Պատասխանատուութեան Բացակայութեան Աւերիչ Հետեւանքները – Մանուել Մկրտչեան

Tetradrachm of Kingdom of Armenia with bust of Artavasdes II, Late Hellenistic Period, 39–38 BC, Museum of Fine Arts, Boston

Պատասխանատուութեան Բացակայութեան Աւերիչ Հետեւանքները – Մանուել Մկրտչեան

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2025 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

Մանուել Մկրտչեան

«Դրօշակ» թիւ 8, 2025

Կարող է մի պահ զարմանալի թուալ, բայց շատ մարդիկ նոյնիսկ չեն ընկալում «պատասխանատուութիւն» բառի բուն իմաստը: Հասարակութիւնը բաւական խորամանկ է, նա կարողացել է «աւերել պատասխանատուութիւն» գեղեցիկ բառը` հաղորդելով նրան խեղուած նշանակութիւն:

Սովորաբար բառարաններում «պատասխանատուութիւն» բառը մեկնաբանւում է որպէս պարտքի զգացում, կատարուած գործողութիւն այնպիսի մեխանիկական եղանակով, որը մարդուց ակնկալում են ուսուցիչները, ծնողները, քաղաքական գործիչները, հասարակութիւնը եւ այլն: Մեր պատասխանատուութիւնն այն է, որ կատարենք մեզնից մեծերի եւ հասարակութեան աւանդած թելադրանքները:

Եթէ դուք գործում էք ըստ այդ հրամանների, նշանակում է ներդաշնակ էք այս ու այն վարդապետութեանը, նորմերին եւ առկայ հանգամանքներին: Պարզ է նաեւ, որ մարդիկ, այս դէպքում, հիմնականում վախենում են անկեղծ ու ինքնաբուխ լինելուց:

«Պատասխանատուութիւն» բառը տրոհելու դէպքում ստանում ենք երկու բառ` «պատասխանատուութեան ստանձնում» եւ «տուութիւն», այսինքն` «արձագանգում»: Արձագանգ նշանակում է, որ մեր ուշադրութիւնն այստեղ է, ներկայում, այս պահի մէջ: Սա այն դէպքն է, երբ մենք հետեւում ենք ոչ թէ այս կամ այն ճշմարտութեանը, բարոյական եւ իրաւական պահանջներին եւ նոյնիսկ սուրբ գրքերի յորդորներին, այլ մեր ներքին ձայնին, եւ մեր գործողութիւնը համահունչ ենք դարձնում կեանքի իրական պարտադրանքներին: Կրկնում ենք` իրական: Սա արդէն պատասխանատուութեան ստանձնումն է եւ խոհեմօրէն արձագանքելու կարողութեամբ: Ըստ ժամանակակից քաղաքագիտական մտքի` «ազատութիւն» եւ «պատասխանատուութիւն» հասկացութիւնները դրւում էին նոյն հարթութեան վրայ, սակայն իրականում ազատութիւնը պատասխանատուութեան ածանցեալն է: Քանի դեռ անհատը, հասարակութիւնը, ազգը չեն ստանձնել իրենց վիճակի փրկութեան, փոփոխութեան եւ բարելաւման պատասխանատուութիւնը, նրանք ազատութիւն ձեռք չեն բերի. դա անհնար է: Դրա ականատեսն ենք մենք նաեւ այսօր: Իսկ պատասխանատուութիւնը ծնւում է այն պահից, երբ դրւում է նպատակ` կոնկրէտ, հասկանալի եւ իրագործելի: Նպատակի հանգամանքն ամենակարեւորն է, քանի որ երբ այն չկայ, անհատը եւ ողջ հասարակութիւնը սկսում են խարխափել անորոշութիւնների եւ կեղծիքների լաբիրինթոսում:

Տեսէ՛ք, մեր ժողովուրդը, հասարակութիւնը եւ անհատը խորութեամբ չգնահատեցին իրավիճակի ողջ լրջութիւնը, ազգի եւ պետութեան գլխին կախուած վտանգները, չդրուեց դրածոների կառավարութեանը հեռացնելու նպատակ, դրանից սկիզբ առան մէկը միւսից աղէտալի իրողութիւններ եւ կեղծիքնէր: Շփումներում յաճախ մարդիկ կաղապարուած մտքերի տարափ տեղալուց յետոյ կանգ են առնում, զգում ես, որ նրանք դատարկութեան մէջ են, եւ դա նրանց խենթացնում է: Ասես, մարդն արմատներից պոկուած է: Սա նոյնն է, եթէ ասենք մարդը յանգի նրան, որ Աստուած չկայ:

Նպատակի կորուստը արմատից զրկուելու չափ վտանգաւոր բան է: Պատահական չէ, որ մարդիկ այդքան հեշտ յայտնւում են ստի եւ փուչ պատրանքների գերության մէջ: Իրականում` սուտը սկզբում է միայն քաղցր, իսկ ճշմարտութիւնը` դառը: Յիշենք նիկոլական «թաւշեայ յեղափոխութիւն» ասուած այլանդակութիւնը, դա նոյն այդ մխիթարութիւն բերող քաղցր սուտն էր, որը յետոյ դարձաւ պատուհաս ողջ ժողովրդի համար: Սովորաբար, երեխաների համար նախատեսուած դեղահաբերի վերին շերտը պատուած է լինում քաղցրով. դա մանկանը տալիս են իբրեւ կոնֆետ (խմբ․- շաքարեղէն ): Նա սկզբում հաճոյքով վայելում է քաղցր համը, բայց ահա մի պահից վրայ է հասնում դեղի դառնութիւնը, եւ նա այլեւս անզօր է լինում չընդունել, այն ներծծւում է երեխայի օրկանիզմում (խմբ․- կազմուածք): Մեզ հետ նոյն ձեւով վարուեցին անգլո-թրքական եւ միւս ուժերը:

Իսկ քաղցրահամ դեղահատի դերում յայտնի ստահակն էր: Միայն ու միայն ծախուած ստահակը կարող էր գնալ Ա․Մ․Ն․, թուրքի հետ նստել բանակցութիւնների, ոչինչ չստանալ դրանցից, բայց գալ Հայաստան եւ շնորհաւորել ժողովրդին «փայլուն արդիւնքներիէ համար: Նա նաեւ հասաւ նրան, որ իր տէրերի աջակցութեամբ «խաղաղութիւն»  բառին հաղորդեց մոգական իմաստ, իսկ ո՞վ չգիտի, որ բազմիցս կրկնուելու դէպքում սուտը ընկալւում է որպէս ճշմարտութիւն կամ ճշմարտանման մի բանի: Կրկնենք, դա մխիթարութիւն բերելու ստի երանելի յատկութիւնն է: Ընտրական գործընթացներից յայտնի խօսք կայ` «մինչեւ ուսերից դէն կը նետես պատասխանատուութիւնը, գտիր մէկին, ում ուսերին կը դնես այն…»: Մեր երկրի գլխաւոր դուրսպրծուկը եւ նրան շրջապատողները իրենց ձախողած գործերը այլոց վրայ բարդելու անգերազանցելի վարպետներ են: Պատասխանատուութեան զգացումը գիտակցութեան եւ վարքագծի փունջ է, նրանում մէկտեղուած են մի քանի որակներ, առանց որոնց այս զգացումը թոյլ, ոչինչ չնշանակող բան է: Եթէ մեր միջավայրում մարդիկ մերկացնում, քննադատում կամ անիծում են Նիկոլին, բնաւ չի նշանակում, որ իրենք դարձել են պատասխանատու էակներ: Բոլորովին: Կարելի է անպատասխանատու կերպով թե՛ խնկարկել ու փառաբանել մէկին, եւ թե՛ անիծել:

Արարքի խորքը, արմատը նոյնն է, թիրախն է տարբեր: Մտաբերենք, թէ ինչ վարքագիծ են դրսեւորում ծնողները երեխաների դաստիարակութեան գործում: Բոլոր ճոռոմախօս խրատները առ ոչինչ են նրանց իրական վարքի համեմատ: Պատմում են, թէ ինչպէս մի փրոֆէսոր մտել է համալսարանի լսարան եւ ասել` «սիրելի ուսանողներ, վեր պարզէք ձեր ցուցամատը, – բայց ինքը բարձրացրել է բթամատը, յետոյ թէ` աւելի բարձր, աւելի բարձր….»: Եւ ուսանողները առանց գիտակցելու հրահանգը վեր են պարզել բթամատերը: Այսինքն` ընդօրինակել են փրոֆէսորի շարժումը: Այս փոքրիկ օրինակը ցոյց է տալիս, թէ ինչ է նշանակում «ասել, եւ ինչ անել»: Մի կրթական գործի մարդ, որը Ռուսաստանում ամէնուրեք մերժւում էր իր նորարարական գաղափարների համար, արել է մի այսպիսի գիտափորձ: Նա ստեղծել է յատուկ դպրոց եւ բուհերի ընդունելութեան քննութիւններից յետոյ այնտեղ է հաւաքել Մոսկուայի երաժշտանոցից եւ միւս երաժշտական կրթօջախներից կտրուած դիմորդների` թուով երեք տասնեակից աւելի ուսանողների: Ուղիղ երկու տարի նա չի թոյլատրել, որ ուսանողները մօտենան երաժշտական գործիքների: Նրան պէտք էր, որ ուսանողները նախ դառնան կազմակերպուած եւ պատասխանատու մարդիկ:

Այդպիսին էր նրա մեթոտիկան: Երկու տարի անց, երբ ուսանողները, իրօք, դարձել էին կազմակերպուած եւ պատասխանատու մարդիկ, նա թոյլ է տուել, որ իրենց ձեռքը վերցնեն երաժշտական գործիքները: Մի քանի տարի անց այս «ապաշնորհ, անտաղանդ», միւս բուհերում մրցոյթները չանցած սաները դարձել են փայլուն երաժիշտներ, տարբեր մրցոյթների դափնեկիրներ եւ այլն: Ինչի՞ մասին է սա վկայում. երբ մարդը կազմակերպուած է եւ պատասխանատու, նա ի զօրու է հասնելու լուրջ յաջողութիւնների ցանկացած բնագաւառում: Ահա սա էր ուզել ապարուցել կրթական գործի մասնագէտը: Եկէք իրար չխաբենք, ի՞նչ նկարագիր ունեն մեր դպրոցների մանկավարժներից շատերը եւ երեխաներիի ծնողները: Տեսել ենք ու համոզուել, որ ճիշտ կը լինէր նրանց հարիւրաւոր քիլոմեթրերով հեռու պահել նոր սերնդից, քանի որ եթէ նրանք այդքան հիմնաւոր զուրկ են պատասխանատուութեան զգացումից, ապա ինչպէս կարող են երեխայ դաստիարակել: Եւ այսքանից հետ մենք դեռ ուզում ենք, որ մեր հայրենակիցը պատասխանատու վա՞րք ցուցաբերի իր պետութեան եւ հայրենիքի ներկայի ու վաղուայ օրուայ հանդէպ:

Այդպէս չի լինում, եթէ կրողը չես այդ որակների: Նոյնիսկ ամենափոքրիկ կենցաղային դրուագը կարող է լոյս սփռել շատ բաների վրայ: Օրինակ, ինչպէ՞ս են մարդիկ Երեւանում պայմանաւորւում հանդիպել` «վաղը կը տեսնուենք հինգի մօտերքը, Օփերայի կողքերը․․․»: Յաջորդ օրը նրանցից մէկը կը գայ ժամուկէս ուշացումով, նախ` ներողութիւն չի խնդրի, իսկ դիմացինն էլ չի ասի` «լսիր, ախր, ահագին ժամանակ գողացար իմ կեանքից»: Այսքան քանդիչ եւ անտրամաբանական է մեր ժամանակակից մարդը եւ իրականութիւնը: Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդը բացարձակ պատասխանատուութիւն չի զգում երկրի վիճակի հանդէպ եւ չի ձգտում օր առաջ վռնտել կեանքն ապականող դրածոյին եւ նրա դուրսպրծուկներին: Եթէ ծառը չէտես, չջրես ու չխնամես, ինչպէ՞ս կարող ես լաւ միրգ ունենալ աշնանը:

Այդպէս չի լինում: Ուշագրաւ է, որ կայացած համակարգերում նոր ձեւաւորուող մարդուն պատասխանատու դարձնելու խնդրում ճշտուած եւ փորձարկուած խելացի մօտեցումներ կան, եւ դրանք անվերջ կատարելագործւում են կեանքի փոփոխութիւններին համահունչ: Նայէք, թէ ինչպիսի դպրոց ունեն գերմանացիները, չինացիները եւ էլի շատ ազգեր: Ինչքան լրջօրէն են վերաբերում նոր ձեւաւորուող մարդուն յղկելու եւ կատարելագործելու գործին: Օրինակ, չինացի երեխաներին դպրոցներում զանազան տեղեկատուական կոյտերով ծարաբեռնելու փոխարէն սովորեցնում են նախ չստել, լինել կարգապահ եւ պատասխանատու: Եթէ ՔՊ-ականները իրենց շէֆի հետ նորմալ կրթութիւն ստանային, մենք այս օրին կլինէի՞նք, այսքան ցինիկ ստախօսութիւն չէր լինի: Եթէ իհարկէ մի պահ մոռանանք նրանց սորոսական ծագումը:

Պատասխանատուութիւնը եւ ճշտապահութիւնն այն որակներն են, որոնք ամենաշատն են խրախուսւում այնտեղ: Ցաւալի է, բայց փաստ. հայ մարդը, (չընդհանրացնենք, հասարկութեան գոնէ մի պատկառելի զանգուած) հակուած չէ կանգ առնելու, հասկանալու, գիտակցելու իր վիճակը, պրկել միտքը, մկանները եւ գնալ իրական փոփոխութիւնների ճանապարհով: Նա առաջին իսկ յարմար առիթի եւ հնարաւորութեան դէպքում ուզում է իրեն դուրս նետել երկրից եւ գնալ ապրելու այլոց ստեղծած համակարգերում: Իսկ երբ մնում է երկրում, առանց բողոքելու ապրում է հասարակական յոռի բարքերի ցեխաջրերի մէջ: Ահա այսպէս էլ չի ստեղծւում որակեալ համակարգ եւ պատասխանատուութեան մէջ ապրելու միջավայր: Աւելին` նոյնիսկ այդպիսի խնդիրներ չեն դրւում: Եթէ մեր հասարակութիւնը պատասխանատուութեան ուժեղ կամ գոնէ բաւարար զգացում ունենար, ի՞նչ հրաշքով 44-օրեայ պատերազմի պարտութիւնից յետոյ դրածոն կը մնար կառավարութեան շէնքում կամ էլ` ձայներ կը հաւաքէր 2021 թ. ընտրութիւններում:

Սթափ միտքը, արժանապատուութեան զգացումը, կատաղութեան, վիրաւորանքի եւ անհանդուրժողականութեան ալիքը մի վայրկեանում նրան պատով կը տար ու քարշ կը տար Նուբարաշենի քրէակատարողական մեկուսարան, ուրեմն` դա չկար: Սա ծանր փաստ է, դժուար մարսուող: Առհասարակ, Ճիշտ չի լինի ասել, թէ հայը պատասխանատուութեան զգացում չունի, կամ այն շատ թոյլ է: Ոչ, այդպէս չէ, պարզապէս մեր ժողովրդի պատասխանատուութեան զգացումը քաղաքական ու քաղաքացիական չէ, նաեւ ազգային եւ իրաւական չէ: Խորհրդային երկրի փլուզմանն արագ յաջորդեց լիբերալ արժեհամակարգը:

Մարդը նոյնիսկ չհասցրեց իր անկախ պետութեան քաղաքացին դառնալ, նրան խցկեցին գոյատեւման եւ ընկերայինն վանդակի մէջ` ստիպելով, որ նա կապիկի պէս վազվզի պանանի հետեւից: Սա նշանակում է, որ մարդու պատասխանատուութեան տիրոյթն այլեւս սեփական ընտանիքն է, թուացեալ բարեկեցիկ կեանքը, հեղինակութիւնը եւ նմանատիպ բաները: Ազգային ու հասարակական պատասխանատուութեան ընկալումներն ինքնաբերաբար ստորադասւում են վերը նշուած պատկերացումներին:

Հայ մարդը միանգամից դարձաւ անձնական եւ իր ընտանիքի շահերի գոյակռուի «կատարեալ մարտիկըէ, իսկ ազգային ու պետական հարցերում, աւա՜ղ, չի ուզում կամ չի կարողանում պատասխանատուութիւն կրել: Սա իսկական փարատոոքս է: Պատասխանատուութիւնն ինչքան էլ վերացարկուած բան թուայ առաջին պահին, անասելի շօշափելի է իր դրսեւորումների մէջ: Այն շարժում է, ինչպէս յօդուածի սկզբում նշեցինք` լաւ գիտակցուած արձագանգն է ուղղուած իր կեանքին, ներկային ու ապագային: Երբ հասարակութիւնը ստանձնել է պատասխանատուութիւնը, պէտք է առաջ գնայ: Սա շատ նման է հեծանիւ քշելուն, եթէ վարողը ոտնակը չսեղմի, վայր կ’ընկնի: Այդպէս պատահում է սկսնակների հետ:

Միայն շարժուող հեծանիւն է գտնւում ճիշտ հաւասարակշռութեան մէջ, իսկ հեծանուորդը գիտի` դէպի ուր է գնում եւ ինչու: Նոյն կէտում դոփելը ու գալարուելը, նոյնն է թէ` սպասել գազանի երախի փակուելուն, որտեղ արդէն յայտնուել ենք ծախու մարդկանց պատճառով: Ու չի կարելի գազանի երախում նստած ապաւինել մի ինչ որ գերբնական ուժի կամ Աստծուն: Հանգիստ թողէք Աստծուն, նա այստեղ անելիք չունի, նա մեզ տուել է ամենակարեւորը` բանականութիւն, միտք ու կամք: Համազգային ու հասարակական պատասխանատուութեան զգացումն այն լոյսն է, որ պարզութիւն կը մտցնի մեր բոլոր քայլերում ու նպատակների մէջ:

hairenikweekly.com/?p=66340

Facebooktwitterredditpinterestlinkedinmail