Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբուածութիւնն է պահանջւում այդ սկզբունքներն առաջ տանելու եւ պաշտպանելու համար

Map of Armenia - Kingdom of Armenia under the Arsacid dynasty, c. 150 BCE

Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբուածութիւնն է պահանջւում այդ սկզբունքներն առաջ տանելու եւ պաշտպանելու համար

29 ՕԳՈՍՏՈՍ 2023 –

Horizon Weekly Newspaper

Վազգէն Մանուկեանը բաց նամակ է գրել ԱԺՄ-ի («Ազգային ժողովրդավարական միութիւն» կուսակցութիւն) նախկին եւ ներկայ անդամներին ու համախոհներին, որում ասուած է.

«Մեզանից ոմանք մինչեւ 1988 թուականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թուականից սկսած պայքարել ենք յանուն ազատութեան եւ ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու հետեւեալ 3 պարզ սկզբունքները․

1․ Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանուած պետութիւն, որը կը պատկանի ժողովրդին, եւ հիմքում կը լինի ժամանակակից, ժողովրդավարական կառավարում՝ ապահովելով ու երաշխաւորելով ժողովրդի բարեկեցութեան, պաշտպանուածութեան ու երջանկութեան բնական իրաւունքները։

2․ Ստեղծել բոլորին միաւորող ներքին մթնոլորտ՝ հիմնուած մեր ազգային արժէքների, մեր հարուստ պատմութեան ու հպարտութեան վրայ։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պէտք է տայ ժամանակակից գիտելիքներ՝ կերտելով ազատ մարդ եւ դրա հետ մէկտեղ ապահովելով ազգային դաստիարակութիւնը։

3․ Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախութեան ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամեակների ընթացքում բնակեցուած բնիկ հայ բնակչութեամբ։

Մենք խորապէս գիտակցում էինք, որ այս 3 սկզբունքներն իրար հետ շաղկապուած են, եւ առանց մէկը միւսի չեն կարող իրագործուել։

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, գալիս է ապացուցելու այդ պարզ ճշմարտութիւնը։ Հայաստանում իշխանութեան անթաքոյց ջանքերով միաժամանակ քանդւում են այս 3 սկզբունքները։ Եւ այժմ դրուած է ոչ միայն Արցախի հարցը, այլեւ մեր պետութիւնն ու ողջ հայութիւնն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։

Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբուածութիւնն է պահանջւում այդ սկզբունքներն առաջ տանելու եւ պաշտպանելու համար։

Կոչ եմ անում իմ գաղափարակից գործընկերներին ու համախոհներին ակտիւօրէն մասնակցել Սեպտեմբերի 2-ի հանրահաւաքին՝ ի պաշտպանութիւն Արցախի։

Մեր սկզբունքներն իրագործելու համար անհրաժեշտ է համաժողովրդական միասնութիւն եւ պայքար: Եւ այդ համախմբումը կարող է որոշիչ լինել մեր պայքարի ճանապարհին:

horizonweekly.ca/en/այս-վճռորոշ-պահին-կրկին-բոլորիս-համա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail