Ադրբեջանը որպէս աշխարհի մշակութային վանդալիզմի եւ գիտական կեղծարարութեան թագակիր
12 ՕԳՈՍՏՈՍ 2023 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Արգամ Այվազեան
Հայագետ, Հ.Հ. մշակոյթի վաստակաւոր գործիչ
Պատմութեան կեղծարարներին պէտք է կախել,
ինչպէս կեղծ դրամ կտրողներին։
Սերվանտէս (16-րդ դ․)
Այս զայրալից մտորումս վերաբերում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի պետական ու գիտական կառոյցներին, որոնք Խ.Ս.Հ.Մ. տարիներից ի վեր՝ ամէն հնարաւոր միջոցներով, ձեռնամուխ են եղել 1918-1920-ական թուականներից իրենց իշխանութեան տակ գտնուող պատմական Հայաստանի բնակավայրերի այս կամ այն մեծ ու փոքր պատմամշակութային ժառանգութեան վերացմանը, գիտական ու քաղաքական ասպարէզներում՝ հազար ու մի հակագիտական ու կեղծիք-կեղծարարութիւններով, ամէն կերպ ձգտել եւ օրըստօրէ ջանում են ապացոյցներ յօրինել-փնտռել այժմեան իրենց բնակավայրերում տեղաբնիկ լինելու-ներկայանալու եւ այդ տարածքների առկայ թէ՛ կանգուն եւ թէ՛ աւերակուած պատմական արժէքներրը վերագրել Ադրբեջանին ու ադրբեջանական ժողովրդին։ Ասել է թէ՝ նման պետական գործունէութեամբ էլ Ադրբեջանը, փաստօրէն, հանդէս է գալիս որպէս մշակութային վանդալիզմ եւ գիտական կեղծարարութիւն իրականացնող աշխարհի թիւ առաջին պետութիւնը։
Մինչեւ 1921 թ․ պատմական Հայաստանի մաս կազմած այժմեան Նախիջեւանի Ինքնավար հանրապետեան հայկական նիւթական ու մշակոյթի ժառանգութեան, պատմութեան ու արուեստի, ազգագրութեան եւ բազմաթիւ այլ խնդիրների վերաբերեալ անցած տասնամեակներում բազմիցես եմ հրապարակաւ արտայայտուել ու գրել։ Եւ այս մտորման առիթը դարձեալ ադրբեջանական իշխանութիւնների կողմից 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով Արցախի հանրապետութեան մի մասը Ադրբեջանի հսկողութեան տակ գտնուելու հանգամանքով տեղի հայկական նիւթական յուշարձանների բացէիբաց մշակութային ցեղասպանութեան ենթարկելու վայրագութիւններն են։ Վայրագութիւններ, որի կիրառման համար Ադրբեջանը պետական քաղաքականութեամբ իրականացնելու մեծ փորձ ունի։ Այնպէս որ, պատմամշակութային արժէքների հիմնահատակ աւերման ադրբեջանական այդ պետական վանդալիզմը՝ վերջին 20-25 տարիներում, նախեւառաջ վերաբերում է Նախիջեւանի հայոց յուշարձանների հիմնահատակ եւ ամբողջովին ոչնչացնելուն։ Անցած տարիներին այդ հարցը թէ՛ Հայաստանում եւ թէ՛ բազմաթիւ այլ երկրներում (Ֆրանսա, Ռուսաստան, Ա.Մ.Ն., Իրան, Յունաստան եւ այլն) իմ կողմից բազմիցս է բարձրացուել:
Արդարութեան առջեւ չմեղանչելու համար, հարկ է ի նկատի ունենալ, որ Հայաստանում, մասնաւորապէս պատկան մարմինները՝ սկսած հանրապետութեան նախագահներից ու վարչապետներից, Արտաքին գործոց եւ նախկին Մշակոյթի նախարարութիւններից, այդ ուղղութեամբ կարելի է փաստել, որ գրեթէ ոչինչ չարեցին: Ասում եմ գրեթէ, քանզի անցեալում՝ մի քանի անգամներ Հայաստանը ԵՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպութիւններին դիմելուց զատ ոչինչ չկարողացաւ անել: Ոչինչ, որովհետեւ նամակ-բողոքներ յղելուց յետոյ՝ Նախիջեւանի հայոց նիւթական ժառանգութիւնը Ադրբեջանի պետական վանդալիզմի քաղաքականութեամբ վերացնելու եւ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ հետեւողականօրէն չգործեց, չնախաձեռնեց եւ առ այսօր չպատրաստեց այդ վանդալիզմի իրաւական, փաստավերագրական թղթածրարը եւ Ադրբեջանին միջազգային ատեաններում պատասխանատուութեան չենթարկեց:
Աւելին ասեմ, Ադրբեջանն է, որ տարիներ առաջ Մ.Ա.Կ.-ին է դիմել, եւ իբր արցախեան առաջին պատերազմից յետոյ՝ 1994 թուականից, Հայաստանի վերահսկողութեան տակ առնուած տարածքներում Հայաստանն է ադրբեջանական մշակոյթի յուշարձաններ ոչնչացրել, որի համար Հայաստան պէտք է Ադրբեջանին միլիարդների հասնող դոլարային վնասի հատուցում տայ։ Ի միջի այլոց այդ խնդրի վերաբերեալ բարձրաձայնուեց նաեւ 2020 թ․ պատերազմական գործողութիւնների աւարտից յետոյ եւս։
2018թ․ Փետրուարի 18-ին, Ա.Մ.Ն.-ի մշակութային առաջատար պարբերականներից «Hyperallergic» ամսագիրը հրատարակեց Սիմոն Մաղաքեանի եւ Սառահ Փիքմանի «Վար-չակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակոյթի աւերումը» ծաւալուն եւ փաստավաւերագրական յօդուածը։
Սխալուած չեմ լինի, եթէ փաստեմ այն հանգամանքը, որ Նիւ Եորքի մշակութային «Hyperallergic» ամսագրի այդ վերլուծական հրապարակումով, միջազգային հանրութեանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացուեց 1997-2006 թթ․ Ադրբեջանի պետական քաղաքականութեամբ վանդալիզմի ենթարկուած Նախիջեւանի հայկական յուշարձանների փաստը։ Այդ փաստավերլուծական յօդուածի հրապարակուելուց յետոյ, այն անմիջապէս գտնուել եւ կարծում եմ, որ առաջիկայում էլ կը գտնուի նաեւ այլ լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում։ Օրինակ, այդ հրապարակմանն արդէն անդրադարձել են գերմանական «Perlintaucher. de Das Kulturmagazin»(18․02․2019), Ա.Մ.Ն.-ում հրատարակուող «The California Courier»(26․02․2019), «Ջիհադ Watch» «իսլամաֆոբիկ» հեղինակաւոր կայք (https://www.jihadwatch.org/..․/azerbaijanmoves toobliter, 27․02․2019), Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» եւ այլ լրատուամիջոցները։ Հայաստանի մի քանի լրատուամիջոցներ («Mediamax», Հ1, «Առավոտ», «Իրատես») եւս անդրադարձել են այս հրապարակմանը։
2022 թ․ Սեպտեմբերի 12-ին հրապարակուեց նաեւ Նախիջեւանի յուշարձանների ադրբեջանական վանդալիզմի փաստերն ապացուցող Ա.Մ.Ն.-ի կազմակերպութիւններից մէկի կողմից կատարուած գիտափաստագրական ծաւալուն՝ 400 էջից աւելի, մի ուսումնասիրութիւն՝ «Silent Erasure», որի հիմքը 1965-1987 թթ․ Նախիջեւանի տարածքում իմ կատարած փաստավաւերագրական եւ ամերիկեան արբանեակային լուսանկարներն ու 1900-20020 թթ․ գիւղերի եւ նրանց յուշարձանների տեղագրական քարտեզներն են։ Փաստավաւերագրական մի անհերքելի փաստաթուղթ, որն անվիճելիօրէն բաւարարում է միջազգային ցանկացած իրաւական ու գիտական կազմակերպութեան պահանջներին։
Ադրբեջանը Նախիջեւանի հայկական յուշարձանները վերացման համար պետականօրէն, մի քանի՝ 20-25 զինուորներով կազմուած խմբերով, հիմնայատակ պայթեցրել եւ մեխանիզմներով գետնի երեսից վերացրել է հայկական բոլոր եկեղեցիները, գերեզմանատներն ու խաչքարերը եւ այլեւայլ յուշարձանները, որոնց թիւն անցնում էր 27 հազարից։ Վերջին տարիներին ընթերցողները լրատուամիջոցներից քաջատեղեակ են թէ ադրբեջանական շուրջ 70-80 զինուորները ինչպէս՝ կոտրատելով ու խճաքարերի վերածելով Հին Ջուղայի հոյակերտ եւ աւելի քան 4500 խաչքարերն ու խոյաձեւ տապանաքարերը Արաքս գետը լցրեցին։ Ի միջիայլոց, մի քանի տարի է ինչ նախսաձեռնուել է Ջուղայի այդ եզակի գերեզմանատան խաչքարերի 3Դ ձեւաչափով վերականգնելու աշխատանքները։ Ծրագրի նախնական աշխատանքներն արդէն աւարտուած են։ Ցաւօք, ֆինանսների պակասութեան հանգամանքով այդ աշխատանքներն առայժմ դադարեցուած են։
Վերջին տարիներին էլ՝ 2008-2020 թթ․, Ադրբեջանը մէկ այլ վանդալ քաղաքականութեամբ էլ իրականացնում է Նախիջեւանի աշխարհիկ յուշարձանների՝ բերդերի ու կամուրջների, այսպէս ասած, «ադրբեջանականացնելով» իւրացնում են։ Օրինակ, վաղ միջնադարեան եւ հռչակաւոր Երնջակ բերդի աւերակ շինութիւններն աղաւաղելով վեր են ածել տուրիստական հանգրուանի, Նախիջեւան քաղաքում՝ իբր Նոյի դամբարանի աւերակների տեղում, Նոյի անուամբ կառուցել են դամբարան եւ այն վերածել թանգարանի, իսկ քաղաքի հայկական գերեզմանատան տեղում 1990-ական թուականներին Հայրենական Մեծ պատերազմի զոհուածների յիշատակին կառուցուած յուշարձանը 2021 թ․ աւերել եւ կառուցել են «Դրօշի հրապարակ» համալիր։ Ցաւօք, այսպիսի օրինակները շատ ու շատ են։
1998-2006 թթ․ Նախիջեւանի տարածքի հայոց յուշարձանների աւերումներին զուգահեռ՝ ճշգրտուած-փաստագրուած փաստագրական նիւթերով հաստատուած է, որ հայկական վանքերի ու եկեղեցիների տեղերում, օրինակ, Ագուլիսում ու Աբրակունիսում, Բերդիկում ու Նախիջեւան քաղաքում, Փառակայում ու Ցղնայում եւ այլ բնակավայրերում արդէն կառուցուել եւ գործում են ադրբեջանական մզկիթներ, դպրոցներ եւ այլեւայլ շինութիւններ։ Իսկ հայկական աշխարհիկ շինութիւններն էլ՝ կամուրջները, հնամենի եւ վաղմիջնադարեան բերդերն ու հնագիտական յուշարձանները՝ յայտնաբերուած իրենց հնագիտական նիւթերով, դարձեալ անարգել ու կեղծիք-հակագիտական թեզերով, անթաքոյց վերագրում են Ադրբեջանին ու ադրբեջանական պատմութեանն ու մշակոյթին։ Ընդ որում, այս կամ այն չափերով վերանորոգումների ենթարկուած հայկական յուշարձաններին էլ զրկել են իրենց պատմաճարտարապետական տեսքերից։
Պատմութեան մէջ աւեր-աւերումներով քոչվոր-խաշնարածային այս թիւրքալեզու ցեղախմբերը 11-րդ դ․ կէսերից յետոյ Հայկական լեռնաշխարհ մուտք գործած քոչվորական ծագմամբ թուրքական տարրը հիմնաւորուելով պատմական Հայաստանի եւ Յունաստանի տարածքներում, որոշակի զարգացումների հասնելով, սկսեցին աւիրել կամ էլ սեփականացնել թէ՛ հայկական եւ թէ՛ յունական պատմամշակութային ժառանգութեան յուշարձանները։ Աւելին, Արիստոտելին եւ այլ յոյն մտածողներին, Շէքսպիրին, անգամ Նոյին սկսեցին տալ թուրքական ծագում։ Այդ գործում իր աւագ եղբօրից, բնականաբար, սկսեց ետ չմնալ 19-րդ դարի վերջերին թուրք-թաթարական եւ այլ ցեղախմբերից նոր-նոր ազգ ու ժողովուրդ կազմաւորուող կովկասեան թաթարները։ Ի վերջոյ, այդ նոր կազմաւորուած ժողովրդին՝ սովետական իշխանութիւնն պատմական այլ պետական անուանում չգտնելով, կազմաւորեց եւ անուանեց պատմական Պարսկաստանի (Իրանի) Ատրպատական նահանգի անուամբ՝ Ադրբեջան, իսկ ժողովուրդն էլ, որին Վ․ Լենինը իրաւացիօրէն անուանել է «կովկասեան թաթարներ», անուանուեց ադրբեջանցիներ։ Եւ ահա շուրջ 100 տարի է, ինչ այդ ժողովուրդը իր ազգային ծագումը մէկ վերագրում է թիւրքերին, մէկ՝ կովկասեան աղուաններին․․․ Աւելին, չունենալով պատմական ոչ մի հիմք-հիմնաւորումներ, պետականօրէն լծուել է այժմեան իր եւ հարեւան երկրների տարածքների այլ ժողովուրդների ստեղծած պատմական ու մշակութային ժառանգութիւնները աւեր-աւերակների վերածելով կամ էլ նենգափոխումներով սեփականացնել ու վերագրել ադրբեջանական ժողովրդին։ Այսպէս, հայկական յուշարձանների մի մասը ջանում է համարել աղուանական եւ ադրբեջանականացնում է։ Մէկ այլ ծրագրով էլ սելջուկեան եւ իր տարածքի պարսկական մզկիթներն ու այլեւայլ յուշարձանները վաղուց ի վեր ներկայացնում է որպէս ադրբեջանական։ Էլ չեմ խօսում այն մասին, որ պարսիկ բանաստեղծներ Նիզամին, Խաքանին, հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Մովսէս Կաղանկատվացին եւ այլոց ներկայացնում են որպէս ադրբեջանական ժողովրդի մշակոյթի ներկայացուցիչներ։
Ցաւօք, Ադրբեջանի իրականացրած եւ այժմ էլ իրականացուող այսպիսի աննախադէպ վանդալիզմի դէմն առնելու համար, ինչպէս Հայաստանն, այնպես էլ միջազգային պատկան մարմինները՝ մի քանի բացառութիւններից բացի, ի զօրու չեղան ոչինչ անելու։ Թող ամենեւին խիստ չթուայ ասածս։ Քանզի, մեր ազգային ու Հայաստանի պետական այդպիսի աններելի անտարբերութիւնն էր, որ Ադրբեջանին իրաւունք տուեց 1998-2006թթ․ անարգելք՝ տարի առ տարի, մէկիկ-մէկիկ վանդալիզմի ենթարկի հայոց բազմադարեան նիւթական մշակոյթի նախիջեւանեան յուշարձանները։ Աւելին, այսքանից յետոյ էլ՝ մինչեւ այժմ, որեւէ պատասխանատուութեան չենթարկուել։ Ցաւօք, դա արդէն պատմական անհերքելի փաստ է։ Այնպէս որ, նախիջեւանեան յուշարձանների կործանման գործում Հայաստանը եւս բարոյական պա-տասխանատուութիւն է կրում եւ սերունդները մեր այսպիսի անտարբերութեան ու անգոր-ծութեան համար հաստատապէս չեն ներելու։ Մանաւանդ, որ երկրի արտաքին քաղա-քականութիւնը վարող եւ պատասխանատու Հայաստանի հանրապետութեան երկրորդ նախագահ Քոչարեանը, որի պաշտօնավարման տարիներին կատարուեց նախիջեւանեան հայկական ժառանգութեան հիմնայատակ գետնի երեսից վերացումը, երդուեալի նման ոչ մի ձայն ու ծպտուն չհանեց, լալկուեց ու պապանձուեց եւ Արցախի վերաբերեալ ընթացող հայ-ադրբեջանական բանակցութիւններում այդ վանդալիզմի, ինչպէս եւ Նախիջեւանից բռնագաղթի ենթարկուած աւելի քան 3 հազար հայութեան հարցերը ոչ մի անգամ չբարձրաձայնեց։ Մարդ, որը իր պաշտօնավարման հենց սկզբից էլ կողմ է եղել Ադրբեջանին Մեղրիով միջանց՝ տրամադրելուն, ակամայ սկսում էս հաւաստի համարել 25-28 տարի շրջանառուող այն տեղեկութիւնը, որ նրա կենսաբանական հայրը ադրբեջանցի է եղել։ Մանաւանդ, որ այդ լուրի կեղծ լինելուն կամ հերքելուն երբեք չանդրադարձաւ, ինչպէս եւ դրա տարածողներին պատասխանատուութեան չի կանչել։ Ասել է թէ՝ Հայաստանում գործել եւ այժմ էլ գործում է պետական ներքին դաւաճան։
Մի անդառնալի կորուստ ու արժէքների ոչնչացումը, որի վերաբերեալ Մաղաքեանն ու Փիքմանը իրեց վերոնշեալ յօդուածում՝ տասնամեակներ շարունակ իմ կողմից կատարուած աշխատանքը համարելով լեգենդար եւ այդ գործում «որպէս աշխարհի լռութիւնը դատապարտողի. «Նախիջեւանի հայկական անցեալի ոչնչացում» նաւթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան աւելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետութեանը», սակայն ԵՈՒՆԵՍԿՕ-ն եւ Արեւմտեան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»։ «Իսլամական պետութեան» կողմից քանդուած կառոյցները, ինչպէս Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազեանը, սակայն «այն ամէնը, ինչ մնացել է Նախիջեւանի հայկական եկեղեցիներից եւ խաչքարերից, որոնք գոյատեւել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից եւ Ստալինից յետոյ՝ իմ լուսանկարներն են»։
Վերոնշեալ ասածներս փաստելու համար մի քանի փաստեր եւս արձանագրեմ։ Այսպէս․
ա) Ադրբեջանական լոբբին վերջին 25-30 տարիներում հետեւողական աշխատանքներ է կատարում, որպէսզի ռուսական, եւրոպական, ամերիկեան կենտրոնական լրատուամիջոցներում հակաադրբեջանական նիւթեր չհրապարակուեն։ Աւելին, ամէն ինչ գործադրելով, կաշառում են օտարազգի հեղինակներին, որպէսզի նրանք հանդէս գան Հայաստանին եւ հայկական մշակոյթը պախարակող հրապարակումներով։ Նշեմ նաեւ այն, որ այսպիսի աշխատանքները իրականացւում են պետականօրէն եւ բազմամիլիոն միջոցների ծախսումներ կատարելով։
բ) Ի տարբերութիւն Հայաստանի նախագահների՝ ալիեւների ստեղծած հիմնադրամի միջոցներով, ամէն տարի Ադրբեջանի պատմութիւնն ու մշակոյթը պրոպագանդող, կեղծիքներով առլեցուն եւ բարձր տպաքանակներով օտարալեզու գրականութիւն է տպագրւում եւ անվճար առաքւում աշխարհի առաջատար երկրների գիտական, ուսումնական, քաղա-քական ու միջազգային կենտրոններին ու կազմակերպութիւններին:
գ) Ադրբեջանի ղեկավարութիւնը վարպետօրէն տիրապետելով իրենց երկրի հեղինակութիւնն ապահովելու եւ գործած յանցանքները կոծկելու, անհրաժեշտ կազմակերպութիւններին ու պատասխանատուներին կաշառելու արուեստին, վերջին տարիներում պարբերաբար կաշառում է Եւրոմիութեան յանձնաժողովների անդամներին, ԵՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կազմակերպութիւնների պատասխանատու մարդկանց։ Օրինակ, Ադրբեջանը նախիջեւանեան յուշաձանների եղեռնագործութիւնն անտեսելու եւ Հայաստանի բողոքներն անհետեւանք թողնելու համար ԵՈՒՆԵՍԿՕ-ին առատաձեռն փոխանցումներ էր կատարում։ Աւելին, ԵՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավար Իրինա Բոկովային (2009-2017)՝ նրա ամուսնու հաշուեհամարին, կաշառելու գումարներ է փոխանցել։ Նոյն է կատարուել նաեւ Բոկովային նախորդող ԵՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Կոիչիրօ Մաթուրանի (1999-2009) պարագայում, որն էլ յետոյ աշխատում է որպէս Ադրբեջանի պրոպագանդիստական «Բաքուի բազմամշակութայնութեան կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ասացէք, խնդրեմ, Հայաստանի որ նախագահն է այսպիսի հոգատարութիւն ցուցաբերել մեր երկրի մշակոյթի պատիւն ու միջազգային հեղինակութիւնն ապահովելու գործում։ Չէ որ մեր նախագահներն ու այլ ղեկավարները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարների, երկրի ազգային հարստութիւններից կատարած իրենց կողոպուտներով՝ անկուշտների ու չտեսների նման լցրել են միմիայն իրենց գրպանները ․․․ Եւ սա մեծ, շատ մե՛ծ ամօթ է …
դ) Մէկ այլ փաստ նշեմ։ 2007 թ․ Նոյեմբերին Հարվարդի համալսարանում իմ «Նախիջեւան․ ä³ïÙ³ճաñï³ñ³å»ï³Ï³Ý, Ùß³ÏáõóÛÇÝ íϳ۳Ëօë-Ýß˳ñÑùÝ»ñÇ ·Çï³Ñ»ÕÇݳϳÛÇÝ Éáõë³ÝϳñÝ»ñÇ óáõó³Ñ³Ý¹էë¦-ի բացմանը նախորդած 6-7 ամիսներին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը, Ա.Մ.Ն.-ում Ադրբեջանի դեսպանատունը Հարվարդի համալսարանի ղեկավարութեան, ձեռնարկի հովանաւորի վրայ մի շարք ճնշումներ էին գործադրում, որպէսզի այն տեղի չունենայ։ Ի հեճուկս Ադրբեջանի գործադրած ջանքերի, ցուցահանդէսի բացումը կատարուեց (250-255 լուսանկարների ցուցադրութեամբ) եւ ցուցադրուեց 18 օր։ Իմիջիայլոց, ցուցահանդէսի բացումից մէկ օր առաջ Ա.Մ.Ն.-ում գործող ադրբեջանական AND կայքէջը 2 էջ ծաւալով հրապարակեց մի յօդուած, որն էլ 2 օր յետոյ հեռացրեց կայքից։ Ստորեւ մի փոքրիկ հատուած այդ յօդուածից։ «Сегодня армянские про-фессоры Гарвардского университета планируют провести «Армянские памятники Нахи-чыванского региона». На рекламных буклетах выставки утверждается, что территория Нахичывана до 20-го века принадлежала армянами. В настоящее время посольство Азербайджана в США проводит консултации в связи с данным вопросом, азербайд-жанская диаспора выражает жесткую реакцию к этому мероприятиюю․ Пресс-секретарь МИД Азербайджана Хазар Ибрагим заявил, что посольство страны в США, испольуя все дипломатические методы, не допустит проведения данного мероприятия(АNS-PRESS)»․ (http://www. an-spress. com/print 43 321. html)
Ի հակադրութիւն այդ ուղղութեամբ Ադրբեջանի եռանդուն, բայց եւ այնպէս անարդիւնք ջանքերի, ամերիկահայ համայնքային ու ազգային կազմակերպութիւնները, Ա.Մ.Ն.-ի հայ դատի գրասենակը, Ա.Մ.Ն.-ում Հայաստանի դեսպանատունն ու հիւպատոսարանը, Գալիֆորնիայի հայագիտական ամբիոնը, թերթերն ու եկեղեցին աններելի պասիւութիւն ցուցաբերեցին։ Ահա մեր՝ տեղն եկած բարձրագոչ ու հայրենասիրական ելոյթներով հանդէս գալու, եւ մեր հակառակորդների գործունէութեան միջեւ առկայ տարբերութիւնները ․․․
ե) Նշեմ մէկ այլ փաստ։ Երբ 1997-2006 թթ․ Ադրբեջանը եղեռնագործութեան էր ենթարկում Նախիջեւանի յուշարձանները, Երեւանում էլ՝ 2006 թ․, ոչնչացուեց հենց այդ յուշարձանների մասին գրուած եւ 1990 թ․ տպագրուած եռալեզու(հայերէն, անգլերէն, ռուսերէն) իմ «Նախի-ջեւան․ Գիրք յուշարձանաց» հատորի 30 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները։ Այս գրքի ծաւալի ու ծախսերի վերաբերեալ մօտաւոր կամ ամբողջական պատկերացում կազմելու համար նշեմ, որ այն 21×26 սմ չափսի, 39 պայմանական-տպագրական մամուլ ծաւալով (368 մեծադիր էջ) ունեցող գիրք է։ Ունի կոշտ՝ 7-րդ կազմ, սուպերշապիկ։ Հատորում տպագրուած է Նախիջեւանի պատմական գաւառների յուշար-ձաններից (վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, բերդեր, խաչքարեր տապանաքարեր, ժայռա-պատկերներ, որմնանկարներ, հնագիտական իրեր) 65-ի յատակագիծ-չափագրութիւնները եւ 400 լուսանկարներ, որոնցից 250-ը գունաւոր տպագրութեամբ։ Նկատենք նաեւ այն, որ այդ-չափ պատկերազարդող եւ գունաւոր տպագրութեամբ, մինչ այդ ոչ միայն Նախիջեւանի վերաբերեալ, այլ առհասարակ Հայաստանում տպագրուած այդօրինակ գրքերի թւում հատորը եզակիներից մէկն է, որի 30․000 տպաքանակի համար օգտագործուել էր աւելի քան 35 տոննա կավճապատ (120 գր․) թուղթ, մի քանի տոննա ստվարաթուղթ, մօտ 8000 մետր քաթանատիպ լիդերին։ Այնպէս որ, այդ ծախսաշատ հատորը լոյս աշխարհ բերելու համար պետական միջոցներից օգտագործուել էր բազմամիլիոն դրամական ու նիւթական միջոցներ։ Իսկ այս ամէնը, ինչպէս տեղին է ասելը, ոչնչացուել է առանց խղճի խայթ ու պատասխանատուութիւն ունեցող հայ մարդկանց ձեռքերով, որոնցից եւ ոչ մէկին պատասխանատուութեան չենթարկեցին։ Ասել է թէ այդ գործում ադրբեջանական ու հայկական վանդալիզմները գտնուել են հաւասար հորիզոնականներումՄի կարեւոր հարց եւս։ Դա այն է, որ որքան էլ Ադրբեջանի ազգայնամոլ շրջանակներն ու մերօրեայ իշխանութիւնները իրենց ժողովրդի մէջ քարոզեն-ներարկեն հակահայաստանեան ու հակահայկական տրամադրութիւններ, պէտք է ի նկատի ունենանք, որ Ադրբեջանում ողջ բնակչութիւնը չէ, որ հակահայ ու հակահայաստանեան կարծիքներ ունեն։ Կայ նաեւ առողջ դատողութիւնների ու խաղաղասէր դիրքորոշումներ ունեցող խաւ ու մտաւորականներ։ Թէպետեւ նրանց թիւը կարող է այնքան էլ մեծ չլինել, որոնք հասկանալի պատճառներով, բացէիբաց չեն կարողանում արտայայտուել։ Յիշենք, օրինակ, այն փաստը, որ 1990 թ․ Բաքուի իշխանութիւնների կողմից կազմակերպուած հայութեան ջարդեր-եղեռնագործութիւնների ժամանակ գտնուեցին ադրբեջանցիներ, որոնք անտեսելով իրենց կեանքին սպասուելիք վտանգները, իրենց մի շարք հարեւան եւ ընկեր հայերի թաքցնելով իրենց տները, փրկեցին եւ ապա օգնեցին նրանց անվնաս հեռանալ Բաքուից։ Այնպէս որ՝ Ադրբեջանի շարքային քաղա-քացիների մի մասը, իմ կարծիքով, ամենեւին էլ ալիեւներ ու սաֆարովներ եւ այլ ազգայնամոլ ու հայատյաց թշնամիներ չեն։
Այստեղ մի կոնկրետ օրինակ եւս նշեմ, որին վերջին տարիներին ծանօթ են նաեւ միջազգային որոշակի օղակները եւս։ Դա վերաբերում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, որը բնակւում է հենց Բաքւում։ Նա իրապէս ցաւ է ապրել Ագուլիսի եւ այլ բնակավայրերի հայոց եկեղեցիները Նախիջեւանի զինուժի միջոցով կործանումների համար։ Նա այդ առիթով, օրինակ, 1997 թ․ Յունիսի 10-ին՝ Վերին Ագուլիսից, հեռագրել է Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւին եւ խնդրել դադարեցնել տալ այդ վայրագութիւնները։ Աւա՜ղ… Ադրբեջանական պետական վանդալիզը չկասեցուեց։ Հետագայում՝ 2012 թ․ վերջերին, Մոսկուայի «Դրուժբա նարոդով» ամսագրի թիւ 12-րդ համարում հրատարակած իր «Քարէ երազներ» վիպակում Այլիսլին՝ հարեւանցիօրէն, ակնարկում է կատարել նաեւ Ագուլիսի եկեղեցիների աւերման փաստի վերաբերեալ, որտեղ նշում է, որ իբր Ագուլիսի այժմյան բնակիչ-ներին (ադրբեջանցիներին) անյայտ են թէ ե՞րբ են դրանք կառուցել, եւ ե՞րբ աւերումների, փլատակների վերածուելու հանգամանքները։ Մի բան, որ սրտացաւ հեղինակը, հասկանալի պատճառներով, չէր կարող իրականութիւնը գրել, առաւել եւս՝ խօսել այդ յանցագործութիւնները կազմակերպած պարագլխին հղած իր հեռագրի մասին։
Այնպէս որ հարկ է մէկընդմիշտ նկատի ունենալ, որ ադրբեջանական պետական պաշտօնեաներն ու գիտական կառոյցները, որոնք իրենց հակագիտական բարբաջանքներով՝ մասնաւորապէս Խ.Ս.Հ.Մ. անկումից յետոյ՝ վերջին 30 տարում, ջանադրաբար եւ ծրագրուած կարգով հետեւում ու շարունակում են Թուրքիայի հակահայ քաղաքականութիւնը։ Այնպէս որ, այս երկու թիւրքալեզու պետութիւններն ու ժողովուրդները, տարածաշրջանի պատմութեան ու մշակութային արժէքների ոչընչացման, պատմական իրականութեան խեղաթիւրումների թիւ առաջին յանցագործներն են։ Ի վերջոյ քաղաքակիրթ երկրներն ու ժողովուրդները, միջազգային հասարակայնութիւնը հազարաւոր փաստ-փաստարկներով հաստատուած այս իրողութեանը հասու կը լինեն այն ժամանակ երբ այսպիսի բարբարոսութիւնների կ’ենթարկուեն իրենց երկրների մշակութային արժէքներն ու պատմութիւնները․․․
Միով բանիւ․․․ Ադրբեջանը խորհրդային իշխանութեան տարիներից ի վեր՝ իրագործելով իր հետեւողական ծրագիրը, 1988 թ․ արդէն Նախիջեւանը վերջնականապէս հայաթափեց։ Այնուհետեւ՝ 2006 թ․, արդէն հայկական պատմական նիւթական արժէքները հիմնայատակ վերացնելուց յետոյ էլ, Ադրբեջանի պետական ու գիտական կառոյցները՝ մի նոր եռանդով սկսեցին աշխարհով մէկ գոռալ-գոչել, որ Նախիջեւանի տարածքում՝ հնից անտի, ոչ հայեր են ապրել եւ նրանց վերաբերեալ էլ այդտեղ որեւէ յուշարձան գոյութիւն չունի․․․
Ստորեւ՝ մի քանի նախադասութեամբ էլ ընթերցողի ուշադրութեանն եմ ներկայացնում այդօրինակ հրատարակութիւններից մէկը Նախիջեւանի նիւթական յուշարձանների վերաբերեալ։ Վերջինս, որը գիտահանրամատչելի հանրագիտարան է, հրատարակել է Ադրբեջանի Գիտութիւնների ակադեմիայի Նախիջեւանի բաժանմունքը 2008թ․։ Ադրբեջաներեն եւ անգլերէն լեզուներով հրատարակուած այս մեծաֆորմատ եւ 500 էջից աւելի ծաւալ ունեցող հանրագիտարանը՝ «THE ENCYCLOPEDIA OF NAKHCNIVAN MONUMENTS», ունի մօտ 600-ի հասնող բառայօդուածներ, որոնցում ներկայացուած է 500-ի հասնող զանազան յուշարձաններ։ Ընդ որում, հայկական բոլոր վաղ միջնադարեան բերդերն ու բնակատեղիները, կամուրջները, ինչպէս եւ 3-1-ին հազարամեակներից մինչեւ ուշ միջնադարի բոլոր հնավայրերն ու հնագիտական գտածօներն էլ անխտիր, 12-13-րդ դդ․ սելջուկեան 15-18 յուշարձանները եւս, ինչպէս վերեւում ընդգծել եմ, ներկայացուած են որպէս ադրբեջանական, Ադրբեջանի պատմութեանն ու ժողովրդի մշակոյթին վերաբերող պատմական արժէքներ։ Հրատարակութիւնը գունաւոր պատկերազարդմամբ է եւ նուիրուած է Հէյդար Ալիեւի ծննդեան 85 ամեակին։ Այնպէս որ, այս հրատարակութիւնում չկայ ոչ մի հայկական հին ու նոր յուշարձան, գիւղատեղի, հնագիտական արժէք․․․ Իսկ հայկական բնակավայրերի ու տեղավայրերի անուանումներն էլ ներկայացուած են ադրբեջանական հին ու նոր աղաւաղումներով։ Միով բանիւ, այս հրատարակութեանը ծանօթացող ոչ մի օտար ընթերցող չի կարող կռահել անգամ, որ այդտեղ երբեւիցէ հայեր են բնակուել կամ էլ ադտեղ ստեղծել-թողել են որեւէ յուշարձան ու հետք։ Այնպէս որ, ինչպէս առածն է ասում՝ տէրովին տէրն է տարել, անտէրին՝ գելը․․․
azator.gr/ադրբեջանը-որպէս-աշխարհի-մշակութային/