Հուլիս 17, 2018 – ՔԱՂԱՔԱԿԱՆ – Անուշ Մկրտչյան:
Կառավարական առանձնատանը երեկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջի, առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Ե՛վ վարչապետի, և՛ առաջին նախագահի մամլո խոսնակները կտրականապես հրաժարվեցին հանդիպման մանրամասներ ներկայացնել:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ երկկողմ լռությունը գուցե նշանակում է, որ որևիցե հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: Բադալյանն ընդգծում է՝ լրացուցիչ մեկնաբանությունն անհրաժեշտ է ավելորդ ենթադրություններից զերծ մնալու համար:
Բադալյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նախաձեռնությունը առաջին նախագահին էր: Հիշեցնելով, որ Թավշյա հեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը փոքր հոդվածներով անդրադարձել է իրավիճակին և մեսիջներ փոխանցել Փաշինյանին, քաղաքական մեկնաբանը եզրահանգում է՝ գուցե առաջին նախագահը կարծում է, որ դրանք պատշաճ արձագանքի չեն արժանացել և դեմառդեմ հանդիպման անհրաժեշտություն է տեսել:
«Իհարկե, մենք տեսնում ենք, որ իշխանությունն էլ ունի խնդիրներ՝ ծանոթանալու, մտնելու այդ ամեն ինչի մեջ, և զուտ փորձի առումով Տեր-Պետրոսյանը, իհարկե, կարող է օգտակար խորհուրդներ տալ», – մեկնաբանեց Բադալյանը: – «Մյուս կողմից՝ մենք գիտենք Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի խնդրում, և այս առումով այդ մոտեցումը իր՝ հուսով եմ վերջնական գնահատական Հայաստանում ստացավ 2017-ի ապրիլի ընտրությանը, երբ 1 տոկոսից մի քիչ ավելի ստացավ, եթե չեմ սխալվում:
Եվ ես չեմ պատկերացնում, թե Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանության պայմաններում ի՞նչ կարող է անել կամ ասել Տեր-Պետրոսյանը իր այդ մոտեցումներով հանդերձ: Այս տեսանկյունից, կարծում եմ այստեղ քննարկելու խնդիր պետք է չլինի»:
Հարցին՝ արդյոք իրավիճակն այսօր ԼՂ-ում այնպիսին է, որ առաջն նախագահը հրատապ հանդիպման անհրաժեշտություն է տեսել, Բադալյանը պատասխանեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2008թ․-ից հարցը հրատապ է համարում, սակայն սա դեռ չի նշանակում, որ իրականում հրատապության հարց կա: Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունները անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններում հանդես եկան «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով՝ առաջարկելով Հայաստանի բոլոր հարևանների հետ հաշտության հասնել:
Քաղաքական մեկնաբանը, այս առնչությամբ, նշեց․ – «Արցախի խնդրում նոր իշխանության ռազմավարական հայեցակարգի բացակայությունը խնդիր է, իհարկե, Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ինքը, անմիջապես վարչապետ ընտրվելուց հետո Արցախում նաև արեց շատ պատասխանատու, շատ հստակ հայտարարություններ և նվազագույն անհրաժեշտության չափով ողջունելի, և ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր իսկ խոսքերի համար: Այսինքն, դրանցից շեղվելը կնշանակի իսկապես շատ վտանգավոր երկդիմություն: Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է դա թույլ տա»:
Ժամանակին համախոհներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում խնդիրներ առաջացան 2013-ից հետո: 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մերձավոր դաշնակից և նրա առաջնորդած հանրահավաքների հիմնական բանախոս, իսկ 2012-ին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով պատգմավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը հեռացավ առաջին նախագահի թիմից այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով Հայաստանում «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել։
«Եթե չի հրապարակվում ներքին խնդիրների մասին, չի նշանակում, որ այդ մասին չեն խոսել», – հավելում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ակնարկելով՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են և յուրաքանչյուրն ուզում է իր տեղն ունենալ Ազգային Ժողովում․ – «Հասկանում ենք, որ բոլորի խնդիրը խորհրդարանից դուրս չմնալն է, որովհետև բոլորն են հասկանում, որ այս անգամ դուրս մնալը կարող է հավասար լինել քաղաքականությունից դուրս մնալուն, որովհետև հնարավոր չի լինելու այդ՝ կեղծված համակարգի վրա բարդել, օգտվել հանրային անվստահությունից և այլն»:
azatutyun.am/a/29372048.html