Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին

12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017 – gov-wa.info:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին

«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված»: (Ալեքսանդր Մանասյան, «Ղարաբաղյան հակամարտություն. Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ», «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6)

Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի գոյություն ունի

1.Ղարաբաղյան հակամարտությունը իրականում հայությունը կարգավորել է, ԼՂՀ-ն ազատագրվել է բռնազավթումից եւ 70-ամյա գաղութային լծից:

Հիշեցնենք, որ 1960-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր: «Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան եւ Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն պետություններ հռչակվեցին Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգիպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում… 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա-Բիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…»: Եվ դեռ ավելին` «Դեռեւս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), ֆրանսիայի եւ Իսպանիայի գաղութներում եւ կախյալ երկրներում»: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երեւան, 1976, էջ 670)

Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն ներկայացնում հանրագիտարանային այս տվյալները, որովհետեւ դրանք ավելի քան խոսուն են: Որովհետեւ ԼՂՀ-ն նույնպես ազատագրվել է գաղութային լծից, որ պարտադրվել էր իրեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ:
Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից եւ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ: (Տես, «Декларация о предоставлении независимости колониальным странам и народам», Генеральная Ассамблея, 947-е пленарное заседание, 14 декабря 1960 года.)

2.Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է քաղաքագետ Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր — դեկտեմբեր, 2008, էջ 11):

Իսկ դա նշանակում է, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես Ազգերի լիգայի Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահի իրավահաջորդ, ՀՀ համապատասխան հայցի դեպքում, իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը` ըստ 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալների, ապա ԼՂՀ-ն (ի դեպ, տարածքային ամբողջականությամբ հանդերձ) ընդգրկվում է ՀՀ-ի կազմ եւ, ըստ այդմ, անիմաստ է դառնում ԼՂՀ հակամարտության քաղաքական քննարկումները միջազգային ատյաններում: (Տես, «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի 4-ից 7-րդ հոդվածները)

Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետեւ այս դեպքում քննության առարկա է դառնում նաեւ բռնազավթված ու հայաթափված Նախիջեւանի խնդիրը:

Ավելացնենք, որ սույն որոշման իրականացման վերաբերյալ դրույթը ներառված Սեւրի խաղաղության դաշնագրում, որպես 92-րդ հոդված, եւ ձեւակերպված է այսպես.

«Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելության կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89–րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ մասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին»:

3.Նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է` «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: (Տես, «Конвенция о мирном рещении международных столкновений», Гаага, 18 октября 1907 года.)

Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր եւ փուլեր.

ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից:

բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն եւ իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:

գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:

Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձեւաչափը, համաձայն այս Կոնվենցիայի դրույթների, սպառել է իրեն, որովհետեւ շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի, հիմնականում` Ադրբեջանի կողմից, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլեւս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի եւ որպես Կոնվենցիայի համապատասխան դրույթի ու պահանջի երկրորդ քայլ` ստեղծվի հակամարտության պատճառների անկողմնակալ եւ անաչառ հետաքննություն անցկացնող Միջազգային քննիչ հանձնաժողով:

Բոլոր երեք տարբերակները գործողության մեջ դրվելու իրավունք ունեն եւ արդյունավետ կարող են լինել, որովհետեւ ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավահարաբերություններում գոյություն ունեն հակամարտության խաղաղ կարգավորման, նվազագույնը, ներկայացված այս երեք ձեւաչափերն ու տարբերակները, որոնցով տվյալ դեպքում կարող են եւ պարտավոր են առաջնորդվել եւ՝ հակամարտող կողմերը, եւ՝ միջնորդները… Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ շրջանցում են կարգավորման իրավական միջոցներն ու մեխանիզմները, իրականում հրահրում են նոր պատերազմ եւ ցեղասպանություն…

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

12.12.2017 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail