Երեւանը հանգիստ շունչ քաշեց — 1920 թ. սեպտեմբերին սկսվեց քեմալականների հարձակումը Հայաստանի վրա

Tarkhanian--Կուռո Սպարապետ (Նիկոլա, Սուրեն Թարխանյան) Կուռո Սպարապետ (Նիկոլա, Սուրեն Թարխանյան)

1920 թ. սեպտեմբերին սկսվեց քեմալականների հարձակումը Հայաստանի վրա: Հայկական զորքն անցավ պաշտպանական մարտերի: Հոկտեմբերի կեսերին կատաղի կռիվներ տեղի ունեցան Սուրմալուի ճակատում:

Թուրքական բանակին մեծապես աջակցում էր Հայաստանի թրքությունը, որը Երեւանի թքի տակ դիմել էր բացահայտ զինված ապստամբության: Զանգիբասարի թաթարները փակում էին ճանապարհները, ոչնչացնում ճակատ մեկնող հայ զինվորներին, խափանում զենքի ու պարենի մատակարարումը բանակին:

Դրությունն օրհասական էր: Թրքական զորամասերն ամեն կերպ փորձում էին մոտենալ Արաքսին, անցնել գետն ու արագ գրոհով մտնել Երեւան: Հայ զինվորներն ու սպաները ցույց էին տալիս հերոսության փայլուն օրինակներ: Ի տարբերություն Կարսի ճակատի, այստեղ խուճապ ասվածն ընդհանրապես գոյություն չուներ: Դրոն ու նրա օգնական Սուրենը (Կուռո Թարխանյան` ՀՀ նախավերջին սպարապետը) չէին էլ մտածում նահանջի մասին:

Հոկտեմբերի 24-ին Սուրմալուի ճակատում արյունահեղ կռիվներն սկսվեցին նոր ուժգնությամբ: Պարզվեց, որ թաթարները փակել են Մարգարայի խճուղին եւ պատրաստվում են թիկունքից գրոհել հայկական բանակի վրա: Դրոյի հրամանով Քանաքեռից բեռնատար ինքնաշարժերով Մարգարա շտապեց Կուռո Թարխանյանը:

Առանց երկար մտածելու, նա զինվորներին տեղավորեց ինքնաշարժերի վրա, ինքը նստեց առաջին մեքենայի վարորդի մոտ եւ չորս ինքնաշարժերը, իրարից հիսուն քայլ հեռավորություն վրա, արագությամբ մոտեցան ճանապարհին դիրքավորված թաթարների դիրքերին` միաժամանակ արագահարվածներից ուժգին կրակ բացելով նրանց ուղղությամբ:

Հարվածն այնքան անսպասելի էր, որ թաթարները դուրս գալով խրամատներից եւ թողնելով իրենց զոհերին ու վիրավորներին՝ խուճապահար փախուստի դիմեցին: Տալով ութ վիրավոր ու մեկ զոհ՝ Կուռոն ճեղքեց թշնամու շղթան, օգնության հասավ օրհասական դիմադրություն ցույց տվող Դալիգդաշին եւ, ավելին, գրավեց հակառակորդի մի շարք ամրություններ:

Երկու օր անց թուրքերն անցան հակահարձակման: Արարատ լեռան փեշերին՝ Դալիգդաշի դիրքերում, ուր պաշտպանությունն ստանձնել էր զորավար Սուրենը, զինվորների ու սպաների շուրջ 50 %-ը զոհվեց, բայց ոչ-ոք չնահանջեց: «Տղե՛րք, Մասիսը թուրքին չենք թողնելու, դեռ առաջ ենք գնալու», – զինվորներին ոգեւորում էր զորավարը:

Երեւանը, որ օրեր շարունակ ապրում էր Սուրմալուից հասնող թնդանոթների որոտի տակ եւ տագնապահար սպասում ճակատամարտի ելքին, հանգիստ շունչ քաշեց: Թուրքերն այլեւս Սուրմալուի ճակատում կենդանության նշույլներ ցույց չտվեցին:

Իրադարձությունները Կարսի ճակատում կանխորոշեցին հայ-թրքական պատերազմի ելքը: Ցավոք, Կարսն իր ԴՐՈՆ ու ԿՈՒՌՈՆ չունեցավ:

ՀԳ – 1921 թ. փետրվարին Կուռո Թարխանյանը Հայրենիքի Փրկության Կոմիտեի կողմից հռչակվել է հայկական զինված ուժերի ընդհանուր հրամանատար՝ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ: Մասնակցել է Լեռնահայաստանի գոյամարտին, այնուհետեւ Նժդեհի հետ անցել Իրան, ապա՝ Եվրոպա: Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ ներդրում է ունեցել հայ ռազմագերիների փրկության գործում: Հերոսը մահացել ու թաղվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Տեսնես մեկն այսօր այցելու՞մ է նրա շիրիմին:

Опубликовано 14th February 2014 пользователем Arshaluis Zurabyan

http://hayergiteqvor.blogspot.fr/2014/02/blog-post_14.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail