Լինել Թրքական Կցորդ Կամ Տնօրինել Սեփական Ճակատագիրը

ԱՐՏԱՎԱԶԹ ԵՐԿՐՈՐԴ ՀՌՈՄԻ ԵՒ ՊԱՐԹԵՒՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ -- Ardavast II between Rome and the Parthians -- Ardavast II entre Rome et les Parthes

Լինել Թրքական Կցորդ Կամ Տնօրինել Սեփական Ճակատագիրը

03 ՄԱՅԻՍ 2026 – ՀԱՅԿԱԿԱՆ:

«Դրօշակ» – Ապրիլ 2026

Առաջնորդող յօդուած

Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտով թւում էր, թէ  մարդկութիւնը պատմութեան աղբանոցն ուղարկեց  համաշխարհային կայսերապետութեան ձգտող վերջին խելագարին: Արիւնահեղութեան հսկայ բաղնիքում ֆաշիզմի ու ռասիզմի գաղափարախօսութեանը զոհ գնացած  մարդկանց թիւը, ներառեալ տարբեր տարածաշրջաններում բռնկուած պատերազմների հետեւանքով  ծագած սովի ու համաճարակների զոհերը,  հաշւուում է մինչեւ  80 միլիոն մարդ: Նիւրնպերկեան միջազգային դատավարութիւնը, Գերմանիայում, Ճափոնում, Իտալիայում, ինչպէս եւ վերջիններիս դաշնակից այլ երկրներում ազգայնամոլական, ռասիստական ռեժիմների տապալումը կարծես թէ գծեցին արդարութեան  նոր դարաշրջան թեւակոխելու սահմանագիծը: Նոյն` 1945 թուականին հիմնադրուեց Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը, եւ պետութիւնների ու ազգերի միջեւ յարաբերութիւնների ու խնդիրների կարգաւորման համար առաջ մղուեց միջազգային իրաւունքը` համաշխարհային նոր կարգի պայմաններում: Հանրագումարի բերելով յետպատերազմեան 80 տարիների համաշխարհային պատմութիւնը` ակնյայտ է դառնում, սակայն, որ իրաւունքի ուժն ու մարդասիրական սկզբունքները շարունակում են ստորադասուել ուժի իրաւունքին, եւ ժողովուրդների  ոչնչացման ճանապարհով նրանց «հիմնահարցերը լուծելու» քաղաքական մեխանիզմը մնում է կենսունակ: Նման պարագաներում  ուղղակի համեմատութիւնները միշտ խոցելի են, այնուամենայնիւ, կարելի է այս առիթով զուգահեռներ տանել Հայոց ցեղասպանութեան եւ այսօր Գազայում տեղի ունեցող զանգուածային սպանութիւնների եւ բռնագաղթի միջեւ: Բայց, դժբախտաբար, ամենամօտ ու դիպուկ համեմատութիւնները  հէնց մեր շարունակուող կենսագրութեան մէջ են, քանի որ իր աշխարհաքաղաքական, պատմական խիստ փոքրացած միջավայրում անգամ հայութեան գոյութիւնը շարունակում է անհանդուրժելի մնալ թուրքատրպէյճանական յաւակնոտ ծրագրերի ճանապարհին: Միւս կողմից, ցեղասպանութեան հիմնադիր թրքական-ռասիստական պետութիւնը, երբեք դատապարտման չարժանանալով, շարունակեց անպատիժ իրականացնել զանգուածային սպանդների, սպիտակ ցեղասպանութեան ճանապարհով պանթուրքական եւ պանթուրանական նպատակների հետապնդումը:

Որպէս պետական միաւոր իր ձեւաւորման շրջանից նոյն այս քաղաքականութիւնը որդեգրեց նաեւ Թուրքիոյ հովանաւորեալ  Ատրպէյճանը:

Պատմական Արեւելահայաստանից Նախիջեւանին, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղին տիրանալուց յետոյ մի քանի տասնամեակի ընթացքում Ատրպէյճանը գրեթէ ամբողջովին հայաթափեց Նախիջեւանը, իսկ նոյն ծրագիրը Դաշտային Ղարաբաղում աւարտին հասցրեց 1980- ականների վերջերին եւ 90-ականների սկզբին: Լեռնային Արցախի  հայաթափումը կանխուեց  ազգային ազատագրական պայքարի եւ Արցախի անկախացման շնորհիւ, սակայն տուեալ ծրագրի իրագործումն էլ հնարաւոր դարձաւ  Հայաստանում արեւմտաթուրքական դրածոյ իշխանութեան հաստատման ճանապարհով:

Արցախի հայաթափումը տեղի ունեցաւ Թուրքիոյ, Իսրայէլի եւ Փաքիստանի անմիջական մասնակցութեամբ, ցեղասպանական նոյն մեթոտների կիրառմամբ, որոնք որ գործադրուել էին անցած դարասկզբին` Հայոց մեծ եղեռնի ժամանակ: Հէնց ներկայ օրերին Արցախում հայկական հոգեւոր ու մշակութային յուշարձանների ոչնչացման, Հայաստանից գրաւուած տարածքներում ատրպէյճանական զօրքի ամրապնդման, Պաքւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան  անօրինական դատապարտման ճանապարհով Ատրպէյճանը շարունակում է  հայութեան գոյութեան դէմ ուղղուած իր քաղաքականութիւնը: Այդ հեռահար եւ ծրագրաւորուած  քաղաքականութեան դրսեւորումներն են Հայաստանը Արեւմտեան Ատրպէյճան ներկայացնելու եւ այս ուղղութեամբ Ատրպէյճանում իրականացուող ամենօրեայ քարոզչական ու այլ բնոյթի աշխատանքները: Հայաստանի, որպէս հայկական ինքնիշխան  պետութեան ոչնչացման ծրագրի յաջորդ բաժինը զուգահեռաբար իրականացւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից, նոյն Պաքուի ղեկավարութեան թելադրած գործողութիւններով: Հայկական ինքնութեան եւ պետական-ազգային հեռանկարի չէզոքացմանն են ուղղուած  Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան, հայ աւանդական եկեղեցին փաշինեանական իշխանութեանը  ենթարկելու, պատմական անցեալից ու ներկայ Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող ամէն հայկականից հրաժարուելու ծրագրերը: Հայաստանի իշխանութիւնն արդէն իսկ  հրաժարուել է ցեղասպանութեան եւ Հայ Դատի հետապնդման  պետական ծրագրերից`  տարբեր առիթներով, ըստ էութեան յայտարարելով, որ տեղի ունեցած ողբերգութեան մեղաւորները հայերն են եւ արտաքին հրահրող ուժերը: Հայաստանի իշխանութիւնն ամէն ինչ արեց Ատրպէյճանին եւ Թուրքիոյ ձերբազատելու համար ինքնորոշուած Արցախի հանրապետութիւնը երկու  ցեղասպանական  պատերազմներում ոչնչացնելու եւ հայ բնակչութեանը զանգուածային տեղահանութեան ենթարկելու պատասխանատուութիւնից:

Մեր` ու ոչ միայն մեր, աչքի առջեւ ընթացքի մէջ է թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագիրը, որը սկիզբ է առել նոյնիսկ ոչ թէ 1915 թուականին եւ, ըստ էութեան, նոյնիսկ ոչ 1894-96 թուականներին, այլ 19-րդ դարի առաջին կէսից: Հայութեանն իր տնտեսական հիմնասիւներից զրկելու, իրաւապէս անպաշտպան դարձնելու, վայրենի քոչուորների վերաբնակեցման ճանապարհով ի վնաս հայութեան ժողովրդագրական կացութիւնը փոխելու քաղաքականութիւնը բնիկ ժողովրդին արմատախիլ անելու առաջին փուլն էր, որի շարունակութիւնը լինելու էին արդէն զանգուածային կոտորածներն ու տեղահանութիւնը: Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը ներկայացնող տգէտ թրքամոլների համար անգամ պէտք է ակնառու լինի, որ Հայոց ցեղասպանութեան թէ՛ խաղաղ եւ թէ՛ արիւնալի փուլերն իրականացուել են.

ա) ոչ արտաքին ուժերի դաւերի ու միջամտութիւնների հետեւանքով:

բ) ոչ հայ ժողովրդի ըմբոստացումների պատճառով, այլ, ճիշտ հակառակը եւ գ) այս ծրագիրն ունեցել է շատ պարզ պատճառ` թրքական խարխլուող կայսրութիւնը, ինչպէս եւ բուն մետրոպոլիան փրկելու առաջնահերթ միջոցը նրա առաջնորդները համարել են պետութիւնը միատարր դարձնելու, ներքին խնդիրները սրով հանգուցալուծելու միջոցը:

Երկրորդ աշխարհամարտին յաջորդած նոր ժամանակներում  Սփիւռքի ազգային ուժերի քաղաքական պայքարի թիրախներից մէկը  եղել է Թուրքիոյ  կողմից Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչման եւ դատապարտման պահանջը: Այդ նոյն քաղաքականութիւնն ազգային ուժերն անկախացումից յետոյ որդեգրեցին Հայաստանում: Այս գործընթացի գլխաւոր թիրախը սեփական անցեալի դատապարտման ճանապարհով Թուրքիոյ  հրաժարումը պէտք է լինի քաղաքական խնդիրները կոտորածներով ու բնաջնջումներով լուծելու  գաղափարաքաղաքական ռազմավարութիւնից, ինչպէս որ Գերմանիան  զատուեց ու հրաժարուեց իր ֆաշիստական անցեալից` վերջինիս դատապարտման եւ վնասի հատուցման ճանապարհով: Եթէ հայ ժողովրդի մէջ գտնւում են այս քաղաքական նպատակը չըմբռնող կամ միտումնաւոր խեղաթիւրող անձինք ու շրջանակներ, փոխարէնը դրա իմաստը շատ լաւ հասկանում են թիւրքական ժողովուրդների մեծ կայսերապետութեան մարմաջը փայփայող թրքական իրարայաջորդ կառավարիչները: Հայաստանի ներկայ իշխանութիւնների միջոցով Սփիւռքը Հայաստանից զատելու եւ ցեղասպանութեան փաստի ճանաչումից պետականօրէն հրաժարուելու քաղաքականութիւնը մեռցնում է Թուրքիոյ ամբողջականութեան դէմ ուղղուած վտանգը եւ վերացնում մեծ երազանքների ճանապարհին ընկած հաւանական խոչընդոտը:

Յիշենք, որ Թուրքիոյ  ներկայիս ղեկավարը, առանց իսկ երկիմաստութեան, մի քանի անգամ սպառնացել է Հայաստանի ժողովրդին` անուանելով «մեր դռի մնացորդներ»: Նա ակնյայտօրէն կանգնած է Ատրպէյճանի թիկունքում եւ, առաջին համարով հանդէս չգալով, վերջինիս հովանաւորն ու գործակիցն է բոլոր հակահայ  ծրագրերում: Մի քանի անգամ թուրք ղեկավարը հրապարակայնօրէն յայտարարել է, որ իրենց ուժերով է Արցախն օկուպացուել: Ժամանակակից Թուրքիան որպէս քաղաքական-գաղափարական համակարգ Սուլթանական ու երիտթրքական պետութեան շարունակութիւնն է, որի շօշափուկներն այսօր ամէնուր են` Հարաւային Ամերիկայից սկսած` մինչեւ Եւրոպա, Պալքաններ, Ափրիկէ, Մերձաւոր ու Կեդրոնական Ասիա: Կեդրոնական կամ Միջին Ասիոյ հետ թրքական աշխարհի  միաւորմամբ կ’իրականանայ  համաթուրանականութեան ծրագիրը, որի առջեւ ճանապարհ հարթողներից մէկն էլ  Նիկոլ Փաշինեանն է` Զանգեզուրի ռազմավարական գօտին զիջելու իր պատրաստակամութեամբ: Կասկած չկայ. պատմական ու գլխաւոր թշնամի Ռուսաստանի խոչընդոտը յաղթահարելու համար Թուրքիան, Ատրպէյճանի հետ միասին, Կեդրոնական Ասիոյ կողքին պէտք է իւրացնի նաեւ Անդրկովկասը: Վերջին գործընթացում խաղաղութիւնն օրակարգում կը լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանութիւնը հնազանդօրէն կը կատարի իրեն յանձնարարուած առաջադրանքը:  Ինչպէս փաստեցին  նաեւ Ապրիլի 24-ի եւ նրան յաջորդող օրուայ իրադարձութիւնները, Հայաստանի իշխանութիւնը պատրաստակամօրէն կատարում է իր դերը:

Պատմական դասերի հիման վրայ, որքանով կը կարողանայ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնել, ցոյց կը տան ամենամօտակայ շաբաթների իրադարձութիւնները:

hairenikweekly.com/լինել-թրքական-կցորդ-կամ-տնօրինել-սեփա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail