26 ՓԵՏՐՈՒԱՐ 2016
Միացեալ Նահանգներում եւ Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ, այժմ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանի մտորումները ՀՅԴ-ի մասին
Նուիրում եմ իմ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակին
Հայ հասարակութեան վերաբերմունքը ՀՅԴ-ին երբեք չի եղել միանշանակ, եւ ակնյայտ է, որ հարուստ եւ հակասութիւններով լի կենսագրութիւն ունեցող ազգային կառոյցի անցած ուղուն գնահատականներ տալը անշնորհակալ գործ է:
Յատկապէս, որ կարծիքները խիստ իրարամերժ են, եւ գնահատականների բազմազանութեան պակաս չկայ նոյնիսկ ժամանակակից հայ քաղաքական պատմութեան արդի փուլում, որի աշխուժ մասնակիցներն ենք եւ վկաները:
Այնուամենայնիւ, ցանկանում եմ իմ որոշ գնահատականներով կիսուել ընկերներիս հետ: Եւ երեւի թէ 125 տարուայ պատմութիւնը հեշտացնում է ընդհանրական պատկերը տեսնելու գործը:
Ա.- ՀՅԴ-ի ամենամեծ աւանդը հայ ժողովրդի պատմութեան մէջ դա ազգային շահի արտայայտման ու իրացման համար հաւաքական կամքի հաւաքագրումը եւ այն քաղաքական դաշտում աշխուժօրէն ներկայացումն էր:
Ազգի քաղաքական մտքի ձեւաւորման եւ զարգացման բնականոն պոռթկում, համարձակ յայտ, քանի որ լռելեայն հանդուրժելը, թէ ինչպէ՛ս են աշխարհի հզօրները որոշելու քո ճակատագիրը, այլեւս անընդունելի էր:
Այդ պոռթկումը հասունացել էր, եւ Ռուբէն Տէր Մինասեանի խօսքերով` «Նկատելի է, որ Դաշնակցութիւնը ճշմարիտ առումով տեսաբան չունի եւ դրա կարիքն էլ նա չէ զգացած: Նրա տեսաբանը ժողովուրդն է… Մենք ականջ կը կախենք զանգուածի բանաւոր թելադրանքին: Կը ջանանք հասկանալ զայն եւ մեր ծրագիրը յարմարեցնել ժողովրդին եւ ոչ թէ ժողովուրդը յարմարացնել մեր ծրագրին»:
Ռուբէն փաշայի այս խօսքերը մի կողմից վկայում են քաղաքական կամքի դրսեւորման հասունացած լինելու մասին, միւս կողմից` ի ցոյց են դնում ժողովրդավարական աւանդոյթների ներդրման գիտակցումը: Ապագայում էլ կուսակցութիւնը, անցնելով վայրի վերումներով, փոխւում ու զարգանում է ժողովրդի հետ:
Բ.- ՀՅԴ-ն միշտ եղել է գործի կուսակցութիւն: Արեւելեան Հայաստանի ազատութեան համար զինուած պայքարի իրականացնող, զանազան վայրերում հայկական համայնքների ինքնապաշտպանութեան կազմակերպիչ, ապստամբութիւնների եւ յեղափոխական շարժումների հրահրիչ, վրէժխնդրութեան եւ ահաբեկչական պատժիչ գործողութիւնների պատասխանատու, պահանջատիրութեան քաղաքականութեան հռչակող, առաջին հանրապետութեան առաջատար քաղաքական ուժ, սփիւռքում հայապահպանութեան եւ հայութեան ամրապնդման բազմազան կառոյցների ստեղծող, Հայ դատի գործի նուիրական զինուոր եւ այլն:
Եթէ չլինէր ՀՅԴ-ի այսպիսի առարկայական եւ կազմակերպուած պայքարը հայկական շահերի համար, եթէ չլինէին նրա հազարաւոր նուիրեալ ազգային հերոսների անձնուէր եւ անձնազոհ քայլերը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր չէինք ունենայ անկախ պետութիւն:
Գ.- ՀՅԴ-ն այսօր մեր համաշխարհային ազգի յարաբերական առաւելութիւններից մէկն է: Կուսակցութեան համաշխարհային ցանցի եւ ինքնակազմակերպման բարձր մակարդակի շնորհիւ հնարաւոր է դառնում բազմապատկել մեր փոքրաթիւ ազգի կարողութիւնները եւ ուժը:
Լինելով խիստ կանոնակարգուած, կազմակերպուած եւ կարգապահ կուսակցութիւն` Դաշնակցութիւնը միեւնոյն ժամանակ ապակենտրոնացուած է, բազմազան եւ բազմաբովանդակ: Նրան բնորոշ է ներկուսակցական ժողովրդավարութիւնը, տարբեր տեսակէտների եւ մօտեցումների մարտնչման եւ բախման ճանապարհով որոշումների կայացումը, որը հէնց հաւաքական քաղաքական կամքի դրսեւորման երաշխիքն է:
Միեւնոյն ժամանակ, յատկապէս սփիւռքում, կուսակցութեանը բնորոշ է գործունէութեան ոլորտների բազմազանութիւնը. ցանկացած հարց, որն առնչւում է ազգային խնդիրների, հայապահպանութեան, հայկական շահի պաշտպանութեան հետ, գտնւում է Դաշնակցութեան ուշադրութեան կենտրոնում: Հայ դատի գրասենեակների ցանցից եւ բարեգործական կառոյցներից մինչեւ դպրոցների եւ սկաուտական շարժումների գործունէութեանն օժանդակելը ազգային գաղափարներով է տոգորուած:
Յաջողութեան բանալին տուել է Յովհաննէս Քաջազնունին` կապելով իր եւ կուսակցութեան բախտը հայ ժողովրդի ճակատագրի հետ, խոստովանելով իր սէրը հայ ժողովրդի հանդէպ. «Սիրում եմ, որովհետեւ ինքս նրա անբաժան մասն եմ զգում ինձ, ոսկրէ ոսկրից եւ արիւնէ արիւնից, կապել եմ իմ անձնական բախտը նրա հաւաքական բախտի հետ»:
Դաշնակցութեան դիմանկարը եւ նրա ուժը հայկական ազգային ոգին է:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Ուաշինկթըն, 14 յունուարի 2016թ.
ԱԶԴԱԿ
http://www.aztagdaily.com