14 փետրուար 2016
Փետրվարի 9֊ին ջավախահայ հայտնի գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը բաց կոչով դիմել է իր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց խոչնդոտել պանթուրանիստական ծրագրերի իրականացմանը Ջավախքում։
«Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին: Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները:
Բարձրացնենք մեր ձայնը վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը, ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը», ֊ գրել էր Չախալյանը՝ մինչ այդ ներկայացնելով, թե ինչպիսի ծրագրեր է իրականացնում թուրք֊ադրբեջանական դաշինքը Վրաստանի հարավում և հայկական Սամցխե֊Ջավախքում:
Հայտնի քաղաքական գործչի կոչն ավելի քան տեղին էր։ Քաղաքական, տնտեսական և հատկապես ժողովրդագրական էքսպանսիոնիստական այն ծրագրերը, որոնք թուրք֊ադրբեջանական դաշինքն իրականացնում է Վրաստանի տարածքում, սպառնալիք են դարձել ոչ միայ այդ պետության, այլև Հայաստանի և Արցախի համար։ Ընդ որում, ներկայիս Վրաստանի տարածքում բնակվող հայությունը ժամանակի հետ չդարձավ այն գործոնը, որը մի կողմից կապահովեր Հայոց հայրենիքի հյուսիսային սահմանների անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ նպաստեր հայ֊վրացական հնարավոր դաշինքի ստեղծմանը։
Աշխարհաքաղաքական այն միջավայրը, որում գոյատևում է Հայաստանը, ջավախահայության համար ահա այսպիսի առաքելություն էր պատրաստել։ Ցավոք, այդ խնդիրները մինչ օրս մնում են չլուծված։ Ընդ որում, այս հարցում մեղավորներ է պետք փնտրել թե՛ Թիֆլիսում, Ախալցխայում ու Ախալքալակում և թե՛ Երևանում։ Թերևս՝ հենց Երևանից է պետք սկսել…
Ի հակառակ այս փաստի, տարածաշրջանային զարգացումներին շատ ակտիվ են հետևում Բաքվում և Անկարայում։ Որպես դրա հետևանք՝ Չախալյանի կոչին առաջիններից մեկն արձագանքեցին հենց նրանք՝ Ադրբեջանի թուրքերը։
Ընդամենը մի քանի տարի առաջ Ալիևի վարչակազմի վրա մահակ բարձրացրած, իսկ հիմա նույն վարչակազմի համապատասխան տեղը լիզող Ֆաթուլաևը՝ նույն ինքը Գապոն քահան, Վրաստանում Ադրբեջանի կողմից աճեցված հինգերորդ շարասյունը ոտքի է հանել՝ փորձելով Չախալյանին հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնել վրաց հանրությանը։ Մեթոդները, բնականաբար, հին են՝ էլ ռուսի գործակալ, էլ անջատողական, էլ ահաբեկիչ…
Բայց, փորձելով դաշինք ձևավորել Վահագն Չախալյանի ու ընդհանրապես հայության դեմ, Գապոն քահանան ապացուցել է այն վտանգի առկայությունը, որի մասին խոսում էր ջավախահայ հայտնի գործիչը։
Այո, թուրք֊ադրբեջանական դաշինքին հաջողվել է բավական լուրջ ներկայություն ապահովել Վրաստանի տարածքում և հիմա այդ գործոնը ծառայեցնում է հայկական պետությունների և հայոց շահի դեմ պայքարում։ Ծառայեցնում է այնպես, ինչպես կարողանում է։ Որքան դա հասու է թուրքի մտավոր ունակություններին։ Բայց ծառայեցնում է։
Վահագն Չախալյանը տարածաշրջանում հայության համար կարևոր խնդրի է մատնանշել։ Նրա կոչի հասցեատերը չպիտի միայն ջավախահայությունը լինի։
Այս հարցը միասնական մոտեցում և համընդգրկուն լուծումներ է պահանջում, քանզի այն վերաբերվում է ոչ միայն Ջավախքին, այլև հայ֊թուրքական հակամարտությանն ընդհանրապես։ Սահմանում իրավիճակ սրելով, ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները շարունակել֊չշարունակելու մասին հայտարարություններով՝ Ադրբեջանն իրականում այլ ուղղությամբ է հարվածում Հայաստանին։
Թուրք֊ադրբեջանական դաշինքի ահա այդ մոտեցումն է, որ իրական սպառնալիք է հայկական պետությունների համար։
Հայ֊թուրքական հակամարտությունն այսօր տեղափոխվել է Ջավախք, և մենք իրավունք չունենք ջավախահայությանը մենակ թողնել այդ պայքարում։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին բոլորս համախմբվեցինք արցախահայության շուրջ։
Բայց եթե Արցախի պարագայում հայությունն իսկական դաշնակից չուներ, ապա Սամցխե֊Ջավախքի դեպքում գոյություն ունի նաև շահագրգիռ երրորդ կողմը՝ Վրաստանը։ Թուրք֊ադրբեջանական էքսպանսիան նույնքան մեծ վտանգ է նաև վրացական պետության համար, որը հետզհետե կորցնում է ազդեցությունը երկրի հարավային շրջաններում։ Հայ֊վրացական հարաբերությունների օրակարգում այս հարցը պիտի իր արժանի տեղը գրավի։ Հակառակ պարագայում՝ նոր աղետն անխուսափելի կլինի։
Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
http://times.am