Փետրուարեան Ապստամբութիւնը Եւ Հայ-Թուրքական Առնչութիւնները

22 փետրուար 2016

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայոց պատմութեան վերջին 100-ամեայ պատմութեան վիճելի դրուագներից մէկը ընդդէմ պոլշեւիկների` քեմալականներից օգնութիւն ակնկալելու հայերի դիմումն է 1921-ի փետրուարին: Քաղաքական գործիչները կամ բոլոր նրանք, ովքեր ձգտում են «հարուածել» ՀՅԴ-ին, ժամանակ առ ժամանակ յիշեցնում են այս դրուագը:

ՀՅԴ որոշ գործիչներ, հայաստանցի պատմաբաններ, լաւ տեղեակ չլինելով պատմական մանրամասներին, ի պատասխան բացատրում են, որ Սիմոն Վրացեանը ուղղակի սխալ քայլ է կատարել: Իրականում ինչպէ՞ս է դա եղել: Արդեօք հայերը, ՀՅԴ-ն կամ Հայրենիքի փրկութեան կոմիտէն, օգնութիւն խնդրե՞լ են ջարդարար թուրքերից:

Նախքան այս պատմութեանը անդրադառնալը` յիշեցնենք, որ առաջին պետութիւնը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, հէնց թուրքերն էին` Օսմանեան կայսրութիւնը: Դա տեղի ունեցաւ 1918-ի յունիսին` Պաթումի բանակցութիւնների ընթացքում: 1918-1920 թթ. հայերն ու թուրքերը ունէին դիւանագիտական յարաբերութիւններ:

Հայաստանը ունէր դիւանագիտական ներկայացուցչութիւն Պոլսում, օսմանեան Թուրքիան` Երեւանում, ինչպէս նաեւ հիւպատոսութիւն` Ալեքսանդրապոլում (Գիւմրի): Այս նոյն շրջանում Հայաստանը դիւանագիտական յարաբերութիւններ ու դիւանագիտական ներկայացուցչութիւններ ունէր հարեւան միւս երեք երկրներում եւս` Իրան, Վրաստան եւ Ազրպէյճան:

Հայաստանի համար, թերեւս, դժուարագոյնը, պոլշեւիկեան Ռուսաստանի հետ լեզու գտնելն էր, որովհետեւ պոլշեւիկները ձգտում էին խորհրդայնացնել եւ խորտակել անկախ Հայաստանը, ինչը եւ արեցին 1920-ի վերջերին` համագործակցելով քեմալական Թուրքիայի հետ: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին պոլշեւիկ-քեմալական համագործակցութեան արդիւնքում Պաքուից Երեւան հասած պոլշեւիկեան Հայյեղկոմը ՀՅԴ-ից ստացաւ իշխանութիւնը առանց կրակոցի: Ըստ պայմանաւորուածութեան, հայ պոլշեւիկները պէտք չէ հալածանքներ սկսէին ՀՅԴ գործիչների եւ հայ ժողովրդի նկատմամբ:

Տեղի ունեցաւ հակառակը: Մի կողմից պոլշեւիկներն էին բռնութիւններ կիրառում, միւս կողմից քեմալականները զաւթած Ալեքսանդրապոլի գաւառում: 1921թ. փետրուարի լոյս 10-ի գիշերը Երեւանում ձերբակալուեցին 200-ից աւելի դաշնակցականներ, եւ այս դէպքը եղաւ վերջին կաթիլը, որից յետոյ պայթեց ժողովրդական զայրոյթը ընդդէմ Հայյեղկոմի: Կոտայքի Զար գիւղում տեղի ունեցաւ խորհրդակցութիւն, որոշուեց յեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ նշանակուեց անկուսակցական սպայ Կուռօ Թարխանեանը, ով մի քանի ամիս առաջ Դրօյի կողքին Իգդիր-Մարգարա հատուածում մարտնչել էր թուրքական ուժերի դէմ:

Փետրուարի 18-ին ապստամբները գրաւեցին Երեւանը, Սիմոն Վրացեանի ղեկավարութեամբ ստեղծուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէ, Յեղկոմը հեռացաւ Արտաշատ-Վեդիի շրջան: Վրացեանը գրում է. «Իրար հետեւից սկսեցին գալ շնորհաւորելու օտար պետութիւնների ներկայացուցիչները: Մասնաւորապէս բուռն ուրախութիւն էր արտայայտում Անգարայի ներկայացուցիչ Պեհաէտտինը, որը շտապել էր առաջինը շնորհաւորել եւ շատ վշտացած էր երեւում, որ իրենից առաջ արդէն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհաւորել էին»:

Աբրահամ Գիւլխանդանեանի խօսքերով, նոր կառավարութիւնը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկուա, Թեհրան, Անգարա եւ Թիֆլիս` հաղորդելով Հայաստանում յեղաշրջման մասին: Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբութեան ընթացքում առաջարկեց օգնութիւն խնդրել թուրքերից:

Վրացեանի խօսքերով` «Այդ հարցը զբաղեցնում էր եւ ուրիշների մտքերը, նոյնիսկ` Քաջազնունու նման զգաստ մարդկանց, այնքան ատելութիւն կար դէպի Յեղկոմի իշխանութիւնն ու պոլշեւիզմն առհասարակ»: Քաջազնունին պատրաստակամութիւն յայտնեց գլխաւորել Անգարա գնալիք յանձնաժողովի նախագահի պաշտօնը:

Վրացեանի խօսքերով, Հայրենիքի փրկութեան կոմիտէն ձգտում էր «Նոր հիմքերի վրայ դնել հայ-թուրքական յարաբերութիւնները եւ փոխադարձ համաձայնութեամբ, թէկուզ զիջումներով, լուծել սահմանային վէճը», քանի որ կեանքի փորձը ցոյց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյութեան համար «ամէնից առաջ անհրաժեշտ է թուրքական բարեացակամութիւնը»:

«Ապստամբութիւնից առաջ Երեւանի թուրք հիւպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չէզոքութիւն կը պահպանի: Նոյնիսկ թուրքական հրամանատարութիւնը Նախիջեւանի թուրքերին հրահանգել էր մնալ չէզոք եւ չկռուել հայերի դէմ: Երեւանի թուրքերը բարեկամական տրամադրութիւն էին ցոյց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որեւէ պատրուակով մտնել Երեւան:

Մենք աշխատում էինք ամէն կերպ ցոյց տալ մեր բարեկամութիւնը թուրքերին եւ նրանց ներշնչել հաւատ դէպի մեզ: Նոյնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինուորական օգնութիւն պոլշեւիկների դէմ: Այդ նպատակով յատուկ սպայ ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարութեան մօտ: Մենք գիտէինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը եւ ներշնչել վստահութիւն դէպի մեզ: Պէտք է մէկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է», գրում է Վրացեանը:

Շիրակի նահանգապետ Կարօ Սասունու խօսքերով` «Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը եւ հնարաւոր խոհեմութիւնը գործադրում` գոնէ ժամանակաւորապէս Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտէն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զօրքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթէ ստանար, շատ լաւ կը լինէր»:

1921-ի փետրուարի 18-ին ՀՅԴ-ն տապալեց Հայյեղկոմին եւ Հայաստանը ղեկավարեց մինչեւ ապրիլի 2-ը, սակայն անզօր էր դիմադրել ռուս պոլշեւիկներին, որոնք արդէն խորհրդայնացրել էին Ազրպէյճանն ու Վրաստանը: Այս 42 օրերի ընթացքում ՀՅԴ-ն որեւէ օգնութիւն թուրքերից չի ստացել: Ճիշդ է նաեւ, որ այդ ընթացքում, երբ հայ ժողովուրդը կռւում էր Հայաստան ներխուժած պոլշեւիկեան բանակի դէմ, թուրքերի կողմից թշնամական գործողութիւններ` հարուածներ թիկունքից, չեն արձանագրուել:

Յաւելենք, որ Հայաստանի խորհրդայնացումից եւ Խորհրդային Միութեանը կցուելուց յետոյ մի քանի տարի պահպանուեցին Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնները: Խորհրդային Հայաստանը ունէր իր դիւանագիտական ներկայացուցչութիւնը Պոլսում եւ զաւթուած Կարսում, իսկ թուրքերը` Երեւանում եւ Ալեքսանդրապոլում: Երեւանում թուրքական ներկայացուցչութիւնը գործել է մինչեւ 1923-ի հոկտեմբեր, իսկ Ալեքսանդրապոլի հիւպատոսութիւնը` մինչեւ 1925 թուականը:
Ահա այսպիսին է պատմութիւնը:

ԱԶԴԱԿ
http://www.aztagdaily.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail