Արթիւր Խանճեան. «Արցախը Համայն Հայութեան Խիղճն Է, Համոզուած Եմ Ազատագրումը Չի Ուշանայ…»
03 ՅՈՒՆՈՒԱՐ 2024 – Արթիւր Խանճեան.
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿԵԱՆ
2002 թուականից, ամէն տարի, մասնակցել ու նկարահանել եմ ֆրանսահայ համայնքի կազմակերպած բողոքի ցոյցերն` ընդդէմ Թուրքիայի եւ Ազրպէյճանի հայատեաց, ցեղասպան քաղաքականութեան:
Ամէն անգամ համախմբուելով Փարիզի սրտում վեր խոյացող Ֆրանսայում Հայոց ցեղասպանութեան խորհրդանիշ Կոմիտասի յուշարձանի մօտ` հայ եւ ֆրանսացի քաղաքական գործիչներն իրենց ելոյթներով դատապարտել են թուրք-ազրպէյճանական հայատեաց քաղաքականութիւնը եւ միանալով իրենց բողոքն արտայայտող հազարաւոր մասնակիցներին` ցուցապաստառներով, բողոքի կանչերով քայլել են դէպի Թուրքիայի եւ Ազրպէյճանի դեսպանատներ:
2020 թուականի պատերազմի օրերին, ի պաշտպանութիւն Արցախի, պարբերաբար ցոյցեր են տեղի ունեցել Ազրպէյճանի եւ Թուրքիայի դեսպանատների, Ազգային ժողովի յարակից վայրերում: Հոկտեմբերի 1-ին Պրիւքսելում համահայկական հաւաքը գագաթնակէտն էր:
Ի՞նչ տուեցին մեզ այդ ցոյցերը, աւելի՛ն, Ֆրանսայի Ազգային ժողովն ու ծերակոյտը օրէնքներ ընդունեցին` պատժամիջոցներ կիրառելու Ազրպէյճանի հայատեաց, ցեղասպան գործողութիւնների դէմ, ինչո՞ւ մնացին թղթի վրայ:
Այս մտայնութեամբ օրերս այցելեցի փարիզեան շրջանի Իսի լէ Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթիւր Խանճեանին:
Տեսայ, որ հանդիպման վայրը պատահական չէր` «Մեզոն Պետրոսեան խաւիար» անունով յայտնի, Արմէն Պետրոսեանի խանութներից մէկն էր, փողոցի սկիզբն էր, տեսանելի վայրում:
Այդ առիթով մեր զրոյցը սկիզբ առաւ հայկականը տարածելու եւ խրախուսելու թեմայով, ասաց, որ իր ջանքերի շնորհիւ է, որ խանութը հէնց այստեղ է գտնւում: Անցորդները կը տեսնեն հայի ազգանունը, ու հետաքրքրութիւն կ՛առաջանայ, բացի այդ` խաւիարի բարձրորակ տեսականիներով «Պետրոսեան խանութ»-ը բաւական յայտնի է:
Լիբանանում ծնուած եւ ինը տարեկանում ծնողների հետ Ֆրանսա տեղափոխուած Արթիւր Խանճեանը ազատ տիրապետում է հայերէնին: Ծնողների երազանքն է եղել, որ իրենց զաւակը մայրենի լեզուն չմոռանայ: Ֆրանսական ուսում ստանալով ու մեծանալով հայկական արմատներով ընտանիքում, անդամակցելով հայկական կազմակերպութիւններին եւ աշխատելով ֆրանսական միջավայրում` հաւասարազօր աշխատանք է տանում, եւ ինչպէս ինքն է ասում, երբեք մէկը միւսին չի խանգարել, ընդհակառակը, երկուստեք օգտակար է:
