Համշենում Վարդավառին նվիրված զանգվածային միջոցառումներ են կազմակերպվել (լուսանկարներ)
07 ՕԳՈՍՏՈՍ 2024 – Արեւմտահայերն այսօր, Համշէն եւ համշէնցիներ, Նորութիւններ
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Ռիզե նահանգի Չայելի գավառի Սենոզ գյուղ բնակիչ համշենցիներն արդեն երրորդ անգամ կազմակերպել են “Սենոզի մշակույթի և բնության Վարդավառը” խորագրով միջոցառումների շարք։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով “Յեշիլ Դիրենիշ” լրատվական կայքէջում տեղ գտած հրապարակման վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ լրատվակայքի թղթակից Իսմայիլ Աքյըլդըզը հաղորդում է, որ սենոզցի համշենահայերը տեր են կանգնում 2500 տարուց ավելի պատմություն և խորը արմատներ ունեցող իրենց ավանդույթներին։ 2024 թ․ օգոստոսի 3ին և 4ին կազմակերպված միջոցառումները կայացել են “Սենոզի մշակույթի և բնության Վարդավառը” խորագրի ներքո։
Միջանկյալ նշենք, որ իսլամացած համշենահայերից Վարդավառի տոնի մասին հիշողությունը պահպանվել է միայն Ռիզեի համշենցիների շրջանում, և Հայ առաքելական եկեղեցու այդ տաղավար տոնը կրոնափոխ հայերը տոնում են սարեր կամ յայլաներ բարձրանալու և նման վայրերում զբոսախնջույքներ կազմակերպելու միջոցով։ Արդ, որոշվել էր այս տարվա միջոցառումները կազմակերպել Մուրադ լեռան վրա։
Վարդավառը նման տոնակատարությունների միջոցով այստեղ սկսել է նշվել 2022 թ․ օգոստոսից։ Ինչպես ընդգծում է Իսմայիլ Աքյըլդըզը, 2022 թ․ նախատեսել էին համեստ ձևով տոնել այն, սակայն նկատելով, որ այդ միջոցառումները մեծ խանդավառություն և հետաքրքրություն են առաջացնում համշենցիների շրջանում, որոշեցին ավելի կազմակերպված բնույթ հաղորդել դրանց։ Այս տարվա միջոցառումները տևել են 2 օր՝ 2024 թ․ օգոստոսի 3ին և 4ին։
Հրապարակման մեջ շեշտվում է նաև, որ Վարդավառին հասարակական հնչեղություն հաղորդելու գաղափարը ծագել է 2022 թ․։ Նման առաջարկով են հանդես եկել տեղի բնակիչներից Սալիհ Յըլդըրըմ Քարաթաշը և դոկտոր Մահմուդ Աքյըլդըզը։ Մասնավորապես Քարաքաշը չի բավարարվել նման միջոցառման միտք հայտնելով միայն, այլ նաև ստանձնել է Սենոզ գյուղի բոլոր բնակիչների մասնակցությունը ֆինանսապես ապահովելու գործը։ Նա այն ժամանակ հայտնել է, որ ցանկանում է հովանովոր դառնալ հատկապես իր մահկանացուն կնքած հոր հիշատակը վառ պահելու նպատակով։
Մուրադ լեռը պատահական չի ընտրվել․ հայտնի է, որ հեռավոր անցյալում Սենոզ գյուղի բնակիչները հենց այդտեղ են նշել իրենց սիրելի տոնը։ Տոնակատարություններին միացել են նաև վաղուց այդ կողմերից հեռացած համշենցիներ։
Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ կազմակերպված միջոցառումներին, ապա դրանք կայացել են 4 ժողովների ժամանակ արտահայտված կարծիքների հանրագումարի արդյունքում։ Հրապարակման հեղինակը նաև գրում է, որ մոտ 300 մ բարձրություն ունեցող Մուրադ լեռը, որի վրա տեղի են ունեցել այս տարվա միջոցառումները, սենոզցի համշենցիների համար միասնականության և համերաշխության խորհրդանիշներից է։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net