07 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Ինքնաբուխ գործիչ Վարդգէս Գասպարիի երէկուայ արարքը, որի ժամանակ նա փորձում էր Ռուսաստանի Դաշնութեան պետական դրօշը եւ Ռոպերթ Քոչարեանի նկարը փակցնել ՀՀԿ եւ ՀՅԴ գրասենեակների մուտքին, հազիւ թէ ոեւէ խելացի մարդ համարի քաղաքական քայլ կամ արարք: Գասպարին միանշանակ առաջադրանք էր կատարում, իսկ թէ ո՞ւմ առաջադրանքը, կը փորձենք հասկանալ ստորեւ:
Բայց նախ մէկ-երկու խօսք` այդ գործչի ոչ քաղաքական եւ, ոչ համարժէք պահուածքի մասին: Գասպարին չի պատկերացնում իր արարքի հետեւանքները: Քաղաքական կողմը դեռ դնենք մի կողմ: Նա վիրաւորական արտայայտութիւններ է տեղում աշխատանքի վայրում իր ծառայութիւնն իրականացնող անվտանգութեան աշխատակցի հասցէին, ինչն, անշուշտ, քրէօրէն հետապնդելի է, եթէ ուրիշ բան չասենք: Ես իսկապէս զարմացած եմ այդ աշխատակցի համբերութիւնից, որ մինչեւ վերջ «կապը կտրած» Գասպարիին դիմում էր «յարգելիս», «քաղաքացի» բառերով: Մինչդեռ նա կարող էր տեղում արձանագրութիւն կազմել եւ Գասպարիի ձեռուոտը կապել ու յանձնել իրաւապահ մարմիններին` որպէս կուսակցական գրասենեակի վրայ յարձակում իրականացրած անձի:
Նոյն անընդունելի արարքը Գասպարին իրականացրեց նաեւ ՀՅԴ կենտրոնի մօտ եւ, դարձեալ, այս անգամ կենտրոնի հերթապահ երիտասարդների զուսպ եւ վճռական գործողութիւնների շնորհիւ, ձեռնունայն, առանց հերթական սադրանքի հեռացաւ: Հիմա հարց եմ տալիս Գասպարի խաղացնողներին` դուք պատկերացնո՞ւմ էք, թէ ի՛նչ կանեն այդ մարդուն, եթէ նա համարձակուի ռուսական 102-րդ զօրամասի կազմում իր երկրի սահմանները պաշտպանող հայ զինուորին «տականք» անուանել, եթէ նա համարձակուի տականք անուանել Արցախում ռուսական հրասայլերով, հրանօթներով, ինքնաթիռներով ու միւս զէնքերով իր հողը պաշտպանող հայ հրասայլորդին, հրետանաւորին, օդաչուին, հետեւակայինին: Վստահեցնում եմ` Գասպարիից ընդամէնը խոնաւ հետք կը մնայ: Իրավիճակը շատ տարբեր չէ, երբ Գասպարիի միջոցով այդպիսի արարք են իրականացնում ազգային կուսակցութիւնների գրասենեակների մօտ` յանիրաւի մեղադրելով այդ քաղաքական ուժերին` Ռուսաստանին ծառայելու մէջ:
Այս ողջ պատմութեան մէջ խիստ կասկածելի է նաեւ իր տաղաւարներում Գասպարիի հետ երկար ու ձիգ հարցազրոյցներ անող «Ազատութիւն» ռատիոկայանի պահուածքը, որի նկարիչն ու լրագրողն այս անգամ կուսակցական գրասենեակներ տանող ճանապարհին կրնկակոխ հետեւում էին Գասպարիին եւ արձանագրում նրա ամէն մի քայլը, ամէն մի շարժումն ու խօսքը: Իմ 40-ամեայ լրագրողական կենսագրութիւնից, յիշում եմ, մէկ էլ Արտաշէս Գեղամեանն էր սեփական լրագրող ու նկարիչ քարշ տալիս հետը, որպէսզի ԱԺ-ում իր ճեպազրոյցները նկարահանէին: Ընդդիմադիր Գեղամեանին (այն ժամանակ նա թունդ ընդդիմադիր էր) մենք հասկանում էինք, նա ԶԼՄ-ներին մեղադրում էր իր խօսքը բովանդակութիւնից կտրելու, իր յայտարարութիւնները գլխիվայր ներկայացնելու մէջ:
Հիմա ես ուզում եմ հասկանալ` ի՞նչ էր մտածում «Ազատութիւն»-ը, երբ հպարտ մենութեան մէջ այդպէս տրուել էր Գասպարիի խեղկատակութեան լուսաբանմանը: Ես իրաւունք ունե՞մ հարցնելու «Ազատութեան» գործընկերներիս` դուք զանգուածային լրատուամիջո՞ց էք, թէ՞ Գասպարիի յոյսին մնացած այն նոյն հիմնարկի գործակալ, որ փորձում է բառիս բուն իմաստով նսեմացնել մեր տարածաշրջանում ամենաազդեցիկ, մեզ հետ անվտանգութեան նոյն համակարգում ընդգրկուած երկրներից մէկին: Այս հարցը մի՛ ընդունէք որպէս լրատուամիջոցին լռեցնելու փորձ: Ինքս էլ լրագրող եմ, այն էլ` այնպիսի լրագրող, որ տեսել է իր թերթի փակումն ու խմբագրատան աւերումն այն մարդկանց ձեռքով, որոնց դուք ազատութեան ռահվիրաներ էք հռչակել:
Պարզապէս վախեցէք գնահատականից, որ քաղաքական ուժերը կարող են տալ Գասպարիի հետ ձեր այս համատեղ ձեռնարկին եւ պոյքոթել ձեզ որպէս լրատուամիջոցի: Սրա նախադէպը կարող էք տեսնել Միացեալ Նահանգներում, աւելի ստոյգ, այդ երկրի նախագահի կողմից կազմուած «ֆէյք» լրատուամիջոցների ցանկում:
Ինչո՞ւ էր Գասպարին հետը պտտեցնում նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի նկարը: Այս հարցը, թերեւս, ճիշդ կը լինի տալ արարքի բուն կազմակերպիչներին, ինչո՞ւ ոչ, նաեւ` «Ազատութեանը», որպէս քաղաքականապէս հասուն լրատուամիջոցի:
Գուցէ իսկապէ՞ս փորձ է արւում Քոչարեանին իրաւական հարթութիւնից տեղափոխել քաղաքական հարթութիւն, որպէսզի Լաւրովը մի յայտարարութիւն էլ Քոչարեանի մասով անի: Ռուսական կողմի քաղաքագէտներն արդէն իսկ իրենց ասելիքն ասել էին Քոչարեանի կալանաւորման կապակցութեամբ` նշելով, որ Քոչարեանը գործող նախագահ չէ, եւ դա, ըստ էութեան, Հայաստանի ներքին գործն է: Հիմա, ի՞նչ է, ուզում էք, որ Լաւրովը ուղղի՞ նրանց «սխալը»: Նպատակը ո՞րն է:
Եթէ արտաքին մարտահրաւէրների բերումով իրավիճակն այսքան լարուած չլինէր, կարելի կը լինէր, թերեւս, Գասպարիի «արարքը» համարել նախընտրական շրջանին բնորոշ մի ծիծաղելի եւ ճղճիմ փորձ` մրցակից կուսակցութիւնների վարկանիշին հարուածելու համար: Այդ դէպքում սա շատ լաւ առիթ կը լինէր ընդդիմադիր գործիչ Գասպարեանին խորհուրդ տալու` իր պահանջները իշխող քաղաքական ուժին ու Հայաստանի կառավարութեանը ներկայացնել, քանզի Լաւրովին նրանք են «զայրացրել»` կալանաւորելով, ապա գրաւի դիմաց ազատ արձակելով ՀԱՊԿ-ում ՕԹԱՆ-ի գլխաւոր քարտուղար Սթոլթենպերկի գործընկերոջը` Խաչատուրովին, որ ի լրումն իր բոլոր կոչումների ու պաշտօնների` նաեւ ազգութեամբ հայ է: Եւ, իսկապէս, ո՞րն է Դաշնակցութեան եւ ՀՀԿ-ի մեղքն այս հարցում, երբ մեր ՀՔԾ-ն, ինչպէս` յայտնի մուլտֆիլմի թեւատը, նախ մի բան անում է, յետոյ հարցնում ծնողներին` կարելի՞ է:
Շատ կը ցանկանայինք լսել նաեւ ընտրական գործընթացի աշխուժ մասնակից ՔՊ-ի եւ նրա դաշնակից ուժերի գնահատականը տեղի ունեցածին: Քաղաքապետի հմայիչ թեկնածու ունէք, վարչապետն էլ, քարոզարշաւը չսկսուած, ձեզ համար հանրահաւաք է կազմակերպում, էլ ի՞նչ ունէք մտահոգուելու: Ասել Գալուստ Սահակեանը` յաղթել պրծել էք: Եւ ուրեմն` դուխով: Գասպարիներին էլ դուրս գրէք, նրանց ժամանակներն անցել են, իսկ դուք էլ մի՛ մոռացէք, որ իշխանութիւն էք:
Իսկ վերջում մի այսպիսի հարց` Վարդգէս Գասպարիի խաղացանկում Միացեալ Նահանգներ եւ ԵՄ դրօշներով ներկայացումներ լինելո՞ւ են, արդեօք…
aztagdaily.com/archives/404119