Հայի Հողեղէն Աստուածները…

Tigranes the Great (Armenian - Tigranes Magnus) (140 – 55 BC) was a king of Armenia. A member of the Artaxiad dynasty, he ruled from 95 BC to 55 BC.

Հայի Հողեղէն Աստուածները…

30 ՅՈՒԼԻՍ 2023 – ՀԱՅ ԴԱՏ:

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐԵԱՆ

Արդարութեան մարտիկներն հեռանում են աշխարհից` լո՜ւռ ու անխռով… Հեռանում են երկնաբերձ լեռների գագաթներով ու բարձրանում երկինք: Հեռանում են Յարդագողի ճանապարհներով ու մօտենում արեւին: Հրաբորբոք այրում ու բոցավառում արեգը` ջերմացնելու համար ապագայի սառած հոգին… Նրանք գալիս են երկնքով, ապրում մեր մէջ` որպէս հողեղէն աստուածներ ու ապա` հեռանում Ծիր Կաթինի աստղավառ ճամբաներով, մի օր նորից վերադառնալու խոստումով…

Ահա՛ նրանցից հինգը, որոնք եկան միաժամանակ, ու մեր կողքին ապրելով, դարերի մէջ յաւերժ ապրելու վարդապետութեամբ ուսուցանեցին` երբեք չերկնչել, ինչքան էլ թշնամին ուժեղ լինի նոր զէնքերով ու դիւանագիտութեամբ:

Ահա՛ այդ հինգ աստուածները, ազատութեան ու արդարութեան հինգ ջահակիրները, որոնք վառուեցին մեր մռայլ հորիզոնի վրայ որպէս մութ ճամբաների լուսավառ փարոսներ:

Նրա՜նք…

Ովքե՞ր էին նրանք… Այդ նրանք էին, հայոց աստուածազարմ ոգիների` Արեւորդի Վահագնի ու Վարդամատն Աստղիկի սիրոյ պտուղ, Ռազմաստուած որդիները, որ ծնուեցին մեր մէջ ու հասակ առնելով, ժայռերն իրենց ուսերին` բարձրացան լեռները, Հայոց խարխուլ բերդը ամրացնելու համար:

1983 թուական, յուլիս 27, ժամը` 10:30: Փորթուգալ, Լիզպոն, Տաս Տեսքոպերտաս պողոտայ, 22, թուրքական դեսպանատուն: Օրուայ մամուլը ձեր մասին գրեց: Այդ օրերին աշխարհի առաջատար մամուլի, լրատուականների առաջին էջերը միայն ձեր մասին էին խօսում ու պատմում: Ոմանք դատապարտում էին, ոմանք արդարացնում… Ժամը` 14:45-ին, փորթուգալական ոստիկանութիւնը հաղորդագրութիւն տարածեց, թէ` «Հայ ահաբեկիչների 5 հոգանոց խումբը, որ մինչեւ ատամները զինուած էին, այլեւս ինքնասպան եղան իրենց իսկ ռումբերի պայթունով, իրենց հետ փլատակների տակ թողնելով եւս մէկ ոստիկանի եւ հիւանդանոցի ճանապարհին այրուածքներից արիւնաքամ եղած փոխդեսպանի կնոջ ու որդու դիակները»:

Ովքե՞ր էին այդ 5 խենթերը, որ համաշխարհային հանրային կարծիքը «ահաբեկիչներ» որակեց: Ո՛չ, դուք ահաբեկիչներ չէիք, Դուք ահաբեկչի խարանը հայոց ճակատից մաքրող, սրբողներն էիք, որ համարձակուեցիք արդարութեան մասին բարձրաձայն խօսել: Զէնքի լեզուով խօսել, խօսել ինքնազոհութեան գնով: Դուք էիք, որ հպարտ ու վէս կանգնեցիք աշխարհի առաջ ու ըմբոստ նայեցիք մահուան աչքերին: Մահը վախից կուչ եկաւ ձեր ոտքերի տակ: Ինչպէս Գուրգէն Մահարին կ՛ասէր. «Շանթերի դէմ կռուեցիր, քամիների դէմ խռիւ»:

… Հայոց արդարութեա՛ն աստուածներ, տարիների հեռուից, խունկի փոխարէն վառօդ ծխելով` գալիս եմ ոգեկոչելու ձեր յիշատակը: Արդարութեան զոհասեղանը նեղ եղաւ ձեր համար, դուք փոքրածու ազգի մեծագոյն սրբեր…

Տղե՜րք, իմ լուսափայլ աստղեր հայոց երկնքի: Ձեր արիւնն էլ միախառնուելով, յաւիտեան քաջեր ծնող մեր վէրքերից տնքացող, հինաւուրց, բայց մշտադալար հայրենի հողին` դարձաւ շաղախը Հայոց Տան հիմքի ամրութեան: Երանի ձեզ, տղե՛րք, հազար ու բիւր փառք ձեզ, տղե՛րք, որ անխռով ընդունեցիք մահը` կեանքի հետ առանց սակարկելու:

– Երանի՜ նրանց, որոնք քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

Այսօր, տարիների հեռուից, մենք` մեռելներս, ում համար դուք մեռաք, խնկարկում ենք ձեր յիշատակն ու փառքի կոթողներ կանգնեցնում մեր տկար հոգիներից ներս` փառապսակ զետեղելով ձեր անշնչացած մարմինների, բայց Հայոց զօրախմբերի առջեւից մշտապէս քայլող ոգիների առաջ…

Այսօր դուք մեզ հետ չէ՛ք, մեր այսօրը ձեզ համար այդպէս էլ ապագայ մնաց: Խոնարհումի ու փառքի պսակները ձեր լուսափայլ յիշատակին, իմ նորօրեայ, սակայն դարերից եկած իմ ԱՐԴԱՐՈՒԹԵԱ՛Ն ու ԱՐԴԱՐԱՀԱՏՈՒՑՄԱՆ եւ ՎՐԷԺԻ՛ Աստուածներ…

aztagdaily.com/archives/588043

Facebooktwitterredditpinterestlinkedinmail