Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք մինչ օրս անհայտ էին

16:12 06. |Հասարակություն|

Վայոց ձորի մարզում Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ մինչև օրս անհայտ ամրոցներ են արձանագրվել:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջի և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին:

«Ընդ որում, այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր: Մասնավորապես, արքաների կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Պավել Ավետիսյանը: Նա նշեց, որ այս տարի նախատեսել են ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնց մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավորության շրջանին: Հայաստանի տարածքում հնագետները ժայռափոր կառույցների ուսումնասիրման աշխատանքները նոր են սկսում:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը նշեց, որ Վայոց ձորը հնագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր տարածք է: Չկա մի ժամանակաշրջան, որ այնտեղ արտացոլված չլինի:

«Խիստ զարմանալի է, թե որքան բան չգիտենք մեր երկրի մասին: Վայոց ձորում ուսումնասիրում ենք մարդու բնակեցման վաղագույն փուլերը: Նոր հուշարձանների հայտնաբերումը շատ կարևոր է, որովհետև դրանք ցուցակներում չկան: Դրանք մի ամբողջություն են այնտեղ առկա լանդշաֆտի հետ: Չի կարելի առանձնացնել հուշարձանը լանդշաֆտից: Հուշարձանը, հսկայական ամրոցը, իր շուրջ տարածված ծիսական աշխարհը, ջրանցքները, հին այգիների մնացորդները միասին վերցված մի ամբողջություն են»,-ասաց Բորիս Գասպարյանը: Նա նշեց, որ այդ հուշարձանները կարելի է օգտագործել զբոսաշրջությունը զարգացնելու գործում:

Միջերկրածովյան և Արևելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանը նշեց, որ իրենց արշավախումբը Հայաստանում սկսել է աշխատել 2013 թվականից, սկզբում Կոտայքում, այնուհետև Վայոց ձորում: Արշավախմբի ուշադրության կենտրոնում այն տարածքներն են, որոնք տեղեկություն են պարունակում Ուրարտուի վերաբերյալ:

«Վերջին վեց տարվա աշխատանքը հաստատեց, որ մեծ ներուժ կա նշված տարածքներում: Վայոց ձորից կառանձանցնեի Քյոշք հնավայրը, որը, կարծում եմ, ուրարտական կենտրոնական հնավայրերից մեկն է եղել: Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ժայռափոր կառույցներին, ապա, ասեմ, որ դրանց մասին քիչ տեղեկություն կա: Իրանում, Թուրքիայում նման կառույցների մասին տեղեկատվությունը շատ է: Այժմ նախատեսում ենք Հայաստանում ևս ուսումնասիրություն կատարել այդ տեղեկատվական բացը լրացնելու համար»,-ասաց Ռոբերտո Դանը:

Կոլումբիայի համալսարանի հնագիտական բաժնի հնակենդանաբան Հաննա Չազինի արշավախումբն ուսումնասիրություն է կատարում Քարաշամբի հատվածում: Նա տեղեկացրեց, որ տեղի դամբարանադաշտում բրոնզեդարյան ահռելի նյութ է ուսումնասիրվում:

«Քարաշամբի դամբարանադաշտը յուրահատուկ վայր է, որտեղ ուսումնասիրման շատ նյութեր կան: 250-ից ավելի դամբարան է պեղվել, ահռելի քանակությամբ ոսկրաբանական նյութ ունենք, որը վերաբերում է միջին բրոնզե, ուշ բրոնզե ժամանակաշրջանին»,-ասաց նա: Հայտնաբերվել են տարբեր կենդանիների ոսկորներ: Այժմ իզոտոպային անալիզի միջոցով փորձելու են պարզել կենդանիները տեղից տեղ շարժվե՞լ են, թե ոչ, դա էլ իր հերթին կօգնի հասկանալ այդ տարածքում քոչվորնե՞ր են եղել, թե հենց մարդիկ այնտեղ նստակյաց կյանքով են ապրել:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանը նշեց, որ հնագիտական աշխատանքներում ներգրավում են նաև տեղի համայնքների բնակիչներին: Տրամադրում են տեղեկատվական նյութեր իրականցվող հնագիտական աշխատանքների և արդեն ստացված արդյունքների մասին, որպեսզի համայնքի ղեկավարությունը, բնակչությունը հասկանան, թե ինչ հուշարձանների հետ գործ ունեն, ինչպես դրանք օգտագործեն զբոսաշրջության ոլորտում:

www.lragir.am/2018/08/06/369568/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail