«Ես սարսափեցի ավելի, քան երբ ինքս էի աշակերտ». Ինչ է կատարվում կրթության ոլորտում

11 փետրուար 2016

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ լրագրող
ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող

Հարցազրույց
Մեր զրուցակիցն է սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը

ՀԱՐՑՈՒՄ…
Հանրակրթական հաստատություններում կրթության որակից շատ անգամներ տեսնում ենք բողոք՝ թե դասագրքերի կազմման, թե կրթական ծրագրերի, թե դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ: Դուք որպես սոցիոլոգ և երկու երեխաների մայր ինչպե՞ս եք գնահատում կրթության որակը, ինչն է ձեզ անհանգստացնում:

ՊԱՏԱՍԽԱՆ…
Իրականում կարծում եմ՝ կրթության համակարգի վերաբերյալ հանրային քննադատությունը մի կողմից շատ է, մյուս կողմից այդ քննադատության մեջ օգտակար բան քիչ կա, որովհետև դա այն ոլորտն է, որին յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվել ենք/առնչված ենք, ուստի կարծիք հայտնել բոլորս շտապում ենք՝ սովորաբար առանց հաշվի առնելու կրթության ոլորտի այն յուրահատկությունները, որոնք ուղղակի չի կարելի նկատի չունենալ՝ ցանկացած երկրում կրթության ոլորտի վերաբերյալ դատողություններ անելիս: Օրինակ այն, որ կրթության համակարգն իր բնույթով պահպանողական է, որովհետև դրա ամենակարևոր ֆունկցիաներից մեկը, մանավանդ հանրակրթության պարագայում, հասարակության վերարտադրությունն է, հասարակության արժեքային համակարգի, համակեցության կանոնների և այլն, կամ այն, որ կրթության ոլորտում որևէ լուրջ նախաձեռնության ազդեցությունը կարող է երևալ միայն երկարաժամկետ կտրվածքով, երբ որ ասենք նոր ծրագրով երեխաները սկզբից մինչև վերջ սովորել են և ավարտել դպրոցը, միայն այդ ժամանակ կարող ենք ասել՝ այն նպաստել է բուհին ավելի հարթ անցման տեսանկյունից, թե ոչ:

Մի խոսքով, ասածիս իմաստն այն է, որ շատ կարևոր է նաև հասկանալ բողոքի հիմքերը և արդարացվածությունը: Այն, որ հասարակության վերարտադրության գործառույթը կրթության գործընթացը նաև գաղափարախոսական գործիք է դարձնում, նույնպես միանշանակ է շատ երկրների համար ու տարբեր ժամանակներում: Նույնիսկ էնպիսի առարկան, ինչպիսին աշխարհագրությունն է, կարելի է գաղափարախոսական տեսանկյունից օգտագործել, ասենք, քարտեզն այնպես ներկայացնել, որ ցանկալի երկիրդ լինի աշխարհի կենտրոնում, էլ չեմ խոսում պատմության, գրականության և նմանատիպ այլ առարկաների՝ գաղափարախոսական գործիք դառնալու հնարավորությունների մասին: Էս թեմայով շատ հետազոտություններ կան արված, որոնք օրինակ վերլուծում են, թե ինչպես են օգտագործվել պատմության դասագրքերը ԽՍՀՄ-ում և այլն: Ժամանակակից Ռուսաստանն էլ հսկայական միջոցներ է ծախսում օրինակ պատմության ուսուցման և դասագրքերի միասնական կառուցման և դրանցում իրենց համար ճիշտ գաղափարախոսության ներկայացման համար:

Պետք է հասկանալ, որ ազդեցիկ երկրները, նույնիսկ եթե այդ գաղափարախոսությունը ներարկում են կրթության համակարգում, միաժամանակ փորձում են աշխարհի՝ իրենց համար ցանկալի պատկերը տարածել նաև մնացյալ աշխարհում տարբեր մեդիա և այլ միջոցներով: Ասենք, եթե Միացյալ Նահանգները իր աշակերտներին համոզում է, որ ամերիկացիներն ամենահզոր ազգն են, նա չի բավարարվում դա անելով միայն սեփական դպրոցներում, այլ այս նույն գաղափարախոսությունը տարածում է նաև աշխարհում: Դրանով իսկ, վաղը ամերիկյան դպրոցից դուրս եկած շրջանավարտը տարբեր չափով է զգում կամ էլ չի զգում այս գաղափարների սնանկությունը՝ հանդիպելով իրականությանը:

Որովհետև ջանքերը ներդրվում են նաև իրականության փոփոխության գործընթացում կամ մյուսներին այդ իրականության ներշնչման ուղղությամբ: Իսկ ի՞նչ է սպասվում այն երեխաներին, որոնք գաղափարախոսական սխեմաներ կսերտեն, նույնիսկ գուցե առանց նկատելու, մեր դպրոցներում: Ինչպիսի՞ն ենք ուզում մենք նրանց տեսնել, մենք ուզում ենք, որ նրանք լինեն Հայաստանի փակ Հանրապետության քաղաքացինե՞ր, որոնք կշարունակեն ապրել նաիրյան այս մեծ ու մտացածին աշխարհում, իսկ իրականում գնալով ավելի նեղացող տարածության մեջ, թե՞ մենք ուզում ենք ունենալ աշխարհի հետ հարաբերությունների պատրաստ, սեփական առավելություններն ու խնդիրները հստակ գիտակցող սերունդ, որոնք միաժամանակ նաև ամենաիսկական հայրենասերներ կլինեն՝ արժանապատիվ ու իրատեսականության հիմքի վրա:

ՀԱՐՑՈՒՄ…
Դպրոցում կա Հայ եկեղեցու պատմություն առարկան, ըստ ձեզ դա ուղիղ քարո՞զ է դեռ չկողմնորոշված երեխայի ազատ կամքի արտահայտմանը, հաշվի առնելով, որ սահմանադրության մեջ կա կետ, որ յուրաքանչյուր ոք ունի խղճի, մտքի և դավանանքի ազատության իրավունք։

ՊԱՏԱՍԽԱՆ…
Այն, որ մեր պատմության անբաժանելի մաս է մեր կրոնական պատմությունը, ակնհայտ փաստ է: Որ այդ մասին գիտելիքներ պետք է տրամադրվեն երեխաներին՝ նույնպես: Հարցն այն է, թե ինչքանո՞վ է անհրաժեշտ այդ գիտելիքի առանձնացումը հայոց պատմություն առարկայից և առանձին դասագրքով ու այդպիսի ժամաքանակով մատուցումը երեխաներին: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ իրականացվում է առանձին կրոնական կառույցի պատմության ուսումնասիրություն, որը կարծում եմ հանրակրթության խնդիր չէ, այլ մասնագիտական համապատասխան կրթության:

Քանի որ գիտելիքի տեսանկյունից ես առարկայի անհրաժեշտությունը հանրակրթության մակարդակում չեմ հասկանում, ապա կարող եմ ենթադրել, որ խնդիրը գիտելիքը չէ, խնդիրը գաղափարախոսական կամ ավելի ճիշտ է՝ դաստիարակչական նշանակությունն է: Այս դեպքում արդեն հասնում ենք քարոզին և խղճի ազատության սահմանադրական իրավունքին, որովհետև դաստիարակությունը քարոզ է՝ ցանկալի վարքականոնի, արժեքների և մոտեցումների քարոզ:

Բոլոր այս և մյուս նորահայտ առարկաների պարագայում կա չափից դուրս ակնհայտ նաև մեկ այլ խնդիր՝ իսկ ովքե՞ր են ուսուցիչները: Մենք ունենք այն դառը փորձը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո աթեիզմի տեսության դասախոսները մեկ գիշերում դարձան կրոնի պատմության դասախոսներ: Ովքե՞ր են եկեղեցու պատմության ուսուցիչները, ովքե՞ր են շախմատի ուսուցիչները, ովքե՞ր են ազգային երգի ու պարի ուսուցիչները: Մանկավա՞րժ են արդյոք նրանք: Փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ են մանկավարժ, իսկ որոշ դեպքերում նաև մեղմ ասած հակամանկավարժ են:

Այլ խնդիր է նաև այն տարիքը, որ ընտրվել է երեխաներին այս բովանդակությունն ու դաստիարակություն-քարոզը անելու համար: Ներկայում դրանք տաս տարեկան երեխաներն են, բայց փաստորեն հայտարարված պլաններում է նաև յոթ տարեկանից սկսած՝ երեխաներին նմանատիպ առարկաներ ուսուցանելը: Որպես անկախության շրջանում հայրենասիրական առաջին բովով անցած կրթական բովանդակության զոհ ասեմ, որ մեզ մոտավորապես այդ տարիքում սկսեցին օրինակ երգեցողության ժամերին սովորեցնել բուռն հայրենասիրական երգեր, ինչպես ասենք՝ հիմի՞ էլ լռենք եղբայրք, հիմի՞ էլ: Ձեր կարծիքով, ի՞նչ մնաց ինձ այդ ամբողջ բովանդակությունից: Մանկական սարսափ՝ վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա տողերից, անորոշ մի համոզվածություն, որ ինչ-որ մարդիկ մեզ սրի են քաշելու ու որ ավելի սարսափելի է, որ գուցե Անդրանիկ փաշան էլ այդժամ ելնի գերեզմանից:

Ի՞նչ է ասածս. պատկերացրե՞լ ենք արդյոք, թե ինչ ազդեցություն է թողնելու այս ամբողջ բովանդակությունը երեխաների հոգեբանության ու պատկերացումների վրա: Չէ՞ որ նրանք պավլովյան շներ չեն, որ պայմանական ռեֆլեքսներ ձևավորեն. եկեղեցի բառը ծրագրավորենք,ու ըստ այդմ բարձրանա հայրենասիրության չափաբաժինը: Ի՞նչ ենք ստանալու վերջում:

Հաշվարկե՞լ ենք, մոդելավորե՞լ ենք, մտածե՞լ ենք: Ու ամենակարևորը. քննարկե՞լ ենք: Նաև ծնողների հետ: Նաև՝ դժգոհ ծնողների հետ:

ՀԱՐՑՈՒՄ…
Ինչպիսի կրթական համակարգ կցանկանայիք, որ ունենանք, որպեսզի դպրոցից ԲՈւՀ, այնուհետև՝ աշխատաշուկա ազատ մարդ, ազատ քաղաքացի ձևավորվեր։

ՊԱՏԱՍԽԱՆ…
Աշխարհը գնում է հարատև կրթության գաղափարին: Քանի ապրում ես՝ սովորում ես: Պետք է սովորես: Որովհետև կյանքի ընթացքն այնքան արագ է, որ ստացածդ ցանկացած գիտելիք հնանում է քեզնից արագ: Ուստի միակ տարբերակը, որին վաղուց արդեն սկսել են անցում անել տարբեր երկրների կրթական համակարգերը, ոչ թե ինֆորմացիայի փոխանցումն է, այլ հմտությունների փոխանցումը՝ անհրաժեշտ ինֆորմացիա/գիտելիք փնտրելու, վերլուծելու, մոդելավորելու, որոշումներ կայացնելու, հետևություններ անելու և այլ հմտությունների, այսինքն՝ մտածելու և ստեղծագործականության կարողությունները խթանելուն ուղղված կրթությունն է, որ արժեք ունի:

Մտածող մարդկանց կառավարելը դժվար է, նրանք մտրակի ու բլիթի ռազմավարության պասիվ կրողներ չեն կարող լինել, նրանք հանրային գործընթացի համահավասար մասնակիցներ են, որոնք քննարկում են, վերլուծում, որոշումներ կայացնում, վերահսկում: Ցավոք, այս հեշտ կառավարելիությունը նաև մի բան է, որ իդեալ է մանկավարժների զգալի մեծամասնության համար: Նրանք էլ ուզում են հեշտ կառավարելի աշակերտներ: Ձեր երեխաները դեռ աշխույժ են, – մի անգամ ասացին ինձ, երբ նոր էի սկսել որպես ծնող առնչվել մեր կրթության համակարգին,- ոչինչ նրանք շուտով աշակերտ կդառնան: Ես սարսափեցի ավելի, քան երբ ինքս էի աշակերտ:

Իրականում ես մեկ-մեկ կատակում եմ, որ մեզանում ընթանում է չհայտարարված պատերազմ ծնողների և հանրակրթության միջև: Կրթական համակարգը միայնակ չի կարող փոխել այս վարքականոնը, բայց այն կարող է հարգել աշակերտին և նրա կարծիքը, ոչ թե սահմանափակել նրանց, այլ խթանել սեփական միտքն ու ինքնուրույնությունը: Բայց կրթությունը, ինչպես ասացի, բնականորեն պահպանողական կառույց է, որը մեզանում չի գտել նորարարարության ու պահպանողականության իր հավասարակշռությունը: Այնպես որ, մեր հույսը պետք է լինեն ոչ թե կառույցը, այլ այդ կառույցի մաս կազմող, բայց դրանում խնդիրներ գտնող, հարցեր տվող ու հարցերի պատրաստի պատասխաններով չբավարարվող երեխաները:

http://www.lragir.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail