Հայաստան պետության եւ հայության շահերի պաշտպանության իրավաքաղաքական հիմքերը

Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan *–* Génocide culturel – Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Հայաստան պետության եւ հայության շահերի պաշտպանության իրավաքաղաքական հիմքերը

29 ՅՈՒԼԻՍ 2023 – ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ – ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ թերթ»-ի (hhtert.am) զրուցակիցն է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը։

– Ինչ իրավաքաղաքական հիմքեր ունի Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ։

– Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես պետության անխզելի շարունակող՝ պետությունն է Հայկական պետության – Հայաստան պետության, դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Փարիզի խաղաղության կոնֆերանսի կողմից, 1919-1920 թթ․։ 2004 թ. դեկտեմբերի 17-ին է ընդունվել «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թ․ փետրվարի 4-ին՝ «Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը։ Հետագայում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հիման վրա, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավական – քաղաքական եւ պետական կառույցները:

Համաձայն Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի («Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը, այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական եւ անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձեւերի միջոցով»), եւ «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիայի 1-ին հոդվածի (26 դեկտեմբեր 1933 թ., Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), («Պետությունը, ինչպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետք է բավարարի հետեւյալ պայմանններին. ա. մշտական բնակչություն, բ. որոշակի տարածք, գ. սեփական կառավարություն, դ. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն»), սկսած 2013 թ., ձեւավորվում են իշխանության օղակները՝ Ազգային Ժողովը (Խորհրդարան), կառավարությունը եւ նախագահական համակարգը: 2013 թվականի նոյեմբերին, աշխարհում առաջին անգամ, համացանցում ուղղակի էլեկտրոնային քվեարկությամբ, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների ընտրություններ, համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքով, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ։ Ընտրություններին մասնակցել եւ քվեարկել են 17155 ընտրողներ՝ գրանցված Արեւմտյան Հայաստանի  Հանրապետության քաղաքացիներ, 41 երկրներներից, ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։ 2018 թվականի սեպտեմբերի 1-5-ը կայացել են Արեւմտյան Հայաստանի 2-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները, որին մասնակցել են 51505 ընտրողներ, 47 երկրներից, որոնք մեկ միասնական ցուցակով ընտրել են 101 պատգամավոր։ 2014 թվականից Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ամբողջական անվանումն է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն)։

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը: Աշխատանքները շարունակվում են։ Առջեւում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման ընտրություններն են։

– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Խորհրդարանն ունե՞ն արդյոք այլ ազգերի եւ ժողովուրդների հետ սերտ համագործակցության ձգտող կառույցներ։

– Այս հարցում կարեւոր է արձանագրել, որ վերջին 100-ամյակի ընթացքում եւ վերջին 30 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները առնչվել են ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ Մերձավոր Արեւելքի ու Մերձկասպիայի բնիկներին՝ հույներին, ասորիներին, արաբներին, ալեւիներին, եզդիներին, քրդերին, թալիշներին, լեզգիներին, ավարներին, ուդիներին եւ այլ ժողովուրդների։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեց եւ իրականացրեց ոչ միայն հայ ժողովրդի ցեղասպանությունը, այլեւ հույների եւ ասորիների։ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) 2015 թ․ ապրիլի 7-ին որոշում ընդունեց թուրքական իրար հաջորդող կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը դատապարտելու մասին։

Հավելենք, որ Խորհրդարանում ընդգրկված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հույն, ասորի եւ եզդի պատգամավորներ, գործում է «Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովը»։ Այսինքն, մեր ուշադրության կենտրոնում են ինչպես բնիկ ժողովուրդների եւ ազգային ու կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունված միջազգային օրենսդրական ակտերն ու որոշումները, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրը, այնպես էլ Մերձավոր Արեւելքի ու Մերձկասպիայի բնիկների հետ կապերի ու առնչությունների խնդիրները։ Շատ դեպքերում այդ կապերը շատ սերտ են եւ ամուր, ունեն համագործակցության խորը եւ բազմաբովանդակ դրսեւորումներ, սակայն այսօր դեռեւս ժամանակը չէ դրանց մասին բարձրաձայնելու։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունները սկսած 1918 թ․ մինչեւ այսօր որդեգրել ու յուրացրել են թուրքական իրար հաջորդող կառավարությունների իրականացրած 1894-1896, 1909, 1915-1923 թթ․ պանթուրքիստական, ցեղասպան, հանցագործ ծրագրերն ու գործելակերպը։ Դրանք բոլորն ուղղված են ոչ թուրք ժողովուրդների, տարածաշրջանի բնիկ ժողովուրդների դեմ։ Թիրախում միայն հայերը չեն, շատ են տեղեկությունները այն մասին, որ հայերի դեմ սանձազերծած ագրեսիային մշտապես եւ պարտադրանքով պատերազմի դաշտ են նետում բնիկ ժողովուրդների երիտասարդ ներկայացուցիչների։ Նրանց, ում մշակութային, ազգային, կրոնական ու քաղաքական իրավունքները նույնպես ոտնահարվում են, ճնշվում, անտեսվում, չեզոքացվում։ Բնականաբար արդարացված են այն կանխագուշակումները, որ «հայերի հետ հաշիվները մաքրելուց» հետո, անմիջապես սկսվելու է այլ «բնիկների հաշիվները մաքրելու» գործընթացը։ Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնական են Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Մերձկասպիայի, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետության, բնիկների ճակատագրերը, ուստի կարեւորում ենք նրանց ազգային, մշակութային պետականակերտ ծրագրերն ու ձգտումները։ Մենք հարգում ենք դրանք եւ ամեն ջանք ներդնելու ենք ինչպես հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու եւ կյանքի կոչելու, այնպես էլ նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու գործում։

  • Արեւմտյան Հայաստանը բռնազավթված է Թուրքիայի կողմից։ Հանրության շրջանում հարց կարող է առաջանալ, թե ինչպես է գործունեություն ծավալում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական մարմինները եւ ինչ խնդիր է լուծում ներկա իրողություններում։

 Մենք խուսափում ենք ժամանակից շուտ աշխատանքներ իրականացնել Արեւմտյան Հայաստանում, անտեղի կերպով հարվածի տակ չդնելու համար այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Մյուս կողմից սակայն, չափազանց կարեւոր ենք համարում հանդես գալ հայ ժողովրդին տրված իրավունքները միջազգային հարթակներում պաշտպանելու եւ դրանք առաջ մղելու խնդիրներով։ Նշենք այդ իրավունքները։

1) Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ., որտեղ «Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը Ռուսաստանի կողմից պաշտպանում է` բռնազավթված «Թուրքահայաստանի» հայերի իրավունքը ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը»: Հետագայում այս դրույթը ամրագրվեց 1918 թ. հուլիսի 10–ի ՌՍՖՍՀ 1-ին Սահմանադրության 6–րդ հոդվածում․ «Համառուսաստանյան Խորհուրդների 3-րդ Համագումարը ողջունում է Ժողովրդական Կոմիսարների քաղաքականությունը, որն հռչակել է Ֆինլանդիայի լիակատար անկախությունը, սկսել է զորքերի տարհանումը Պարսկաստանից, հայտարարել է Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը»:

2) Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը Փարիզի Խաղաղության Վեհաժողովի ընթացքում, 19 հունվար 1920 թ.:

3) Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,

4) Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ.:

5) ԱՄՆ Սենատում կայացած 29 մայիս – 1 հունիս 1920 թ. Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը։

6) Սեւրի խաղաղության պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ.։

7) Պայմանագիր Գլխավոր դաշնակից տերությունների եւ Հայաստանի միջեւ, ստորագրված Սեւրում 10 օգոստոս 1920 թ․ (Սեւրի պայմանագրի 93-րդ հոդվածի հավելված)։

8) ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.: Ըստ այդմ, 2018 թ․ որոշում կայացվեց եւ հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման եւ իրականացման խնդրանքով, 2018-2023 թթ․, դիմումնագրեր ուղարկվեցին ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ եւ Եվրախորհրդարան, որոնցում ներկայացվել է ամբողջ իրավական փաթեթը:

Նշենք ՄԱԿ-ին ու Եվրախորհրդարանին ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) այդ դիմումնագրերը։

1) «Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ», 25 մայիս 2018 թ.:

2) «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»», 29 մայիս 2018 թ., որը նշանակում է կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ․։

3) «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու  վերաբերյալ», 20 նոյեմբեր 2018 թ.։

4) «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 7 օգոստոս 2019 թ.:

5) Եվրոպական Խորհրդարանին ուղղված 2020 թվականի դեկտեմբերի 5-ի Դիմումնագիր. «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։

6) Հռչակագիր «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ», 15 մայիս 2022 թ.։

7) «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», 25 սեպտեմբեր, 2021թ․։

8) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) որոշումը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախության ճանաչման մասին, 22 փետրվար 2023 թ․։

9) «Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու» վերաբերյալ հայց – առաջարկը ՄԱԿ-ին, 17 հուլիս 2023 թ.։

Բնականաբար այդ դիմումնագրերն առաջին քայլերն են հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու գործընթացում։ Եթե տրամաբանական ժամանակահատվածում դիմումնագրերին սպառիչ պատասխան չստանանք, ապա դրանց հիմքերով գնալու ենք միջազգային իրավական ատյաններ։

– Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի եւ հայության դեմ տանում են ցեղասպան քաղաքականություն։ Անցած տարի Ձեր տարածած հայտարարության մեջ նշել եք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է պատասխանատվության կանչել ցեղասպան երկու պետություններին։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ։

– Մենք դրան նախապատրաստվում ենք մեր պետական կառույցի հիմնադրման ժամանակներից։ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կազմում գործում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի, կառավարության, խորհրդարանի եւ հանձնաժողովի մասնակցությամբ 2019 թ․ սեպտեմբերի 4-ին հրապարակվել է «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ռազմավարության մասին» ծրագրային հոդվածը, իսկ 2020 թ․ ապրիլի 24-ին «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը» հոդված – առաջարկը ուղղված հայության հասարակական, քաղաքական, պետական լայն շրջանակներին։

Բուն գործընթացն սկսելուց առաջ մշակում ենք ռազմավարությունը։ Դրան մաս են կազմում Միջազգային ընկերակցության ու ՄԱԿ-ի կողմից ընդունված Կոնվենցիաները, մասնավորապես, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիան, ընդունված 9 դեկտեմբեր 1948 թ․, եւ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ  հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիան, ընդունված 26 նոյեմբեր 1968 թ։ Ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի 1915 թ․ մայիսի 24-ի միացյալ հայտարարությունը Հայկական կոտորածները դատապարտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Օսմանյան կայսրության իշխանությունների կազմակերպած հայերի կոտորածները նրանք որակել են, որպես «Թուրքիոյ նոր ոճիրները մարդկայնության ու քաղաքակրթության դեմ»։

Կարեւոր է հիշատակել, որ Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը՝ 1919-1920 թթ․, իրականացրեց երիտթուրք պարագլուխների դատավարությունը, նրանց առաջադրելով երկու մեղադրանք․ Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ  ներքաշելու եւ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների կոտորածն ու բռնագաղթը կազմակերպելու համար։ Ատյանը երիտթուրք ապարագլուխներից Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Նազըմին, Քեմալ բեյին, Ջեմալ Ազմիին, Նայիմին, Բեհաեդդին Շաքիրին հեռակա կարգով դատապարտեց մահվան, որն հետագայում ի կատար ածեցին «Նեմեսիս գործողության» հայ վրիժառուները:

Խորհրդարանի եւ կառավարության համատեղ որոշմամբ, 2019 թ․ մարտի 7-ին, ստեղծվեց «Միջազգային անկախ իրավական եւ փորձագիտական վերականգման եւ փոխհատուցման հարցերի կենտրոնը», նախագահ՝ ՌԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյան։ Խորհրդարանի եւ կառավարության համատեղ որոշմամբ, 2023 թ․ հունիսի 21-ին, հիմնադրվեց «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) գիտությունների ակադեմիան», նախագահ՝ պրոֆեսոր Լեւոն Բեկլարյան։

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) մշակութային ժառանգության պաշտպանություն (մշակույթի օմբուդսմենի) ինստիտուտի հիմնադրման եւ կազմավորման ուղղությամբ։ Այսինքն, ըստ համապատասխան ոլորտների իրականացվում են համարժեք աշխատանքներ․ մեկտեղվում են իրավական ակտերն ու կոնվենցիաները, ցեղասպանության դատապարտումները, ուսումնասիրվում են Հայերի ցեղապանության երկար շղթայի մեջ Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, ուսումնասիրվում է հայ ժողովրդին հասցված վնասը, կատարվում է վնասի վերահաշվարկ։

Ըստ այդմ, ամփոփելով մեր հիմնական ասելիքը նշենք նպատակի հիմնական ուղղությունները,

– պետք է պատժել ահաբեկիչ զույգ պետություններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, հայ, հույն, ասորի, եզդի, քուրդ, թալիշ, լեզգի եւ այլ ժողովուրդների նկատմամբ  իրականացրած ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության, բռնաճնշումների եւ դրանց միջոցով այդ ժողովուրդներին բռնագաղթի ենթարկելու համար,

– Պետք է դատապարտել «պանթուրքիզմն» ու «պանթուրանիզմը», որպես մարդատյաց տեսություններ,

– Թուրքիան ու Ադրբեջանը պետք է հատուցեն ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին․

– Միջազգային ընկերակցությունը պետք է օգնի վերը թվարկված ժողովուրդներին վերականգնելու իրենց օրինական իրավունքները, այդ թվում՝ տարածքային։

hhtert.am/hy/republic/683

Facebooktwitterredditpinterestlinkedinmail