20 ՅՈՒԼԻՍ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ –:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Այո՛, հէնց այդպէս` Արցախի Ա. Հանրապետութիւն, որի 100-ամեակը լրանում է յուլիսի 22-ին: Անհերքելի պատմական ճշմարտութիւն է, որ 100 տարի առաջ նոյն այդ օրը` 1918թ. յուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարուեց Արցախահայութեան Ա. համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միաւոր, այսինքն` իրաւական կարգավիճակով հանրապետութեանը հաւասարազօր պետութիւն:
Համագումարը, որին մեր լեռնաշխարհի բոլոր շրջաններից մասնակցում էին վճռորոշ ձայնի իրաւունքով 180 պատգամաւոր եւ խորհրդակցական ձայնով` Շուշի քաղաքում գործող հասարակական հոսանքների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, աշխատանքները շարունակեց մինչեւ յուլիսի 28-ը` ընտրելով Ազգային խորհուրդ եւ կազմելով քոալիսիոն կառավարութիւն` բաղկացած 7 անդամից: Այն ստացաւ «Ղարաբաղի ժողովրդական կառավարութիւն» անունը: Հէնց համագումարի օրերին էլ` յուլիսի 24-ին, ընդունուեց կառավարութեան հռչակագիրը:
Նորընտիր կառավարութիւնը, որի իրաւասութիւնը տարածւում էր ամբողջ գաւառի վրայ, եռանդագին լծուեց տեղերում իշխանութեան մարմինների ստեղծման գործին: Քաղաքի եւ մերձակայ շրջանների անվտանգութիւնն ապահովելու համար յուլիսի 27-ին հաստատուեց պարետութիւն: Գաւառի ներքին խնդիրները լուծելու համար ստեղծուեց չորս յանձնաժողով` ֆինանսական, պարէնաւորման, բժշկա-սանիտարական եւ վարչաիրաւական: Գիւղական լիազօրների փոխարէն` նշանակուեցին գաւառային եւ քաղաքային կոմիսարներ: Ջրաբերդ-Գիւլիստանում, Խաչէնում, Դիզակում եւ Շուշիում հիմնուեցին հաշտարար դատարաններ: Իբրեւ բարձրագոյն վճռաբեկ ատեան` Շուշիում ստեղծուեց շրջանային դատարան եւ նրան կից յատուկ գործերի քննիչ յանձնաժողով:
Այսպիսով, Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծմամբ աւարտուեց արցախեան լեռնաշխարհի հայկական անկախ իշխանութեան կազմաւորման դժուարին գործընթացը, ինչի արդիւնքում 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ունէր պետականութեան բոլոր յատկանիշները, ներառեալ` բանակն ու օրինական իշխանութիւնները: «Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծումով հայերը հռչակեցին նրա անկախ գոյութեան իրաւունքը, որը, հարկաւ, սկսեց տհաճութիւն պատճառել թուրքերին», գրել է «Մշակ» թերթը:
Ժամանակաշրջանը, անշուշտ, բոլոր առումներով վտանգայարոյց էր` յագեցած հակասական ու տրամաթիք իրադարձութիւններով: Հէնց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձաւ «վիճելի տարածք»: Փաստօրէն, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է հէնց այդ շրջանում, երբ 1917թ. Ռուսաստանի կայսրութեան փլուզման արդիւնքում Անդրկովկասում կազմաւորուեցին երեք ազգային պետութիւններ` Հայաստանի, Ազրպէյճանի եւ Վրաստանի հանրապետութիւնները: Ազրպէյճանը ձգտում էր միաւորուել Թուրքիայի հետ, վրաստանը յոյսեր էր տածում Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հաւատարիմ մնացած հայաստանին ոչ մի տէրութիւն չէր սատարում: Ի տարբերութիւն Հայաստանի եւ Վրաստանի` «Ազրպէյճան» անունով պետութիւն ձեւաւորուել էր առաջին անգամ եւ որեւէ պատմական կապ չունէր արեւելեան Անդրկովկասի հետ: Նորաստեղծ Ազրպէյճանը նպատակ ունէր ցամաքային կապ հաստատել Օսմանեան կայսրութեան հետ, որի ճանապարհին ընկած էր նաեւ Արցախի տարածքը: Արցախահայութիւնը հրաժարուեց ճանաչել, այսպէս կոչուած, Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւասութիւնը:
Ազրպէյճանի մուսաւաթական կառավարութիւնը նպատակադրուել էր բռնազաւթել պատմական Հայաստանի տարածքներից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Նրա ծաւալապաշտական ծրագրերը բացայայտ քաջալերում եւ դրանց իրականացմանը նպաստում էին Թուրքիան, որոշ ժամանակ անց` դաշնակից տէրութիւնները, գլխաւորապէս` Անգլիան, իսկ Ազրպէյճանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ պոլշեւիկեան Ռուսաստանը:
Այնուամենայնիւ, արցախահայութիւնը, հաւատարիմ մնալով նախնեաց ազատատենչ ոգուն, կենաց ու մահու պայքար մղեց իր բնօրրան երկրի ազատութեան ու անկախութեան համար, պայքար, որի կազմակերպական, բարոյական ու քաղաքական, միով բանիւ` ռազմավարական կեդրոն դարձաւ Շուշի քաղաքը:
Արցախում հայ-թաթարական ազգամիջեան խորացող ատելութիւնը, բնականաբար, խիստ վտանգաւոր էր եւ յղի` ներքին կռիւների ողբերգական հեռանկարով: Ուստի, ձգտելով կանխել իրադարձութիւնների նման զարգացումը, Արցախի իշխանութիւնները հնարաւորինս ամէն ինչ անում էին առաջացող վիճելի հարցերը քաղաքակիրթ ձեւով` բանակցութիւնների միջոցով լուծելու համար: Սակայն Ազրպէյճանի ղեկավարութիւնը, մտադրութիւն չունենալով հրաժարուել Լեռնային Ղարաբաղը նուաճելու գաղափարից, մի կողմից եռադուն ջանքերով անընդհատ բորբոքում, սրում էր հայ-թաթարական փոխյարաբերութիւնները, միւս կողմից` յարմար պահի սպասում իր նկրտումներն իրականացնելու համար: Եւ պահն այդ չուշացաւ: Երիտթուրքական զօրքերը, որոնք խայտառակ պարտութիւն էին կրել հայ ժողովրդի մղած 1918թթ. մայիսեան հերոսամարտերում` Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում, տակաւին մեծ վտանգ էին ներկայացնում Հայաստանի եւ նրա պատմական նահանգ Արցախ լեռնաշխարհի համար: Ղազախ-Աղստաֆա գծով դրանք շտապում էին Գանձակ` դէպի Պաքու առաջանալու եւ այն գրաւելու համար, նպատակ ունենալով, մի կողմից, կանխել գերմանացիներին, միւս կողմից` նախադրեալներ ստեղծել համաթուրքական նպատակների իրականացման համար: Դէպի Պաքու շարժուող թուրքական բանակից առանձնացաւ մի զօրախումբ եւ գնաց դէպի Արցախ ու բանակատեղի դարձրեց Աղտամը` ներկայիս Ակնան, Լեռնային Ղարաբաղի սահմանային դարպասներից մէկը, որը բանալի էր գաւառ ներխուժելու համար:
Զօրախմբի հրամանատար Ճեմիլ Ճահիտ պէյը, ապա եւ թուրքական զօրքերի հրամանատար Նուրի փաշան, դեռեւս Ելիզավետպոլում (Գանձակում) հաստատուած ազրպէյճանական կառավարութեան հետ մէկտեղ վերջնագրեր ներկայացրին Ղարաբաղի Ազգային խորհրդին: Թշնամին, վստահ լինելով իր վրայ, ծրագրել էր սրընթաց գրոհով վերցնել Շուշին: Թուրք-թաթարական միացեալ ուժերի յարձակմանը նախորդեց Ղարաղշլաղ (ներկայիս` Բերդաձոր) հայկական մեծ գիւղի կործանումը, որը ծանր հարուած էր Արցախին: Գիւղը պատկանում էր Զանգեզուրի գաւառին եւ սահմանակից էր Շուշի քաղաքին: Արցախի համար այն ունէր ռազմավարական նշանակութիւն. Գորիսից դէպի Շուշի միակ ճանապարհը անցնում էր այդտեղով:
Սեպտեմբերի 6-ին` Ղարաղշլաղի անկումից երկու օր անց, Շուշիում հրաւիրուեց Արցախահայութեան Բ. համագումարը, որը պէտք է քննարկէր գաւառի ներքին ու արտաքին կեանքին վերաբերող մի շարք հարցեր: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 200 մարդ, այդ թւում` ներկայացուցիչներ քաղաքական բոլոր կուսակցութիւններից: Համագումարը, մէկ անգամ եւս արտայայտելով արցախահայութեան կամքը, անառարկելիօրէն մերժեց թուրքական հրամանատարութեան եւ մուսաւաթական կառավարութեան պահանջները` միաձայն արտայայտուելով Հայաստանի Հանրապետութեան հետ միաւորուելու օգտին:
