Մի հերոսական կնոջ պատմություն ԱՐՑԱԽ — Մի հերոսական կնոջ պատմություն ԱՐՑԱԽ

ngar-ngarabaraj logo-1LOUSAVOR AVEDIS 3
21 Ապրիլ 2016 Ապարաժ aparaj.am

Սվետլանա Ագիյանն այն հայ կանանցից է, ով անցել է կյանքի դժվար մի ճանապարհ: Այդ ճանապարհին ունեցել է ցավ ու կորուստներ, սակայն անաղարտ է պահել հայուհու իր կերպարը, պատվով հարթել կյանքի դժվարությունները:

Ծնվել է Ադրբեջանի Զակատալա քաղաքում: Մայրն արմատներով Արցախի Ավետարանոց գյուղից էր, հայրը՝ Նախիջևանի Ագուլիս քաղաքից: 1988 թվականին Սվետլանան  ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, վերադարձել Զակատալա, սակայն երկու ամսից հետո քաղաքում սկսվել են հայերի հանդեպ բռնություններն ու ջարդերը: «Նոյեմբերի 23-ին հարձակվեցին հայերի տների վրա,-հիշում է Սվետլանան,- հայերի հասցեների ցուցակներ ունեին. ըստ ցուցակների` գտնում էին երիտասարդ հայ կանանց ու աղջիկների, անպատվում, տղամարդկանց՝ սպանում ու խարազանում: Ես ու մայրս  թաքնվում էինք մերթ ադրբեջանցի, մերթ ռուս հարևանների  տներում:

Թուրքերի մեջ էլ նորմալ մարդիկ կային, ովքեր դեմ էին հայերի հանդեպ ջարդերին: Նման մի ընտանիքի օգնությամբ ես ու մայրս կարողացանք փրկվել ջարդերից, մի կերպ հասանք Վրաստան: Փախուստի  ճանապարհին կորցրինք հորս, իրար գտանք մի քանի օր անց, Վրաստանում: Վրացիները մեզ տեղափոխեցին  Սպիտակ: Երկրաշարժից ավերվել էր քաղաքը, ամենուր դիակներ էին, լաց ու կոծ, դժբախտություն, ահասարսուռ տեսարաններ…Եկանք Ստեփանակերտ: Ապրում էինք մորաքրոջս տանը, որտեղ 17  հոգով էինք.   փախստականներ կային նաեւ Բաքվից: Հայրս շատ ծանր էր տանում տուն-տեղ կորցնելու վիշտը: Չդիմացավ ցավին, երկու ամսից հանկարծամահ եղավ: Կորստի ցավից մթագնել էր ուղեղս, բայց մի բան գիտեի՝ պիտի ապրեմ, սա իմ բաժին կյանքն է, ու այն պատվով պիտի ապրեմ: Ես 24 տարեկան էի…»:

Սվետլանան ուժեղ կին է: Նա սովոր է մենակ ու առանց օգնության դժվարություններ հաղթահարել, եւ ինձ գրավում է նրա կամքի ուժն ու բարոյական կերպարը: Կորուստների մասին նա խոսում է առանց արցունքի, բայց աչքերում կարոտ եմ նկատում՝ խոր կարոտ, որն անհնար է թաքցնել…

1989թ. սեպտեմբերից Սվետլանան՝ որպես անգլերենի ուսուցչուհի, սկսեց դասավանդել Նորագյուղում. վեց ամիս աշխատեց գյուղի դպրոցում:

Ղարաբաղի համար ծանր ու դժվարին տարիներ էին` շարժում, հետո՝ պատերազմ: Ժողովուրդը ոտքի էր ելել իր արդար պահանջն աշխարհին լսելի դարձնելու համար: Արցախը, սակայն, լրատվական շրջափակման մեջ էր, Արցախի ձայնը լսելի չէր աշխարհին, ամեն ինչ սխալ քողի տակ էր ներկայացվում, ինֆորմացիայի պակաս կար: Այդ տարիներին Սվետլանան ծանոթացավ լրագրող Սասունիկ Ալեքսանյանի հետ, ով եկել էր Հայաստանից, լուսաբանում էր զարգացող իրադարձությունները, աշխատում էր Ստեփանակերտի հեռուստառադիոկոմիտեում:

«ԽՍՀՄ ԳԽ պատգամավորները հացադուլ էին հայտարարել Մոսկվայում՝ սատարելու Արցախի ժողովրդի շարժմանը, աշխարհի ուշադրությունն Արցախի վրա բևեռելու համար: Նրանց թվում էին Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանը, Սիմոն Բաբայանը, Վիկտոր Համբարձումյանը: Ստեփանակերտից կանանց պատվիրակություն մեկնեց Մոսկվա՝ սատարելու հացադուլ անողներին: Նրանց մեջ էր նաեւ իմ ընկերուհին՝ Էլմիրա Հայրապետյանը, ով այսօր աշխատում է Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում՝ որպես ուսուցչուհի: Էլմիրան ինձ առաջարկեց միանալ նրանց՝ որպես անգլերենի եւ ռուսերենի թարգմանիչ: Դա եղավ իմ առաջին անմիջական «շփումը» Շարժման հետ:

Այցը տևեց երկու շաբաթ: Երբ մոտեցանք հացադուլ անողներին, հիշում եմ, Սոս Սարգսյանը մեզ տեսնելով՝ հուզվեց, համբուրեց կանանց ճակատները: Մենք նրան ծաղկեփունջ նվիրեցինք… Տղամարդիկ արգելեցին, որ մենք միանանք հացադուլին: Դրա փոխարեն մեր խումբը սկսեց մամլո ասուլիսներ ու հանդիպումներ կազմակերպել Մոսկվայում, իրազեկել իրական խնդիրը, ներկայացնել արցախահայության պահանջները: Երկու-երեք օրվա ընթացքում Մոսկվայում իմացան մեր մասին: Մեզ հետ հանդիպման եկան մի շարք ռուս հայտնի մտավորականներ, ակադեմիկոսներ, լրագրողներ տարբեր երկրներից: Մեր մասին գրեցին ռուսական «Սոբեսեդնիկ», «Օգոնյոկ» եւ այլ ամսագրեր ու թերթեր, ռադիո «Գոլոս Ամերիկի»-ն, ռադիո «Սվաբոդա»-ն մեր մասին հաղորդումներ պատրաստեցին:

Լենինգրադում եւս իմացան մեր մասին եւ հրավիրեցին հանդիպման Անատոլի Սոբչակի հետ: Հասմիկ Միքայելյանը, Հենրիխ Իգիթյանը, փաստաբան Ռուբեն  Ռշտունին  եւ ես մեկ օրով մեկնեցինք Լենինգրադ, հանդիպեցինք քաղսովետի պատգամավորների հետ, նրանց ներկայացրինք Ղարաբաղում տիրող իրական դրությունը: Երկու շաբաթվա ընթացքում մեր խումբը մեծ կապեր հաստատեց, նյութեր ու հասցեներ փոխանակեցինք»,-պատմում է Սվետլանան:

1991 թվականի հոկտեմբերին Սվետլանան ծանոթացավ Քերոլայն Քոքսի  հետ: Դա Քոքսի երկրորդ այցելությունն էր Արցախ: Քոքսի հետ մեծ պատվիրակություն էր եկել. BBC-ից, ABC-ից թղթակիցներ կային: Թարգմանչի կարիք կար: Սվետլանան միացավ նրանց: Այցելում էին Արցախի տարբեր գյուղեր, ծանոթանում իրավիճակին, Քոքսը ելույթներ էր ունենում, օգնություն բաժանում: Այդպես սկզբնավորվեց նրանց մտերմությունը:

«Որպես թարգմանչուհի՝ ես մասնակցեցի նաեւ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նիստին՝ 1992 թվականի հունվարին: Քոքսը հանդես եկավ ազդեցիկ ելույթով. այս անգամ նրան թարգմանեց Ռոբերտ Մավիսակալյանը: Շատ էմոցիոնալ ելույթ էր: Ա. Մկրտչյանն ընտրվեց ԳԽ նախագահ: Այդ օրը դահլիճը ռազմական պայմաններում էր, վերահսկվում էր, բայց ներկաները բարձր տրամադրությամբ էին»,- հիշում է նա:

Սվետլանան աշխատանքի անցավ հեռուստառադիոկոմիտեում. անհրաժեշտ նյութերը թարգմանում էր ռուսերեն ու անգլերեն: «1991 թվականի փետրվարի 20-ի երեկոյան Սասունիկ Ալեքսանյանի հետ նստած էինք ռադիոկոմիտեում, նյութեր էինք պատրաստում, երբ մտան երկու տղաներ, բարևեցին, ասացին, որ Հայաստանից են, Թալինից եկած դաշնակցական խմբից: Ռուսները նրանց բռնել էին Բերդաձորում՝ անձնագրային ռեժիմի պատրվակով, տարել Շուշիի բանտ: Նոր էին դուրս եկել բանտից: Մնալու տեղ չունեին:

Նիհար, բոբիկ,տանջված, վտիտ տեսք ունեին: 8 հոգի էին: Խնդրեցին մնալ հեռուստառադիոկայանի շենքում: Քանի որ 24 ժամ կայանը հսկվում էր, մենք նրանց տեղավորեցինք ռադիոհաղորդավար Արմեն Օհանյանի բնակարանում: 10 օր մնացին Արմենենց տանը: Հետո, հասկանալով, որ նրանց առողջական վիճակը լավ չէ, որոշեցի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին եւ հայտնել տղաներին Երևան տեղափոխելու մասին: Քարտուղարը մերժեց հանդիպումը, ասաց, որ հարմար չէ:

Ես ուժով ներս մտա, ներկայացրի իրավիճակը, ասացի, որ ֆիդայիներ են՝ Շուշիի բերդից մազապուրծ, նրանց բժիշկ, սնունդ, հագուստ է պետք. պետք է ուղղաթիռով շտապ տեղափոխել Երևան… Խոջալուի օդանավակայանով անհնար էր նրանց տեղափոխել` նորից կբռնեին, ուստի՝ տարան Խնձրիստան՝ Բեկոր-Աշոտի մոտ: Մեկ շաբաթ նրանք մնացին Խնձրիստանի անտառում, ապա  նրանց տեղափոխեցին  Քոլատակ, որտեղից ուղաթիռով, 1991 թվականի մարտ ամսին՝ Երևան…

svetlana agiyan-ngar

Անցավ մեկ ու կես տարի, Շուշին ազատագրվեց: Մի օր պատահական Շուշիի եկեղեցում հանդիպեցինք տղաներին: Պարզվեց՝ նրանք էլ են 1992 թվականի մայիսի 8-9-ը մասնակցել Շուշիի գործողությանը: Եղավ մի մեծ տոն: Քեֆ, ուրախություն արեցինք, միասին նշեցինք Շուշիի հաղթանակը»:

Այդտեղ Սվետլանան ծանոթացավ ապագա ամուսնու՝  Շուշիի ազատագրման մասնակից, հետո նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Անդրանիկ Մուրադյանի հետ: 1992 թվականի օգոստոսին նրանք ամուսնացան:

«1992 -ի փետրվարին ուղղաթիռով եկա Երևան. թարգմանչական աշխատանքի առաջարկ էի ստացել: Օրեր անց Երևանում լսեցի, որ գրադով ռմբակոծում են Ստեփանակերտը: Որոշեցի անմիջապես հետ գնալ: Գնացի <<Էրեբունի>> օդանավակայան, որպեսզի մի կերպ հասնեմ Ստեփանակերտ: Ինձ հետ մի քանի տուփ բժշկական սարքավորումներ ու դեղեր էի տանում, որն ինձ տվել էին «Արցախ» կոմիտեից՝ հնարավորության դեպքում Արցախ տեղափոխելու համար: Մի քանի օր մնացի օդանավակայնում: Ում դիմում էի՝ մերժում էին, ասում էին, որ միայն զենք են տեղափոխում: Ցուրտ էր, մեկը իր հագի զինվորական վերարկուն էր տալիս ինձ, մեկն իր փափուկ գլխարկը:

Երբ պատահական ինձ հայելու մեջ տեսա, զարմացա՝ մեծահասակ կնոջ էի նմանվել… Երկու օր անց եկավ Վազգեն Սարգսյանը: Մոտեցա նրան, խնդրեցի, որ ինձ հնարավություն տա` մեկնեմ Ղարաբաղ: Մինչև հիմա հիշում եմ նրա  ծիծաղը, ասաց՝ ինչու՞ ես գնում,այնտեղ պատերազմ է, այնտեղ կնոջ տեղ չէ: Ես համառեցի, հորդորեցի, որ օգնի: Նա հասկացավ, որ լուրջ եմ տրամադրված: Կարգադրեց, որ հնարավորության դեպքում ինձ անպայման ուղարկեն Ստեփանակերտ:

Մի քանի ժամից ասացին, որ ուղղաթիռով  զենք-զինամթերք պիտի  տեղափոխեն Արցախ: Ստեփանակերտից տղաներ կային օդանավակայանում: Այդտեղ ծանոթացա Մերուժան Մոսիյանի հետ: Նա վիրավոր եղբորը բերել էր Երևան, պիտի նորից ետ գնար Ստեփանակերտ, սակայն չէր ստացվում: Մերուժանը հորդորում էր, որ ինքն էլ մեզ հետ գա Ստեփանակերտ, սակայն չէին թույլատրում. ասում էին, որ տեղ չկա: Մերուժանը վրդովված էր: Ես նայեցի նրան ու զգացի՝ որքան ուժ ու պատրաստակամություն կա այդ երիտասարդի մեջ, որքան շատ է ցանկանում նետվել Արցախ: Ես ինձ մեղավոր էի զգում: Մոտեցա նրան… Պայմանավորվեցինք, որ վերջին պահին մոտենա ուղղաթիռին եւ փորձի ներս մտնել:

Այդպես էլ արեց: Մերուժանը եւ ուղղաթիռի անձնակազմը ամբողջ ճանապարհին ինձ «տատիկ» էին կոչում: Ես ուզում էի նրանց ասել, որ ընդամենը 24 տարեկան եմ, բայց լռում էի: Հասանք Մեծ Թաղեր: Տղերքն ասացին՝ բաբոյին տարեք, թող տաքանա: Ես հանեցի զինվորական վերարկուս, տղամարդու գլխարկս: Եվ մեկ էլ բոլորը սկսեցին ծիծաղել: «Դուք քանի՞ տարեկան եք»,- հարցրին: Քսանչորս՝ ասացի: Տղերքը ներողություն խնդրեցին…Այդպես վերադարձա Ղարաբաղ…»:

Սվետլանան այսօր ապրում է Երևանում, ունի երկու զավակ: Որդին ծառայում է Արցախում: Որդին ինքն է ինքնակամ որոշել հենց Արցախում ծառայել: «Մի օր որդիս ասաց՝ մամ, ես հպարտ եմ, որ Արցախում եմ ծառայում: Արցախն իմ արյան մեջ է, երևի ժառանգաբար է փոխանցվել>>,- պատմում է Սվետլանան:

Սվետլանան շատ հուշեր ունի պատերազմի տարիների հետ կապված, հիշում է ամեն բան՝ ըստ ամսաթվերի, օրերի ու ժամերի: «Չմոռանանք մեր անցյալի հաղթանակները, որովհետեւ այդ հաղթանակները պարտավորեցնող են: Մեզնից յուրաքանչյուրը պետք է  պատվով ապրի այս հողի վրա: Մենք իրավունք չունենք այս հողը եղծելու, ապականելու, անարդար կյանքով ապրելու: Մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողի կարգավիճակով ապրելը մեր բանաձևը չէ…»:

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

Ապարաժ
http://aparaj.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail