Արգենտինացի հայտնի քրիստոնյա վիդեոբլոգեր Lo de Davi-ն հանրությանն է ներկայացրել իր նոր ծավալուն ռեպորտաժը, որում նա մեկնում է Թուրքիա ( Արևմտյան Հայաստան)՝ Արարատ սարի վրա և հարակից տարածքներում Նոյյան Տապանի գոյության ապացույցները ուսումնասիրելու համար։
Ռեպորտաժի ընթացքում բլոգերը այցելում է Արարատ լեռան ստորոտին գտնվող Դուրուփընարի (Durupınar) հայտնի հնագիտական վայրը։ Նա տեսախցիկի առջև իսկապես գտնում է Տապանի հսկայական, նավանման կառուցվածքի հետքը։ Բլոգերը չափում է դրա չափսերը, որոնք զարմանալիորեն ճշգրիտ համապատասխանություն ունեն Ծննդոց գրքում նկարագրված Նոյյան Տապանի չափերին (300 կանգուն երկարություն)։ Հեղինակն ակնհայտորեն հիանում է տեսածով և հուզմունքով հաստատում, որ Ջրհեղեղի պատմությունն ու Նոյի Տապանը սոսկ առասպել չեն, այլ իրական պատմական փաստ, որը մինչ օրս դրոշմված է լեռան փեշերին։
Սակայն այս ռեպորտաժում առկա է մի չափազանց ուշագրավ և միևնույն ժամանակ ցավալի իրողություն։ Դեպի Տապանի վայր տանող ճանապարհին և հարակից տարածքներում տեսախցիկը ֆիքսում է հնագույն քարեր, տապանաքարեր ու կոթողներ, որոնց վրա հստակ փորագրված են Մաշտոցյան (հայկական) տառեր և հայկական խաչքարային զարդանախշեր։
Հեղինակը, չտիրապետելով տարածաշրջանի հնագույն պատմությանը և չճանաչելով հայոց գրերը, այդ արձանագրությունները ներկայացնում է որպես «անհայտ հնադարյան խորհրդավոր նշաններ»։ Ամբողջ ռեպորտաժում ոչ մի բառ չի նշվում Արարատ լեռան հայկականության, Հայկական Լեռնաշխարհի և հայ ժողովրդի հազարամյա քրիստոնեական ներկայության մասին։ Սա ցույց է տալիս, թե որքան խորն է պատմական իրականության աղավաղումը միջազգային ասպարեզում, երբ հայկական քաղաքակրթության բնօրրանը ներկայացվում է առանց դրա բնիկ տերերի՝ հայերի պատմական հիշատակման։
Ժամանակակից աշխարհաքաղաքական այս բարդ ու փոթորկալից թոհուբոհում, երբ համաշխարհային ուժային կենտրոնները վերանայում են իրենց արժեքային համակարգերը, չափազանց կարևոր է վերարժևորել Հայաստանի բացառիկ առաքելությունը։
Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է (301թ․)։ Ավելին, ըստ աստվածաշնչյան պատմության, մարդկությունը համաշխարհային Ջրհեղեղից հետո 2-րդ անգամ իր ընթացքն ու վերածնունդը սկսել է հենց Հայաստանից՝ Արարատյան դաշտ։
Այսօր, երբ աշխարհում քրիստոնեական ու ավանդական արժեքներին ավելի մեծ տեղ է սկսվում տրվել, Հայաստանի համար կարող էին բացվել աննախադեպ աշխարհաքաղաքական, մշակութային և դիվանագիտական նոր հնարավորություններ՝ ներկայանալու որպես քրիստոնեական քաղաքակրթության հոգևոր փարոս և մարդկության վերածննդի օրրան։
Ցավոք, հենց այժմ, երբ արտաքին աշխարհում ձևավորվում են քրիստոնեական արժեքների վրա հենված նոր հնարավորություններ, Հայաստանի ներսում ընթանում է ճիշտ հակառակ կործանարար գործընթացը։ ՀՀ իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը լծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ աննախադեպ հարձակումների։
Ռեժիմը փորձում է վարկաբեկել հազարամյա հոգևոր կառույցը, որը դարեր շարունակ եղել է հայոց պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնության միակ պահապանը։ Այս հարձակումները ոչ միայն հոգևոր դավաճանություն են, այլև աշխարհաքաղաքական ինքնասպանություն։ Հրաժարվելով քրիստոնեական ինքնությունից և քանդելով Հայ Եկեղեցին՝ ռեժիմը Հայաստանին զրկում է իր միջազգային քաղաքակրթական հենարանից և երկիրը տանում դեպի լիակատար ինքնաոչնչացում։
https://www.facebook.com/reel/1949416942259343