Սեպտեմբերի 15-ին, անգլիական ուժերի հեռանալուց յետոյ, թուրքերը ներխուժեցին Պաքու եւ կազմակերպեցին եռօրեայ նախճիր` կոտորելով 30 հազար անզէն հայերի: Պաքուի եւ Ելիգավետպոլի (Գանձակի) նահանգներում աւերուեցին ու ոչնչացուեցին հարիւրաւոր հայկական գիւղեր:
Թուրքական զօրքերի հրամանատարութիւնը դարձեալ վերջնագիր յղեց Ղարաբաղի կառավարութեանը` պահանջելով զինաթափուել ու թոյլատրել թուրք-թաթարական զօրքերի մուտքը Շուշի եւ ճանաչել Ազրպէյճանի իշխանութիւնը:
Սեպտեմբերի 17-22-ին Շուշիում գումարուեց Արցախահայութեան Գ. համագումարը: Պատգամաւորների ընդհանուր թիւը հասնում էր շուրջ 200-ի: Համագումարի աշխատանքներն ընթանում էին բուռն վէճերի պայմաններում: Երեք օրուայ քննարկումներից յետոյ որոշուեց` հաշուի առնելով, որ Ա. Աշխարհամարտում գերմանա-թուրքական խմբաւորման պարտութիւնը դարձել է օրախնդիր, ժամանակ շահելու նպատակով եւ արիւնահեղութիւնից խուսափելու համար առանց կռուի գնալ համաձայնութեան:
Մինչ այդ թուրք-թաթարական զինուած կազմաւորումները սեպտեմբերի 22-23-ին լայնածաւալ յարձակում սկսեցին Ղարաբաղի վրայ եւ շարժուեցին դէպի Շուշի` ճանապարհին աւերելով ամէն ինչ, ժողովրդից խլելով բոլոր զէնքերը եւ տեղափոխելով Աղտամ (Ակնա): Շուշին առանց կռուի անձնատուր եղաւ: Տաճիկ ասկեարները, որոնց թիւը հասնում էր շուրջ 2000-ի, Շուշի մտան սեպտեմբերի 24-ին: Գրաւելով Շուշին, թուրքերն այնտեղ մտցրին ռազմական դրութիւն: Ազրպէյճանի թելադրանքով թուրք հրամանատարութիւնը ցրեց Ղարաբաղի կառավարութիւնը եւ զինաթափ արեց հայ բնակչութեանը: Խուժելով քաղաք` տաճիկ ասկեարները, քրտերն ու տեղական թուրքերը սկսեցին կողոպտել հայերի տները, խանութները եւ կոտորել նրանց: Սարսափելի կոտորածն ու թալանը տեւեցին երկու օր ու դադարեցին երրորդ օրը միայն: Առաջին հերթին հաշուեյարդար տեսան Շուշիի հայ մտաւորականութեան հետ: Միայն հոկտեմբերի 1-ի գիշերը ձերբակալուեց մի քանի տասնեակ մտաւորական` աւելի քան 60 հոգի: Բնակչութեան գլխին կախուած բոլոր տեսակի դժուարութիւններից ամէնից սարսափելին սովն էր: Թուրքերի մուտք գործելուց յետոյ գիւղացիները պոյքոթ յայտարարեցին քաղաքին եւ թոյլ չտուեցին, որպէսզի ոեւէ մէկը կենսամթերք բերէր քաղաք, դա էլ` այն դէպքում, երբ քաղաքը կտրուած էր դրսի աշխարհից, հաղորդակցութիւն չունէր թէ՛ Գանձակի եւ թէ՛ Գորիսի հետ:
Թուրքական տիրապետութեան հետեւանքով Ազրպէյճանի իշխանութիւնը տարածուեց ընդամէնը Շուշի քաղաքի եւ Քարինտակ, Շոշ ու Ղայբալու գիւղերի վրայ: Ու թէկուզ Շուշին ընկել էր, բայց կանգուն էին միւս շրջանները` Ճիւանշիրը, Ջրաբերդը, Դիզակը եւ Վարանդան: Յատկանշական է, որ դեռեւս թուրքական յարձակման նախօրեակին այդ շրջանների զինուած ուժերն ինքնաբերաբար համախմբուեցին գաւառի աչքի ընկնող գործիչների շուրջը եւ, երկիրը պաշտպանելով վերահաս վտանգից` միչեւ անգլիական ներկայացուցչութեան գալը, չենթարկուեցին թուրքական հրամանատարութեանն ու Ազրպէյճանի կառավարութեանը: Այն օրերին, երբ թուրքերը շարժւում էին դէպի Շուշի, Ճիւանշիրի գաւառի հայութիւնն անհաւասար կռւում ջարդեց ու դուրս շպրտեց իր հողը ներխուժած թուրքերին: Ճիւանշիրում կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ տաճկական բանակի հրամանատարութիւնը վճռում է գրաւել Վարանդան: Թուրքական զինուժը առանց դիմադրութեան հանդիպելու` մտաւ Շոշ, այնուհետեւ` Տռնավարզ եւ Խաչմաչ գիւղերը: Հոկտեմբերի 17-ի երեկոյեան թշնամին հասաւ Վարանդայի Մսմնայ գիւղ եւ գիշերեց այնտեղ: Զէնքի ընդունակ բնակչութիւնը ոտքի կանգնեց: Ամէնուր կազմակերպուեցին աշխարհազօրային ջոկատներ: Նոյն օրը հայկական մի ջոկատ` Ասլան Մուրադխանեանի (Ասլանիկ) գլխաւորութեամբ, ամրանում է Մաշադիշէն գիւղի մօտ ընկած բարձունքներում` փակելով դէպի Ամարասի ձոր տանող միակ ճանապարհը: Հայ զինեալները փակեցին նաեւ դէպի Շուշի տանող նահանջի ուղիները: Գիշերուայ խրախճանքը դեռ չվայելած` թուրք եւ թաթար ասկեարները հոկտեմբերի 18-ի լուսաբացը դիմաւորեցին շրջապատման մէջ ընկած: Շրջապատումից դուրս գալու թշնամու բոլոր ջանքերն ապարդիւն անցան. կռիւը տեւեց մի ամբողջ օր: Հակառակորդը մարտադաշտում թողեց մի քանի տասնեակ զինուոր, նաեւ` 3 թնդանօթ, 4 գնդացիր եւ ռազմամթերքով բեռնաւորուած 30 ջորի: Ոսոխի կենդանի մնացած աննշան թուով զինուորները, օգտուելով մառախլապատ եղանակից, ծածուկ քաշւում են դիմացի անտառը, իսկ այնտեղից գիշերով մեծ դժուարութեամբ հասնում Շուշի: Այսպիսով, Արցախի գաւառները թշնամու համար մնացին անմատչելի: Այսքանից յետոյ թուրքերը հազիւ մտածէին, թէ Շուշի մտնելը բաւական է, որպէսզի իրենցը համարեն ողջ Լեռնային Ղարաբաղը:
Ի վերջոյ, 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուտրոսի զինադադարով Թուրքիան ճանաչեց իր պարտութիւնն Ա. Աշխարհամարտում: Թուրքական զօրքերը հեռացան Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրաւեցին անգլիացիները եւ երկրամասում դարձան բացարձակ տէր ու տիրական: Մուսաւաթական Ազրպէյճանի կառավարութիւնն այս անգամ փորձեց անգլիացիների օգնութեամբ նուաճել Լեռնային Ղարաբաղը: Յայտարարելով, թէ վիճելի տարածքների ճակատագիրը որոշուելու է փարիզի հաշտութեան խորհրդաժողովում, անգլիական հրամանատարութիւնն իրականում ջանք չէր խնայում Լեռնային Ղարաբաղն Ազրպէյճանին կցելու համար: Հսկողութիւն հաստատելով Պաքուի նաւթի արտահանութեան վրայ` նա ձգտում էր Անդրկովկասը վերջնականապէս անջատել Ռուսաստանից, իսկ Ազրպէյճանը դարձնել Արեւմուտքի ամրակէտն ու խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը: Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետութիւնների քաղաքականութիւնն ակնյայտ ազրպէյճանամէտ էր:
Բրիտանական ռազմական ներկայացուցչութեան Ղարաբաղ մուտք գործելուց յետոյ տեղի քաղաքական ուժերի մէջ ուրուագծւում է երկու ուղղութիւն: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք Շահնազարեանի եւ Ղարաբաղի զօրքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ բէկ Մելիք Շահնազարեանի գլխաւորած հոսանքը բռնել էր անգլիացիներին հլու-հնազանդ ենթարկուելու ուղին: Նրանք գտնում էին, որ պէտք է ենթարկուել դաշնակիցների կամքին, անտեղի արիւն չթափել, համբերատար սպասել վեհաժողովի արդար վճռին: Հակառակ դէպքում դա կարող է վնասել Արցախի դատին: Իսկ Դաշնակցութեան տեղական «Ապառաժ» կոմիտէն եւ Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդն անիմաստ էին համարում անգլիացիների հետ յոյսեր կապելը, առաւել եւս` նրանցից օգնութիւն եւ աջակցութիւն սպասելը: Նրանք Արցախի հարցի լուծումը իրաւացիօրէն կապում էին ազատագրական պայքարի հետ եւ ճիգ էին գործադրում զէնքի ենթակայ բնակչութիւնից զինեալ խմբեր ստեղծելու ուղղութեամբ:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
(Շար. 1)
aztagdaily.com/archives/401748