«Հայությունը չէր կարող անհետանալ, եթե չի եղել ֆիզիկական ոչնչացում, եթե չեն զրկել ինքնությունից, որը ևս ցեղասպանություն է»

sarkis hadsbanian irades
06 փետրուար 2016

Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ի՞նչ գիտենք մենք ցեղասպանության պատճառների ու հետևանքների, 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության կովկասյան քաղաքականության, 1908-ի երիտթուրքական հեղաշրջման, 1912-ի հայկական բարենորոգումների ու դրանց ձախողման, բուն 1915-ի իրադարձությունների, 1919-ի թուրքական ռազմական ատյանի դատավարությունների, ժամանակակից Թուրքիայի Հանրապետության, հարակից տասնյակ հարցերի մասին: Մինչդեռ միայն պատմաբանները չէ, որ պիտի իմանան պատմությունը:

«1915-2015» խորագրով «Իրատես de facto»-ն այսուհետ անդրադառնալու է հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ աջակցությամբ՝ բացահայտելով փաստեր ու իրողություններ, որոնց իմացությունը անհրաժեշտ է ոչ միայն անցյալը, այլև ներկան հասկանալու ու ապագայում ճիշտ կողմնորոշվելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

-Իբրև սկիզբ՝ սահմանենք, թե ինչ ենք հասկանում Հայոց ցեղասպանություն ասելով:

-Անհասկանալի է, երբ ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում անընդհատ օգտագործվում է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ես հասկանում եմ՝ հայոց լեզու, հայոց երկիր, հայոց պատմություն, և այլն, բայց ո՞րն է Հայոց ցեղասպանությունը: Դեռ 80-ական թթ. Ֆրանսիայում «Հառաջ» օրաթերթում ես անդրադարձել եմ այս հարցին: Ոչ թե հայոց ցեղասպանություն է, այլ հայության դեմ գործված ցեղասպանություն: Մեր սերունդները պիտի շատ հստակ տարբերեն, որ հայոց լեզուն մերն է, իսկ հայոց ցեղասպանության անվան տակ մեզ այսպես կպածը մեր դեմ այլոց գործած հանցանքն է:
Ցեղասպանությունը իրավական կատեգորիա է, 1948 թ. Ռաֆայել Լեմկինի սահմանած հասկացությունը հայերի հանդեպ կատարված ոճրագործությունների անվանման համար էր, և Լեմկինը հիմնավորում էր հայերի դեմ կատարվածի օրինակով իր եզրույթի հատկանիշները: ՄԱԿ-ը շատ հստակ կետերով ու ենթակետերով բնորոշել է, թե ինչ է ցեղասպանությունը:

Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, և համամարդկայինն ու հակամարդկայինը շատ հստակ տարանջատվել են միմյանցից: Ճիշտ նույն կերպ՝ չկա հայկական հարց, կա թուրքական հարց, որովհետև ինչ ասելու ենք՝ թուրքերի հետ է կապված: Հարցը թուրքերն են ստեղծել, և այսօր իրենք պիտի տակից դուրս գան: Իմ միակ հասցեատերը նա է, բայց ես Ֆրանսիայից եմ խնդրում ցեղասպանությունն ընդունել: Ոճրագործին թողած՝ Ֆրանսիայից ի՞նչ ենք ուզում: Ֆրանսիան կարող է հանցակից դիտվել, որովհետև այնտեղ էր ու ոչինչ չարեց: Պատերազմում էիր, քեզ համար թշնամի պետություն էր, դարավոր կապեր ունեիր հայության հետ, ոչ միայն անտարբեր գտնվեցիր, այլև ցեղասպանությունից հետո էլ, փրկված հատվածին օգնության ձեռք մեկնելու փոխարեն, օգնեցիր Մուստաֆա Քեմալին և Կիլիկիան հանձնեցիր նրանց:

-Ցեղասպանության համահայկական հռչակագիրը տվեց ժամանակային սահմանները՝ 1894-1923, Ձեր կարծիքով` այդ սահմաններն ընդգրկո՞ւմ են ցեղասպանության ամբողջական պատկերը, թե՞ մինչ այդ ու հետո էլ եղել են ցեղասպանության հատկանիշներ կրող ջարդեր:

-Աշխարհի մասշտաբով՝ բնականաբար, մինչև այդ էլ եղել են տարբեր ժողովուրդների ցեղասպանության դեպքեր: Հայության հանդեպ՝ ևս, այլապես ինչո՞ւ են եղել տեղաշարժերը, Մուսա լեռում հայն ի՞նչ գործ ուներ: Քեսաբում: Եգիպտոսում:

