25 ՅՈՒԼԻՍ 2018 – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի երեկվա ասուլիսին ուշադիր հետևել են Ադրբեջանում և շտապել արձագանքել հայ հրամանատարի՝ Մինգեչաուրի ջրամբարը խոցելու հայտարարությանը՝ սպառնալով խոցել Մեծամորի ատոմակայանը։
Factor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ ի պատասխան ադրբեջանական սպառնալիքի, ասաց․ «Թող փորձեն։ Պատերազմն այս անգամ բերելու է Ադրբեջանի կազմալուծման։ Ադրբեջանը չպետք է լինի թյուրքական երկրորդ պետություն, այն պետք է լինի բնիկ ժողովուրդների հայրենիք՝ ֆեդերացիայի տեսքով։ Իսկ ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու նրանց ցանկությանը, ապա դրան նորից կպատասխանեմ շատ կարճ՝ փորձեք»։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է կանգնել հեղափոխության առաջ, քանի որ ապստամբելու են այդ տարածքում ապրող թալիշներն ու լեզգիները՝ ազատվելով թյուրքական եկվոր տարրից։
Խոսելով մեր երկրում նոր իշխանությունից հետո հաստատված իրադրության մասին՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ Հայաստանում կատարված հեղափոխությունից հետո ադրբեջանական իշխանությունները հստակ պետք է գիտակցեն մի շատ կարևոր հանգամանք, որը կտրուկ փոխում է խաղի կանոնները. «Այլևս ձեր դիմաց չէ Սերժ Սարգսյանն իր համախոհներով։ Սերժ Սարգսյանն իր ռեժիմով արդեն անցյալի գրկում է։ Եթե ապրիլյան պատերազմից հետո դուք ոչինչ չստացաք և մինչև հիմա ոռնում եք վերքերից, ապա պատկերացրեք՝ ինչ կարգավիճակում կհայտնվեք հիմա»:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդեգրած քաղաքականությանը՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ նախարարը վարում է շատ ճիշտ քաղաքականություն, և ասվածի ապացույցը նրա այն պատասխանն է, որ հայկական կողմը պատրաստ է կանխարգելիչ պատերազմի։ «Հստակ է մեկ բան՝ խաղաղությունը խնդրելով չի լինում։
Մինչև հիմա մենք Ադրբեջանին համարժեք պատասխան չենք տվել, դրա պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկում էր Բաքվին և ՀՀ քրեաօլիգարխիկ ընտանիքների շահերին՝ իր ճարպակալված գեներալներով։ Այժմ իրադրություն է փոխվել, ստրատեգիա է փոխվել, և հիմա մեր համարժեք պատասխանը կնշանակի Ադրբեջանի ոչնչացում»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն ունենալու է տարածքների կորուստներ, ինչն, ի վերջո, բերելու է Քուռ-Արաքսյան հանրապետության ստեղծման։
Աղավնի Սուքիասյան
factor.am/70405.html