17 ՅՈՒԼԻՍ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱԶԳԱՅԻՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի ելույթը` Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով.
«Հայաստանի հողի վրա հայոց պետականության կորստից մոտ 9 դար հետո վերականգնված հայոց պետականության Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի կանգնեցումը քաղաքամայր Երևանի կենտրոնում, թեկուզ ուշացած, բայց պատշաճ հարգանքի տուրք է:
Հարգանքի մի քյալ, որը ցանկալի է, որ ունենա իր շարունակությունը, այնպես ինչպես նախատեսված էր` Արամ արքային նվիրված Արամի փողոցի վերանվանումը Արամ Մանուկյանի փողոց, այդ փողոցի մեկ հավտածում Հայաստանի առաջին հանրապետության նվիրված այգու հաստատումը` խորհրդարանի նախագահների ու վարչապետերի կիսանդրիներով: Մենք նաև աշխատում ենք, որ այդ փողոցում գտնվող Արամ ՄԱնուկյանի տունը, ավելի ճիշտ, տան մնացած պատերի ներսում կառուցվի Արամ Մանուկյանի և Հայաստանի առաջին Հանրապետության նվիրված տուն-թանգարան:
Հասկանալի է, որ առանց այդ վերականգնված պետականության, մենք չէինք ունենա ոչ Խորհրդային Հայաստան, ոչ վերանկախացած Հայաստանի Հանրապետություն, ոչ` նոր Հայաստան:
Արամի արձանի կանգնեցումը չի կարելի մեկնաբանել որպես անհատի պաշտամունքի դրսևորում: Ընդհակառակը, սա հարգանք է մեկ սովորական մահկանացուի, ով ծնվել էր Սյունիքում, մեծացել Շուշիում, կուսակցական գործունեություն ծավալել Բաքվում, Թիֆլիսում ու Կարսում, ապա անցել Վան, կազմակերպել տեղի հայությանը, Մեծ եղեռնի օրերին կազմակերպել Վանի ինքնապաշտպանությունը և հիմք դրել հայոց պետականության վերականգնմանը, անցել Երևան, առաջնորդել մայիսյան ճակատամարտերն ու ՀՀ հիմնադրությունը: Եվ որպես սովորական մահկանացու ինքը ևս վարակվել էր ժողովրդից բծավոր տիֆով և ընդամնեը 40 տարեկանում մահացել:
Դեռ սովետական ժամանակաշրջանից սկսած Արամի ու իր գոծակիցների վաստակի ստորագնահատումի կարևոր պատճառներից մեկը նրա ՀՅԴ անդամ լինելու փաստն է: Արամը դաշնակցական էր երկու առումով, առաջին` կուսակցական` իր ամբողջ կյանքը նվիրելով հայ ժողովրդի ազատության պայքարին: Նա նաև դաշնակցական էր բառի ոչ կուսակցական առումով: Նա հավատում էր, որ կարող է պայքարել` տարբեր ուժեր համախմբելով:
Արամի մտքերից շատերը այսօր ևս մնում են ուսանելի, առաջնորդող: Այդ մտքերից է այս բառերով արտահայտածը:
«Մենակ ենք ու պետք է ապավինենք միայն մեր ուժերին, թե ճակատը պաշտպանելու, թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ կամ ընկերներ, բայց նշանակում է` հույսը ամենից առաջ դնել սեփական ուժերի վրա, թե մեր ներքին խնդիրները լուծելու, թե մեր արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները դիմակայելու համար:
Արամի արձանը կանգնեցնելով մենք հարգում ենք մեր պետականությունը վերականգնած ամբողջ սերնդին: Արամի մտքերից մեկը նաև մեր երկիրը ընկույզի նմանեցնելով, նրա կորիզը կարևորելն է: Այսօրվա մեր Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները մեր հայրենիքի կորիզն են, որի շուրջ ապագայում ձևավորվելու է մեր ամբողջական հայրենիքը: Մինչ այդ, սակայն, ինչպես Արամն է պատգամել, մեր նպատակը պետք է լինի Հայաստանի կորիզը աճեցնել»:
yerkir.am/news/view/153945.html