
14 հուլիսի, 2018, Հասարակական:
Այսօր Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում տեղի է ունեցել նորակառույց բուժկետի բացման արարողությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մինչ այդ, Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ երիտասարդական միության մի խումբ անդամների նախաձեռնությամբ և մասնակցությամբ Առաջամուղ մտնող ավտոճանապարհի եզրին տեղադրվել է «Բարի գալուստ Առաջամուղ» գրությամբ ցուցանակ:
Մեր թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը ասաց, որ համայնքի հիմնադրման օրվանից՝ կառուցման և զարգացման ծրագրով զբաղվում էր «Թուֆենկյան» հիմնադրամը: «Այս տարիներ ընթացքում «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Առաջամուղում կառուցվել է 24 առանձնատուն, ինչպես նաև դպրոցի ու համայնքային կենտրոնի շենքերը: Այժմ հիմնադրամը համայնքի կառուցման և զարգացման ծրագրով չի զբաղվում, սակայն մենք կաջակցենք այստեղ իրականացվող ցանկացած ծրագրի և միշտ պատրաստ ենք օգտակար լինել»,- ասել է Ր. Դուդաքլյանը:
ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանն ասաց, որ Առաջամուղ համայնքի ընդարձակման և հետագա զարգացման աշխատանքներով զբաղվելու է «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամը: ««Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախորդ տարում կառուցել ենք ևս վեց առանձնատուն, իսկ այսօր էլ շահագործման է հանձնվում նաև բուժկետի նորակառույց շենքը»,- նշել է Տ. Մարտիրոսյանը: Նա ընդգծել է, որ հիմնադրամը նպատակ չունի բավարարվել եղածով և առաջիկայում նախաձեռնվում է գյուղում բացօթյա մարզադաշտի, ինչպես նաև մանակապարտեզի և հերթական բնակելի տների կառուցման ծրագիր:
Միջոցառմանը ներկա են եղել Հադրութի շրջվարչակազմի աշխատակիցներ, ներկայացուցիչներ՝ Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեից, «Արցախֆոնդ» ու «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամներից, ՀՅԴ ԱՄՆ և Արցախի երիտասարդական միության անդամներ, առաջամուղցիներ և այլք:
artsakhpress.am





