Հայ Ազգը Ունի Ապագայ` Առանց Կործանարար Զիջումների, Եւ Չունի Ապագայ Այդպիսի Զիջումներով

Tetradrachm of Kingdom of Armenia with bust of Artavasdes II, Late Hellenistic Period, 39–38 BC, Museum of Fine Arts, Boston

Հայ Ազգը Ունի Ապագայ` Առանց Կործանարար Զիջումների, Եւ Չունի Ապագայ Այդպիսի Զիջումներով

17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2024 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ծ․Խ․- Ստորեւ, Հ․Յ․Դ․ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ եւ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ. սպառնալիք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

 

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները վերաբերւում են մեր ժողովրդի համար կենսական նշանակութեան հարցերին եւ իրենց բնոյթով դուրս են զուտ երկկողմանի ձեւաչափից, ունեն աւելի լայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տարողութիւն:

Սպառնալի՞ք է դա, թէ՞ հնարաւորութիւն` կախուած է նրանից, թէ որքանո՛վ ենք կարողանում` բացառել հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի շահերը, լինելիութիւնն ու առաջընթացը վտանգող զիջումները եւ պաշտպանել մեր անժամանցելի իրաւունքները:

Ակնյայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռուած է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ, որքան` այդ գործընթացը օգտագործել իր եւ Ատրպէյճանի պահանջները բաւարարելու համար:

Թուրքիան եւ Ատրպէյճանը Հայաստանի նկատմամբ վարում են ցեղային ազգակցութեան եւ ուժի կիրառման սպառնալիքի վրայ կառուցուած քաղաքականութիւն` «Շուշիի հռչակագրով» ամրագրուած հակահայկական նպատակներին ու փանթուրանական ծրագրերին համահունչ:

Այս ռազմավարութեան բուն իմաստը «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնուող միւս երկրների թուրքացումն է,  այսպէս կոչուած, «փափուկ ուժի» մարտավարութեան միջոցով:

Հետեւողականօրէն շարժուելով այդ ռազմավարութեամբ` թուրք- ազրպէյճանական դաշինքը արդէն հասցրել է հայաթափել Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը:

Թուրքացումը ինչ-որ գեղարուեստական արտայայտութիւն չէ, այլ որոշակիօրէն նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապէս բազմամակարդակ եւ բազմաբնոյթ կախուածութեան վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդիւնքում վերածւում է իրաւական առումով առերեւոյթ գոյութիւն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախեալ, կցորդ միաւորի` շատ բանով նման Աճարիային:

Թուրքացումն ի հարկէ մէկ օրում չի կատարուելու, այլ դրսեւորուելու է հանգրուանային կենսական զիջումների, ի յայտ գալով հիմնականում չորս մակարդակներում` աշխարհաքաղաքական, իրաւաքաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, մշակութային, տեղեկատուական, կրթական:

1.- Աշխարհաքաղաքականը, երբ ինքնիշխանութեան սահմանափակումների եւ տարածքային զիջումների պատճառով Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակութիւնը:

2.- Իրաւաքաղաքական մակարդակում, երբ չեղարկուեն մեր համազգային իղձերն ու նպատակներն ամրագրող փաստաթղթերը եւ իրաւապայմանագրային հաստատում ստանայ սերունդների իրաւունքներից մեր հրաժարումը:

3.- Տնտեսական մակարդակում, երբ տեղի ունենայ թուրքական դրամագլխի եւ տնտեսութեան ներխուժմամբ Հայաստանի տնտեսութեան մասնակի կամ ամբողջական կլանում:

4.- Հոգեւոր մշակութային, տեղեկատուական եւ կրթական մակարդակներում, երբ խաթարուի հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական անվտանգութիւնը եւ տեղի ունենայ ազգային ինքնութեան ու արժեհամակարգի աստիճանական արժէզրկում:

Այս պայմաններում, երբ ցեղային ազգակցութեամբ նոյնացած Թուրքիան եւ Ազրպէյճանը հանդէս են գալիս մեզանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, պաշտօնական Երեւանի ամէն գնով խաղաղութեան հասնելու ձգտումները միայն մի դէպքում կարող են իրականութիւն դառնալ` թուրք-ատրպէյճանական պահանջները ամբողջութեամբ բաւարարելու պարագայում:

Եւ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանութիւնները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնաւորելուն եւ կատարելուն:

փաստացի այս վարչախումբը լծուել է թուրք-ազրպէյճանական շահերը պաշտպանելու գործին, որովհետեւ այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ:

Սրա ամենավերջին վկայութիւններից մէկը` Փաշինեանի ինքնաբացայայտումն էր` կապուած Անկախութեան հռչակագրի վերաբերեալ իր համոզումների հետ:

Ո՛չ աւել, ո՛չ պակաս յայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետութիւն չունենալու մասին է, քանի որ այն հակամարտութիւններ է առաջացնում հարեւանների հետ: Իսկ քանի որ հայ ժողովուրդը իր շահերն ու իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մէջ, ուրեմն,  ըստ այդ անձի, մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գոյութեանը, որովհետեւ դրանք հակամարտութիւն են ծնում:

Ուստի իր ենթադրեալ լուծումը մէկն է` հրաժարուել Թուրքիոյ եւ Ատրպէյճանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից եւ այդպիսով ազատուել նրանց հետ ունեցած հակամարտութիւններից:

Սա է իր խաղաղութեան բանաձեւը: Սակայն,  ինչպէս ասում են, «շան գլուխը հէնց այստեղ է թաղուած», որովհետեւ հարցերի հարցն իրականում հետեւեալն է. հակամարտութիւնը արդեօք միայն մեր շահերը ձէակերպելու հե՞տ է կապուած, որը դիմացինը փորձում է ներկայացնել որպէս ոտնձգութիւն իր նկատմամբ, թէ՞ հէնց մեր հայկական ինքնութեան, որի պահպանման բնական մղումից ինքնին ծագում են թէ մեր արդար եւ անօտարելի իրաւունքները, եւ թէ՛ մեր տեսակի յարատեւութիւնն ապահովող կենսական շահերը:

Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ հէնց մեր ազգային, կրօնական, մշակութային ինքնատիպութիւնն է, որ միշտ անընդունելի եւ վտանգաւոր է համարուել թուրք- ատրպէյճանական դաշինքի համար: Եւ այդ հակամարտութեան լուծումն էլ նրանք տեսել են հայի ու ամէն հայկականի վերացման միջոցով: Սա է կատարուել Արեւմտեան Հայաստանում եւ կատարւում է հիմա բռնազաւթուած Արցախում, որտեղ հետեւողականօրէն վերացւում է ամէն հայկական հետք:

Հետեւաբար մեր անժամանցելի իրաւունքներից եւ կենսական շահերից հրաժարուելու` թէ՛ դրսից պարտադրուող, թէ՛ ներսից քաջալերուող գործընթացը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` մեր ինքնութիւնը ոչնչացնելու դաւադիր ծրագիր:

Միայն թէ այս վարչախմբի ասածը եւ արածը եթէ պատկերաւոր ձեւակերպենք, հետեւեալն է. եթէ ընդդիմանանք, միեւնոյնն է` մեր ինքնութիւնը անկարող ենք պահել, աւելի լաւ է դրանից ինքներս ազատուենք աւելի անցաւ եղանակով` էֆթանազիայի միջոցով:

Այս տրամաբանութեամբ, թէ՛ դրսից, թէ՛ ներսից տեղի է ունենում մեր արդար իրաւունքների եւ պահանջների նախ չէզոքացում` դրանց իբր անիրատեսական եւ դիմացինի կողմից հակադարձելի լինելու հիմնաւորումներով, ապա նաեւ դրանցից իսպառ հրաժարում` յանուն կարծեցեալ հաշտեցման:

Այս ամէնը արդէն ընթացքի մէջ է, մասնաւորապէս.

արցախահայութեան վերադարձին հակադրում են ազրպէյճանցիների վերադարձով, Արեւմտեան Հայասատանը համեմատւում եւ նոյնացւում է Արեւմտեան Ատրպէյճանի հետ, յաջորդ զուգահեռը չի բացառւում, որ տարուի Հայոց ցեղասպանութեան եւ Խոջալուի եւ այլ տեղերում իբր ազրպէյճանցիների ցեղասպանութեան միջեւ եւ այսպէս շարունակ:

Խորքային իմաստով սա հէնց թուրքացումն է գործողութեան մէջ: Ուստի դժուար չէ կռահել, թէ մօտաւորապէս ի՛նչ, այսպէս կոչուած, «ռազմավարական գործարք» կարող էր առաջարկել Փաշինեանն Ալիեւին: Ամենայն հաւանականութեամբ դրա վերջնարդիւնքը Հարաւային Կովկասում քիրուայութեան եւ ցեղային համակեցութեան քօղի տակ ձեւաւորուած թուրքական տան մէջ այս տարածաշրջանի երեք պետութիւնների միաւորումն է:

Կասկածից վեր է, որ այս վարչախմբի փառաբանած խաղաղութեան երաշխաւորը Թուրքիան է լինելու, քանզի հէնց Թուրքիան է այսօր ստեղծուած աշխարհաքաղաքական վերադասաւորումներից օգտուելով` յաւակնում դառնալ տարածաշրջանային նոր անվտանգութեան համակարգի գլխաւոր ճարտարապետը:

Ըստ այդմ, նկատի ունենալով մի կողմից Թուրքիայի ակնկալիքները հասնելու իրենց բնոյթով հակահայկական վերոնշեալ նպատակների իրագործումը, միւս կողմից` բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու գործընթացում մեր ազգային պետական շահերի գերակայութիւնը, անհրաժեշտ է առաջնորդուել կենսական զիջումները բացառող եւ հայութեան հաւաքական կամքն արտայայտող նպատակադրումներով:

Առ այդ, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով` որպէս մեկնակէտ ընդունելով դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ Թուրքիոյ կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Հետագայ յարաբերութիւնները պէտք է կառուցուեն` համաձայն հետեւեալ հիմնարար սկզբունքների.

1.- Հայաստանի կողմից ձեռնարկուող քայլերը` նախատեսուող պարտաւորութիւնների ստանձման եւ դրանց կատարման ուղղութեամբ, անհրաժեշտաբար պէտք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետութեան եւ Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշման մէջ ներկայացուած իրաւական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեամբ ամրագրուած սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

2.- Հայաստան -Թուրքիա յարաբերութիւններում բացառել որեւէ համաձայնութիւն, որը հարցականի տակ կը դնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանութեան իրողութիւնը, ինչպէս նաեւ` հայութեան հոգեւոր մշակութային ժառանգութեան կրողը լինելու նրա իրաւունքը:

3.- Առաջնորդուել Հայաստանի եւ սփիւռքի միասնական կամքով` Հայոց ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում:

4.- Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանաւորուել եւ ծառայեցուել Ատրպէյճանի պահանջների բաւարարմանը եւ թուրք-ատրպէյճանական դաշինքի ծաւալապաշտական ու փանթուրանական ծրագրերի իրագործմանը:

5.-  Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ պէտք է նպաստի Թուրքիայում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:

Այս կէտերը արձանագրելով, միաժամանակ ինչ անելու եւ ինչ չանելու առաջադրանքները, ըստ էութեան, սահմանում են այն կարմիր գծերը, որոնք ուրուագծում են մեր կենսական շահերի յստակ շրջանակը:

Կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այլեւ անհատի` որպէս հայի լինելիութեան համար:

Այսպիսով, ջրբաժանն այսօր, ինչպէս միշտ, անցնում է նոյն տեղով` ազգային թէ ապազգային է երկրի պետական ուղեգիծը: Իսկ այս երկուսի տարբերութիւնն էլ ի յայտ է գալիս պարզ հարցադրման միջոցով` պահւում, թէ՞ չեն պահւում այս կարմիր գծերը:

Ազգայինի համար կարմիր գծերը կոչուած են երաշխաւորելու հայ ազգի տեսակի եւ ինքնութեան յարատեւումը: Իսկ ազգային ինքնութիւնը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի յաւերժական երթին:

Եւ ուրեմն հայ ազգը ունի ապագայ` առանց կործանարար զիջումների, եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով:

Այստեղ է հիմա իրական ջրբաժանը:

hairenikweekly.com/?p=62308

Facebooktwitterredditpinterestlinkedinmail