Իմ հարցին, թէ առաջին անգամ Արցախի մասին որտե՞ղ եւ ե՞րբ է լսել, Արթիւր Խանճեանն ասաց, որ Լիբանանում իրենց տանը, դեռ տակաւին երեխայ, հայրենասիրական երգեր է լսել ու շատ տպաւորուել է Լեւոն Գաթըրճեանի «Արցախ» երգով քայլերթի երաժշտութեան համահունչ, այս բառերը միշտ ականջների մէջ է`
«Արցախցի ենք մենք, հայկեան ցեղից ենք,
Ուխտել ենք կռուել, մեր հողն ազատել…»:
Նախօրօք հարցեր էի պատրաստել, այս յուզական տողերը լսելուց հարցերի մասին մոռացայ, եւ տեղի ունեցաւ ազատ զրոյց:
Բազմաթիւ առիթներով հանդիպել եմ նրան, լսել ելոյթները, կարդացել տարբեր լրատուամիջոցներին տրուած հարցազրոյցները, սակայն այդ օրը նորովի բացայայտեցի Արթիւր Խանճեանին:
Հետաքրքիր ու միաժամանակ դժուար ճանապարհ է անցել Արթիւր Խանճեանը, կարելի է ասել` ինքն է ընտրել այդ դժուար ճանապարհը, գիտակցելով, որ ճակատամարտում միայն կամքով ուժեղներն ու նուիրեալներն են յաղթում:
Որեւէ կուսակցութեան անդամ չէ, եւ ինչպէս ինքն է ասում, անկախ աւելի լաւ է, բոլորին որքան հնարաւոր է, կարողանում է օգտակար լինել:
Երիտասարդ տարիներին «Նոր սերունդ »-ի աշխուժ անդամներից է եղել, որն իր կեանքում ճակատագրական դեր է խաղացել:
Մի ակումբի հաւաքոյթի ժամանակ կրակոտ ելոյթ է ունեցել, ուր ներկայ էր Իսի լէ Մուլինոյի քաղաքապետ Անտրէ Սանթինին, որն էլ իրեն առաջարկել է քաղաքապետարանում աշխատել, այդ պահից առ այսօր, շուրջ 23 տարի փոխքաղաքապետ է:
Հայի տեսակի մասին խօսելիս, մեր բոլոր լաւ ու վատ կողմերից բացի, առանձնացրեց հայի նախանձոտ լինելը եւ ափսոսանք յայտնեց, որ դա միմեանց շատ է խանգարում, ու դա վերջ չունի:
Մեր ծաւալուն զրոյցն ընդհատելով` հարցրի.
– 1988 -ին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախի` Հայաստանին միանալու պահանջով: Բոլորիս յայտնի է, որ նոյն թուականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ ամբողջ Ազրպէյճանում ապրող հայերի նկատմամբ իրագործւում էին բռնարարքներ. նրանց ստիպում էին հեռանալ հանրապետութիւնից: Ազրպէյճանի կողմից հայատեաց այս ծրագիրը տարիների ընթացքում դարձաւ պայթիւնավտանգ, երեք պատերազմի միջով անցած արցախահայութիւնը բռնի տեղահանուեց իր բնօրրանից:
Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս յայտնուեցինք այս իրավիճակում:
– 1988-ին հայ ժողովրդի պատմութեան մէջ ամէնից թանկ ու գնահատելի մթնոլորտն էր ստեղծուել, միմեանց վստահում ու հաւատում էինք: Ազգային ոգի կար: Այդ ոգով յաղթեցինք մեր թշնամուն:
Այս իրավիճակում դժուար է որեւէ հարցի անմիջական լուծում տալ, այնուամենայնիւ, տեղահանումը ճիշդ չէր:
Ասում են` Արցախի հարցում նախկիններն են մեղաւոր, անընդհատ շեշտում են Ռոպերթ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի անունները: Նրանք ազգային ոգի ունեն, շատերն իրենց մասին ինչ ասես խօսում են, ճիշդ է, սուտ է, յայտնի չէ: Իրենց ղեկավարութեան տարիներին էր, որ դիւանագիտական յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ էին, յարգանք կար մեր երկրի հանդէպ, Հայաստան-սփիւռք կապերն աւելի էին ամրապնդուել: Ներկայիս ղեկավարն առաջին հերթին ազգային ոգին ոչնչացրեց, սփիւռքը տկարացրեց, քանդեց սփիւռքի նախարարութիւնը, Հայաստանից սկսած` մինչեւ աշխարհի տարբեր ծայրերը հայ ժողովրդին բաժանեց սեւերի ու սպիտակների:
Միասնական մի նոր, հզօր պայքար է պէտք, այո՛, հոկտեմբերի 1-ին մի քանի փոխադրակառքերով գնացինք Պրիւքսել, որն արդար ծրագիր էր, նման ցոյցերը պէտք է լինեն շարունակական, բռնի տեղահանուած արցախցիների իրաւունքները պէտք է պաշտպանուեն:
– Իսկ չէ՞ք կարծում, որ ցոյցերն այլեւս ազդեցութիւն չունեն:
– Որքան էլ ազդեցութիւն չունենան, պէտք չէ լռել, այդպէս մենք էլ ենք արթուն մնում: Սեպտեմբերի 27-ին, Փարիզում կազմակերպուած ցոյցի ժամանակ, խօսելով Արցախի ժողովրդի ճակատագրի մասին (շրջափակում, բռնի տեղահանում), շեշտեցի, որ մեր առաջին թշնամին մեր անտարբերութիւնն է, ֆրանսացիների կամ այլ երկրների վրայ յոյս դնել պէտք չէ, եթէ մենք մեզ չենք աջակցում, ուրիշներից ինչպէ՞ս պահանջենք. խորհէք, տեսէք, թէ իրենց համախմբուածութեամբ ու ազգային ոգին ամուր պահելով, իրենց սահմաններն ընդլայնելով` հրեաներն ինչպիսի՛ յաջողութիւնների են հասել, իսկ մենք հողեր ենք յանձնում: Ցաւալին այն է, որ մենք գիտակցօրէն դէմ ենք ազգային շահերը պաշտպանելուն, ուրեմն այստեղ դաւաճանութիւն կայ:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այսքան անտարբեր դարձաւ մեր ժողովուրդը, թշնամին Հայաստանի տարածքներում իր դիրքերն է ամրապնդում, իսկ ժողովրդի մի ստուար մասը հանգիստ իր բնականոն կեանքով է ապրում:
– Իրապէս, սա մեծ ողբերգութիւն է: Երկու տարի առաջ Հայաստանում էի, պատերազմից յետոյ էր, օգոստոս ամսին, վերադարձիս մի միտք էր մտատանջում, թէ մեր ժողովուրդն ինչպէ՞ս այսքան փոխուեց, հասկացայ, որ աւելի շատ եւրոպացի են, քան թէ հայ: Փողոցով քայլելիս մի պահ թւում էր, թէ Փրակայում կամ Վիեննայում եմ: Ոչ մի տեղ պատերազմից ու Արցախից չէին խօսում: Ժողովրդին զբաղեցնելու ու թմրեցնելու պայմաններ շատ կան` ձայնապնակների սրահներ, շքեղ հիւրանոցներ, բարձրորակ ճաշարաններ, գիշերային շլացուցիչ լոյսեր, եւ այս բոլորը մեծ ազդեցութիւն ունեն սփիւռքի վրայ:
– Հայ ժողովրդի միասնական ուժերով, Ազրպէյճանի կողմից մեզ պարտադրուած, Արցախի առաջին պատերազմն աւարտուեց մեր յաղթանակով, աւելի՛ն, ազատագրեցինք Շուշին, այսօր, երբ ամբողջովին կորցրել ենք Արցախը, ինչո՞ւ այսպէս սահուն համակերպուեցինք այս իրավիճակին:
– Ճիշդ է` մենք յաղթեցինք, բայց չմոռանանք, որ մեր թիկունքին Ռուսաստան ունէինք: Ես ռուսամոլ չեմ, բայց արդար պէտք է լինել: Մեր երկրի քաղաքական սխալ դիրքորոշումն այն է, որ դեռ յոյսերը դրել են Միացեալ Նահանգների ու Եւրոպայի վրայ: Մենք գիտակցօրէն մեր երկիրը հարուածի տակ ենք դնում: Այդ նոյն Ամերիկան ու Ֆրանսան 44- օրեայ պատերազմի ժամանակ ինչո՞ւ մեզ չօգնեցին, երբ Արցախը 10 ամիս շրջափակման մէջ էր, ինչո՞ւ Ազրպէյճանի դէմ պատժամիջոցներ չկիրառեցին:
Ճիշդ է` Փարիզի քաղաքապետն իր համախոհների հետ օգնութիւն տարաւ, բայց այն ուժը չունէր, որ հասցնէր Արցախ, Հայաստանն ու Արցախն իրար կապող Կոռնիձորում կանգ առաւ:
Այնուամենայնիւ, մենք գոհ ու շնորհակալ էինք:
Մի փոքր ուշադրութեան ու չնչին դրամական օգնութեան համար այնքան ենք ուրախանում ու մեր գոհունակութիւնն արտայայտում, կարծում են, թէ շատ մեծ բան են արել: Համեմատէք ուրիշ երկրների հետ ու կը տեսնէք, թէ որքա՛ն չնչին են Հայաստանին յատկացուած օգնութիւնները:
– Ամբողջ կեանքում հպարտացել եմ հայի արժանապատիւ լինելու կեցուածքով, այս վերջին հինգ տարիների ընթացքում այնքա՛ն նսեմացուեցին ու փոշիացան մեր ազգային արժէքները, այնքա՛ն անտարբեր ու հանդուրժող դարձանք, որ արցախահայերի բռնի տեղահանումը համարում ենք փրկութիւն:
Փաստօրէն Ալիեւն աւելի հայրենասէր է, դրա համար էլ այսօր հպարտ կեցուածքով քայլում է Ստեփանակերտում: Մի՞թէ մենք սրան արժանի ենք:
– Արժանի ենք, որովհետեւ ոչ մի հայրենասէր ու սրտացաւ ղեկավար չենք ունեցել:
Ինչպէս ասում են, բոլորը դարձել են բազմամիլիոնատէր, չեն գիտակցել, որ պատերազմի մէջ ենք, բանակը պէտք է զինել:
Ալիեւը յաղթեց ոչ թէ սրտացաւութեամբ կամ խելացութեամբ, Ալիեւը դրամով յաղթեց:
Երբ Ազգային ժողովի նախագահը եկել էր Փարիզ, համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցի, թէ արդեօք նպատակայարմա՞ր է աղքատ ու պատերազմի մէջ գտնուող երկրում 150 հազար եւրոյի արժողութեամբ մեքենայ վարել, մի քանի նիկոլապաշտ (այո՛, ցաւօք, այստեղ էլ կան նիկոլապաշտներ) աղմուկ հանեցին` յանդիմանելով, թէ ինչո՞ւ նման հարց բարձրացրի:
44-օրեայ պատերազմի ժամանակ համայն հայութեան օգնութիւնը 180 միլիոն գումար կազմեց, ի՞նչ նպատակի ծառայեց, ոչ ոքի յայտնի չէ:
Ժողովրդին հաշուետու չեն, նրանց պահանջները չեն կատարում, այն ժողովրդին, որ իրենց պաշտօնի բերեց:
Վերցնենք Ֆրանսայի օրինակը, եթէ չեն կարող աշխատել, պէտք է հրաժարուեն:
Բայց մենք պատերազմում պարտութիւն կը կրենք` կը մնանք աթոռին, հող կը յանձնենք` կը մնանք աթոռին: Պատմութեան մէջ նման բան չկայ:
Առաւել խոցելին այն է, որ եթէ կրկին ընտրութիւն լինի, ներկայիս անձը հնարաւոր է նորից վերարտադրուի:
– Հայաստանը մի կողմ, հայկական սփիւռքը ինչո՞ւ է հանդուրժում:
– Նախ պէտք է գիտակցենք, թէ սփիւռք ասելով` ի՞նչ ենք հասկանում:
Ներկայ վիճակը եթէ համեմատենք, 35 տարի առաջ բոլորովին ուրիշ էր: Միացեալ Նահանգները եւ եւրոպական այն երկրները, որոնք որոշ չափով տնտեսապէս կայուն են, քաղաքական դաշտում ազդեցիկ ուժ չունեն: Լիբանանը, Սուրիան, Իրաքը, Իրանը տնտեսական ճգնաժամի ու մշտապէս վտանգի մէջ են:
Հետեւաբար այն հաւաքական ուժը չկայ, որ կարողանայ Հայաստանում ինչ-որ բան փոխել, բացի այդ, շատ ենք լսել, որ սփիւռքը պէտք չէ խառնուի իրենց գործերին:
Այդուհանդերձ, սփիւռքն իր դրամական օգնութիւնը շարունակում է:
Եթէ որեւէ հայկական հարց է լինում, ու մենք ձախողում ենք, ես միշտ հրեաների օրինակն եմ բերում: Մենք ազգային ծրագիր չունենք, բացի այդ, իրար չենք վստահում, համախմբուած չենք: Կարող ուժեր ունենք, որոնք անտեսուած են, երբ կը մահանան, այն ժամանակ կը յիշենք ու կը գնահատենք, սա է մեր դիմագիծը:
Աւելի՛ն. շատ անգամներ մեռած ժամանակ էլ կ՛անտեսենք: Յուլիս ամսին ի պաշտպանութիւն շրջափակման մէջ գտնուող Արցախի մեր հայրենակիցների“ ցոյցի ժամանակ, օրինակ բերեցի Միսաք Մանուշեանին: Թէ ինչպէ՛ս գաղթական մի հայ երիտասարդ բանաստեղծ դարձաւ ֆրանսական դիմադրութեան շարժման աշխուժ մարտիկ ու նացիականների կողմից մահապատժի ենթարկուեց: Ութսուն տարի անց, նոր միայն, Ֆրանսան որոշում կայացրեց, որ նրա աճիւնը վերայուղարկաւորուի Փարիզի պանթէոնում:
– 1991 թուականի սեպտեմբերի 2-ը համարւում է Արցախի անկախութեան հռչակման օր:
Մշտական պատերազմի մէջ գտնուելով` մենք աշխարհից պահանջում էինք ճանաչել Արցախի անկախութիւնը, էլ չեմ ասում, որ անգամ Հայաստանը չճանաչեց այսքան տարիների ընթացքում, երբ Ազրպէյճանը պահանջում էր, այսպէս ասած, գրաւեալ տարածքների վերադարձը, ի՞նչ էք կարծում, եթէ ժամանակին երկուստեք համաձայնութեան գային, կը խուսափէի՞նք 44-օրեայ պատերազմից, Արցախը չէ՞ր հայաթափուի:
– Եթէ իմ կարծիքն էք հարցնում, նախ եւ առաջ ասեմ, որ Արցախի հիմնախնդիրն աւարտուած չէ: Պատմութեան մէջ այսքան բացթողումներ չենք ունեցել, որքան հիմա:
Արցախի ճակատագիրը մի քանի անձերով որոշեցին: Այն ղեկավարը, որ իր երկրի մի թիզ հողը չի արժեւորում, թշնամին աւելի է ամրապնդում իր դիրքերը:
Ներկայիս մոլորակի վրայ բոլոր երկրները իրենց հարեւանների կամ թշնամիների հետ հողային խնդիրներ ունեն, բոլորն էլ փորձում են ինչ-որ պատրուակներով ձգձգել այդ հարցը, վերցնենք Անգլիայի եւ Իրլանտայի օրինակը:
Չի կարելի պաշտօն ստանձնել, ձախողել ու էլի մնալ նոյն աթոռին:
Ալիեւի նախագահ լինելն արդար է, մարդն այսօր իրեն յաղթող է համարում, Էրտողանը` նոյնպէս:
– Այո՛, իրականում այդպէս է, շատ ցաւոտ եւ անընդունելի է, բայց այդպէս է, նրանք իրենց աթոռին արժանի են: Լեւոն Տէր Պետրոսեանը Արցախը Հայաստանին միանալու գաղափարով նախագահ դարձաւ: Տարիներ շարունակ ինքն իր խօսքը հաստատելով` ասում է, որ տարածքային վէճի պատճառով Արցախի հարցը չի լուծուելու: Փաստօրէն, ի սկզբանէ, ի նպաստ Ազրպէյճանի, ինքն է այդ հարցը տարել փակուղի եւ յանձնել ժառանգորդին:
– Անկեղծ ասած, ես Լեւոն Տէր Պետրոսեանի հետ չեմ հանդիպել, բայց հետեւելով նրա վարած քաղաքականութեանը` երբեք ոչ մի հարցում կողմնակից չեմ եղել: Հիմա ես այն կարծիքին եմ, որ եթէ հրաժարական չտար, մնար աթոռին, Արցախն աւելի շուտ կը յանձնէր:
– Իսկ ի՞նչ կ՛ասէք միւս նախագահների մասին:
– Պարոն Ռոպերթ Քոչարեանին մի քանի անգամ հանդիպել եմ, ինչպէս ասում են` «բարեւի» սահմաններում, սակայն շատ հարցերում ես կողմ եմ եղել իր որոշումներին:
Սերժ Սարգսեանի հետ բաւական հանդիպումներ եղել են, արցախցի լինելով` երկուսն էլ ուժեղ կամքի տէր էին, Ալիեւը գիտէր նրանց ուժն ու դիւանագիտական կարողութիւնները, երբեք չի համարձակուել յոխորտալ:
– Այսօր Արցախի ղեկավարներն Ազրպէյճանի կողմից գերեվարուել են, կարծես թէ Հայաստանի պատկան մարմիններն այնքան էլ մտահոգուած չեն նրանց ազատելու համար, ի՞նչ էք կարծում, դրսի ուժը կարո՞ղ է որեւէ ազդեցութիւն ունենալ, չէ՞ որ Ռուբէն Վարդանեանը բաւական յայտնի դէմք է:
– Անկեղծ ասած, այս լուրը, որ լսեցի, ու համացանցով տարածուեց, թէ ինչպէ՛ս են նրանց ստորացնում, սրտիս մէջ սուր խրուելու չափ ցաւ ապրեցի. մի՞թէ մենք արժանի ենք, որ մեր ղեկավարների հետ այսպէս վարուեն:
Նրանք որբ գերիներ են, մեր անտարբերութեամբ (Հայաստան, սփիւռք) նպաստում ենք Ազրպէյճանի կոշտ դիրքորոշմանը:
– Իսկ յոյս ունէ՞ք, որ Արցախը կրկին կ՛ազատագրենք:
– Յո՞յս, Արցախը համայն հայութեան խիղճն է, ես համոզուած եմ` ազատագրումը չի ուշանայ:
– Ինչպէ՞ս էք դա պատկերացնում:
– Նախ պէտք է մեր ազգային ոգին ամրապնդենք: Դպրոցական տարիքից անգամ, ինչպէս ասում են` օրօրոցից մեր սերնդին կրթել մեր ազգային հերոսների գաղափարներով:
– Դուք հայրենասէր մարդ էք, ո՞ւմ կերպարն է եղել ձեզ համար խորհրդանիշ:
– Շատ անձեր կան, որոնցից խորապէս տպաւորուել եմ, բայց առաւել ոգեշնչուել եմ Խրիմեան Հայրիկով, կարելի է ասել` իմ կեանքի ուղեցոյցն է եղել:
Մանկուց ես ձգտել եմ նմանուել մեծ հայրիկիս. Մարաշից մազապուրծ մի որբ տղայ էր, երբ հասաւ Լիբանան, ազատատենչ ոգի ունէր, դաշնակցական էր: Փոքր երեխայ էի, ուր գնար, ինձ հետը կը տանէր: Միշտ հետս կը զրուցէր, խորհուրդներ կը տար: Ցաւօք, եօթը տարեկան էի, երբ մահացաւ, դա 1974 թուականին էր: Հրաժեշտի արարողութիւնն այսօրուայ պէս յիշում եմ: Ներկայ էին նախարարներ, բարձր պաշտօնեաներ: Մեքենաների շարասեան վերջը չէր երեւում. հայրս, որ համբերութեամբ կը պատասխանէր ինձ հետաքրքրող հարցերին, ասաց` կը մեծանաս, կ՛իմանաս, թէ իրականում ով էր քո մայրիկի հայրիկը:
Մեծ հայրիկս Դրաստամատ Կանայեանի ընկերն է եղել, հաւատարիմ զինակիցը:
Հայրենիքի նուիրեալների հաւաքական կերպար էր:
Փա՛ռք Աստծոյ, ծնողներս դեռ ողջ են, ամէն առիթով հետաքրքիր դրուագներ են պատմում իրենց կեանքից ու հայրենանպաստ խորհուրդներով գօտեպնդում ինձ:
Երբ որ 2020 թուականի օգոստոսին Լիբանանում պայթիւն եղաւ, այս լուրն իմանալով, Անտրէ Սանթինին առաջարկեց օգնութեան ձեռք մեկնել: Մեր քաղաքի, ՀՄԸՄ-ի Ֆրանսայի մասնաճիւղի եւ Լիբանանի մարոնիական կաթողիկէ եկեղեցու աջակցութեամբ, 15 թոն սննդով ու անհրաժեշտ պարագաներով օգնութիւն տարայ: Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանն ինձ հրաւիրեց սուրճ խմելու: «Թռչնոց բոյն» տարաւ, մի խմբակային լուսանկար ցոյց տուեց, ասաց` տեսնեմ կը ճանաչե՞ս մեծ հայրիկիդ, ճանաչեցի, ասաց` 100 տարի անց իրեն ապաստարան տուած երկրին թոռնիկը օգնութիւն է բերել, ահա այսպիսին ենք մենք:
– Եթէ այսպիսին ենք, բա ո՞ւր մնաց մեր արժանապատուութիւնը:
– Արցախի բռնի տեղահանումը մեծագոյն ապտակն է, որից պէտք է դասեր քաղենք:
Անյապաղ պէտք է ազգովի համախմբուենք եւ օրէնքի ուժով վերցնենք այն, ինչը հազարամեակներով պատկանում է հայ ժողովրդին:
Արթիւր Խանճեանի հետ հանդիպումից յետոյ, տուն վերադարձիս, մտքիս մէջ անընդհատ Հրանդ Մաթեւոսեանի խօսքերն էի կրկնում.
«… Բա այսքան պարտութիւն կրես ու յաղթել չսովորե՞ս»:
Ակամայից հարց ծագեց, բա Արթիւր Խանճեանի նման հազարաւոր որդիներ ունենաս, չպայքարես ու Արցախը նուէր տաս թշնամո՞ւդ:
Այս արհաւիրքին ինչպէ՞ս ենք դիմանում…
Փարիզ
«Առաւօտ» օրաթերթ
15 դեկտեմբեր 2023