ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը

24 Փետրուար 2016
hamakosdsagsoum
Ներկայացնում ենք ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

I.Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
– ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

– նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

– հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

– առաջնորդվելով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,

– հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

– համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`
կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

II. Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները

1. Իրականացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը.
1.1.   Հասարակական-քաղաքական բնագավառում.

1.1.1.     Շարունակել բարեփոխել  մարդու իրավունքներն ու  ազատությունները երաշխա­վորող  համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվու­թյան անխախտելիու­թյունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

1.1.2.     Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:

1.1.3.     Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակ­ցու­­թյան մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրա­պնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորու­թյուններ:

1.1.4.     Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները:

1.1.5.     Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

1.1.6.     Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարման համակարգեր:

1.1.7.     Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավար­ման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը:

1.1.8.     Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը:

1.1.9.     Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:

1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:

1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:

1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեու­թյունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները  գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգե­րը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանա­փակ­մանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալ՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտե­լիու­թյան և որոշակիության սկզբունքի համատեքստում:

1.2.   Սոցիալ-տնտեսական բնագավառում`

1.2.1.     Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկա­յական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տա­րա­զա­նել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:

1.2.2.     Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախա­տեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

1.2.3.     Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփակա­նության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:

1.2.4.     Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:

1.2.5.     Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշ­խա­տա­տեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կա­յուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:

1.2.6.     Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսու­թյունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

1.2.7.     Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահո­վության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:

1.2.8.     Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:

1.2.9.     Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:
1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:

1. Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին:

2. Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային ՂՀ անվտանգության համակարգերը:

3. Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետակա­նության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ:

III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը

1. Քաղաքական համագործակցության գործադաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները:

2. Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3. Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

3.1.   Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:

3.2.   Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղու­թյամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:

3.3.   Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.4.   Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում:

1. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:

2. Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդա­տվու­թյունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առա­ջաց­ման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

http://www.yerkir.am/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail