեսնողներն են ասում:
Ժայռոտ բարձրության գլուխը չափազանց փոքր ու անձուկ է, որպեսզի այնտեղ մի աչքի ընկնող բերդ տեղավորվեր:
Բայց ինքնապաշտպանության հոգսով պաշարված հին մարդու համար անձկությունն այնքան նշանակություն չուներ, որքան՝ ամրությունը, ուստի՝ նա փոքրիկ բերդերն էլ չէր արհամարհում:
Երեք կողմից ջրերով շրջապատված, իսկ չորրորդ կողմից մի պարսպանման սպառվածքով անմատչելի ժայռը դեռ հին ժամանակներում պաշտպանության մի գեղեցիկ վայր է դառնում:
Ենթադրում են, որ դա՛ է եղել հին Անի բերդը:
Այդտե՛ղ էր, ինչպես կարծում են, Հայոց ամենագլխավոր և ամենաժողովրդական աստվածուհու՝ Անահիտի տաճարը:
Երբ քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դարձավ, Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է, սկսեց կործանել հեթանոսական մեհյանները և նրանց տեղ եկեղեցիներ կառուցանել:
Այստեղից մի ուրիշ ենթադրություն էլ — այս ժայռի վրա էլ, ուրեմն, Լուսավորիչը կառուցած պիտի լինի եկեղեցի:
Այժմ էլ այնտեղ երևում է կարմիր քարերից շինված մի գեղեցիկ եկեղեցի՝ շրջապատված մատուռներով:
Ավերանքը այդ անմատչելի տեղն էլ է հասել: Նրա համար արգելք չէ եղել վտանգավոր նեղ ճանապարհը, որ քարերի՛ մեջ փորած աստիճաններով է դեպի վեր գնում և նրա քայքայող շունչից այդ եկեղեցուց էլ մի քանի պատեր ու բեկորներ են միայն մնացել»…
…«Բացի այս եկեղեցուց, նկատվում են ժայռի գլխին և մի քանի ուրիշ ավերակներ, որոնք աշտարակների ձև են ցույց տալիս:
Դրանք էլ մի կողմից են ուժ տալիս այն կարծիքին, թե Գըզ գալեն է եղել նախնական Անին, որ դեռ հինգերորդ դարից հայտնի էր «ամուր» տիտղոսով:
Այդտե՛ղ է ծնվել բերդը, այդտե՛ղ է մկրտվել՝ իր գեղեցիկ անունը ստացել: Եվ ապա տարածվել է դեպի հյուսիս, անցել է ձորը, բարձրացել մեր այս Միջնաբերդի լանջերով ու առաջ գնացել ո՛չ միայն աշխարհագրական սահմանների, այլև՝ անմահ փառքի ու հռչակի մեջ…
…«Ծաղկոցաձորին նայող ծայրի կամարազարդ ավերակների մոտից մենք նայում ենք դեպի հեռուն:
Ուղիղ գծով մեր դիմաց Ալաջայի փեշերն են, իսկ նրանց տակ՝ ստորոտում, մի տեղ կա, որ Անիի հետ կապված է բազմաթիվ հիշատակներով: Այժմ այդ տեղը կոչվում է Ղոզլիջա՝ մի թուրքական փոքրիկ գյուղ, որի մոտ, սակայն, մի փառավոր եկեղեցի է մնացել: Թուրքերը անասունների գոմ են շինել եկեղեցին, բայց նրա պատերի բազմաթիվ արձանագրությունները մի ամբողջ պատմություն են պարունակում իրանց մեջ:
Նրանք ասում են, որ դա Բգներ կամ Բագնայր ավանն է:
Իր անունով այդ ավանը հիշեցնում է մի հին, հեթանոսական հիմնարկություն լինելը: Եվ, երևի, քրիստոնեության մուտքը բոլորովին չէ ոչնչացրել տեղի կրոնական նշանակությունը, այլ, ինչպես և ուրիշ տեղերում, ծառայեցրել է նրան իր նպատակներին: Գոնե 10-րդ դարից, երբ այդ եկեղեցին շինվել է, ինչպես կարծում են՝ Պահլավունի իշխանների ձեռքով, Բագնայրը նշանավոր ուխտատեղի է եղել և Անիի արևմտյան կողմում համարյա նույն պաշտոնն է կատարել, ինչ Հոռոմոսը՝ արևելյան կողմում»:
…«Ավերակների թագուհի Անին» տեսնելով, շքեղ շինությունների փլատակների մեջ Լեոն վերհիշում է պատմիչների գրածները՝ Ասողիկի տողերը երբեմնի ծաղկուն, բարգավաճ ու բարեզարդ այս մայրաքաղաքի մասին, ուր «Ժողովրդի հարստությունն ա՛յն աստիճանի էր հասել, որ մինչև իսկ հովիվներն ու նախարարները մետաքսե շորեր էին հագնում»…
Նաև՝ Լաստիվերտցու հայտնածը՝ «Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045 թ.) առնվեց ո՛չ թե պատերազմի օրենքով, այլ՝ խաբեությամբ»…
…«Զգացմունքների մի ահագին բեռ էի տանում հետս Էջմիածնից: Երբ գնացքը մոտենում էր Անի կայարանին՝ մենք կանգնեցինք պատուհանի առաջ:
Հեռվում՝ արեգակի պայծառ լույսերի մեջ, նորից վերջին անգամ երևացին այժմ ինձ այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն սիրելի ավերակները:
Եվ ես զգացի, որ ամենից ուժեղը, ամենից տպավորիչը, ամենից անմոռանալին դրա՛նք են, այդ սգավոր պատերն ու շենքերը»…
karineavetisyan.am/archives/5836