Ակնարկ. Ռուսական Օդուժի Հեռացումը` Քաղաքական Նոր Մեկնարկ

17 ՄԱՐՏ 2016 – Անդրադարձ, Խմբագրական
Ռուսիոյ նախագահին որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սուրիայէն, տարաբնոյթ մեկնաբանութիւններու դուռ բացած է. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւին մէջ իսկ հակոտնեայ ընկալումներ կան որոշումին նկատմամբ. որոշ կողմերու համար յանկարծակի, ուրիշներու համար` ակնկալելի:

Պէտք է մտաբերել այն, որ պաշտօնական Մոսկուան ժամկէտային սահմանափակուածութեամբ բացատրած էր իր օդուժի ներգրաւման քայլը: Թէեւ յստակ ժամկէտներ չկային ռուսական օդուժի դուրս բերման ուղղութեամբ, այսուհանդերձ որոշ առաքելութիւն իրականացնելու միտուած ըլլալու եւ հետեւաբար ոչ երկարատեւ բնոյթի մասին էր խօսքը:
shahan kandaharian noyan
Չմոռնանք նաեւ, որ շրջանին մէջ տարբեր գերտէրութիւններու օդուժի ներգրաւման գործողութիւնները եւս երկարատեւ բնոյթ չէին ունեցած: Օդուժը պատերազմներու ընթացքին, կարճաժամկէտ դրուածքով գործողութիւն կ՛իրականացնէ եւ ընդհանրապէս նպաստիչ գործ կը կատարէ աւելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմին:

Հասկնալի են անշուշտ տեղեկատուական պատերազմին ընթացքին կիրարկուող օրինաչափութիւններուն համաձայն մէկ կողմէ կառավարական ուժերու եւ զանոնք հովանաւորող պետութիւններու ծայրայեղօրէն քաղաքականացուած արժեւորումները. ահաբեկչական խմբաւորումները յաղթանակ պիտի նկատէին ռուսական որոշումը, մինչ կառավարական կեդրոններ պիտի ողջունէին ռուսական գործօնի բերած նպաստն ու պատրաստած քաղաքական ենթահողը:

Հետաքրքրական է, որ առաջին պաշտօնական ողջունողները Պերլինն ու Թեհրանը պիտի ըլլային: Երկուքը ռազմաքաղաքական տարբեր ուղղութիւններու վրայ կը գտնուին սուրիական պատերազմի հարցով, եւ առ այդ` երկկողմանիութիւնը այս առումով կը յուշէ, որ ողջունուած բաժինը հանգոյցի ռազմական լուծումէն քաղաքական եղանակով լուծելու մօտեցումի ընդգծումն է:

Ռուսիոյ տնտեսական ճգնաժամի մէջ ըլլալու հիմնաւորումը կրնայ պատճառներէն մէկը ըլլալ, բայց ոչ գլխաւորը: Պատերազմները, ճիշդ է, հսկայածաւալ ծախս կ՛ենթադրեն, բայց նաեւ ճարտարարուեստ են: Ռուսիոյ դէմ կիրարկուող պատժամիջոցները այն աստիճանին չեն, որ ետ կանգնեցնեն ռուսական գործօնը աշխարհաքաղաքական նման հրատապութիւն ունեցող խնդիրի մը մէջ տիրական մասնակցութենէն:

Քաղաքական տրամաբանութեան եւ իրատեսութեան աւելի մօտ կը հնչէ Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններէն առաջ ռուսական զօրքի (այս պարագային օդուժի) հեռացումը` ընտրութիւններու օրինականացման նպաստելու վարկածը:

Այս բոլորը սակայն տեղ մը երկրորդական նշանակութիւն կ՛ունենան:

Ռուսական օդուժի ներգրաւումը կամ ուղղակի այս աստիճանի մասնակցութիւնը չէր կրնար համաձայնեցուած չըլլալ Ուաշինկթընի հետ: Եթէ ընդունինք այս տրամաբանութիւնը, ապա կ՛ընդունինք նաեւ, որ հեռացումը եւս նոյն համաձայնեցուածութիւնը ապահոված էր:

