18 ՅՈՒԼԻՍ 2018 — ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ – ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ — Հեղինակ՝ Արտակ Եղիազարյան
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում հանկարծակի ջերմացման մեջ մեծագույն դեր է խաղում այն հանգամանքը, որ ամերիկյան դեմարշից հետո եվրոպական երկրներն իրենց շատ անապահով են զգում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում սերտացման փաստը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին մեկնում է Ֆրանսիա, իսկ մինչ այդ ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և նշել. «Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, և անձամբ Ձեզ հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք անհամբերությամբ ենք սպասում հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Ֆրանսիան նաև հերքել է տեղեկությունները, թե զենք է վաճառել Ադրբեջանին, սակայն հայտնի է, որ ֆրանսիական կողմը արբանյակ է վաճառել ադրբեջանական կողմին։
Ըստ Անուշ Սեդրակյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ կարող է օգտագործել ռազմական նպատակներով՝ ներառյալ տնտեսական ռեսուրսը։ «Եվրոպական երկրներն էլ դաշնակից են փնտրում բոլոր հարիր և անհարիր տեղերում։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ այդ դաշնակիցը Հայաստանը չէ։ Որովհետև Եվրոպան խնդիր ունի լուծելու ոչ թե իրավական և ժողովրդավարական հարցեր, այլ գազային, էներգակիրների, տնտեսական, ռազմական հարցեր։ Շուկայի կռիվ է գնում ամերիկյան շուկայի սահմանափակումից հետո, դրա համար եվրոպական կողմից տեսնում ենք արժեքներին ոչ համապատասխան քայլեր։ Դա ընդհանուր տենդենց է, որը սկսվել է ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո։ Հիմա գնում է մեծ վերադասավորում, որտեղ Ադրբեջանն իր տեղը կգտնի, քանի որ այդ շուկան բերելու ռեսուրս ունի»,- նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ Սեդրակյանի՝ իրավիճակը խնդրահարույց է։ «Մենք մեր շուկան փնտրում ենք Ռուսաստանում, բայց ես չեմ տեսել, որ Ռուսաստանը այսքան ժամանակ Հայաստանին խելքը գլխին առաջարկ անի։ Միակ բանը, որ կարող է տալ, պատերազմական վիճակ չհրահրելն է»։
Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե Ֆրանսիան Ադրբեջանին արբանյակ է վաճառել, և այն կարող է տեսնել սահմանի վրա կատարվողը։ «Դա արդյոք զե՞նք է, թե՞ ոչ։ Ֆրանսիացիների համար դա զենք չէ, Ադրբեջանի համար զենք է։ Դա վտանգավոր է Հայաստանի համար։ Ֆրանսիացիներն էլ արդարանում են, թե հստակ չէ դրա արդյունքը, իբր 10 մետր տարբերությամբ է տեսնում արբանյակը։ Դրանք դատարկ խոսքեր են, տանկն ու օդանավը հստակ երևում են»,- ընդգծեց նա։
Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը պետք է հստակ բարձրացնի հարցերը։ «Ֆրանսիացիները ինքնաթիռ, տանկ չեն վաճառում, բայց արբանյակ ծախելով թուլացնում են հայկական կողմին։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է սեպ խրել ֆրանս-հայկական հարաբերություններում և շահագործում է ցանկացած առիթ։ Ադրբեջանի տնտեսությունը հզոր է, և ձգտում են օգտագործել այդ առավելությունը Ֆրանսիայի կամ այլ երկրի հետ հարաբերություններում»,- նշեց Կայծ Մինասյանը։
Նա նկատեց, որ Ադրբեջանի վարկանիշը ցածր է, մի քանի անգամ կոռուպցիոն սկանդալների մեջ է ընկել։ Ֆրանսիայում քաղաքական գործիչները զգուշավոր կլինեն այդ երկրի հետ հարաբերություններում, եթե հայկական կողմն ավելի կոշտ լինի։ «Հայկական կողմը պիտի անի, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում՝ ավելի կոշտ խոսի Ֆրանսիայի հետ»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ նախկին իշխանություններն այդ առումով շատ թույլ էին։ «Սերժ Սարգսյանի իշխանությունը տկար էր զորեղների հետ և զորավոր՝ տկարների հետ։ Պարտվողական կեցվածք ուներ այդ իշխանությունը, և տկարների՝ ժողովրդի, սփյուռքի հետ էր միայն կարողանում խոսել անտարբերությամբ, անհանդուրժողականությամբ։ Ռուսների, ամերիկացիների, ֆրանսիացիների հետ հարաբերություններում Սերժ Սարգսյանի պատասխանը շատ թեթև էր, վախվորած»,- նկատեց քաղաքագետը։
1in.am/2392720.html