Հայերը տեղահանվել են: Դեռ սելջուկների տիրապետության ժամանակ են բռնություններ գործադրվել: Մինչ այդ եղել են արշավանքներ, տարբեր քաղաքակրթությունների՝ դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի արևելք, դեպի արևմուտք: Հայաստանը, Հայկական բարձրավանդակը խաչմերուկային դիրք ունեն: 16-րդ դարի ճանապարհորդները հստակ, իրենց բոլոր փաստաթղթերում գրանցել են, որ Անգորայից ¥որ այժմյան Անկարան է¤ մինչև Թավրիզ ամբողջ արևելքում ազգային բնակչության գերակշռողը հայերն էին: Օսմանյան կայսրության կազմավորման երկրորդ-երրորդ սերունդը դեռ չկար, մենք այդ տարածքի բնակչության բացարձակ մեծամասնությունն էինք: 16-րդ դարից սկսած, ինչպես Նիկողայոս Ադոնցն է նշել, սկսվում է քրդերի ներթափանցումը պատմական Հայաստան, և քրդերի տեղավորման համար Սելիմ առաջին սուլթանը, որ միայն ութ տարի կառավարեց, բայց քառապատկեց Օսմանյան կայսրության տարածքները, խաշնարած, քաղաքակրթական ավանդույթներ չունեցող ցեղախմբերին, որ սովոր էին ապրել վրաններում, պարտավորեցրեց նստակյաց կյանքի: Նրանց բաժանեցին հայկական գյուղերի վրա: Ադոնցն այդ մասին սքանչելի է գրում: Օսմանյան կայսրության հրովարտակով քրդերը դառնում են հայկական գյուղերի բնակիչներ, պետք է կերակրվեն, ապրեն նրանց հաշվին: 40 տարի չանցած՝ Բիթլիսցի Իդրիսին (Իդրիսի Բիթլիսի), որ Օսմանյան կայսրությունում լուրջ դերակատարում է ունեցել, կայսերական հրովարտակով հանձնում են այդ տարածքը:

Այսինքն՝ հայերը, բացի օսմանահպատակ լինելուց, հայտնվում են կրկնակի հպատակության տակ. Օսմանյան պետությանը, որին բազմապիսի հարկատեսակ էին վճարում, հավելվում են քրդերը: 16-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ հայությունը մոտավորապես չորս միլիոն մարդու անհետացում ունի: Համեմատենք Մեծ Բրիտանիայի, որ կղզի էր ու բացի ծովային ճանապարհից այլ ելքեր չուներ, և Արևմտյան Հայաստանի, որ մեր հայրենիքի 9/10-ն էր, բնակչության թիվը: 1000 թ. Հայաստանն ունեցել է 6 000 000 բնակիչ, Մեծ Բրիտանիան՝ 2 000 000, 1890-ին Հայաստանն ունեցել է 3 000 000 մարդ, Մեծ Բրիտանիան՝ 30 000 000, 1920-ին՝ Հայաստանը՝ 1 000 000, Մեծ Բրիտանիան՝ 40 000 000: Ո՞Ւր անհետացան հայերը։

Ընդունենք, որ 1915-1923 թթ. մեկուկես-երկու միլիոն (ըստ Թալեաթի օրագրի՝ 920 հազար հայ) զոհ եղավ, ընդունենք, բայց մինչ այդ գոյություն ունեցող հայությունն ո՞ւր կորավ, ինչո՞ւ չբազմացավ: Բոլոր պատմական տվյալները՝ գրավոր, օտարազգիների, նշում են, որ հայ ընտանիքների միջին թիվը 12-20 մարդ էր, արևմտահայությունը միշտ է բազմազավակ եղել:
Թվային իրավիճակը պարզ է դարձնում, որ ցեղասպանությունը պարբերական է եղել: Ռաֆայել Լեմկինը 20-րդ դարում պիտի գար ու սահմաներ ցեղասպանությունը, բայց այդ ոճիրը նրանից էլ շատ առաջ է եղել, ի՞նչ անենք, որ ցեղասպանություն հասկացությունը 11-րդ դարում չկար, աշխարհի քաղաքակրթության աստիճանն այլ էր, դա չի նշանակում, որ մենք այսօր պատմական փաստերին գնահատական տալ չենք կարող: Միայն այս թվերը վկայում են, որ ոճիր եղել է, հայությունը չէր կարող անհետանալ, եթե չի եղել ֆիզիկական ոչնչացում, եթե չեն զրկել ինքնությունից, որը ևս ցեղասպանություն է՝ երբ մարդուն զրկում ես իր հավատից, լեզվից, մշակույթից, տարածքից:

Խարբերդում ցեղասպանության ենթարկվածների թիվը մոտ 130 000 էր, հայերի թիվը՝ ավելի քան 250 000, ո՞ւր կորան մնացածը: Հիմա Թուրքիայում շատերն են ընդունում, որ իրենց նախնիները հայ էին՝ տատս հայ էր, պապս հայ էր, տատիս մայրը հայ էր, և այլն, դա ավելացնում է հայերի թիվը, այդ տատերն ու պապերը, որոնց մասին բարձրաձայնում է այսօրվա սերունդը, հայ որբերն են եղել, որ կորցրել են հարազատներին 1894-1896-ին, կամ 1909-ին, կամ 1915-1923-ին զանգվածային սպանդների ժամանակ: Դավանափոխ հայերի հարցը գիտական ուսումնասիրության կարիք ունի, միայն 1514-1750-ական թթ. 120 000 հայություն բռնի ուծացվել է Սեբաստիայում, Եվդոկիայում, Ամասիայում, Կեսարիայում, Գամիրքում, Կիլիկիայի հյուսիս-արևելքում, Դերսիմում, Երզնկայում, սևծովյան ափեզրին, ինչքան ասեք գրավոր վկայություններ կան՝ ձեռագիր ու տպագիր: ՈՒծացված հայերի մեծ մասը նախընտրել է ալևի-ղզլբաշ կրոնի մեջ թաքնվել, որ շիա մահմեդականության ամենածայրահեղ աղանդը լինելով, ամենահանդուրժող, համամարդկային արժեքների հետնորդ հանդիսացող հատվածն է, շատ ավելի խոր արմատներից՝ հեթանոսությունից գալով: Մալաթիայի հյուսիս-արևելքի Ակն գավառն ունեցել է 120 հայկական գյուղ, 40 գյուղ ամբողջությամբ իսլամացվել է: Գյուղերի անուններն առայսօր հայկական են՝ Խաչոյենց, Վարդանենց, Կնքահայրենց: Ե՞րբ են այս գյուղերն ուծացվել: 1810-1870-ին: Մալաթիայի հյուսիսի Աղջադաղ անունը կրող տարածքում 100-ի չափ գյուղեր կան, հայոց պատմության մեջ վկայվում է, որ Աղջադաղի բնակիչները մեր ցեղից են, ժամանակին բռնի ուծացվել են, դարձել ալևի-ղզլբաշ: Արշակ Ալպոյաճյանը «Մալաթիայի հայոց պատմությունը» գրքում վկայում է, որ երբ թուրքական զորքերը սկսում էին հայերին կոտորել, ղզլբաշները փորձում էին պաշտպանել, թեկուզ 200-300 տարի հայությունից հեռացել են, բայց գենետիկ հիշողության մեջ շատ լավ գիտեն, որ ծագումով հայ են: Ալևի-ղզլբաշներն են 1915-ին հայ որբերին հավաքել, որ գոնե մի հատվածը փրկեն:

Հայաստանում ցեղասպանագիտությունը պետք է դասավանդման առարկա դառնար, գիտական մոտեցում ցուցաբերվեր նախորդող շրջանը, ընթացքը, հետևանքները պարզելու համար: Ցեղասպանությունը հանցանք է, և այստեղ ավելի շատ հետևանքներն են կարևոր: Հայաստանում պետական հիմունքներով ցեղասպանության հետևանքները չեն քննարկվում: 100-րդ տարելիցն է, բայց հարցախույզ արեք՝ ի՞նչ է ցեղասպանությունը, ու պատասխանների գերակշիռ մասը կլինի՝ թուրքը մեզ կոտորել է, հետո՞… Դպրոցներում պիտի իբրև առարկա ուսուցանվի: Ինչո՞ւ անընդհատ մեր երեխաների մեջ լաց ու կոծի, սգի, սպանվածի, կողոպտվածի, հայրենազրկվածի թերարժեքության բարդույթ է մտցվում վաղ հասակից:

Ո՞Ւմ է դա պետք, ի՞նչ է տալիս: Երևանում ծնված-մեծացած տղաս ինձ ասում է՝ Արարատը մեր սարն է, ինչո՞ւ չենք գնում՝ բարձրանանք: Պատասխանում եմ՝ չենք կարող գնալ, նախ՝ մեր այժմյան հանրապետության սահմաններում չէ, հետո այնտեղ թուրք զինվոր կա՝ թույլ չի տա: Երեխան զարմանում է՝ պապա, դու էլ ես զինվոր, գնանք, թուրքին խփենք, մենք կանգնենք: Ինչո՞ւ է իմ երեխան այդպես ասում: Եթե նրան բացատրեն, նա կհասկանա, ինքը պատասխաններ կորոնի՝ ինչ անել:

http://www.irates.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail