28 ՅՈՒԼԻՍ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՀԱՐՑԵՐ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
28.07.2018 – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Դա ամենեւին ոչ բռնի, թավշյա, խաղաղ մեթոդներով հեղափոխություն չէր, այլ զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին տասը զոհի, հուլիսի 28-ին հայտարարել է երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, խոսելով իր ղեկավարի դեմ քրեական գործի, մեղադրանքի ու նրա կալանավորման մասին: Հայտնի է, որ Քոչարյանն ու թիմը դա համարում են ապօրինություն, շինծու գործ եւ քաղաքական հետապնդում:
Սա Հայաստանի հանրապետությունն է եւ այստեղ չի լինելու իրավական ամենաթողություն, հայտարարել է Սողոմոնյանը, ասելով, թե փնտրելու են ով է Բերիան, անպայման գտնելու են, ու նա պատժվելու է:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ նշմարվում են հետաքրքիր ակնարկներ եւ որոշակի ռեվերանս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, ասել է թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Կա՞ դրա նպատակը, թե ոչ, իհարկե դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, երբ Վիկտոր Սողոմոնյանը խոսում է, թե Մարտի 1-ին թավշյա մեթոդներ չէին, կարծես թե դրանով որոշակիորեն դրական ֆոնի տակ է ներկայացնում թավշյա հեղափոխությունը:
Արդյոք Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի համար Նիկոլ Փաշինյանին մեղադրելու փոխարեն, ինչի նկատելի փորձ արեց հուլիսի 26-ի երեկոյան բացառիկ հարցազրույցում, ներկայում ընտրել է նրա հետ «պայմանավորվելու» մարտավարություն, իսկ մեղադրանքի սլաքն ուղղում է այլ կողմ:
Հետաքրքիր է, որ փնտրում են ոչ թե «Ստալինին», այլ «Բերիային», այսինքն ոչ «առաջինին»:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե պաշտպանվելու է մինչեւ վերջ եւ պատրաստ է բանտ նստել, սակայն չի դադարեցնի պայքարը: Միաժամանակ նա բավական հստակ նշեց, որ Մարտի 1-ի իրադարձությունները մի ամբողջ շղթա են բազմաթիվ դերակատարներով եւ հարցադրում արեց, թե ինչու միանգամից ինքը կամ միայն ինքը:
Քոչարյանը թափանցիկ ակնարկներ արեց Սերժ Սարգսյանի հասցեին: Եվ այդ համատեքստում էլ է հետաքրքիր համեմատությունը թավշյա հեղափոխության հետ, որը կարծես թե պարունակում է նաեւ համեմատություն իր ու Սերժ Սարգսյանի գործողությունների հետ: Քոչարյանը գուցե ակնարկում է, որ Փաշինյանը պատրաստ էր բանակցել, պայմանավորվել Սարգսյանի հետ նրա հեռացման պայմանների շուրջ՝ ինչպես հայտարարում էր, իսկ Մարտի 1-ին ոչ մեկը պատրաստ չէր իր հետ բանակցել:
Արդյոք Քոչարյանն ակնարկում է, որ զգում էր վտանգ, որ պարզապես Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էին պայմանավորվել իրեն զոհաբերելու հարցում: Ի վերջո, Մարտի 1-ից հետո այդպիսի պայմանավորվածության գործընթաց եղավ, հայտնի երկխոսության տեսքով, երբ Մարտի 1-ի գործով ստեղծվեց փաստահավաք խումբը, որը բավական լուրջ հանգամանքներ բացահայտեց այդ իրադարձությունների վերաբերյալ:
Պայմանավորվածություն չեղավ, Սերժ Սարգսյանը «գցեց», բայց դա իհարկե այլ հարց է, թեեւ հետո արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանն անուղղակի փորձում էր պայմանավորվել կամ պայմանավորվել էր Քոչարյանի հետ, գործակցելով նրան հավատարիմ մնացած զինակցի՝ Վարդան Օսկանյանի հետ, ոչիշխանական բեւեռի ֆորմատով:
Մարտի 1-ը հանցագործություն էր, սակայն ոչ միայն: Մարտի 1-ը խոշոր հաշվով գծեց նաեւ հետագա տասնամյակի քաղաքական պատկերը, հարաբերությունների կառուցվածքը, վերադասավորումները, ըստ էության դառնալով այդ տասնամյակի «ղեկը» կամ կառավարման յուրօրինակ վահանակ:
Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը նշանակալի է երկու առումով: Մեկն այն, որ պետք է պատասխան տան հանցագործության բոլոր մեղավորները, մասնավորապես տասը սպանության համար, եւ մյուսն այն, որ այդ գործը պարունակում է Հայաստանում ձեւավորված եւ քառորդ դարից ավելի իշխած համակարգի իրապես ապամոնտաժման, ոչ միայն կառուցվածքային, այլեւ բարոյահոգեբանական, բովանդակային, արժեքային առումով ապամոնտաժման ահռելի ներուժ:
Ռոբերտ Քոչարյանը այդ գործում բանալին է, որով կբացվի համակարգն ամբողջությամբ: Համենայն դեպս, պետք է բացվի, իր բոլոր բաց եւ քողարկված կողմերով, հարաբերություններով, բնույթով: Պետք է բացվի, որովհետեւ նախ հենց միայն այդպես է հնարավոր հասնել Մարտի 1-ի իրական, ամբողջական, անաչառ բացահայտման, եւ մյուս կողմից միայն այդպես է հնարավոր համակարգը զրկել որեւէ ձեւով վերստեղծվելու եւ իր դիրքերը վերականգնելու հնարավորությունից: Խոսքը ռեւանշիզմի մասին չէ, դրա հնարավորությունը չկա, սակայն կա հնարավորություն կամ վտանգ, որ հեռացած կամ հեռացող համակարգը կարող է վերադառնալ այսպես ասած ռեինկարնացիոն տրամաբանությամբ, «հոգով վերաբնակվելով» այլ արդիական ֆորմատների կամ կառուցվածքների մեջ:
Այդ իմաստով շատ կարեւոր է, որ Քոչարյանը պաշտպանվի մինչեւ վերջ: Թող պաշտպանվի, թող անուններ տա, թող փորձի բացել տեղի ունեցածը սկզբից մինչեւ վերջ: Իսկ խնդիրն այն է, որ Մարտի 1-ը կոնկրետ իշխանության եւ կոնկրետ քաղաքական ուժի հարաբերության հարց չի եղել, այլ համակարգի եւ հասարակության, իսկ այդ համակարգը ամենեւին փետրվարի 29-ին կամ ընդհանրապես 2008 թվականին չէ, որ ստեղծվել է ու սկսել մտածել վերարտադրվելու մասին: Այդ համակարգը գործել է 1995-96 թվականների ընտրական փուլից սկսած, ու Մարտի 1-ը եղել է ընդամենը դրա «գագաթնակետը»:
Հենց այդ պատճառով է, որ կարեւոր է թե կոնկրետ հանցագործությունների բացահայտումը՝ կապված հենց փետրվար-մարտի այդ օրերի հետ, թե ընդհանրապես համակարգային հանցագործությունը հայ ժողովրդի եւ հայկական պետականության դեմ, որ գործվել է առնվազն առաջին կեղծված ընտրություններից սկսած:
www.lragir.am/2018/07/28/367714/