«Մեր սկզբունքն է՝ ընտրել այնպիսի թեմա, որի շուրջը կհամախմբվի հայկական ողջ լրատվադաշտը». Շահան Գանտահարյան

Shahan-Gantaharyan-hayern aysor
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան

12 փետրուար 2016

Աշնանը Երևանում և Ստեփանակերտում կանցկացվի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Համաժողովին ընդառաջ՝ «Հայերն այսօրը» զրուցել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

– Պարո՛ն Գանտահարյան, ինչպե՞ս են ընթանում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

– Նախապատրաստական աշխատանքները երկու ուղղությամբ են լինելու: Առաջինը՝ համաժողովի ընդհանուր խորագրի ներքո թեմատիկայի, զեկույցների և զեկուցումների շրջանակներում է լինելու: Վերջինս իր մեջ ներառում է մանրամասների ճշտում, զեկույցների նախագծերի, հատակագծերի նախապատրաստական աշխատանքների հստակեցում: Այս հարցերի հետ կապված  նախատեսում ենք որոշ քննարկումներ, որպեսզի զեկույցների ճիշտ խորագրեր ընտրվեն, իսկ զեկուցողներն էլ ճիշտ ուղղությամբ ծավալեն զեկույցները, որովհետև դրանց հետևելու են քննարկումներ:

Նման աշխատանքի փորձառություն ունենք, որովհետև նախորդ երեք համաժողովները նույն ձևով են ընթացել:

Առաջարկներ ենք ստացել համակարգող խորհրդի անդամներից և առաջարկներից որոշ բյուրեղացումներ են արվել: Փորձել ենք զեկուցողներ ներգրավվել տարբեր աշխարհագրական միջավայրերից և քաղաքական շրջանակներից, որպեսզի բոլորը ներգրավված լինեն, մասնակիցը դառնան համահայկական համաժողովին: Կարևոր է նոր մասնակցությունների ապահովումը, նոր լրատվամիջոցների ընդգրկումը: Այսօր նոր կազմակերպվող համայնքներում նոր լրատվամիջոցներ են ստեղծվում, որոնց պետք է ներգրավվենք մեր աշխատանքներում, որպեսզի ոչ մեկին չանտեսենք:

Նախապատրաստական աշխատանքների երկրորդ բաժինը (գործնական աշխատանքներ, անցկացման վայրի, կեցության, տեղափոխության հետ կապված հարցեր) ծանրանալու է Սփյուռքի նախարարության աշխատակիցների ուսերին:

Աշնանը կայանալիք համաժողովը սկսվելու է Երևանում և շարունակվելու է Ստեփանակերտում: Արցախում համաժողով կազմակերպելու փորձ մենք արդեն ունենք. բոլորս ենք հիշում Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը:

Բավականին խորհուրդ ունի 8-րդ համաժողովը: Այս տարի մենք տոնում ենք մեր երկու Հանրապետությունների 25-ամյակը: Տեղեկատվական ոլորտը գաղափարախոսական, համազգային համագործակցության ճիշտ ոլորտները ճշտելու առումով ամենաառաջինն է, որ նախապատրաստվում է այս ձևով նշելու հոբելյանական տարին և՛ Հայաստանում, և՛ Արցախում:

Համակարգող խորհուրդը շատ կարևոր նախապատրաստական աշխատանքների փուլում է: Առաջիկայում շատ անելիքներ կան:

– Պարո՛ն Գանտահարյան, փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվեց համաժողովի խորագիրը՝ «Հայոց պետականությունը մեր միասնության առանցքն է»: Վերջնակա՞ն է խորագիրը և ի՞նչ է այն ենթադրում:

– Այո, կարելի է այն վերջնական համարել: Առաջարկվեց խորագիր և բոլորը միաձայն համաձայնեցին: Կարծում եմ՝ շատ օրինաչափ է. տարին հոբելյանական է, և ընտրված խորագիրն էլ տեղավորվում է տարվա խորհրդին համապատասխան իմաստի սահմաններում:

Համաժողովի խորագիրն ինքնին ենթադրում է աշխատանք կոնկրետ ուղղությամբ և թեմայով: Խորագրերը երբեք պատահական չեն ընտրվում և որոշակի նպատակ են հետապնդում: Լավագույն օրինակը՝ նախորդ համաժողովներն են, տեղեկատվական ոլորտի այն համագործակցության դաշտը՝ որը ձևավորվեց և կայացավ Լրագրողների համաժողովների ընթացքում և համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում ծավալած համագործակցությամբ:

Ընտրված խորագրի շրջանակներում տեղեկատվական ոլորտի ծավալած գործունեությունը՝ իբրև  համապատասխան միջոցառումները, աշխատանքները, քաղաքական խնդիրները արձագանքող լրատվադաշտ, շատ կարևոր է: Այն, ինչ-որ առումով, նպաստում է նաև ներազգային հանրային կարծիքի ձևավորմանը:

– Պարո՛ն Գանտահարյան, փոփոխություններ, նորություններ նախատեսվո՞ւմ են առաջիկա համաժողովի ընթացքում:

– Կփորձենք աշխատել, որ քննարկման եղանակների միջև որոշ ակտիվություն լինի, որպեսզի ակտիվանան խմբային աշխատանքները: Միաժամանակ կփորձենք քննարկման նոր ձևաչափեր ուրվագծել՝ արդյունավետ քննարկումներ ապահովելու առումով:

Համաժողովի ընդհանուր թեմատիկան պարզ է. թեմատիկային համահունչ կլինեն զեկույցներ տարբեր թեմաներով:
Զեկուցումների առումով, թեկուզ հեռակա, աշխատանքներ պետք է տարվեն, առաջարկներ մշակվեն: Նախագիծը կպատրաստվի, կներկայացվի խորհրդի անդամներին ու այդպիսով կվերջնականանա:

– Պարո՛ն Գանտահարյան,  եթե նկատի առնենք նախորդ համաժողովների փորձը, արդյո՞ք խորագրերը, ընտրված թեմաները նպատակին ծառայում են:

– Միանշանակ, և պետք է նշեմ, որ նախորդ թեմաները որոշակի առաջընթաց գրանցեցին կոնկրետ ոլորտներում, ինչպես օրինակ՝ հակառակորդների սանձազերծած ապատեղեկատվական արշավներին, աշխատանքներին հակազդելը և որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերելը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական և ճիշտ լուսաբանման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այժմ էլ՝ պետականությունն իբրև միասնականության առանցք:
Կարծում եմ, որ ընտրված թեմաներն այնպիսի համահայկական հնչեղություն ունեն, որ ներգրավում են և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Սա է մեր մոտեցման ընդհանուր սկզբունքը՝ ընտրել այնպիսի թեմա, որի շուրջը կհամախմբվի հայկական ողջ լրատվադաշտը:

Նկատենք, որ նախորդ համաժողովները նպաստեցին փոխճանաչողությանը: Փոխճանաչում եղավ ո՛չ միայն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լրագրողների միջև, այլև ներսփյուռքյան առումով, որովհետև համասփյուռքյան առումով նման մեծ տարողությամբ միջոցառում, համախմբում չէր եղել:

Հայաստանում համախմբվելը և Սփյուռքի  նախարարության առընթեր գործող համաժողովների համակարգող խորհրդի կողմից այս հետաքրքրաշարունակական աշխատանքների կազմակերպումը նպաստեցին, որ ներսփյուռքյան ինքնաճանաչում լինի նաև լրատվական դաշտում:

Սա շատ կարևոր խնդիր է: Իսկ ամենահիմնական, ամենաարդյունավետ, ամենաճիշտ միջավայրը հայրենիքն է, որը պետք է համակարգի, նույնիսկ կառուցակարգի այս աշխատանքները:

– Նախորդ 7 համաժողովներն ի՞նչ են փոխել համահայկական լրատվական դաշտում: Եվ ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը:

– Անկախ որոշակի մտածողություն ձևավորելուց, քանի որ երբ տարբեր դիտակետերից որևէ հարցի մասին քննարկումներ են լինում, իրազեկման խնդիրների տարբեր գործընթացները շատ-շատ կարևոր են:

Բայց ամենագործնական օրինակներից մեկն այն է, որ սփյուռքյան լրատվամիջոցներն ունեցան իրենց գործընկերները Հայաստանում, Արցախում, նույնիսկ աշխատակիցները ճշտվեցին և սկսեցին տեղում լուսաբանել նյութերը: Սփյուռքյան մամուլում, լրատվամիջոցներում սկսվեցին տպագրվել ավելի օբյեկտիվ լուսաբանումներ հայաստանյան իրականության մասին: Սակայն, ցավոք, նույն թափով չի ընթանում սփյուռքյան իրադարձությունների լուսաբանումը հայաստանյան լրատվական դաշտում: Բայց պետք է նշեմ, որ Լրագրողների համաժողովները  նպատեցին նաև դրա աշխուժացմանը:
Շատ եմ կարևորում, որ եռակողմանի կապը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, ակտիվ աշխատի: Շատ հետևողական հանդիպումները համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում, այս բոլոր կապերը, հարցերը համակարգելու և որոշակի հաղորդագրություններով փորձելու այդ աշխատանքների վրա ազդեցություն գործելը,  գունավորելը, կարծում եմ՝  իրենց դրական ազդեցությունը գործեցին համահայկական լրատվադաշտի ձևավորման և կայացման գործում:

Իհարկե, տարբերությունները, տարբեր դիտակետերը, տարբեր ոճի մեկնաբանությունները հարստացնող են, բայց կա երկրորդ, հիմնական խնդիր, երբ արդեն թեման է որոշում՝ նշանակում է, որ տարբեր շրջանակներից մասնակցողների ընդհանուր համաձայնություն,  ընդհանուր համախոհություն կա: Օրինակ՝ բոլորն էին համաձայն, որ Հայոց պետականությունն իսկապես մեր միասնության և համախմբման առանցքն է, և այս հարցում ընդհանուր առումով որևէ տարաձայնություն չկա:
– Պարո՛ն Գանտահարյան, ցանկացած աշխատանք, հատկապես նման տարողության, ենթադրում է որոշակի բացթողումներ: Որո՞նք են եղել համաժողովի բացթողումները և ի՞նչ է արվել դրանք շտկելու ուղղությամբ:

– Անկախ մանր-մունր բացթողումներից, կազմակեպչական ինչ-ինչ թերացումներից, որոնց ես չէի ցանկանա անդրադառնալ, որովհետև դա առաջնային խնդիր չէ, հիմնականը, ինչը մենք պետք է կարողանանք իրականացնել համաժողովներից հետո՝ գործնական բաժինն է: Այդ գործնական բաժնի համար միասին աշխատելը, համագործակցության ավելի գործնական ուղիների որոնումը, այս բաց համակարգը, ցանցային կառույցը լիարժեք օգտագործելու գործնական եղանակների և ժամանակին  համահունչ մեթոդաբանության որդեգրումը պետք է ավելի կենտրոնացնել՝ աշխատանքի նպատակաուղղվածությունը ապահովելու համար:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

http://hayernaysor.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail