2018-07-29 – ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ – Հեղինակ՝ Սարգիս Արծրունի:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում Հայաստանում թերևս գոյություն ունի հասարակական լայն կոնսենսուս․ համենայն դեպս՝ հանրային արձագանքի, ընկալման մակարդակում այս իրադարձությունը հավասարազոր է Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրաժարականին։ Ավելին՝ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ միանգամայն ներդաշնակ են նախաքննության ընթացքն ու հանրային տրամադրությունները։ Իհարկե, սա բացարձակապես չի նշանակում, թե նախաքննության մարմինն առաջնորդվել է հասարակական տրամադրություններով․Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հարցում առկա են եղել իրավական անհերքելի փաստեր, ապացույցներ։
Քաղաքական ուժերից Քոչարյանի կալանավորումը դատապարտել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք ավելի շատ ասոցացվում են ոչ թե հասարակական տրամադրությունների, այլ՝ քրեաօլիգարխիկ համակարգի հետ։
Դժվար է ասել, թե Արցախի հասարակությունն ինչպես է արձագանքում Քոչարյանի հետ կապված վերջին իրադարձություններին, սակայն չենք կարծում, թե այն արմատապես տարբեր է Հայաստանում տիրող տրամադրություններից։ Չմոռանանք, որ Արցախում ոչ միայն ոգևորությամբ ընդունվեց թավշյա հեղափոխության հաղթանակը, այլ նաև այն արձագանքվեց հանրային հուզումներով, որոնք, ի վերջո, փաստացի իշխանափոխության առիթ դարձան ԼՂՀ-ում։ Եթե համարենք, որ Քոչարյանի քրեական պատասխանատվության դրվագը հեղափոխության հանգրվանային հաղթանակներից մեկն է, ապա Արցախում հասարակական արձագանքը պետք է պոզիտիվ լինի։
Մի փոքր այլ է Արցախի քաղաքական էլիտայի պահվածքը, որը, սակայն, կանխատեսելի է․ ԼՂՀ քաղաքական համակարգը, որն օրգանապես կապված է եղել Հայաստանի նախկին իշխանության հետ կամ ավելի ճիշտ եղել է նրա ենթահամակարգն, առայժմ լրիվությամբ չի ադպտացվել այն նոր իրողություններին, որոնք տեղ ունեն Հայաստանում։ Այս համատեքստում նույնիսկ օրինաչափ է, որ Արցախի իշխանությանը մոտ կանգնած խորհրդարանական երեք խմբակցությունները՝ «Հայրենիք», ՀՅԴ, «Ժողովրդավարություն», հիմնականում մտահոգված են Քոչարյանի կալանավորման փաստով։
Սակայն առավել մտահոգիչ է, որ Քոչարյանի կալանավորման համատեքստում խաղարկվում է Արցախի խնդիրը։ Այս կեղծ թեզը շրջանառության մեջ դրեց ՀՀԿ-ն՝ իր պաշտոնական հայտարարությամբ, և այն օգտագործվում է նաև Արցախի քաղաքական ուժերի կողմից։ Ռոբերտ Քոչարյանի քրեական քրոնիկոնն որևէ կերպ կապ չի առնչվում կարգավորման գործընթացի կամ դրա մտացածին հնարավոր վտանգավոր շրջադարձերի հետ։ Սա քարոզչական կեղծիք է՝ վերից վար։
Օրինակ՝ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է Հյուսնունցը: Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:
Թերևս սկսենք վերջին մտքից։ Ադրբեջանին միջտ ոգեկոչել է այն հանգամանքը, որ Հայաստանում եղել է կոռումպացված, հանցագործ իշխանություն, ինչի հետևանքով երկիրը կորցրել է իր դիմադրողականության ռեսուրսը։ Պատահական չէ, որ հենց քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին Ադրբեջանը հանդգնեց պատերազմ սանձազերծել՝ թերևս վստահ լինելով, որ հայկական զնուժի թիկունքն ամուր չէ։ Հայկական բանակն ակնհայտորեն պատրաստ չէր պատերազմի և սա է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների հավաքական գնահատականը։ Հարյուրից ավելի սպաներ ու զինվորներ հերոսաբար նահատակվեցին՝ իրենց կյանքերով չեզոքացնելով այն աղետալի հետևանքները, որոնք կարող էին տեղի ունենալ Հայաստանում տարիներ շարունակ վարվող հանցագործ, անպատսախանատու քաղաքականության պատճառով։
Գլոբալ իմաստով՝ չկա աշխարհում երկրորդ մարդ, որն ավելի շատ վնաս տված լինի Արցախին, քան՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա 1997-ին դասալքել է ԼՂՀ նախագահի պաշտոնից՝ Հայաստանում վարչապետ դառնալու նպատակով։ Սա աններելի ծանր հարված էր Արցախի սուբեկտությանը, ինքնիշխանության գաղափարին։ Ռոբերտ Քոչարյանն անօրինական ընտրվել է Հայաստանի նախագահ ու իր իշխանության լեգիտիմության ճանաչման դիմաց համաձայնել է ԼՂՀ-ն դուրս թողնել բանակցային գործընթացից։ Շրդարձային, մասշտաբային հանցագործություն, ինչի հետևանքները հայկական դիվանագիտությունը չի կարողանում չեզոքացնել առայսօր։
Ռոբերտ Քոչարյանը 1999-ին համաձայնել է քննարկել, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրն, որն արմատապես ձևախեղել է ԼՂ խնդրի էությունն՝ Արցախը նույնպես դարձնելով հայ-ադրբեջանական տարածքային սակարկության թեմա, ընդ որում՝ միջազգային խաղացողների մասնակցությամբ։ Քոչարյանն ակտիվորեն մասնակցել է ու շատ դրական է վերաբերել, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» սկզբունքով վարվող բանակցություններին, որոնք, բարեբախտաբար, չավարտվեցին փաստաթղթի ստորագրմամբ՝ միան այն պատճառով, որ Բաքուն ուներ մաքսիմալիստական մոտեցումներ։
Եվ վերջապես՝ Քոչարյանի իշխանությունն է 2007-ին Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես ընդունել հիմք՝ կարգավորման գործընթացը դրանց շրջանակում առաջ տանելու նպատակով։ Ավելորդ է նշել, որ այդ սկզբունքները Հայաստանի ու Արցախի համար շատ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան՝ կարգավորման այն տարբերակը, որը 1997-ին պաշտպանվում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ու արժանանում էր ԼՂՀ իշխանության ու հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը։
Ստացվում է՝ Արցախի խնդիրը Քոչարյանի կողմից շահարկվել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, իսկ Հայաստանի երկրորդ նախագահի արտաքին քաղաքականությունն որևէ աղերս չի ունեցել Արցախի ու նրա ժողովրդի շահերի հետ։
Հայաստան, պատկերավոր ասած, երկու շապիկով եկած Ռոբերտ Քոչարյանը նախագահության ավարտին, ըստ միջազգային ֆինանսական հեղինակավոր պարբերականների, կուտակել է ավելի քան չորս միլիրադ դոլարի կարողություն։ Սա է Հայաստանի անխնա թալանի էպիկրիզն, որն ոչ այլ ինչ է, եթե՝ ոչ, դավադիր, թշնամական հարված Արցախի թիկունքին, նրա անվտանգությանը։
Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը Հայաստանի նախագահի պաշտոնում ուղղված է եղել Հայաստանի ու Արցախի շահերի դեմ՝ արհեստական սեպ խրելով հայության երկու հատվածների միջև։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նոր որակի պետության ստեղծման ազդակ է, ինչը միայն ենթադրում է հայկական կողմի դիրքերի ուժեղացում առաջնագծում և կարգավորման գործընթացում։
www.1in.am/2399074.html