01-08-2018 | Հայաստան | Մամուլի տեսություն
iravunk.com ՀԱԿ կուսակցության անդամ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։
Նախ նա ասել է, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, ապա հավելել. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք եւ այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։
Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ անդրադառնալով Զ. Թադեւոսյանի հայտարարությանը՝ նշել է՝ հազար անգամ ո՛չ, տիկի՛ն. «Մի՛ պղծեք հազարավոր զոհերի հիշատակը, լեզվին տալը, պատվեր կատարելու նման է, եթե հող են գրավել, ապա միայն հայերից, եթե գենոցիդ են արել, ապա՝ միայն հայերին…պատմական քարտեզները նայեք… Կուզենայի, որ նույն կրքոտությամբ դիմեիք Էրդողանին, Աթաթուրքի գերեզմանին, բռնագրավված հայկական տարածքները վերադարձնելու համար, ինչու դրա համար ձեզ չեք կոտորում, միջազգային պայմանագրերից եք խոսում, չկա առավել հաստատված միջազգային պայմանագիր, քան ԱՄՆ 18-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը» մինչեւ Տրապիզոն հայերին հատկացված տարածքների մասին… 100 տարի է չի վերադարձվում… Ինչո՞ւ մանկամարդ աղջկան լռեցնող ձեր մոլուցքով Լենինի դամբարանից չեք պահանջում առաջին աշխարհամարտին Ադրբեջանին նվիրած Նախիջեւանը, Արցախը, Գանձակը… դաշտային Ղարաբաղը»:
Մտավորականը հարց է ուղղում՝ հնագույն հայկական սուրբ հողերը՝ Վարանդան, Ակնը, Քարվաճառն ու մյուսները, որտեղ հայտնաբերված Տիգրանակերտ խոշորագույն քաղաքի պեղումները իրենց հայկական բարձր մշակույթով զարմացրին անգամ ֆրանսիացի գիտնականներին, ձեր համար ոչի՞նչ արժեն, այո՞. «Եվ վերջապես ո՞վ եք դուք, որ Եռաբլուրի թանկ հիշատակների մեզ թողած վաստակն եք փոշիացնում: Զսպե՛ք ձեզ, այդ տարածքները Ստեփանակերտի դարպասներն են…»:
Որպես հետգրություն՝ Ռ. Ասատրյանը հավելել է. «Քիչ առաջ մի գրառում նայեցի՝ ազերիները արդեն այս կնոջ աղմկահարույց հայտարարությունից հրճվելով, անմիջապես իր լուսանկարով տեղադրել էին իրենց մամուլում, ժողովուրդն ասում է՝ եթե գողը տնից լինի, եզը երդիկից կտանեն»:
Նոյյան տապան – Մամուլի տեսություն
nt.am/am/news/257420/