Հայաստանն անցնում է «հակահարձակման» Հայաստանն անցնում է «հակահարձակման»

Թեմա — 19 փետրուար 2016

«Ինտերֆաքը» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի իրավական տեղեկատուի կայքը, հրապարակել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմատեխնիկայի մատակարարման վերաբերյալ վարկային համաձայնագրի մանրամասները։

Ըստ դրա` մինչև 10 տարի ժամկետով տրվող` 200 մլն դոլարի վարկի շրջանակներում Հայաստանը մինչև 2018թ․ ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և դրա համար անհրաժեշտ զինամթերք, «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր, «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, «Տիգր» զրահամեքենաներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետներ, «Դրագունով» դիպուկահարային զենք, ինժեներային և կապի միջոցներ:

Պարզ է, որ այդ վարկով ձեռք է բերվում ոչ թե ռազմավարական նշանակության «Իսկանդեր-Մ» հրթիռային կայանք, ինչպես տեղեկացվում էր ոչ պաշտոնական խողովակներով, այլ մարտական ակտիվ գործողությունների ժամանակ կիրառվող հարձակողական և պաշտպանողական բնույթի ժամանակակից զինտեխնիկա։

Շեշտը դրվել է ոչ թե հակառակորդին հեռահար հարվածներ հասցնելու պոտենցիալի մեծացման վրա, այլ ռազմաճակատային պայմաններում ավելի ինտենսիվ հարձակողական և պաշտպանական գործողություններ իրականացնելու։

2010-11թթ. սկսած` Ռուսաստանի հետ իրականացված մոտ 5 մլրդ դոլարի գործարքի միջոցով Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր արսենալը հենց այս տիպի հարձակողական տեխնիկայով։ Հայկական կողմի խնդիրը եղել է գոնե մասամբ այս հարթությունում ուժերի բալանսը վերականգնելը։

Ինչ վերաբերում է «Իսկանդեր-Մ»-ի ձեռք բերման շուրջ խորհրդավորությանը, ապա դա, թերևս, հետապնդում էր հակառակորդին մեր իրական պոտենցիալի վերաբերյալ անորոշ վիճակում հնարավորինս երկար պահելու նպատակ։

Հետաքրքրականն այստեղ ոչ թե հայկական կողմի ձեռքբերումների բացահայտումն էր, այլ դրա համընկնումը ռուս-թուրքական առճակատման նոր, ավելի վտանգավոր մակարդակ տեղափոխվելու հետ։

Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում, Մոսկվային մեղադրելով Սիրիայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ, հայտարարեց, թե Ռուսաստանն ու Հայաստանը վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար, քանի որ Մոսկվան ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Երևանին։

Իհարկե, «տարօրինակ» է, որ այդ աջակցությունն Անկարայում չէին նկատում մինչև ՌԴ-ի հետ իրենց հարաբերությունների վատացումը։

Սակայն Դավութօղլուի ակնարկների թիրախը բոլորովին այլ էր՝ ցույց տալ, որ ԼՂ հիմնահարցի սրումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է, և դրա պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը։ Այս ուղերձը Մոսկվայում շատ լավ հասկացան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց, թե Ռուսաստանը և Ադրբեջանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական, գործընկերային հարաբերություններ են կառուցում, և Թուրքիային չի հաջողվի իրենց միջև սեպ խրել:

Այս «փոխհրաձգությանը» հաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խորհրդավոր այցը Բաքու, ով Ադրբեջան մեկնեց նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն։ Վերջինս Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով հետաձգել էր Ադրբեջան կատարելիք իր այցը։

Թե կոնկրետ ինչի՞ շուրջ էին ընթացել բանակցությունները Չավուշօղլուի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հայտնի չէ, սակայն ինքնին փաստը, որ անգամ Անկարայում 26 զինվորական օդաչուի կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայի արտգործնախարարը գործուղվում է Բաքու, վկայում է Ադրբեջանի հետ ինչ-որ հարցերում համաձայնությունների հասնելու` Անկարայի հետևողականության ու շտապողականության մասին։

Եվ ահա այս իրադարձությունների ֆոնին ագրեսիվ տոնայնությամբ հայտարարություններ են հնչում Երևանից։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը 16-17-ին Վիեննայում կայացած` «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ Հայաստանը գործի է դնելու «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system)՝ առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար:

«Սանձահարում/զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայություն։ Իրականում` 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ»,- ասել է Տոնոյանը:

Իհարկե, հայկական զինված ուժերը նոր չէ, որ անցել են հակառակորդին սանձահարելու կամ զսպելու մարտավարությանը։ Սակայն Ռուսաստանից նոր հարձակողական զինտեխնիկայի ձեռք բերման, Ադրբեջանին ռուս-թուրքական դիմակայության մեջ ներքաշելու և ԼՂ խաղաթուղթը խաղարկելու` Անկարայի ակնհայտ հավակնությունների ֆոնին դրա մասին Եվրոպայում հստակ հայտարարելը ձեռք է բերում բացարձակապես այլ երանգավորում։

Երևանից հնչող այս «մեսիջի» ենթատեքստն այն է, որ ստեղծված իրավիճակից կարող է նույնիսկ ոչ թե Ադրբեջանն օգտվել, որն իրականում գտնվում է ռուս-թուրքական առճակատման պատանդի կարգավիճակում, այլ հայկական կողմը՝ նոր ստատուս քվո պարտադրելու համար կամ ստիպելու Բաքվին` ավելի կառուցողական լինել ԼՂ բանակցություններում։

Այն փաստը, որ փոխնախարարի հայտարարությունը հնչում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, նախորդ տարվա համեմատ, զգալի կայուն իրադրության պայմաններում, չի բացառում, որ նպատակներից մեկը նաև այս իրավիճակի պահպանումը Բաքվին պարտադրելն է։

Մյուս կողմից` Հայաստանի հետ գործարքի մանրամասների հրապարակումը  և ՀՀ ՊՆ-ից հնչած հայտարարությունը պետք է ընկալել նաև Ռուսաստանի կողմից Բաքվին ուղղված նախազգուշացում՝ չտրվել Անկարայի ամբիցիաներին ԼՂ գոտում և ձեռնպահ մնալ քիթը սիրիական հարցի մեջ խոթելուց, ի դեպ, այդ ուղղությամբ նախանշաններ Բաքուն արդեն իսկ դրսևորում է։

Գևորգ Դարբինյան
http://www.yerkir.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail