07 09 2016
Հայ ժողովրդի ինքնաճանաչության վրա ծանրացած արգելքներն ու թմբիրը կարծես թե սկսել են տեղի տալ. գիտական մտավորականության մի ստվար հատված ստանձնել է մեր ժողովրդի պատմության ճշմարտացի արտացոլման անհետաձգելի գործը, որն արդեն նշանավորվել է արժեքավոր ձեռնարկներով: Այդ շարքում են «Տիգրան Մեծ» տեսաֆիլմը, «Հայ ժողովրդի պատմության» քառահատորյակի մեկնարկը, «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» 1-ին հատորը, դպրոցական դասագիրքը, մի շարք թարմաշունչ երկասիրություններ:
Այս բոլոր աշխատանքներում ներգրավված է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Արտակ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
-Պարոն Մովսիսյան, չեմ կարող հետաքրքրությունս զսպել և անմիջապես չհարցնել` ճի՞շտ եմ նկատել, թե իսկապես Հ1-ի եթերից «Հայեր» հաղորդաշարն անհետացել է: Դա շատ մեծ վարկանիշ ունեցող ծրագիր էր, թերևս միակը, որը մեր ժողովրդի մասին ասում էր տասնամյակներով լռեցված ճշմարտությունը:
-Արդեն կես տարի է` այդ հաղորդաշարը եթերում չկա, մեր հեռուստատեսության «ազգային» ղեկավարությունն է այդ որոշումը կայացրել: Պատճառներն իրոք անհասկանալի են, քանի որ շատ մեծ լսարան ունեինք, արձագանքները միշտ հիացական էին: Ցավով եմ ասում, բայց կարծես «Հայերը» հանվեց, որպեսզի նրան փոխարինեն լատինամերիկյան անբարո սերիալները: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել` դրանք հոգեբանական պոռնո են տարածում, որն ապականում է մեր երիտասարդությանը, աղավաղում ազգային արժեքները:
-Սա մեծ խոսակցության թեմա է, այժմ խնդրում եմ պատմեք, թե ինչպես մտահղացաք «Տիգրան Մեծը»:
-Ռեժիսոր Վահե Սուքիասյանի հետ նույն «Հայերն» էինք հեռարձակում, և քանի որ վիթխարի նյութ ու տեխնիկական հնարավորություններ ունեինք` 6 հայ պատմաբաններով որոշեցինք ֆիլմի վերածել մեր հզորագույն թագավորներից մեկի կյանքն ու գործը: Հատկանշականն այն է, որ մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պատմական զուգահեռների վրա: Այն, ինչը Ք.ա. 1-ին դարում հրատապ էր, արդիականությունը չի կորցրել նաև մեր օրերում: Հայտնի է, որ Տիգրան Մեծը պատանդությունից ազատագրվել է 45 տարեկանում: Նա վերադարձավ և թագադրվեց մի քաղաքում, որը ոչ մայրաքաղաք էր, ոչ հոգևոր կենտրոն: Շատերը չէին ընկալում դրա պատճառները, հասկացան, երբ Տիգրան Մեծը հետագայում կառուցեց մայրաքաղաքը: Նա քսան տարի առաջ մտքում ուրվագծել էր ապագա մեծ տերության` աշխարհակալության սահմանները, որի կենտրոնն այդ անհայտ քաղաքն էր: Այսօր ի՞նչ է կատարվում. 1990-ականներից սկսած բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որևէ նախարարի ներկայացրել են հոյակապ ծրագրեր, սակայն դրանք հետաձգվել են, որովհետև արդյունքը պետք է երևար ասենք 10 տարուց հետո: Իսկ այդ ժամանակ, հասկանալի է, տվյալ պաշտոնյան իր տեղում չէր լինի: Այսինքն, ի տարբերություն Տիգրան Մեծի ժամանակների, այժմ բացակայում է պետական մտածողությունը: Կարծում եմ` նշածս դրվագը այսօրվա համար շատ լավ դաս է:
-Տիգրան աշխարհակալը ևս թուլություններից զերծ չի եղել, հենց թեկուզ` բանակն օտարներով համալրելը:
-Այդ դասը նույնպես մեր օրերի համար է: Տեսեք. 5-6 ամիս հռոմեացիները պաշարել էին Տիգրանակերտը և ոչ մի կերպ չէին կարողանում գրավել: Հռոմեական զենքն այդպես էլ հայոց մայրաքաղաքին չդիպավ, դավաճանեցին հույն վարձկանները` դավադրություն կազմակերպելով: Դա ռազմավարական շատ լուրջ բացթողում էր: Այսօր մեր սահմանները պաշտպանում են օտարերկրյա զորքերը: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի` դրանք ռուսական, ֆրանսիական, թե ամերիկյան զորքեր են, միևնույն է` հայ չեն: Երկրի պաշտպանությունը երբեք չի կարելի օտար զինվորին վստահել, սեփական անվտանգությունը պետք է ապահովել սեփական ձեռքերով: Վերջիվերջո մենք մեր կողքին ունենք մեկմիլիոնանոց թուրքական բանակ, որքան էլ ասենք, որ այսօր քանակը չէ որոշողը, այլ տեխնիկան: Մեր երկիրը հսկայական գումարներ է ծախսում այլևայլ ոլորտներում, մինչդեռ դրանք հարկավոր է ներդնել ռազմարդյունաբերության զարգացման գործում: Այդ դեպքում մենք մյուս հարցերը ևս հեշտությամբ կլուծենք, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը:
-Շնորհանդեսի ժամանակ արտահայտված բուռն ոգևորությունը վկայեց, որ մեր ժողովուրդն իսկապես նման արժեքների քաղց ունի: Մանավանդ նշվում էր ֆիլմի կրթադաստիարակչական բացառիկ նշանակությունը:
-Դրանով փաստորեն մենք սկսեցինք մի ֆիլմաշար, որն աստիճանաբար իրականանում է: Վահե Սուքիասյանի հետ նկարահանում ենք Նեմրութին, Կոմմագենին նվիրված մի ֆիլմ, որը շուտով կավարտենք: Ծրագրում ենք անդրադառնալ նաև մեր գրավոր մշակույթի նախամեսրոպյան փուլին, Արևմտյան Հայաստանում արդեն նկարահանումներ ենք կատարել: Ծրագրերը շատ են, մասնագետներ ևս կան, մնում է, որ պետության աջակցությունը լինի:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ որոշակի բանակցություններ ենք տանում, հույս ունենք, որ առաջիկայում գործնական լուրջ քայլեր կկատարվեն: Թեև իմ ոլորտը հայ ժողովրդի պատմության վաղագույն շրջանն է, սակայն հաճախ եմ մտածում, թե ինչ ու, օրինակ, Սասունցի Դավիթը դյուցազնավեպը մուլտֆիլմի չի վերածվում: Նույնիսկ ոչինչ պետք չէ անել` Հակոբ Կոջոյանի հրաշալի նկարազարդումները նորագույն տեխնիկայի միջոցով կարելի է էկրանավորել և մատուցել մեր երեխաներին: Այդպես` շատ ավանդազրույցներ ու պատմական իրադարձություններ, որոնք հայրենասեր, ուժեղ սերունդ կդաստիարակեն:
-Որքան էլ դրանք կարևոր լինեն, թվում է` առաջնահերթը հայ ժողովրդի ծագման ու ձևավորման, ինչպես և հայկական առաջին պետականությունների պատմության ճշգրտումն է: Հոգնել ենք լսելուց, որ հայերը պատմական ասպարեզ են իջել Ուրարտուի գրկից, մինչ այդ ընդամենը …նախահայեր էին: Դուք Հայաստանի պատմությունն սկսում եք Արատտայից, ընդ որում` ըստ միջագետքյան սկզբնաղբյուրների: Դրանք ի՞նչ են հաստատում:
-Որ հայերի գրավոր ավանդված պատմությունը սկսվում է Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբից` 28-27 դարերից և ոչ թե Ուրարտուից: Ես այս հացի ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1990-ականների սկզբից և բազմիցս արժանացել եմ քննադատության կամ թերահավատության: Սակայն սեպագիր սկզբնաղբյուրներն անաչառորեն վկայում են, որ Արատտան եղել է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը:
Անգամ 7-րդ դասարանի երեխան շումերական տեղեկությունների օգնությամբ կարող է քարտեզի վրա պարզել, որ Արատտան` Եփրատի ափով ձգվող լեռնային այդ երկիրը հենց Հայկական լեռնաշխարհն է:
Շատ արժեքավոր են Սարգոն Աքադացու արձանագրությունները, որոնք կասկածի տեղ չեն թողնում, որ հայերն են եղել Արատտայի բնակիչներն ու տերերը: Երբ ակադեմիայում քննարկվում էր «Հայ ժողովրդի պատմության» քառահատորի առաջին հատվածը, որի նախաքրիստոնեական շրջանի հեղինակը ես եմ, հայտարարեցի. եթե որևէ մեկը կապացուցի, որ Արատտան ոչ պատմական հորինվածք է` ես հեռուստատեսությամբ ժամ կգնեմ և հրապարակավ կայրեմ բոլոր աշխատություններս: Մինչև օրս թեկուզ մեկ արձագանք չեմ ստացել:
-Ձեր, ինչպես նաև մեր մի շարք պատմաբանների հետևողականության շնորհիվ այս տարի 6-րդ դասարանցիներին հանձնված «Հայ ժողովրդի պատմության» դասագիրքն սկսվում է Արատտայից: Հույս կա, որ այլև չենք հանդիպի այնպիսի հայ պատմաբանի, որն այդ անունը լսելիս զայրույթից գունատվի:
-Դասագրքի խմբագիրը նշանավոր պատմաբան Բաբկեն Հարությունյանն է, մենք ևս հույս ունենք, որ մեր ժողովրդի կենսագրությունն այլև չի խեղաթյուրվի, պատմական բոլոր իրադարձություններն ու դեմքերը կստանան իրենց արժանի գնահատականը և մանավանդ` կկատարեն այն զորեղ դերը, որը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում վերապահված է նրա ճշմարտացի պատմությանը:
Մեր պատմության գրքերից հաճախ այնպիսի դրվագներ են դուրս մնացել, որ տրամաբանության շրջանակում չեն տեղավորվում: Օրինակ` պատմությունից հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չի արշավել, սակայն ուղարկել է մի զորագունդ, որը գլխովին ջախջախվել է: Այդ փաստն արձանագրել է Ստրաբոնը, սակայն մենք երբևէ չենք հիշատակել: Պատկերացնում եմ` այդ մասին ինչ հպարտությամբ կգրեին ուրիշ ժողովուրդները, եթե փաստեր ունենային: Նարամ Սուենի արձանագրությունում կա մի հազվագյուտ խոստովանություն, ասում է` մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արմանու երկիր, որ Արմենիա անվան նախաձևն է` Ք.ա. 24-23 դարերում:
Պատմությունը վկայում է, որ մենք Տիգրան Մեծից 2000 տարի առաջ ունեցել ենք Ուտիական աշխարհակալություն: Միջագետքյան սեպագրերում պահպանվել է Հայյա աստծու անունը, որի ձեռքին բռնած կավե գավաթից թափվում են դրախտի երկու գետերը` Տիգրիսն ու Եփրատը: Իսկ այս երկու գետերը, ինչպես հայտնի է` Հայկական լեռնաշխարհի խորհրդանիշներն են: Այսինքն արարիչ Աստված մայր դիցուհուց այստեղ է ստեղծել մարդկային ցեղը: Մեր դասագրքերից դուրս է մնացել մի հետաքրքիր փաստ ևս. ասորեստանյան զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, թե Արգիշտիի անունը լսելն անգամ սարսափելի էր: Նոր դասագիրքն այսպիսի շատ լրացումներ ունի, ավելի փաստառատ է Քրեստոմատիայի 1-ին հատորը, և կարծում եմ, որ մեր ժողովրդի պատմությունն սկսում է արժանիորեն լուսաբանվել, ինչպես ասում են` ամեն ինչ իր տեղն է ընկնում:
-Պարոն Մովսիսյան, դուք մանրակրկիտ ուսումնասիրել եք մեր պատմական գործիչների, արքաների, զորավարների կերպարները, վերջերս հայ իրականությունն ալեկոծվում էր նախագահական թեկնածուների առատությունից: Ի՞նչ որակներ կուզենայիք, որ Հայաստանի ապագա նախագահն ունենար:
-Գլխավոր հատկանիշը, որով կուզենայի մեր ապագա նախագահն օժտված լիներ` հայրենասիրությունն է: Եթե երկրի նախագահն ինչ-որ հարցեր չի հասկանում` նրան կարող են օգնել հմուտ նախարարները, խորհրդականները, սակայն եթե նա օտար գործակալությունների լրտես լինի` մեզ ոչինչ չի փրկի: Երկրի նախագահը պետք է լինի ժողովրդի տերը և ծառան, որդին և արքան:
-Հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի ձեռքբերումներից մեկը եղել է ազնվականական դասը` արժեհամակարգի կրող լինելու առաքելությամբ:
Այսօրվա մտավորականությունն այդ դերը որքանո՞վ է կատարում:
-Հիշում եմ` 1988թ. բուռն կերպով քննարկվում էր այն հարցը, թե մենք ինչու ենք թուլացել, որն է եղել հայոց պետականության անկման պատճառը: Շատերն անգամ մեղքը գցում էին քրիստոնեության վրա, թեև հայտնի է, որ բազմաթիվ երկրներ այդ հավատքն ընդունելուց հետո են հզորացել: Իսկ իմ կարծիքով մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է:
Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը:
Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում:
Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:
Հրաչուհի Փալանդուզյան
«Ազգային գիտակցություն հիմնադրամ», 2007թ.
http://www.magaghat.am