
Հայկական Հարցի կարգավորմանն ուղղված ներկայի սպառնալիքներն ու մարտահրավերները
եւ դրանց հաղթահարման իրավական – քաղաքական ու դիվանագիտական – քաղաքակրթական
հիմքերն ու ուղիները
(Հայաստան Պետություն, Հայաստանի Հանրապետություն եւ Արեւմտյան Հայաստան)
«…դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ,
թեպետ ակամա դեռ ժողովված չես,
տակավին ցիր ես, ցան ես եւ սփյուռք,-
դու այսուհետեւ ժողովվես պիտի
նախ՝ ինքդ քո մե՛ջ,
եւ ապա՝ քո շո՛ւրջ՝
հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը
երե՛կ չսկսվեց, երե՜կ չսկսվեց…
5000 տարվա,
500 տարվա,
եւ 50 տարվա
պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
որ չի՛ ավարտվել ու չի՜ ավարտվում։»
Պարույր Սեւակ, «Եռաձայն պատարագ,
Փետրվար, 1965, Երեւան
Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ծավալվող իրադարձությունների հեռահար նպատակն ու տրամաբանությունն այն է, որ 1920 թվականի սեպտեմբեր – դեկտեմբերի իրադարձությունների օրինակով, հայ ժողովրդին պարտադրվի մի նոր պայմանագիր, որով Հայաստանը հրաժարվի դիմադրությունից, պաշտպանությունից եւ իրեն տրված բոլոր իրավունքներից։
Այս նպատակներին հասնելու համար թշնամիների գործադրած ջանքերը հետեւյալն են․
ա) վեց տարի շարունակ, ամենօրյա ռեժիմով քարոզչությունը (այն տպավորությունն է, որ կարծես, որեւէ այլ կարեւոր գործ չունեն անելու, բացի հայերին ահաբեկելուց) եւ
բ) ծախսված ահռելի ֆինանսական միջոցները (միլիարդավոր դոլարներ) եւ մարդկային կորուստները (շուրջ 25 հազար սպանված զինվոր ու սպա),
որոնք ուղիղ նշում են հայ ժողովրդի իրական ներուժի մասին։
Հայ ժողովրդի թշնամիները դրսից (մեծ կոալիցիա) եւ հինգերորդ շարասյունը՝ ներսից (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն), նախօրոք մշակված ագրեսիայի, Հայոց բանակի կազմալուծման, պարտադրված պատերազմի ու պարտության սցենարներով, բռնությամբ, ուժի սպառնալիքով ու սադրանքներով ձգտում են Հայաստանին պարտադրել մի նոր պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետությունը կհրաժարվի հայ ժողովրդին ու Հայաստանին տրված բոլոր իրավունքներից։ Այսինքն, դա մի նոր փորձ է կասեցնելու Հայկական Հարցի կարգավորումը, ինչպես դա արվել է 1920 թվականին։
«Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր,
որպեսզի համարվի որս, եւ նրա Երկիրը բաժանվի իր հարեւանների միջեւ»։
Գարեգին Նժդեհ
-
Հայաստան Պետության (Հայկական պետության) անկախության ճանաչումը
Հայաստան պետության անկախությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագրեր կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը:
Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Սերբերի, Հորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ մյուս դաշնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը։
Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.
1. Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է որպես կառավարություն,
2. այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
Այսինքն, Հայաստան պետությունը 104 տարեկան է։ Պետության ճանաչումը տեղի է ունենում մեկ անգամ եւ այդ որոշումը հետագայում փոփոխության կամ չեղարկման չի ենթարկվում։
2. Փարիզի խաղաղության վեհաժողովը եւ Հայաստան պետության սահմանները
Փարիզի խաղաղության վեհաժողովում, Հայաստան պետության անկախության ճանաչման որոշման հիման վրա, հետագայում որոշվում է Հայկական պետության, կամ Հայաստան պետության սահմանները
1․ Թուրքիայի հետ՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն,
2․ Ադրբեջանի հետ՝ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացրած «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» որոշման համաձայն։
Երկու դեպքում էլ՝ եւ՛ Իրավարար վճռի, եւ՛ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի որոշման վերաբերյալ հոդվածներն ամրագրվել են Սեւրի խաղաղության պայմանագրում, որպես 89-րդ եւ 92-րդ հոդվածներ։
89-րդ հոդվածում նշված է․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
92-րդ հոդվածում նշված է․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը, 1920 թ․ նոյեմբեր 22-ին, Իրավարար վճիռ կայացնելուց հետո Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի Նախագահին ուղղված նամակում շեշտում է․ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, որն, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը…»։
Վիլսոնի խոսքը վերաբերում է Արցախին, Նախջեւանին, Գարդմանին, Ուտիքին եւ հայաբնակ այլ տարածքներին ու մարզերին։
Այս որոշումները Ազգերի Լիգայի եւ նրա իրավահաջորդ Միավորված Ազգերի Կազմակերպության ռեգիստրում (գրանցամատյան) գրանցված որոշումներ են եւ պարտադիր են կատարման համար։
Ռուսաստանի կառավարությունը 1918 թ. հունվարի 11–ին ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), որտեղ գրված է․ «Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը Ռուսաստանի կողմից պաշտպանում է` բռնազավթված «Թուրքահայաստանի» հայերի իրավունքը ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նրանց անկախության իրավունքը»: Հետագայում այս դրույթը զետեղվեց 1918 թ. հուլիսի 10–ի Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն Առաջին Սահմանադրության 6–րդ հոդվածում։ ՌՍՖՍՀ Առաջին Սահմանադրություն, 10 հուլիսի 1918 թ․, Հոդված 6․ «Համառուսաստանյան Խորհուրդների 3-րդ Համագումարը ողջունում է Ժողովրդական Կոմիսարների քաղաքականությունը, որը հռչակել է Ֆինլանդիայի լիակատար անկախությունը, սկսել է զորքերի տարհանումը Պարսկաստանից, հայտարարել է Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը»:
ԱՄՆ Սենատը 1920 թվականի մայիսի 29-ից հունիս 1-ը քննարկել է Հայաստանի մանդատն ընդունելու հարցը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը։
3. Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը
Ինչպես արդեն նշեցինք նախորդ բաժնում Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատում իրականացնելու հարցում կա երկու որոշում․ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ին որոշումը՝ «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» եւ Սեւրի խաղաղության պայմանագրի 92-րդ հոդվածը։
Հավելենք, որ ըստ 1920 թ․ փետրվարի 24-ի «Զեկույց առաջարկի» սահմանազատումն իրականացվելու է հաշվի առնելով մինչեւ Առաջին աշխարհամարտը գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները։
Հանցագործության հետեւանքով, այս դեպքում, հայերի, հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների Ցեղասպանության հետեւանքով, առաջացած ազգային տեղաբշխման նոր տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ իրավական-քաղաքական, դիվանագիտական-քաղաքակրթական որոշումների համար։
Որովհետեւ «Հանցագործությունը չի ծնում իրավունք»՝ «Ex injuria non oritur jus»:
Ըստ այդըմ, Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը ոչ մի կերպ չի կարող իրականացվել Խորհրդային Միության Բանակի Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։
4. Հայաստան պետություն, Արեւմտյան Հայաստան
Փարիզում, 1919 թ. սկզբին, հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր ձեռնարկներից մեկն է եղել «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում է հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացել է Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունել է նաեւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնը (1919 թ. ապրիլի 17-ին) եւ հավաստիացրել, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ․ նոյեմբեր 22-ին կայացրած Իրավարար վճիռը Հայաստան պետության սահմաններում ներառում է Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից չորսը։ Սեւրի խաղաղության պայմանագրի 89-րդ հոդվածում դրանք ներառված են․ «Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներ»։
Պետք է հատուկ ընդգծել, որ Փարիզի խաղաղության վեհաժողովը Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջների համաձայն, Հայաստան պետության կազմում պատկերացնում է երկու սուբյեկտ․ Հայաստանի Հանրապետություն եւ Արեւմտյան Հայաստանի հայեր։ Ընդ որում, Արեւմտյան Հայաստանի հայերին պատկերացնում է իր պատմական ու քաղաքակրթական բնակության կենսատարածքով հանդերձ, այսինքն, Արեւմտյան Հայաստանի վարչական տարածքով, որը Հայկական Հարցի թղթածրարում ներառված է, որպես Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթներ։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը (Արեւելյան Հայաստանը) եւ Արեւմտյան Հայաստանի հայերին (Արեւմտյան Հայաստանը) դիտարում էր, որպես մեկ ամբողջություն, որպես Հայաստան, որպես Հայկական պետություն կամ Հայաստան պետություն։
5. Բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբացին եւ Հայաստանի մանդատը
Բրիտանիայի հայտնի հետախուզ Լոուրենս Արաբացու 1919 թ․ ամերիկացի լրագրող Լինքոլն Ստեֆանսին տված մեծածավալ հարցազրույցից մեզ այս պահին հետաքրքրում է մեկ պարբերություն։ Արաբացին ասում է․ «․․․Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ` հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը»:
Հետագայում, ճիշտ այդպես իրականացվել է այս ծրագիրը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ։ Ցեղասպանության ու Բռնագաղթի ենթարկված հայերը սփռվել են աշխարհով մեկ, ըստ էության, եվրոպական ու ամերիկյան «մանդատների» ներքո, իսկ Հայաստանի «մանդատը» տրվել է Ռուսաստանին։ Այստեղ մանդատի փոխարեն պետք է հասկանալ՝ վերահսկողություն, դրա համար մանդատ բառը վերցված է չակերտների մեջ։
Պետք է ուշադրություն դարձնել հարցազրույցի թվականին՝ 1919 թ․։ Այսինքն, դա այն պահն է, երբ Փարիզի խաղաղության վեհաժողովը սկսել է իր աշխատանքը եւ որտեղ քննարկում է նաեւ հայերի իրավունքների հարցերը։
Ուշադրություն դարձրեք, որ Արաբացու առաջարկած ծրագրին համահունչ Հայկական Հարցի կարգավորումը, հայ ժողովրդի իրավունքների իրականացումը, Հայաստան պետության գոյություն ունենալու իրավունքը՝ հետաձգվեց շուրջ 100 տարով։
Ներկայի փորձը, որին մենք ականատես ենք, Հայկական Հարցի կարգավորումը կրկին կասեցնելն է։
6. Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները
Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում։
Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին նախագահը շրջանառեց «Հայաստանի ուժը, Հայաստանի թուլությունն է» թեզը։
Հայաստանի երրորդ Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել են, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում են հայ ժողովրդին՝ համահայկական լայն շրջանակներին։
Հայաստանի երրորդ Հանրապետության ներկայի վարչապետը, զարգացնելով հանրապետության առաջին նախագահի թեզը, հայ ժողովուրդն ու Հայաստանը մղում է դեպի պարտություն ու անձնատվություն, դեպի մի նոր Ալեքսանդրապոլի եւ կամ Կարսի բռնության ու սպառնալիքի ուժով պարտադրված պայմանագրի ստորագրում, ըստ էության, կրկին, Հայաստանի Հանրապետությունը դուրս թողնելով Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից։
Այսպես, անցնող երեսուն տարիների ընթացքում իրականացվել է Արաբացու ծրագիրը եւ հետաձգվել Հայկական հարցի կարգավորումն այն հիմնավորումով, թե Հայաստանը բավարար ուժ չունի իրավունքների պաշտպանության ճանապարհով ընթանալու։ Սա ճշմարտությունը խնամքով թաքցնելու ու շրջանցելու բացահայտ կեղծիք է։ Այդ մասին նույնպես ստորեւ։
7. Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը
Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը եւ սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Անկախության Հռչակագիրը հանդիսանում է առաջին իրավական քաղաքական փաստաթուղթը, որն ամրագրում է հայ ժողովրդի ազատ կամքն ու իրավունքները եւ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ փռված հայ ժողովրդի (յուրաքանչյուր հայի) զարգացման ուղենիշը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը Օրհնել է եւ հատուկ Սուրբ Մյուռոնով օծել է Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը:
Անկախության հռչակագիրը չի կարող փոփոխվել կամ չեղյալ համարվել. ոչ ոք չի կարող փոխել այս հիմնարար փաստաթուղթը, որը ներկայացնում է ժողովրդի միասնական կամքը եւ ամրագրում նրա իրավունքները։
8. Ատրպատական, Ադրբեջանի Հանրապետություն
Ատրպատական, նաեւ՝ Մարաստանի Ատրպատական, Փոքր Մարաստան։ Ներկայիս Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղակայված պատմական երկրամաս եւ հին պետություն։ Սահմանակից էր Մեծ Հայքին հարավ-արեւելքից։ Վաղ շրջանում մայրաքաղաքն էր ՝ Փրաասպան։ Տարածվում էր Կապուտան (Ուրմիո) լճի եւ Կասպից ծովի միջեւ՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արեւմուտքից եւ հյուսիսից՝ Մեծ Հայքի Պարսկահայք, Վասպուրական եւ Փայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին անկախացավ եւ հարստության հիմնադիր թագավոր Ատրոպատեսի անունով կոչվեց նաեւ Ատրպատական։
Ադրբեջանի անվանումը կապված է հնագույն ժամանակներում վերջինիս ներկայիս տարածքում գոյություն ունեցած Ատրպատականի եւ Աղվանից թագավորությունների անվան հետ։ Հայոց պատմիչ Մովսես Կաղանկատվացին գրել է․ «Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արեւելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի եւ Կուրի միջագետքը, «Հայկական Աղվանքը»՝ Հնարակերտ ամրոցից մինչեւ այդ երկու գետերի միախառնման կետը։ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր)»։
Իրանական Ադրբեջան, պատմաաշխարհագրական երկրամաս Իրանի հյուսիս-արեւեմուտքում, համապատասխանում է նախնադարում եւ վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը եւ Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արեւելքին ու Պարսկահայքին։ 7-րդ դարում նվաճվելով արաբների կողմից՝ «Ատրպատական» (Ադրփայագան) բառն անվանափոխվել է «Ազարբայեջան»՝ արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության պատճառով։
Ադրբեջան անունով արհեստական պետությունը, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետությունը, ստեղծվել է 1918 մայիսին։ Շատ վերլուծաբաններ դա կոչում են Բրիթիշ Փեթրոլիումի մասնաճյուղ։
9. Հայոց Ցեղասպանություն, Բնիկ Ժողովուրդների Ցեղասպանություն, Պանթուրքիզմ
Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում սկսվել է 1870-ական թթ․ պանթուրքիզմի տեսության ի հայտ գալուց հետո։ Քսան տարի անց, այդ տեսության առաջին գործադրողը Սուլթան Համիդն է։ Հետագայում գործը շարունակել են երիտթուրքերը, քեմալականները․․․
Հայոց Ցեղասպանությունն իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական։ Իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ Հայ ժողովրդի բնակության ողջ կենսատարածքում։
Ավելին, պետական ահաբեկչության այդ նույն քաղաքականությունն իրականացվել է նաեւ Մերձավոր Արեւելքի այլ հին ժողովուրդների՝ հույների, ասորիների, եզդիների․․․ նկատմամբ։
Ըստ իսրայելցի հետազոտողների՝ Թուրքիայի հույն, հայ եւ ասորի քրիստոնյաները, որոնք գերակշռում էին տարածաշրջանում մինչեւ թյուրք մահմեդականների կողմից նրա գաղութացումը, 1894-ից 1924 թվականներին ենթարկվեցին «ցեղասպանության սրընթաց արշավի», ինչը նրանց բնակչության 20 տոկոսից նվազեցրեց մինչեւ 2 տոկոս։ (Իսրայելացի հետազոտողներ. Թուրքիայի հույն, հայ եւ ասորի քրիստոնյաները ոչնչացված են «30-ամյա ցեղասպանությամբ», Ջեք Մոնտգոմերի, 19 մայիսի 2019 թ.)
Ներկայումս դրա հետեւորդը Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանն է։
Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանում դրա հետեւորդը 1911 թ․ հիմնադրումից հետո Մուսավաթական կուսակցությունն է, իսկ 1918 թ․, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետություն բոլոր կառավարությունները, մինչեւ մեր օրերը, ներառյալ՝ ներկայի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հայերի Ցեղասպանություն իրականացվել է 1918-2023 թթ․ ընթացքում Մուսավաթական կուսակցության եւ Ադրբեջանի երեք հանրապետությունների իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ Բաքվում (1918), Շուշիում (1920), Նախիջեւանում, Սումգայիթում (1988), Բաքվում (1990), Շահումյանում, Գանձակում, Ուտիքում, Գարդմանում, Արցախում, Արցախի շրջափակման, Արցախի հայությունը էթնիկ զտումների, բռնագաղթի ու Ցեղասպանության ենթարկելու միջոցով։
Ավելին, պետական ահաբեկչության այդ նույն քաղաքականությունն իրականացվել է նաեւ Արեւմտյան Կասպիայի այլ բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարների, ուդիների․․․ նկատմամբ։
Այս ահասարսուռ ոճրագործությունների մի կողմում հայ, հույն, ասորի, եզդի եւ թալիշ, լեզգի, ավար, ուդի եւ այլ ժողովուրդներին հասցված մարդկային ու նյութական ահռելի կորուստներն են, մյուս կողմում՝ այն աղաղակող փաստը, որ այդ ժողովուրդների նկատմամբ Ցեղասպանությունը կանգ չի առել, շարունակվում է մինչեւ այսօր։
Ցեղասպանությունից պաշտպանվելու արդյունավետ միջոցը համազգային ու համապարփակ պաշտպանության կազմակերպումն է։
10. Մշակութային Ցեղասպանություն բնիկ ժողովուրդների ժառանգության հանդեպ
Օսմանյան Թուրքիայի, Թուրքիայի Հանրապետության, Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանի, այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների Ցեղասպանությանը կից իրականացվել է Մշակութային Ցեղասպանություն այդ նույն ժողովուրդների ազգային – մշակութային, քաղաքակրթական ժառանգության նկատմամբ։
Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծագույն մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է Ցեղասպանության ժամանակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել է, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմնական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը հետեւողականորեն ոչնչացրել է:
Այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետությունը, պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել հայկական բազմաթիվ հին հուշարձաններ, եկեղեցիներ, հայերի եւ Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային ողջ ժառանգությունը՝ աշխարհը չտեսած 100-ամյա Մեծագույն Կուլտորացիդը։ Այս ամենի վերաբերյալ խոսուն օրինակ է հայկական միջնադարյան 89 եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22.700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:
Հայոց Ցեղասպանության, հայատյացության, հայերի հալածանքների, հայկական մշակութային ու քաղաքակրթական արժեքների ոչնչացման, ինչպես նաեւ հայ մշակույթի կեղծարարության եւ մշակութային արժեքների յուրացման քաղաքականությունն ու գործելակերպը Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից շարունակվում է մինչեւ այսօր։
ՄԱԿ-ը մշակութային հուշարձանների ոչնչացումը բնորոշում է, որպես մարդկայնության դեմ իրականացված Ցեղասպանության եւ Պատերազմական հանցագործություն։
11. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների հատուցման հարցը
1919 թվականին, Փարիզի խաղաղության կոնֆերանսի Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի հաշվարկի համաձայն՝ հայ ժողովրդի նյութական կորուստները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կազմել են 19 միլիարդ (19.130.982.000) ֆրանսիական ֆրանկ, որն այսօր ըստ արհեստավարժ փորձագիտական եզրակացության կազմում է 286․964․730․000 եվրո կամ 312.791.555.700 ԱՄՆ դոլար։
Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ այսօր հայերին չի հատուցել այդ գումարը։
Հատուցման այս որոշումը չի վերաբերում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայոց Ցեղասպանության երկար շղթայի իրականացման պատճառով հայ ժողովրդին հասցված բազմաթիվ ու բազմաբովանդակ կորուստներին, այդ թվում, մարդկային, հոգեւոր, մշակութային, ճարտարապետական, ֆինանսական եւ այլ։ Թուրքիան Հայոց Ցեղասպանությունն իրականացրել է 1894-1896 թթ․ սկսած եւ շարունակում է մինչեւ այսօր։ Ադրբեջանը Հայերի Ցեղասպանություն իրականացրել է 1918 թ․ սկսած եւ շարունակում է մինչեւ այսօր։
Ցեղասպանությունը կասեցնելու երկու ճանապարհ կա․ պաշտպանություն եւ հանցագործների դատապարտում։
12. Պանթուրքիզմը, որպես ազգայնամոլ, ագրեսիվ ու վտանգավոր տեսություն
Պանթուրքիզմի տեսությունը խիստ վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն է, որը մեծ սպառնալիք է Մեծ Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Միջին Ասիայի բոլոր ժողովուրդների ու պետությունների համար։ Այդ թվում եւ թուրքալեզու ժողովուրդների եւ պետությունների համար։ Պանթուրքիզմը հնարավոր չէ կառավարել, դա անկառավարելի տեսություն է։ Պանթուրքիզմը ի զորու է քաոսի վերածելու ցանկացած պետություն ու տարածաշրջան, այդ թվում, վերը նշվածները։ Այդ իմաստով ավելի ճիշտ է կանխարգելել սպառնալիքը, քան հետագայում գերմարդկային ջանքեր գործադրել այն չեզոքացնելու համար։
Պանթուրքիզմի տեսությունը, որպես վտանգավոր, ագրեսիվ ու ազգայնամոլ տեսություն պետք է դատապարտվի ու արգելվի, ինչպես ֆաշիզմը, այդ թվում, պետք է դատապարտվեն նաեւ պանթուրքիզմի տեսության հետեւորդ զույգ պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանրապետությունների ներկայի առաջնորդները։
Մահմեդական պետությունների մեջ դուք չեք գտնի մեկ այլ պետություն, որը քաջալերում է Ազգերի ցեղասպանություն ու ոչնչացում, նրանց մշակութային արժեքների ոչնչացում՝ Մշակութային ցեղասպանություն։ Այդ իմաստով արհեստական պետական հետեւյալ կազմավորումները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ուղղադավան մահմեդական պետություններ չեն։ Մահմեդականությունը չի քարոզում ազգային կամ կրոնական պատկանելիության հիմքով այլ ազգերի ու նրանց մշակույթների ոչնչացում։
Արաբական խալիֆայության խալիֆ, Մուհամմադի հորեղբորորդի եւ փեսա, իմամ Ալի իբն Աբի Թալիբը Հայաստանի քրիստոնյաների հետ կնքած Ուխտի մեջ խստորեն պատվիրում է․ «Նրանց չպետք է բռնության ենթարկել կամ ճնշել։ Նրանց երկիրը չպետք է խլել նրանցից։ Նրանք չպետք է օտարել իրենց երկրից։ Քահանաներին չպետք է դարձի բերել քրիստոնեությունից։ Վանականներին եւ ճգնավորներին չպետք է անհանգստացնել իրենց մենության մեջ, ոչ էլ հեռացնել իրենց վանքերից: Նրանց քարոզիչներին չպետք է արգելել քարոզել։ Նրանց բնակավայրերը եւ նրանց ժառանգական հողերը չպետք է ավերել։ Ոչ ոք չպետք է հանի կամ իջեցնի զանգերն նրանց եկեղեցիների գմբեթներից: Սա է այն օրենքը, որ ես հաստատել եմ նրանց համար։ Բայց նրանք, ովքեր կխախտեն իմ Ուխտը, չհնազանդվելով իմ հրամանին, խախտած կլինեն Աստծո կանոնները եւ կկրեն դաժան եւ հավերժական պատիժներ»:
13. Հայաստանի անելիքը երեկ եւ այսօր, երկրի պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն
Մենք չենք հավատում այն պնդումներին, թե Հայաստանը, Հայոց բանակը, հայ ժողովուրդը Ցեղասպան պետություններին դիմակայելու ներուժ չունի, եւ բարեկամներ չունի։ Մենք հասկանում ենք, որ դա եւս արվում է մեկ նպատակով։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ այսօր, նույն մեթոդներով ու ձեւերով, հայ ժողովրդին ստիպելու հաշտվել ագրեսորների ու ցեղասպանների կողմից ուժի սպառնալիքի դիրքերից պարտադրվող պայմանագրեր ստորագրելուն։
Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր նույնն է, հետեւաբար նույնն է նաեւ պահանջը, որը երեկ չի իրագործվել, սակայն այսօր արդեն չի կարող չիրագործվել, եւ եթե համառոտ, ապա պետք է պատրաստվել համապարփակ համազգային պաշտպանության եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Պաշտպանությունը նախընտրելի է կազմակերպել Շվեյցարիայի Զինված Ուժերի կազմակերպման օրինակով։
Ժամանակակից աշխարհում դա է միակ միջոցը ապահովելու համար հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։
14. Այս իրավիճակում համայն հայ ժողովուրդն իրավական – քաղաքական սուբյեկտ է
20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբին տեղի են ունեցել ցեղասպանություններ, որոնք իրականացվել են այս կամ այն երկրում կարգուկանոնի «ապահովման», սահմանադրականության եւ այլ «հիմնավորումներով»: Մինչդեռ բոլոր այդ ցեղասպանությունների իրական եւ վերջնական նպատակը ռեսուրսների վերաբաշխումն է՝ հօգուտ վաշխառուական կապիտալի, որի դրսեւորումը համաշխարհային ֆինանսական շուկան է: Հայկական լեռնաշխարհում եւ նրան հարակից քաղաքակրթական տարածքում արդեն 130 տարի է ինչ իրականացվում է Ցեղասպանություն՝ բնիկ ժողովրդի, հայերի նկատմամբ: Հայերին ոչնչացնելու ծրագրի մի փուլն է Արցախի դեմ իրականացված 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումը, Արցախի հայության էթնիկ զտումը, բռնագաղթն ու ցեղասպանությունը։
Այս իրավիճակում, ողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, ով իրավասու է ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու իր նկատմամբ իրականացվող նոր ցեղասպանական գործողությունները։ Հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, օգտագործելով իր ողջ ներուժն ու հնարավորությունները, ձգտելով գտնել արդարադատություն եւ աջակցություն, այդ հարցերով իրավունք ունի դիմելու միջազգային հանրությանը եւ միջազգային իրավարար ատյաններին․․․ Զուգահեռ, իրավունք ունի սկսելու համազգային պաշտպանություն ու իրավունքների պաշտպանություն մի նոր գործընթաց։ Հայ ժողովրդի համար նման համակարգված գործողությունը կենսական նշանակություն ունի։ Դառնալով նման քաղաքական սուբյեկտ՝ նա ի զորու է ձեռնարկել Հայկական Հարցի արդարացի ու վերջնական կարգավորումը, ինչպես նաեւ ապահովել՝ գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իր հիմնարար իրավունքները։
15. Հայաստան պետության եւ ՀԱՅՔ-ի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում
Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) հաստատում է, որ ստանձնել է Միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքների պաշտպանությունը։
Դա է պատճառը, որ 2018 թ․ որոշում է կայացվել հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման եւ իրականացման խնդրանքով դիմումնագրեր ուղարկել ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ, Եվրախորհրդարան։
Ըստ այդմ, 2024 թ․ մարտի 31-ին հայտարարել ենք, որ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, կյանքի կոչման ու իրականացման խնդիրներում, ընդհուպ մինչեւ «Պահանջատիրության իրավունք», իրավաչափ եւ օրինական ներկայացուցիչը Հայաստան Պետությունն է (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն):
Միաժամանակ հայտարարել ենք, որ հայկական քաղաքակրթության, համայն հայության ներկայացուցիչը, ով իրականացնում է հայ ժողովրդի քաղաքակրթական առաքելությունը, ՀԱՅՔ-ն է:
Սույն փաստագրության մեջ ներկայացված՝ իրավական – քաղաքական, պատմական – քաղաքակրթական հիմնավորումների վերաբերյալ լրացուցիչ նյութը եւ վավերագրությունը կներկայացվի մեր փորձագիտական կառույցի կողմից, որպես առանձին Հավելված եւ Ծանոթագրություն։
Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
22 նոյեմբեր, 2024 թ․





