թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են
04 ՅՈՒԼԻՍ 2024 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «Bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլը և Հալուք Քալաֆաթը։
Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «Bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:
Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ 6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել:
Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար:
«Մեղադրականում չէր գրվում, թե որ արտահայտություններն ում դեմ էին վիրավորական տարր պարունակում: Եզրակացությունում ևս չի գրվում: Արդեն, ըստ էության, դատախազի եզրակացությունը կրկնում է մեղադրականը:
Եթե այն դատախազը, ում այստեղ հասկացել եմ, վեր կենա ու հրաժարվի ասել, թե իրեն որ արտահայտությունն է վիրավորել, կամ այդ արտահայտությունը հանցանք չի պարունակում, կամ էլ նա ազնվորեն չի արտահայտում դատախազի իրավական տեսակետը:
Մենք այստեղ պաշտպանություն կազմակերպեցինք, մտածելով, թե դատախազը կարող է վիրավորվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունից, սակայն գուցե դատավորը ևս շաղկապների հետ կապված խնդիր ունի:
Գուցե նաև մեղք է համարվել իմ «և» շաղկապի օգտագործումը: Իմանալ չենք կարողանում: Բայց որպես արդյունք՝ ոչ շաղկապ օգտագործելս է մեղք, ոչ թարգմանություն անելս, ոչ էլ Հայոց ցեղասպանություն ասելս»,-եզրափակել է նա: