Նախնյաց ժառանգություն «Ար»-ի պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում

29/11/2015

«Ար»-ի պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Մարտիրոս Գավուքճյանի հայագիտական աշխատությունից մի հատված՝ նվիրված Ար-ի պաշտամունքին, ար-ի ակունքներին: Գավուքճյանը նշում է, որ ցեղը կամ ցեղախումբն ու նրա մայրաքաղաքը կամ երկիրը անվանվել են իրենց գերագույն աստծո անունով. խոր անցյալում հայերը իրենք իրենց կոչել են ար կամ հար և իրենց երկիրը՝ Հարք: Ստորև ներկայացնում ենք հատվածը.
NAKHYADZ JARANKOUTYOUN
«Թեև հայերը և նրանց երկիրը ուրիշների կողմից ծանոթ էին Արմանի կամ Արմենի անունով որպես «արևորդիներ և արևորդիների երկիր», բայց հայերն իրենց գերագույն աստված Ար կամ Արայի անունով իրենք իրենց ուղղակի կոչել են ար, որը հնչել է նաև հար, ինչպես Արմա անունը Խորենացու մոտ հիշվում է Հարմա ձևով:

Օրինակներ շատ կան. ինչպես ասել ենք, որ ցեղը կամ ցեղախումբն ու նրա մայրաքաղաքը կամ երկիրը կոչված են եղել ուղղակի իրենց գերագույն աստծո անունով. ինչպես ասորեստանցիներն ու նրանց երկիրը կոչվել են իրենց գերագույն աստված Աշշուրի անունով: Այսպես էլ խոր անցյալում հայերը իրենք իրենց կոչել են ար կամ հար և իրենց երկիրը՝ Հարք:

Հայտնի է, որ Մար-Աբաս Կատինան իր մատյանի կարևոր մասը ընդօրինակել է Նինվեում գտնված քաղդեական (հունարեն թարգմանված) մի հին մատյանից: Խորենացին էլ, Մար-Աբասից քաղելով, պահել է մի շատ հին տեղեկություն, որ Հայաստանի այդ կենտրոնը նախապես կոչված է եղել Հարք:

Խորենացին Հայկի մասին Մար-Աբասից քաղելով գրում է. «…Բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, եւ անուանէ զանուն լեռնադաշտակին Հարք» (բնակվում է մի բարձրավանդակ դաշտում, և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք):

Խորենացին հաջորդ գլխում գրում է. «Բայց զդիակն Բելայ պաճուճեալ իմն դեղովք, ասէ, հրամայէ Հայկ տանել ի Հարք, եւ թաղել ի բարձրավադակ տեղւոջ, ի տեսիլ կանանց եւ որդւոց իւրոց» (Բայց Բելի դիակը, ասում է (Մար-Աբաս), դեղերով զմրսելով՝ Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիներին):

Ինչպես տեսնում ենք, առաջին հիշատակության մեջ ասվում է, թե նշված լեռադաշտակը Հայկն է անվանել Հարք, այսինքն՝ հայերի աստվածն է (նահապետն է) անվանել կամ նրա անունով է անվանվել Հարք: Իսկ երկրորդ հիշատակության մեջ վկայություն կա, որ այդտեղ էին ապրում Հայկի որդիներնն ու կանայք, այսինքն՝ հայերը՝ Արորդիները:

Հարքի մասին կա նաև սեպագրական վկայություն: Մուշի մոտ գտնվել է Վանի թագավորության Մենուա արքայի մի կոթողը, որի չորս երեսների վրա կան արձանագրություններ. երեսներից մեկի վրա գրված է, թե Մենուան արշավել է Ուրմէ երկրի վրա և այդտեղ Ar-hi երկրում («Ար-եան՝ Արայեան երկրում») թողել է արձանագրություն: Ահա այդ արձանագրության հետաքրքրող մասի թարգմանությունը. «Քաղաք Ատաունէ. դուրս ելա (արշավի) Ուրմէ երկրի դեմ, նվաճեցի ես Ուրմէ երկիրը. կանգնեցրի այս արձանագրությունը Արխի երկրում…»:

Ինչպես տեսնում ենք, կոթող արձանագրության վայրը՝ Արխի երկիրը (երևիի Ուրմէ երկրում), գտնվում էր Մուշի մոտ (երևի նրա անմիջապես հարավ-արևմուտքում), որով Մուշի շրջանը, որը կից էր մեզ ծանոթ Հարքին, կոչվում էր Արխի «Արեան». Ուրեմն նա պիտի լինի Հարքի մի մասը կամ նրա շարունակությունը:

Վանա լճի վերևից՝ Հայաստանի ամբողջ կենտրոնով անցնում է Արածանի գետը: Ղափանցյանն իր «Արա Գեղեցիկի պաշտամունքը» աշխատության մեջ իրավացիորեն ցույց է տվել, որ Արածանի անունը նշանակում է «Արայի գետ»:

Հայաստանի հարավ-արևմտյան շրջանը կոչվում էր Արմէ «Արի սերունդ, Արի սերնդի երկիր»:

Թիգլաթպալասար I-ը Վանա լճից հարավ ընկած շրջանը կոչել է Հարիա, որը եղել է Կուտմուխի երկրի հարևանը, և որ կռվել է նրա ութ լեռների ստորոտներում գտնված 25 քաղաքների դեմ: Ուրեմն Հարիան եղել է ընդարձակ երկիր: Արդեն Հարիա նշանակում է «Հար երկիր» կամ «հարերի երկիր», այսինքն՝ Հարք: դա նշանակում է, թե այս շրջաններում նույնպես ապրում էին ար>հար կոչված ցեղերը:

Արդեն Խորենացին, Մար-Աբասից քաղելով, պահել է տեղեկություններ, որ Վանա լճից հարավ գտնվող Արարադը (Ուրուադրին) և Կադմոսի գտնված տեղը (Կադմուխին) նույնպես եղել են Հայկի որդիների՝ հայերի բնակության վայրեր: Նա գրում է. «…Գնայ (Հայկ) յերկիրն Արարադայ, որ է ի կողմանս հիւսիսոյ, հանդերձ որդւովք իւրովք և դստերօք եւ որդւոց որդւովք … եւ բոլոր աղխիւ:

Երթեալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրիի…շինէ անդ տուն բնակութեան կալուածոց, եւ տայ ի ժառանգութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ» (…գնաց (Հայկ) Արարադի երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների ոդիներով… և բոլոր տուն տեղով: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղերում… այնտեղ կալվածում շինում է բնակության տուն և տալիս ժառանգություն Կադմոսին, Արամանյակի որդուն):

Ինչպես տեսնում ենք, այստեղ բերվել է վկայություն, որ Արարադը (որպես ժառանգություն տրված լինելով Կադմոսին՝ կցված լինելով Կուդմուխիին) բնակության վայր է եղել նույնիսկ Հայկի որդիների և դստրերի համար: Ահա այս շրջանն է (Ուրուաին), որ Թիգլաթպալասարը կոչում է Հարիա, այսինքն՝ արերի կամ հարերի երկիր, որը նույնպես նշանակում է՝ Հարք:

Վանա լճից արևելք ընկած շրջանի հայկական նախարարության Արծրունի անունը գալիս է Վանի թագավորության ժամանակներից: Մենուան իր՝ Բերկրիի մոտ կանգնեցրած արձանագրություն-կոթողի վրա Արծրունի անունը հիշում է Արծուինիունի ձևով, որը եղել է Արճակ լճի անունը հարավային ծայրի մոտ գտնված մի քաղաքի:

Վանի թագավորության արձանագրությունների լեզվով ծուէ կամ ծուինի բառը նշանակում է «լիճ»: Որով Ար-ծուինի-ունի նշանակում է «Ար-լիճ» կամ «Ար-լճի-շեն»: Ուրեմն այս քաղաքը կոչված է եղել Արճակ լճի անունով: Հետևաբար կարելի է ենթադրել, որ Արճակ (կամ Արճիշակ) տերմինը առաջացել է Ար-ծուէ («Ար-լիճ») անվան վրա –ակ մասնիկի ավելացումով (առաջացնելով Ար-ծուէ-ակ>Արճակ):

Իհարկե, սա դեռ բոլորը չէ: Հայաստանի ամբողջ տարածքում սփռված են Ար և Արա (սրա տարբերակ՝ Եր կամ Երի) անվան հետ կապված տեղանուններ կամ ցեղանուններ: Մի շարք լեռների, գետերի, բերդերի, գյուղերի ու քաղաքների անունները կազմված են Ար աստծո կամ ար ցեղի անունով:

Օրինակ՝ Արագած («Արայի գահ»), Արայի լեռ, Երիտիա (հիշում է Սալմանասար Գ-ը), Արաժին, Արտոս, Եր լեռ (Վանանդում), Արունի և Ուրունի (հիշում է Աշուրնասիրպալ Բ-ը՝ Տումմէ երկրում), գետերն են՝ Արածանի, Արաքս, բնակավայրերն են՝ Արուրա և Արուբէ, Արշեն, Արահեզ, Արագէջ, Երիշատ, Արած, Արահուծ, Արին և այլն:

Կարծում ենք, որ այսքանն էլ բավական է ընդունելու, որ Ար անունով կազմված են տեղական շատ անուններր երիկրի ար կոչված ցեղի կողմից: Հետագայում Հարքը դարձավ Հայք, հար-ը՝ հայ»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Նախնյաց ժառանգություն
www.facebook.com/TheUnionOfArmenianAryans/?fref=nf
https://www.facebook.com/TheUnionOfArmenianAryans/posts/873746416072563

Facebooktwitterredditpinterestlinkedinmail