08 Փետրուար 2016
Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող Էլ Բաշուրա բնակավայրը։
…
Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը, սիրիական բանակն այնտեղից դուրս է մղել ահաբեկչական խմբավորումներին, որոնք փախուստի են դիմել դեպի թուրքական սահման։
«Էլ Բաշուրան անվտանգ շրջան է հայտարարվել այն բանից հետո, երբ սակրավորները վնասազերծել են տեղադրված ականները»,- հայտարարել են բանակային հրամանատարության ներկայացուցիչները։
Շաբաթ կառավարական ուժերը հաջողության են հասել Ռաբիա շրջանում։ Նրանք վերադարձրել են ռազմավարական բարձունք համարվող շրջան ու Ալիա բնակավայրը։
SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական զորքը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ։
Այդ շրջանում կառավարական զորքի դեմ պայքարում են «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումները, որոնց շարքերում շատ են վարձկանները, ինչպես նաև «Սուլթան Աբդուլ Համիդի ջոկատը», որի անդամները հիմնականում էթնիկ թուրքմեններ են։
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հալեպի հյուսիսում ու արևելքում՝ ընդլայնելով երկրի հյուսիսային մայրաքաղաքի ու թուրքական սահմանի միջև իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։
Tert.am