Ռուսական օդուժի հեռացումը ամենեւին չի նշանակեր, ռուսական վերահսկողութեան չէզոքացում. ռուսական ռազմանաւերը սուրիական ջուրերուն վրայ են, եւ ամէն տեսակի ռուսական օժանդակութիւն կը շարունակուի այսօրուան վարչակարգին: Ուաշինկթընն ու Մոսկուան որոշ ծրագիրներու համար կը շարունակեն համադրել իրենց ռազմաքաղաքական ժամացոյցներու սլաքները:

Նորագոյն իրադարձութիւնը որոշ լոյս կը յաջողի սփռել այս առումով: Պարզ կը դառնայ, որ քիւրտերը պիտի յայտարարեն իրենց վերահսկողութեան տակ գտնուող տարածքներուն վրայ դաշնային համակարգի ստեղծման մասին: Տարածքները պիտի կոչուին Հիւսիսային Սուրիոյ դաշնութիւն: Եզրին մէջ քրտական բառակապակցութեան բացակայութիւնը կը նշանակէ, որ այդ միաւորումին մէջ կը ներառուին նաեւ այլ ազգաբնակչութիւններ եւս:

Այս իրողութիւնը կրնայ նախանշել մօտ հեռանկարային իմաստով նոր Սուրիոյ մը ձեւաւորման սկիզբը: Բայց այս պարագային, խնդիրը կապելով ռուսական օդուժի հեռացման որոշումին, նոր գործընթացներու աշխարհաքաղաքական համաձայնեցուածութեան մասին է խօսքը:

Հրադադարը եւս համաձայնական էր. անիկա կը վերաբերէր նաեւ թրքական տարածքներէն Սուրիոյ մէջ քրտական յենակէտեր ռմբակոծելու արգելքին: Անգարայի մեծ պայթումին ի պատասխան, Թուրքիան Իրաքի քիւրտերը կը հրթիռակոծէր եւ լուռ կը մնար Սուրիոյ քիւրտերուն նկատմամբ:

Ռուսական օդուժի հեռացումը քաղաքական շրջադարձային փուլի մը նախասկիզբը կարելի է նկատել: Այդ գործընթացին մէջ կը ներառուի քրտական գործօնը, որ յայտնաբար կը վայելէ թէ՛ Ուաշինկթընի եւ թէ՛ Մոսկուայի աջակցութիւնը: Այս գործընթացներէն անհանգիստ ըլլալու պատճառներ ունի Անգարան: Ի վերջոյ, փոխան իր առաջադրած անվտանգութեան գօտիին, ձեւաւորուելու ընթացքի մէջ է Հիւսիսային Սուրիոյ դաշնութիւնը:

ԱԶԴԱԿ
http://www.aztagdaily.com

Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:

Պետք է մտաբերել այն, որ պաշտոնական Մոսկվան իր օդուժի ներգրավման քայլը բացատրել էր ժամկետային սահմանափակվածությամբ: Թեեւ հստակ ժամկետներ չկային ռուսական օդուժի դուրս բերման ուղղությամբ, այսուհանդերձ խոսքը որոշ առաքելություն իրականացնելու միտված լինելու եւ հետեւաբար ոչ երկարատեւ բնույթի մասին էր:

Չմոռանանք նաեւ, որ տարածաշրջանում տարբեր գերտերությունների օդուժի ներգրավման գործողությունները եւս երկարատեւ բնույթ չէին ունեցել:  Օդուժը պատերազմների ընթացքում, կարճաժամկետ դրվածքով գործողություն է իրականցնում եւ ընդհանրապես նպաստիչ գործ է կատարում ավելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմում:

Հասկանալի է իհարկե, տեղեկատվական պատերազմի ընթացքում կիրառվող օրինաչափությունների համաձայն մի կողմից կառավարական ուժերի եւ նրանց հովանավորող պետությունների ծայրահեղորեն քաղաքականացված արժեւորումները. ահաբեկչական խմբավորումները հաղթանակ պիտի նկատեին ռուսական որոշումը, մինչ կառավարական կենտրոնները պիտի ողջունեին ռուսական գործոնի նպաստ բերածն ու պատրաստած քաղաքական ենթահողը:

Հետաքրքրական է, որ առաջին պաշտոնական ողջունողները Բեռլինն ու Թեհրանը պիտի լինեին: Երկուսը ռազմաքաղաքական տարբեր ուղղությունների վրա են գտնվում սիրիական պատերազմի հարցով եւ առ այդ երկկողմանիությունը այս առումով հուշում է, որ ողջունված բաժինը հանգույցի ռազմական լուծումից քաղաքական եղանակով լուծելու մոտեցման ընդգծումն է:

Տնտեսական ճգնաժամում Ռուսաստանի լինելու հիմնավորումը կարող է պատճառներից լինել, բայց ոչ գլխավորը: Պատերազմները, ճիշտ է, հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բաց նաեւ արդյունաբերություն են: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները այն աստիճանի չեն, որ ռուսական գործոնը հետ կանգնեցնեն աշխարհաքաղաքական նման հրատապություն ունեցող խնդրում տիրական մասնակցությունից:

Քաղաքական տրամաբանությանը եւ իրատեսությանն ավելի մոտ է հնչում Սիրիայի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական զորքի (այս պարագայում օդուժի) հեռացումը` ընտրությունների օրինականացմանը նպաստելու վարկածը:

Այս բոլորը սակայն ինչ որ տեղ երկրորդական նշանակություն կունենան:

Ռուսական օդուժի ներգրավումը կամ ուղղակի այս աստիճանի մասնակցությունը չէր կարող համաձայնեցված չլիներ Վաշինգտոնի հետ: Եթե ընդունինք այս տրամաբանությունը, ապա ընդունում ենք նաեւ որ հեռացումը եւս նույն համաձայնեցվածությունը ապահովել էր:

Ռուսական օդուժի հեռացումը ամենեւին չի նշանակում ռուսական վերահսկողության չեզոքացում. ռուսական ռազմանավերը սիրիական ջրերում են, եւ շարունակվում է ամեն տեսակի ռուսական օժանդակությունը այսօրվա վարչակարգին: Վաշինգտոնն ու Մոսկվան որոշ ծրագրերի համար շարունակում են համադրել իրենց ռազմաքաղաքական ժամացույցների սլաքները:

Այս առումով, նորագույն իրադարձությունը որոշ լույս է սփռում: Պարզ է դառնում, որ քրդերը պիտի հայտարարեն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա դաշնային համակարգի ստեղծման մասին: Տարածքները պիտի կոչվեն Հյուսիսային Սիրիայի դաշնություն: Եզրում քրդական բառակապկցության բացակայությունը նշանակում է, որ այդ միավորմանը կներառվեն նաեւ այլ ազգաբնակչություններ եւս:

Այս իրողությունը կարող է նախանշել մոտ-հեռանկարային իմաստով Սիրիայում նոր ձեւավորման սկիզբը: Բայց այս դեպքում, խնդիրը կապելով ռուսական օդուժի հեռացման որոշմանը, խոսքը նոր գործընթացների աշխարհաքաղաքական համաձայնեցվածության մասին է:

Հրադադարը եւս համաձայնական էր.  դա վերաբերում էր նաեւ թուրքական տարածքներից Սիրիայում քրդական հենակետեր ռմբակոծելու արգելքին: Ի պատասխան Անկարայում մեծ պայթյունին՝ Թուրքիան հրթիռակոծում էր Իրաքի քրդերին եւ լուռ մնում Սիրիայի քրդերի նկատմամբ:

Ռուսական օդուժի հեռացումը կարող է նկատվել քաղաքական շրջադարձային փուլի  նախասկիզբ: Այդ գործընթացին կներառվի քրդական գործոնը, որ հայտնաբար կվայելի թե՜ Վաշինգտոնի եւ թե՜ Մոսկվայի աջակցությունը:

Այս գործընթացներից անհանգիստ լինելու պատճառներ ունի Անկարան: Ի վերջո, իր առաջադրած անվտանգության գոտու փոխարեն, ձեւավորվելու ընթացքում է Հյուսիսային Սիրիայի դաշնությունը:
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
http://noratert.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail