Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա – ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա
ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Մ.թ.ա. III–II հազարամյակների Հայաստանի պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն աղբյուրները՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։
Շումերները՝ աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքի յուրացումը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։
Լքելով այդ վայրերը՝ նրանք երկար ժամանակ չէին կորցնում կապը լեռնաշխարհի հետ. հենց այդ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակումները մենք գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։
Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ ավելի ուշ այն լայն տարածում գտավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։
Շումերական սկզբնաղբյուրներում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի տարածքում առայսօր հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Այս երկրի մասին տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա. XXVIII–XXVII դարերով։
Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կարգի, տնտեսության, մշակույթի և այլնի մասին։ Հերոսական էպոսում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր էին ուղևորվում «Ուրուկի» գետով։
Միակ գետը, որը հոսում էր Ուրուկ քաղաքի միջով, Եփրատ գետն էր, իսկ այդ գետի ավազանում գտնվող միակ լեռնային տեղանքը Հայկական լեռնաշխարհն էր։
Հետևաբար, Արատտան անկասկած գտնվում էր Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այդ մասին են վկայում նաև Շումերից Արատտա տանող ճանապարհին տեղակայված տեղանունները։
Այդպիսի օրինակ է Զամուա երկիրը, որը գտնվում էր Ուրմիա լճից հարավ (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիա լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար՝ շարունակելով Շումեր–Զամուա գիծը, անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։
Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապված իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկը Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան աստվածապետական (թեոկրատական) կարգի երկիր էր։
Դա պետական կառավարման այն ձևն է, որում թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանությունը ենթարկվում էր հոգևորականության դասին, որն էլ իր հերթին իրականացնում էր իշխանությունն աստծո անունից։
Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։
Երկրի ճակատագրական հարցերը լուծելու համար քուրմը հրավիրում էր ավագների խորհուրդ։ Հիշատակվում է նաև երկրի տնտեսության ղեկավարը, որը կոչվում էր «կառավարիչ» («ղեկավար»)։ Արատտայում հիշատակվում էին նաև տնտեսական ոլորտի պաշտոնատար անձինք՝ հարկահավաքներ, կառավարիչներ, ինչը վկայում է երկրում արդեն զարգացած որոշակի պետական համակարգի մասին։
Մեզ են հասել նաև տեղեկություններ Արատտայի և Շումերի միջև տնտեսական փոխհարաբերությունների մասին։
Արատտացիները ներմուծում էին հացահատիկ և գյուղատնտեսական այլ մթերքներ, իսկ արտահանում էին մետաղ և թանկարժեք քարեր։ Բացի այդ, նրանք հարավ էին ուղարկում շինանյութեր՝ լեռնային ապարներ։
Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործում էին էշեր, իսկ Արատտայում՝ ձիեր։ Տնտեսության և ռազմարվեստի մեջ ձիերի օգտագործումը հանգեցրեց նախկինում չտեսնված առաջընթացի։
Շումերական աղբյուրները տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և քարե պարիսպներով շրջապատված նրա մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարեց Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարվա պաշարումից հետո այդպես էլ չկարողացավ գրավել այն. «Քաղաքից նետեր էին թռչում՝ ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների (բնագրում՝ արբալետների) քարերը անձրևի կաթիլների պես բարձր սուլոցով թափվում էին Արատտայի պարիսպներից ամբողջ տարվա ընթացքում։ Օրերն անցնում էին, ամիսները երկարում էին, տարին կատարեց իր լրիվ շրջանը»։
Արատտայի մասին ամենակարևոր տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի օգտագործման փաստն է, ինչն ապացուցվում է նաև մ.թ.ա. III հազարամյակի գտնված հիերոգլիֆային հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։
XXVIII–XXVII դարերում Արատտայից Շումեր՝ խոշոր շինություններ կառուցելու համար, ուղարկվում էին ճարտարապետներ։ XXVI–XXV դարերով թվագրվող աղբյուրներում Միջագետքում հաստատված սուբարեցիները հիշատակվում են որպես գրագիրներ, հացթուխներ, դարբիններ, այգեպաններ և այլն։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակման ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է անվանել Հայաստանի վաղ բրոնզի դարի մշակույթ։
Մովսիսյան Ա.
http://www.historyofarmenia.am/…/Encyclopedia_of…