Տրապիզոնի՝ մզկիթի վերածված եկեղեցիները
11 ՄԱՅԻՍ 2018 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԵՐ:
Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք սյունակագիր Սերդար Քորուջուի հոդվածը` Տրապիզոնում մզկիթի վերածված բյուզանդական եկեղեցիների մասին.
Սերդար Քորուջու
Տրապիզոնի Օրթահիսար գավառի Քարշըյաքա թաղամասում գտնվող Մոլլա Հալիլ մզկիթի շուրջ վեճ էր առաջացել։ Պատճառն այն պնդումն էր, որ մզկիթի ճարտարապետական ոճը նման է եկեղեցու։ Այնինչ, նույն շրջանում բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք մզկիթի են վերածվել։
«Ինչպես տեսնում եք, ճարտարապետական կառույցը մեր թուրքական ճարտարապետությանը համապատասխան չէ։ Այն տեսնող մարդիկ հարցնում են․ «Այստեղ եկեղեցի՞ է կառուցվում»։ Որպես Սևծովյան շրջանում բնակվող քաղաքացի՝ մեզ հարիր չէ եկեղեցու նմանվող մզկիթ ունենալ»։ Այս խոսքերը թուրքական «Դողան» գործակալությանն ասել է շրջանի բնակիչներից մեկը՝ նկատի ունենալով Տրապիզոնի Օրթահիսար գավառում գտնվող Մոլլա Հալիլ մզկիթը։
Սակայն շրջանում կան բազմաթիվ մզկիթներ, որոնք Բյուզանդական կայսրության «երրորդ ճյուղը» համարվող Տրապիզոնի կայսրությունից մնացած եկեղեցիներից են վերածվել մզկիթի։ Տրապիզոնի կենտրոնում գտնվող և այսօր որպես մզկիթ օգտագործվող բյուզանդական այդ եկեղեցիների թվում են նաև Այա Սոֆիայի, Փանագիա Խրիսոքեֆալոսի (Օրթահիսարի մզկիթ) և Սուրբ Եվգենիոսի (Յենի Ջումա մզկիթ) եկեղեցիները։ Այս կառույցները անցած դարի սկզբին էլ վեճի առարկա էին, քանի որ 1916-1917 թթ․ սույն շրջանը գտնվում էր ռուսական տիրապետության տակ։
Ռուսական ուժերը, երբ գրավեցին Տրապիզոնը, թուրքերի կողմից կառուցված բոլոր մզկիթներում թույլ տվեցին իսլամական կրոնական ծեսեր անցկացնել, սակայն մզկիթի վերածված եկեղեցիների համար որոշումներ հրապարակեցին, որոնց համաձայն՝ Այա Սոֆիայի, Փանգիա Խրիսոկեֆալոսի և Սուրբ Եվգենիոսի գլխավորությամբ` 7 եկեղեցում հնագիտական պեղումներ էին իրականացվելու, և մուսուլմանական ծեսեր այդ վայերում չէին կատարվելու։ Երբ այդ վայերում ավարտվեին հնագիտական աշխատանքները, նրանք կրկին իրենց դռները կբացեին որպես եկեղեցիներ։
Ռուսների կողմից այդ շրջանում սկսված հետազոտությունների ընթացքում՝ 1916 թ․, ռուս հնէաբան Ֆյոդոր Ուսպենսկին, Տրապիզոնի կայսր Ալեքսիոս Մեգաս Կոմնենոս Երրորդի գերեզմանը գտնելու նպատակով, ուսումնասիրում էր Փանագիա Խրիսոկեֆալոսի պարտեզը, որտեղ գտնվում էին Տրապիզոնի դինաստիայի անդամների և բարձրաստիճան հոգևորականների գերեզմանոցները։
Ուշագրավ էր, որ այս կայսեր գերեզմանոցը գտնվում էր առասպելական օսմանյան հերոս Հոշօղլանի դամբարանում, ով ենթադրաբար եղել է այն ենիչերիների շարքերում, ովքեր օսմանցիների կողմից գրավել էին Տրապիզոնը։ Ռուս մասնագետները պարզելով, որ դամբարանն իրականում Տրապիզոնի կայսեր դամբարանն է, եկեղեցում ծես են կատարում վախճանված կայսեր պատվին։ Սակայն այս ամբողջ գործընթացը փոխվում է, երբ ռուսական ուժերը 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ դեկտեմբերի 17-18, ստորագրում են Երզնկայի պայմանագիրը, որով ռուսները պետք է լքեին շրջանը։
1918 թ․ հետո այս շրջանում բյուզանդական եկեղեցիների մեծ մասը դեռևս օգտագործվում է որպես մզկիթ։ Սակայն նրանց մեջ վիճահարույց է մնում Այա Սոֆիան։ Ուշ շրջանի բյուզանդական եկեղեցիների գեղեցիկ օրինակ հանդիսացող այս կառույցը 1461 թ․ սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կողմից քաղաքի գրավումից հետո վերածվում է մզկիթի։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես պահեստ ու հիվանադանոց օգտագործված կառույցը, շրջանի մյուս բյուզանդական եկեղեցիներից տարբեր լինելով, 1958-1962 թթ․ վերակառուցվում է ու 1964 թ․ իր դռները բացում որպես թանգարան։ Սակայն Վաքըֆների գլխավոր տնօրինությունը դատական հայց է ներկայացնում` այն հիմքով, որ կառույցը պատկանում է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ վաքըֆին։ 2012 թ․ այս գործով դատական վճռից ելնելով ՝ այն փոխանցվում է այդ հիմնադրամին։ 2013 թ․ հուլիսի 5-ին Այա Սոֆիան, ուրբաթ օրը կատարված նամազով, վերածվում է մզկիթի։
Սակայն վեճը դեռևս շարունակվում է, քանի որ Այա Սոֆիան այսօր արդեն զբոսաշրջիկների ուշադրությունը քիչ է գրավում, ու այդ վիճակն ազդում է նաև տեղի բնակիչների վրա։ 2017 թ․ դեկտեմբեր ամսին «Դողան» գործակալության տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նրանք պահանջում են այն կրկին թանգարան դարձնել․ «Մեր գործերն էլ լավ էին։ Երբ այն վերածվեց մզկիթի, զբոսաշրջիկները սկսեցին չգալ։ Տուրիստական ավտոբուսների հասցեն միշտ այստեղ էր։ Եթե այն կրկին վերածվի թանգարանի, ապա մեր շրջան այցելուների թիվը կավելանա»։
http://bianet.org/biamag/din/196614-trabzon-un-camiye-donusturulen-kiliseleri
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net