Եզակի մի հուշարձան. ՍԱՀՄԱՆԱԽԱՉ
Սահմաններ մատնանշող բովանդակությամբ արձանագրություններով խաչքարեր կամ այլ կարգի կոթողներ թերևս էլի են եղել, բայց այսքան տարվա մեջ մինչև հիմա ինձ միայն մեկն է հանդիպել: Այն առաջին անգամ տեսել եմ 1980 թ. Շամքորի շրջանի Գառնակեր գյուղից ոչ հեռու` Հրեշտակապետաց վանքի բակում (տեղահան, սակայն ամբողջական դրության մեջ):
Առերևույթ սովորական խաչքարի թիկունքին արձանագրված էր. ՑՔՈՒՌ ԳԵՏ Ի ՏԱՒՈՒՇ ՁՈՐՈՅ, ՄԻՆՉԵՒ ՈՍԿԱՆԱՊԱՏ, ԹՈՒԻՆ ՉԿԳ (1314) … ՏԵԱՌՆ ՍԱՐԳԻՍ:
Կազմելով սահմանախաչի արձանագրության մեջ մատնանշված տարածքի քարտեզը (հյուսիսում` Կուր գետը, արևմուտքում` Տավուշի ձորը, արևելքում Ոսկանապատ գյուղը, ներկայիս Զուռնաբադ գյուղը, հարավում ինքնին հասկանալի է, որ սահմանը ձգվել է Մռավի ջրբաժանով) հստակ է, որ սահմանախաչը կերտվել և տեղադրվել է մատնանշված տարածքի գրեթե կենտրոնում:
Սակայն ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է եղել այդքան ընդարձակ տարածքի վրա 1314 թ. իշխող Սարգիսը (թերևս Վահրամյան իշխանական տան ներկայացուցիչներից էր):
Գրությանս կցում եմ սահմանախաչի երկու երեսների լուսանկարները, գրչանկարը և և քարտեզը:
Սամվել Կարապետյան