20 սեպտեմբեր 2015
Ինչպես սպասվում էր, Սփյուռքի 5-րդ համաժողովում ամենախիստ և ամենածրագրային ելույթը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ելույթը պիտի լիներ: Եվ եղավ: Հայ եկեղեցու ամենանշանավոր գործիչը ոչ միայն իր սկզբունքային դիրքորոշումը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության, Հայաստանի ներկա իրավիճակի մասին, այլև հրապարակավ հնչեցրեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հստակ հայեցակարգը՝ այսպիսով հողմացրիվ անելով զգացական և պատեհապաշտական այն մոտեցումները, որոնցով տարիներ շարունակ զբաղվել են մեր արտաքին գործերի նախարարությունն ու բոլոր այն կառույցները, որոնք ներգրավվել են ճանաչման գործընթացներում:
Դեռևս մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունը հրավիրել էր Սփյուռքի հայ իրավաբաններին՝ մշակելու Ցեղասպանության ճանաչման նոր հայեցակարգը: Եղան ելույթներ, ՀՀ գլխավոր դատախազ Աղավան Հովսեփյանը խոսեց իրավական որոշակի մոտեցումների մասին, սակայն այդ համաժողովն ընդամենը դատարկ կրակոցի վերածվեց, որովհետև այդպես էլ հիմնավոր ու խորքային հայեցակարգ չմշակվեց, Սփյուռքի իրավաբաններն այդպես էլ գործողությունների համակողմանի ծրագիր չառաջարկեցին, իսկ լոբբիստական կազմակերպություններն էլ բավարարվեցին հռետորական հայտարարություններով՝ առավել խորացնելով այն ճգնաժամը, որն առկա է ճանաչման գործընթացներում: Մենք, իհարկե, այս ճգնաժամի մասին լռում ենք, ձև ենք անում, թե ամեն ինչ լավ է, թե ճանաչման գործընթացներն առաջ են գնում բնականոն հունով, մինչդեռ հռետորաբանության մեջ ծվարելով՝ չենք կատարում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են և ունեն իրավական հիմնավորումներ:
Եվ ահա Արամ Առաջինը թելադրեց ու ներկայացրեց ճանաչման նոր դոկտրինը, պահանջատիրության իրավական սկզբունքը, որը բխում է Հայ Դատից և որն արդեն ամենաիրական և միջազգայնորեն ընդունված ճանապարհն է: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությունը՝ Թուրքիայի իշխանություններից իրավական ճանապարհով պահանջել Սիսի կաթողիկոսության նստավայրն ու կալվածքները՝ արդեն այն ճշգրիտ քայլն է, որը ճանապարհ է բացում դեպի իրավական լուծումներն ու իրավական հետևանքները: Հենց այսպես պիտի գնալ Ցեղասպանության ճանաչմանը, հենց այսպես պիտի Թուրքիայի իշխանություններին կանգնեցնել փաստի առջև՝ պարտադրելով վերջապես ոչ միայն դեմ առ դեմ կանգնելու սեփական պատմությանը, այլև աստիճանաբար վերադարձնելու այն ամենը, ինչը պատկանում է հայ ժողովրդին, ինչը խլվել է նրանից:
Հայաստանի անկախության հռչակումից հետո մենք կարող էինք մեծ հաջողությունների հասնել, եթե Ցեղասպանության ճանաչումը, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է, հենվեր իրավական նորմերի և իրավական պատկերացումների վրա, եթե ձգտեինք պետական քաղաքականությունը հենել միջազգայնորեն ընդունված պատկերացումների վրա: Բացենք թողել մի ահռելի ժամանակաշրջան, տարվել ենք ձևական խնդիրներով և ձևական մոտեցումներով, մինչդեռ Արամ Առաջինն ամենագործնական ու ճիշտ ճանապարհն է ի ցույց դնում՝ ինքն առաջինը քայլելով այդ ճանապարհով:
Լևոն ՄութաֆյանՆյութի աղբյուրը ` http://news-book.am