Փրոֆեսէօր-Թաներ-Աքչամ
«1915 թ. գաղթի ճանապարհին մեղքը քրտերի վրայ են բարդում, լա՛ւ, իսկ Սիրիայում վերաբնակեցուած հայերին ինչո՞ւ սպաննեցին»:
Հայկական Կոտորածներից Մէկ Դար Է Անցել
Ապրիլքսանչորսեան քննարկումներն սկսուեցին Հռոմի պապ Ֆրանչիսկոսի այն արտայայտութեամբ, որով կոտորածները որակում է «ընդհանրապէս անցեալ դարաշրջանի առաջին ցեղասպանութիւն»: Վատիկանը Հռոմի պապի խօսքը մեկնաբանեց որպէս մէջբերում, սակայն անգամ այս պարզաբանումը չխանգարեց, որպէսզի Հռոմի պապը չդառնայ Թուրքիայի որոշ քաղաքական գործիչների թիրախը: Վարչապետ Ահմեթ Տաւութօղլուն կոտորածի վերաբերեալ ցաւակցական ուղերձում ասաց. «Մեր մարդկային եւ պատմական պարտքն է տէր կանգնել հայերի յիշողութեանը», սակայն բողոքի հրապարակներում 1915 թ. վատ յիշողութիւնները «ցեղասպանութիւն» որակողներին թիրախ ընտրեց, իսկ Հռոմի պապ Ֆրանչիսկոսին յիշեցրեց ԺԳ. դարում Սպանիայում գործած հաւատաքննութեան դատարանների մասին:
Այն դէպքում, երբ 100-րդ տարելիցին Գերմանիան, Աւստրիան, Չեխիայի Հանրապետութիւնը, Ռուսաստանն ու Եւրոխորհրդարանը տեղի ունեցած զանգուածային ջարդերը որակում են «ցեղասպանութիւն», Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման կրկին յիշեցրեց «Մեծ եղեռն» արտայայտութիւնը:
Թուրքիայի հասարակութիւնը դարձեալ օրակարգ բերեց նոյն քննարկումը` «ցեղասպանութի՞ւն է, թէ՞ ոչ», եւ «ցեղասպանութիւն չէ» որակողների ճամբարի գլխաւոր փաստարկը եղաւ «հայկական ապստամբութիւնը»:
Միացեալ Նահանգների Քլարք համալսարանի դասախօս, փրոֆ. դոկտոր Թաներ Աքչամն այս «տեղեկութիւնը» հարցականի տակ է դնում եւ ասում, որ` «համակարգուած հայկական ապստամբութիւն հետագայում է եղել: Եթէ նման բան լինէր, փաստաթղթեր կը լինէին»: Աքչամը շարունակում է.«Մարդուն անգամ ցաւ է պատճառում այն, որ այս ամէնը կեղծիք են որակում: Եթէ նայէք ապստամբութիւն որակուած դէպքերին մէկ առ մէկ, կը հասկանաք, թէ ինչ նկատի ունեմ: Այս փաստաթղթերը հրատարակուել են Գլխաւոր սպայակոյտի 8 հատորից բաղկացած աշխատութիւններում: Սակայն հաւանաբար ոչ ոք չի կարդացել… Օրինակ` Զէյթունի դէպքը, որը հայկական ապստամբութիւն է որակւում, լոկ զինուորական ծառայութիւնից խուսափած երիտասարդների ընդվզում է… Զէյթունի բնակչութիւնը եւս հաւանութիւն չէր տալիս երիտասարդների դիրքորոշմանը: Պիթլիսում դաշնակցական ներկայացուցիչը գործում էր զինուորական հրամանատարի հետ միասին: Այս ամէնի մասին կարելի է կարդալ շրջանի զինուորականների զեկոյցներում»:
Հարցին, թէ ցեղասպանութեան վերաբերեալ բարձրաձայն քննակումների ժամանակ մոռանում են, թէ «1915 թ. ինչ է կատարուելը», Աքչամը պատասխանում է.
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս որակել 1915 թ. դէպքերը` ցեղասպանութի՞ւն, տեղահանութի՞ւն, թէ՞ կոտորած:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նշուած բոլոր տարբերակները ճիշդ են: Սա ցեղասպանութիւն է: Շատ պարզ պատճառով ցեղասպանութիւն է:
Որովհետեւ Ռաֆայէլ Լեմքինը, ով գործածութեան մէջ է դրել «ցեղասպանութիւն» եզրը, այն կիրառել է հայերի հանդէպ կատարուածի համար: Հիմա` երբ փենիսիլինը յայտնագործած մարդն ասում է, թէ այս հիւանդութեան համար դեղ եմ յայտնագործել ու անունն էլ փենիսիլին եմ դրել, իմաստ ունի՞ ասել, թէ ա՛յ մարդ, այս դեղի անունը փենիսիլին չէ: Դա լրիւ յիմարութիւն կը լինի:
Երբ Ռ. Լեմքինը 1921 թ. ուսանող եղած ժամանակ լսում է Թալէաթ փաշայի սպանութեան վերաբերեալ դատավարութեան մասին, բաւականին ազդւում է եւ մի բան չհասկանալով` դիմում է իր ուսուցչին. «Մէկը մեղադրւում է մէկ միլիոն մարդու սպանութեան մէջ, սակայն ազատութեան մէջ է (Թալէաթ փաշայ), մինչդեռ միւսին, ով մեղադրւում է մէկի սպանութեան մէջ, ուզում են բանտարկել: Սա ի՞նչ է»: Ուսուցիչը պատասխանում է. «Պատկերացրու` մի հողագործ հաւեր ունի: Եթէ իր հաւերին սպաննում է, դա իր գործն է, հաւերն իրեն են պատկանում: Թէ ինչ կ՛անի` քեզ չի վերաբերում»: Այն, ինչ փորձում էր բացատրել Լեմքինի ուսուցիչը, միջազգային գերիշխանութեան սահմանումն է: Որեւէ պետութեան ներքին գործերին չի կարելի խառնուել. պետական պաշտօնեաները կարող են սեփական քաղաքացիների հետ կատարել այն ամէնն, ինչ ցանկանում են: Լեմքինը պատասխանում է. «Բայց մարդիկ հաւ չեն»: Այնուհետեւ թողնում է ուսումնասիրութեան դաշտն ու որոշում իրաւագիտութիւն ուսումնասիրել: Նա նպատակ է հետապնդում մշակել այնպիսի օրէնք, որը թոյլ կը տար պետական պաշտօնեաներին իրաւական պատասխանատուութեան ենթարկել իրենց կատարած յանցագործութեան համար: Նրան յաջողում է նման օրէնք մշակել:
Առաջին անգամ «ցեղասպանութիւն» բառն օգտագործում է 1944 թ. մի գրքում: Երկար պայքարից յետոյ 1948 թ. Միացեալ ազգերի կազմակերպութիւնն ընդունում է այն` որպէս ուխտ: Այդ թուականից առաջ եւ յետոյ տուած բոլոր հարցազրոյցներում, բոլոր յօդուածներում անընդհատ գրում է. «Ես այս եզրը հայերի նկատմամբ կատարուածի համար եմ կիրառում»: Պարզ ասեմ` հիմա մեր ծաւալած քննարկումը, թէ «այս եզրը ճիշդ չէ», անտեղի է: Այլեւս Թուրքիան պէտք է ազատուի այս նախնականութիւնից:
«Ժխտողները Գէթ Մի Հիմնաւոր Փաստարկ Չունեն»
Հ.- Ցեղասպանութիւն եզրը կիրառում են Ողջակիզման համար: Եւ խօսքը գնում է համակարգուածութեան մասին: Հայկական կոտորածների վերաբերեալ կարելի՞ է նոյնն ասել:
Պ.- Եթէ համակարգուած գաղափար չլինէր, ապա 1915 թ. մայիսից մինչեւ 1917 թ. 1,3 միլիոն մարդու աքսորելով` 1 միլիոնը չէիք կարող բնաջնջել: Պարզ իրականութիւնը, որին չեն կարողանում պատասխանել նրանք, ովքեր պնդում են, թէ այսքան մարդկանց սպանութիւնը Պոլսում չի ծրագրաւորուել, այս է. «Ուրեմն, չնայած այս մահերին` հարկ չեն համարել դադարեցնել աքսորը: Նախընտրել են այսքան մարդկանց այսքան երկար ժամանակահատուածում սպաննել, ոչնչացնել, քան թէ թողել իրենց տեղերում»: Չնայած դրա դէմ եղած հարիւր հազարաւոր փաստաթղթերի, եթէ անգամ ընդունենք, որ մահուան հրամանն ինքը չի արձակել, փաստ է, որ հող է նախապատրաստել մահերի համար, մահացութիւնների մասին իմանալով հանդերձ, շարունակել է մարդկանց աքսորել: Այսինքն, որ տեսանկիւնից էլ ուզում էք` նայէք, մէկ է` ժխտողներն անգամ մի հիմնաւոր փաստարկ չունեն:
«Քաղաքներում, Ուր Աքսորել Էին Հայերին, Սահմանել Էին Չափաբաժին` Հայերը Պէտք Չէ Կազմէին Բնակչութեան 10 Տոկոսից Աւելին»
Օսմանեան կառավարութիւնը, աւելի ճիշդ` Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը Օսմանեան կայսրութեան սահմաններում բնակուող հայ քաղաքացիներին իրենց բնակավայրերից աքսորելով` ոչնչացման էր դատապարտել եւ սա իրականացրել էր համակարգուած ձեւով: Իւրաքանչիւրը պէտք է պատասխանի հետեւեալ հարցին. համաձայն 1918 թ. սկզբի Թալէաթ փաշայի պաշտօնական տուեալների` աքսորուած հայերի թիւը մօտ 1,3 միլիոն էր: Այսքան հայի հանել էին իրենց ծնուած-մեծացած գաւառներից եւ աքսորել Սիրիա ու Իրաք: 1918 թ., երբ դաշնակից ուժերը զաւթում են Իրաքն ու Սիրիան, ենթադրւում է, որ այստեղ եղել է 150 հազարի չափ հայ: Մինչ այդ 1918 թ. Օսմանեան կայսրութեան տարածք ոչ ոք չի մտել: Աքսորուած հայերի թիւը 1,3 միլիոն է, ողջ է մնացել 200 հազար հայ: Լա՛ւ, իսկ մնացածն ո՞ւր են: Յօ՞դս են ցնդել, թէ՞ թռել են:
Մէկ այլ տեղեկութիւն ձեզ հաղորդեմ` օսմանեան կառավարութեան գաղտնի շրջաբերականներում ներքին գործերի նախարարութիւնից բոլոր շրջաններ` յատկապէս Հալէպ, Մուսուլ, Պէյրութ եւ Երուսաղէմ ուղարկուած շրջաբերականներում հրամայւում է, որ աքսորուած հայերը վերաբնակութեան վայրերում չգերազանցեն մուսուլմաններին. կազմեն բնակչութեան 10 տոկոսից ոչ աւելին: Լա՛ւ, իսկ այնտեղի մուսուլման բնակչութիւնը որքա՞ն է: 1,8 միլիոն, ուրեմն հայերի թիւն էլ 10 տոկոսի չափով է, այսինքն 180 է: Լա՛ւ, իսկ աքսորուած 1,3 միլիոն հայերի թիւն ինչպէ՞ս ես 180 հազարի հասցնելու: Հիմա հասկացա՞ք, թէ ինչու եւ թէ որքան հայ է կենդանի մնացել, ահա սա էլ ցոյց է տալիս, որ բնաջնջումը եղել է շատ համակարգուած:
«Աքսորի Ճանապարհի Մեղքը Բարդում Են Քրտերի Վրայ, Իսկ Քաղաքների Հայերին Ո՞վ Սպաննեց»
Լա՜ւ, մի պահ եկէք մտածենք, որ ոչ ոք չի հաւատում համակարգուած լինելու փաստին. ձեզ մէկ այլ հարց ուղղեմ. աքսորը տեւել է 1915 թ. մայիսից մինչեւ 1915 թ. հոկտեմբեր-նոյեմբերը: Յունիսից-հոկտեմբեր աքսորից կենդանի մնալ յաջողած, այսինքն Սիրիա հասած հայերին վերաբնակեցնում են այստեղ: Լա՜ւ, իսկ այս վերաբնակեցուած հայերին ինչո՞ւ են սպաննում: Ենթադրենք, թէ Քիւրտիստանի լեռներում գործընթացն իրենց հսկողութիւնից դուրս էր: Հսկայական 4-րդ բանակային զօրասիւնի հսկողութեան տակ գտնուած հարթ հողատարածքի վրայ 1916 թ. մայիսից մինչեւ 1917 թ. սկիզբը 250 հազար հայ ինչո՞ւ է սպաննւում: Գաղթի ժամանակ սպանութեան մեղքն ուզում են քրտերի վրայ բարդել: Լա՛ւ, իսկ այստեղ մեղքն ո՞ւմ վրայ էք բարդելու:
1915 թ. հոկտեմբերից սկսած եւ հիմնականում 1916 թ. Հալէպը եւ շրջակայ Ռաս Ուլ Այնի եւ Ռաքքայի պէս աւանների, Մունճուպի, Մամուրէի, Իսլահիէի, Քաթմայի, Պապի, Մեսքենէի եւ Տիւպսի նման բոլոր համակենտրոնացման ճամբարները եւ բնակավայրերը դատարկում եւ հայերին կրկին աքսորում են Տէր Զօրի անապատները` բնաջնջելով մինչեւ 1917 թ. սկիզբը: Այս տեղեկութիւնները յենւում են փաստաթղթերի վրայ, որոնք գոյութիւն ունեն:
Դէ, ենթադրենք, թէ Անատոլիան հայերից դատարկելիս պատճառ բերեցիք, թէ «կառավարութիւնը չէր կարողանում հսկել», լա՛ւ, իսկ Սիրիայում բնակեցուած հայերին, որոնք 1916 թ. մօտ 500 հազարի էին հասնում, ինչո՞ւ տնից-տեղից կտրեցիք: Չէ՞ որ ձեր նպատակը վերաբնակեցումն էր, այդ դէպքում ինչո՞ւ վերաբնակեցուած հայերին բռնի տեղահանեցիք: Ինչո՞ւ 1916 թ. մարտից սկսած` ոստիկան զօրաց միջոցով բնաջնջեցիք նրանց: Լեռնային շրջան չէ, հարթավայր է, եւ ողջ տարածքը 4-րդ բանակային զօրասիւնի հսկողութեան տակ է…
Կարծում եմ` ընդհանրապէս կարիք չկայ շարունակելու այս ժխտողականութիւն կոչուած յիմարութիւնը: Գերմանիայի, Աւստրիայի, Անգլիայի, Ամերիկայի եւ օսմանեան բոլոր արխիւները մեզ դրա մասին են վկայում: Վերջ ի վերջոյ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը պատերազմի տարիներին օրակարգ էր բերել Անատոլիայի հայկական բնակչութիւնը ոչնչացնելու ծրագիրը եւ երկու տարի շարունակ համակարգուած կեանքի կոչեց այն:
Նպատակը Քրիստոնէական Բնակչութիւնը Նուազեցնելն Էր. Յոյներին Աքսորեցին, Հայերին Բնաջնջեցին
Հ.- Լա՜ւ, իսկ դա պատմական զարգացում ունէ՞ր: Դա պատերազմի ընթացքում պահի թելադրանքով կայացուած որոշո՞ւմ էր, թէ՞ տարիներ առաջ էին որոշել:
Պ.- Յայտնի է, որ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը, երբ 1913 թ. սկսում է տանուլ տալ Պալքանեան պատերազմում, ցանկանում է մուսուլման թուրքերի մեծամասնութեան առանցքով Անատոլիան միատարր դարձնել: Այս նպատակով յատկապէս ամբողջ 1914 թ. ընթացքում Եգէական շրջանի` յատկապէս ծովամերձ հատուածի յոյներին աքսորել է Յունաստան: Նպատակն այս շրջանի քրիստոնէական բնակչութիւնը նուազեցնելն էր: Հայերին էլ են այս նպատակից դրդուած ոչնչացրել, քանի որ չկար մի երկիր, ուր չուղարկէին:
Այն հարցի վերաբերեալ, թէ հայերին բնաջնջելու որոշումը երբ եւ ինչպէս են կայացրել, մեր ձեռքում որոշ փաստաթղթեր կան, համաձայն որոնց, բնաջնջման վերաբերեալ վերջնական որոշումը մեծ հաւանականութեամբ կայացուել է 1915 թ. մարտի վերջերին: Սրա մասին տարբեր ապացոյցներ կան: Սակայն չգիտենք, թէ դրանից առաջ, օրինակ` նախքան պատերազմը բնաջնջման վերաբերեալ որեւէ որոշում կայացուած եղե՞լ է, թէ՞ ոչ: Ցանկանում եմ յիշեցնել 1942 թ. Վենզէի համաժողովում հրեաներին ոչնչացնելու նացիականների որոշման մասին: Ըստ էութեան, այս ժողովի նպատակն էր նախկինում կայացուած որոշումը համակարգել: Հրեաների բնաջնջումն այս թուականից շատ աւելի շուտ էր սկսուել:
«Իթթիհատականները 1914 Թ. Փետրուարի Բարեփոխումներն Ընկալեցին Որպէս Արեւելեան Անատոլիայի Կորուստ»
Հիմա չգիտենք` 1915 թ. մարտի վերջին կայացուած որոշումն այդ պահի՞ն է կայացուել, թէ՞ Վենզէի համաժողովի նման` նախապէս կայացուած որոշումը գործադրելու ուղղութեամբ է եղել: Կարծում եմ, որ պատերազմից առաջ նման որոշում չի եղել: Ինչի՞ վրայ յենուելով եմ ասում. յենուելով ներքին գործերի նախարար Թալէաթ փաշայի` 1915 թ. մայիսի 26-ին վարչապետին ներկայացրած երկար զեկոյցի վրայ… Այստեղ Թալէաթ փաշան ասում է. «Ստորագրելով 1914 թ. փետրուարի բարենորոգումների մասին ծրագիրը` արեւելեան Անատոլիայի որոշ վիլայեթներ օտարների հսկողութեան տակ անցնելու վտանգ առաջացաւ, ինչպէս որ Եւրոպայում, այստեղ եւս կորցնելու էինք մեր հողերը»: Այսինքն 1914 թ. փետրուարի բարեփոխումների համաձայնագիրն իթթիհատականների համար հաւասարազօր էր արեւելեան Անատոլիայի կորստին:
Եւ իր այդ նամակում Թալէաթ փաշան շարունակաբար ասում է, որ` «Մեր երկրի գլխին պատուհաս դարձած այս հայկական բարենորոգումների խնդիրը վերջնականապէս լուծելու համար որոշ բաներ էինք մտածում, երբ պատերազմը ծագեց»: Այսինքն պատերազմից առաջ իթթիհատականները մտադրուած էին Հայկական հարցն արմատականօրէն լուծելու խնդրով եւ իրար մէջ քննարկում էին այն:
Մեր ձեռքում այլ հետաքրքիր փաստաթղթեր եւս կան, որոնք հրատարակել եմ իմ գրքերում: Օրինակ` 1914 թ. նոյեմբերին Էրզրումի եւ Վանի վիլայեթներ ուղարկուած հեռագրերում հրամայւում է. «Շարժուէք համաձայն տեղական անհրաժեշտութեան, մինչեւ որ հայերի վերաբերեալ վերջնական որոշում ստանաք»:
Ելնելով այս ամէնից` կարծում եմ, որ իթթիհատականների համար երկու կարեւոր բեկումնային պահ է եղել. առաջինը 1914 թ. փետրուարի բարենորոգումների համաձայնագիրը (հնարաւոր է, որ այս համաձայնագրի հետ մէկտեղ, այսինքն` պատերազմից առաջ ձեւաւորուած լինի հայերին բնաջնջելու գաղափարը), երկրորդ` ամենայն հաւանականութեամբ պատերազմի ընթացքով պայմանաւորուած` յատկապէս Տարտանելի գործողութեան պատճառով գրանցուած մահացութիւններն ու Սարիղամիշի պարտութիւնը ստիպել են երիտթուրքերին մտածել, որ անգամ Պոլիսը չեն կարողանալու պաշտպանել եւ պահի թելադրանքով հայերին բնաջնջելու որոշում են կայացրել:
«Իթթիհատականները Մինչեւ 1912 Թ. Ամառը Գործում Էին Դաշնակցութիւն Կուսակցութեան Հետ Միասին»
Հ.- Լա՛ւ, իսկ հայերն իրօ՞ք վտանգ էին ներկայացնում, կարո՞ղ էր քաղաքացիական պատերազմ ծագել:
Պ.- Համաձայն մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի` ոչ: Սակայն օսմանցիներն օգտագործեցին հայերի` «Քաղաքացիական պատերազմի սպառնալիք լինելու» թեզը: Ինչո՞ւ վտանգ չէին ներկայացնում, որովհետեւ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը մինչեւ 1912 թ. ամառը գործում էր Դաշնակցութիւն կուսակցութեան հետ միասին: Անգամ պատերազմն սկսելու ժամանակ լայնածաւալ գործողութիւն չկար, որն ապստամբութեան յանգեցնէր: Տասնեակ հեռագրեր կան` ուղղուած Պոլիս, որտեղ նահանգապետները գրում են, որ շրջաններում ամէն ինչ հանգիստ է:
Բացի այդ` պէտք է հաշուի առնել նաեւ այն, որ երբ 1914 թ. օգոստոսի 2-ին համընդհանուր զօրահաւաք յայտարարեցին, 18-45 տարեկան բոլոր հայ տղամարդկանց բանակ զօրակոչեցին: Այս հայ զինուորներն սկզբում կանոնաւոր գումարտակներում էին, հետագայում կամաց-կամաց նրանցից բանուորական գումարտակներ կազմեցին: Բանուորական գումարտակների հայերին ոչնչացնելու էին: Մեզ յայտնի չէ, թէ օսմանեան բանակում որքան հայ զինուոր է եղել, եւ թէ որքան հայ է ներգրաւուած եղել այս բանուորական գումարտակներում: Ամենայն հաւանականութեամբ սրա վերաբերեալ վիճակագրութիւն կայ, սակայն այն գաղտնի է պահւում Գլխաւոր սպայակոյտի արխիւում:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
«ԹԷ, 24»
Թարգմ. ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»