08 ՕԳՈՍՏՈՍ 2018 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:
Զրուցեց` ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԵԱՆԸ
Ստորեւ կը ներկայացնենք «Երկիր»-ի զրոյցը ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ:
«ԵՐԿԻՐ».- Պարո՛ն Սէյրանեան, շուտով կը լրանայ նոր վարչապետի, նոր իշխանութեան գործունէութեան 100 օրը: Ի՞նչ իրողութիւն ունենք այսօր:
ՍՊԱՐՏԱԿ ՍԷՅՐԱՆԵԱՆ.- Իրողութիւնն այսպիսին է` երկրում կայ նոր իշխանութիւն, որը դիմակայում է բազմաթիւ դժուարութիւնների` ներքին ու արտաքին, առարկայական ու ենթակայական, հին ու նոր: Առկայ են լուծման կարիք ունեցող, պետութեան ու հասարակութեան կենսագործունէութեան անխտիր բոլոր ոլորտներին, իւրաքանչիւր քաղաքացու առնչուող բազում հիմնախնդիրներ, որոնց ամէն օր աւելանում են նորերը: Դա բնական է. արդի աշխարհը յարափոփոխ է, գործընթացները` աննախադէպ արագ ու հակասական, իսկ կուտակուած խնդիրները` շատ: Ցանկացած երեւոյթ իր մէջ թէ՛ նոր վտանգներ ունի, թէ՛ նոր հնարաւորութիւնների առիթ: Հասկանալի է նաեւ, որ այդ հիմնախնդիրների լուծման հեշտ բանաձեւեր չկան:
Կառավարութեան ու յատկապէս վարչապետի վրայ հսկայական ճնշում կայ` թէ՛ ներքին, թէ՛ արտաքին, թէ՛ իւրայինների, թէ՛ հակառակորդների կողմից: Ինքնին պակաս ճնշող չէ նաեւ դրական սպասումների այն մթնոլորտը, որն առաջացաւ համաժողովրդական շարժման արդիւնքում: Այս իրողութիւնն էլ է բնական, թէեւ ունի նաեւ բազմաթիւ վտանգներ: Դրական սպասումները պէտք է բաւարարուեն, ընդ որում` իրական, խորքային, համակարգային ու համակարգաստեղծ քայլերով: Այստեղ չի կարելի ո՛չ անտեղի շտապել, ո՛չ էլ անիմաստ դանդաղել: Շատ կարեւոր է ոչ միայն խնդիրների լուծման կամքը, այլեւ լուծումների արդիւնաւէտութիւնն ապահովող մեթոտաբանութիւնը, յստակ ժամանակացոյցը, բանիմացութիւնը, կայացրած որոշումների իրականացման ու արդիւնաւէտութեան դիտարկումը, բազմաթիւ այլ կառավարչական գործիքներ: Հասկանալի է, որ առկայ իրավիճակում կառավարութիւնն ունի որոշակի կաշկանդումներ` կապուած յաճախ ոչ ժողովրդական, բայց անխուսափելի քայլեր կատարելու պարտադրանքի կամ այդ պարտադրանքից, որոշ դէպքերում մարտավարական նկատառումներով, խուսանաւելու հետ: Սա էլ է բնական ու հասկանալի, եւ այս առումով մեծ վտանգներ չկան: Աւելի ճիշդ` այս առումով առայժմ չկան սխալներ ու թերացումներ, որոնք ենթակայ չեն սրբագրուելու կամ ուղղուելու:
Վարչապետի անձնական բարձր վարկանիշը կարեւոր քաղաքական դրամագլուխ է: Սակայն ցանկացած վարկանիշ միշտ ենթակայ է վայրիվերումների: Կարծում եմ, որ այդ վարկանիշն այսօր այնքան էլ կախուած չէ ո՛չ վարչապետի քաղաքական կուսակցութեան, ո՛չ նրա նշանակած մարդուժի, ո՛չ էլ նոյնիսկ նրան սատարող ուժերի` առանձին վերցրած վարկանիշից: Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ դեռեւս վարչապետի վարկանիշն է պայմանաւորում կառավարութեան ու ընդհանրապէս իշխանութեան վարկանիշը: Բայց դա` առայժմ: Վաղը դա կարող է փոխուել: Զուգահեռ գործընթացը` կառավարութեան արդիւնաւէտ գործունէութեան ազդակը վարչապետի ու ամբողջ իշխանութեան վարկանիշի բարձրացման վրայ դեռ նշմարելի չէ, յաճախ հակառակն է: Դա էլ է, թերեւս, ինչ-որ իմաստով օրինաչափ, քանզի քաղաքական կամ գործադիր աշխատանքի լուրջ ցենզ ունեցողները նորանշանակ պաշտօնեաների մէջ այնքան էլ շատ չեն: Հանրութեան զգալի հատուածի մօտ կայ ոգեւորութիւն, որոշ հատուածի մօտ` զգուշաւոր լաւատեսութիւն, քիչ չեն նաեւ այն շերտերը, որոնք կառավարութեան քայլերից այնքան էլ լաւ չեն պատկերացնում ընկերային ու տնտեսական հարցերի արդիւնաւէտ լուծման ուղիները: Այսօր խիստ կարեւոր է, որ մարդիկ տեսնեն, թէ կառավարութեան որոշումներն ինչպիսի փոփոխութիւններ ու շօշափելի դրական արդիւնքների են յանգեցնելու իրենց կեանքում ու կենցաղում, ընտանիքի պիւտճէում, գների վրայ, ծառայութիւններից օգտուելու հասանելիութեան ու մատչելիութեան վրայ: Անշուշտ, ոչ միայն հացիւ, բայց` նաեւ հացիւ:
Ամենավտանգաւորը կը լինէր ժողովրդի ոգեւորութեան անկումը, յոյսերի ու սպասումների մէջ յուսախաբ լինելը: Դրանից պէտք է խուսափել, եւ մենք մեր ամբողջական հնարաւորութիւններով պէտք է աշխատենք, որ կառավարութիւնը յաջողի: Դա կը լինի բոլորիս յաջողութիւնը, կառավարութեան ձախողումն էլ կը լինի բոլորիս ձախողումը` անկախ ունեցած նախարարական աթոռների քանակից կամ դերակատարման չափից:
«Ե.».- Ասացիք` վարչապետի վրայ կայ նաեւ արտաքին ճնշում: Երեւի նկատի ունէք Արեւմուտքի սպասուածից աւելի կրաւորական կեցուածքը` կառավարութեանը նիւթապէս օգնելու չափերի առումով, Ռուսաստանի քաղաքական ու պետական որոշ գործիչների արտայայտութիւնները Արցախի հիմնախնդրի կարգաւորման առումով, եւ` Լաւրովի վերջին յայտարարութիւնը:
Ս. Ս.- Նկատի ունեմ բոլոր ազդակները` թէ՛ դրական, թէ՛ բացասական, թէ՛ չէզոք, թէ՛ վտանգաւոր: Որեւէ պետութեան բնականոն կենսագործունէութեան դիտանկիւնից ամենավտանգաւորն այն վիճակն է, երբ ներքին ճնշումներին, որոնց մասին արդէն խօսեցինք` թէ՛ դրական, թէ՛ բացասական առումներով, աւելանում է արտաքին ճնշումը: Ես հեռու եմ այն մտայնութիւնից, որ Հայաստանը տիեզերքի կենտրոնն է ու բոլորի միակ հետաքրքրութեան առանցքը: Սակայն մեր տարածաշրջանը միշտ եղել է համաշխարհային քաղաքականութեան շահերի խաչմերուկ` յաճախ մրցակցութեան, յաճախ էլ առճակատման: Այդպէս է նաեւ այսօր, այդպէս է լինելու տեսանելի ապագայում: Եւ դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ` տարածաշրջանի բոլոր պետութիւններին ու ժողովուրդներին: Այս իրողութիւնից հնարաւոր չէ խուսափել, այս իրողութեանը համարժէք քայլեր են պէտք: Եւ ոչ միայն համարժէք քայլեր արտաքին քաղաքական իմաստով, այլեւ` ներքին իմաստով:
Անհրաժեշտ է համընդհանուր զօրաշարժ, բոլոր ուժերի ու միջոցների կենտրոնացում վտանգաւոր արտաքին միտումները չէզոքացնելու համար: Ցանկացած արտաքին մարտահրաւէրի ամենաարդիւնաւէտ պատասխանի գրաւականն է համաձայնութեան, համերաշխութեան, միասնականութեան ներքին մթնոլորտը, որի միջոցով է պետութեան ոեւէ ղեկավարի որեւէ քայլ, յայտարարութիւն, որոշում դառնում տասնապատիկ աւելի ազդու: Մեզ անհրաժեշտ է համընդհանուր համախոհութիւն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան պահպանման, մեր բնականոն զարգացմանը խոչընդոտող արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու համար: Տասնամեակների զրկանքների, դժուարութիւնների, տառապանքի, հազարաւոր զոհերի ու հարիւր հազարաւորների զոհողութիւնների գնով ձեռք բերուածը չենք կարող վտանգել: Իսկ վտանգը միայն դրսից չէ, որ կարող է գալ. ներքին ցանկացած տարանջատում կարող է դուռ բացել արտաքին վտանգների ահագնացման համար:
Վերջերս վարչապետի հարցազրոյցներից մէկում նշուած էր կարեւոր հիմք` մեր արտաքին քաղաքականութեան շեշտադրումների առումով. մեր արտաքին քաղաքականութիւնը ո՛չ արեւմտամէտ է, ո՛չ ռուսամէտ, այն հայաստանամէտ է: Անշուշտ, Հայաստանի համար հաւասարապէս կարեւոր են բազմակողմանի յարաբերութիւնների խորացումը թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի հետ: Դրանք հակադրելի չեն, քանզի այդ յարաբերութիւնները մէկը միւսով փոխարինելի չեն իրենց ամբողջութեան մէջ: Այս իմաստով շատ բարդ իրավիճակ կայ հիմա ու շատ զգուշ քաղաքականութիւն վարելու անհրաժեշտութիւն:
Տարածաշրջանը հերթական անգամ մեծ ձեւափոխումների փուլում է: Նախորդ նման փուլերում մենք միշտ չէ, որ կարողացել ենք չէզոքացնել բացասական ու վտանգաւոր միտումները: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ առիթ չտանք, որ մեր երկրի պարագայում գերտէրութիւնների մրցակցութիւնը վերածուի «սառը» կամ «տաք», թաքնուած կամ բացայայտ առճակատման: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ մեր երկրի պարագայում խուսափենք մեր հակառակորդների եւ որեւէ գերտէրութեան շահերի թէկուզ ժամանակաւոր, թէկուզ հատուածական համընկնում տեղի ունենայ: Դա կը բերի ոչ միայն սահմանային լարուածութեան նոր ալիքի, այլեւ, Աստուած չանի, նոր պատերազմի: Սահմանափակ միջոցներ, շրջափակման իրողութիւնից բխող լրջագոյն դժուարութիւններ ունեցող մեր երկրի համար շահերի նմանօրինակ համընկնման թէկուզ մի քանի օրը կարող է մարդկային, տարածքային անդառնալի կորուստների յանգեցնել, երկրի հետագայ զարգացման գործընթացը յետ գցել տասնամեակներով: Այս իրողութիւնները մեզ պէտք չէ վախեցնեն, այլ պէտք է ստիպեն միշտ պատրաստ լինել ամենավատ բեմագրութիւններին ու զերծ մնալ որեւէ կերպ նմանօրինակ գործընթացների սրմանը ակամայ նպաստելուց: Աստուած չանի, նոր պատերազմ լինի: Վստահ եմ, էլի կը յաղթենք, բայց գինը շատ թանկ կը վճարենք:
«Ե.».- Դաշնակցութեանն էլ ոմանք մեղադրում են Արցախի հարցում անզիջում կեցուածքի համար, նոյնիսկ պատերազմատենչ են համարում:
Ս. Ս.- Մենք պատերազմ չենք ուզում, շա՜տ շատերից աւելի լաւ գիտենք, թէ ի՛նչ բան է պատերազմը: Հայաստանի ու Արցախի ազատութեան համար, մեր տարածքներն ազատագրելու համար զոհուած իմ ընկերների թիւը տասնեակ անգամներ աւելի է, քան` այսօր դրանք յանձնելու մասին խօսող կազմակերպութեան անդամների կամ անհատների թիւը: Մենք պատերազմ չենք ուզում, որովհետեւ եթէ այն սկսուի, էլի առաջինների մէջ իմ ահել ու ջահել ընկերներն են շտապելու դիրքեր: Ու ոչ թէ երկու ժամով կամ սելֆի անելու, այլ` առաջնագծում շաբաթներով հերթափոխի կանգնելու համար: Իմ խորին համոզմամբ, պատերազմից խուսափելու լաւագոյն ձեւը խաղաղութիւն պարտադրելն է` այդ հասկացութեան ամենալայն ընդգրկմամբ: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ներքին միասնականութիւն:
«Ե.».- Վերադառնանք ներքին կեանք: Անցած շաբաթ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը յայտարարութիւն տարածեց` կապուած երկրի երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանին առաջադրուած մեղադրանքի հետ: Եղան ամենատարբեր մեկնաբանութիւններ, գնահատականներ, նոյնիսկ` մեղադրանքներ: Ձեզ չի՞ մտահոգում, որ հանրութեան մէջ, հաշուի առնելով առկայ մթնոլորտը, կուսակցութիւնը քաղաքական շահեր է կորցնում ընտրութիւններից առաջ:
Ս. Ս.- Նախ, մեզ համար վարկանիշային միաւորներ հաւաքելը կամ կորցնելը չեն կարող որոշիչ լինել մեր տեսակէտները յայտնելու եւ դրանք պաշտպանելու համար: Եթէ յանուն քուէների ես պէտք է հակասեմ իմ սկզբունքներին, պէտք է չասեմ` ինչ մտածում եմ, ապա ես ոչ թէ սկզբունքային մարդ եմ, այլ` պատեհապաշտ, եթէ չասեմ` վախկոտ: Նորանկախ Հայաստանի հասարակական ու քաղաքական բազում հիմնախնդիրների լուծման մասին մենք երբեւէ չենք վարանել մեր մօտեցումներն ասել, անկախ նրանից` մենք իշխանութեան մա՞ս ենք կազմել, թէ՞ ընդդիմութեան: Եւ բնաւ էլ չենք մտահոգուել, մեր կեցուածքի արդիւնքում իշխանութիւնից դո՞ւրս կը գանք, թէ՞ ոչ: Այո՛, յաճախ մեր մօտեցումներն ու տեսակէտները շատերը չեն հասկացել, շատերը շատ լաւ էլ հասկացել են, բայց չեն ուզեցել ընդունել, շատերը մեզ քննադատել են, անգամ մեղադրել, անգամ կուսակցութիւնն ու լրատուամիջոցներն արգելել, ղեկավարներին էլ շինծու մեղադրանքով բանտ նետել: Բայց դրանք անցողիկ երեւոյթներ են, ժամանակն ապացուցել է, որ մենք ճիշդ էինք, իսկ մեզ քննադատողները` սխալ: Այնպէս որ, մի քանի պատգամաւորական աթոռ աւել կամ պակաս ունենալու համար մենք երբեք չենք վարանի յայտնել մեր տեսակէտը, որքան էլ որ այն տուեալ պահին չհասկացուի կամ հարուածների թիրախ դառնայ: Տեսնում ենք, թէ պատեհապաշտ կուսակցութիւններն ու գործիչներն ո՛ւր են, մենք` ուր: Եւ մենք այն կուսակցութիւնը չենք, որ վարանենք բարդ հարցեր բարձրացնել կամ լռել ու սպասել, յետոյ չարախնդալու կամ սխալ գործածների հաշուին միաւորներ հաւաքելու համար:
Երկրորդ, մեր յայտարարութիւնն ի պաշտպանութիւն Ռ. Քոչարեանի յայտարարութիւն չէր: Մենք չենք ասել, որ նա անմեղ է կամ մեղաւոր, չենք էլ ասել, որ նրա կամ ոեւէ այլ նախկին կամ ներկայ պաշտօնեայի հանդէպ դատական թապու կայ: Ամենեւի՛ն: Մենք ասել ենք, որ նմանօրինակ ձեւակերպումը, որով նրա հանդէպ քրէական գործ է յարուցուել, խիստ վտանգաւոր ձեւակերպում է ոչ թէ Քոչարեանի, այլ երկրի նախագահի հաստատութեան հանդէպ: Որովհետեւ նմանօրինակ ձեւակերպումով նախադէպ է ստեղծւում ոչ միայն ետ գնալու, ասենք, մինչեւ առաջին նախագահը, այլեւ` ապագայի ոեւէ ղեկավարի համար: Նախադէպ ենք սարքում ցանկացած յաջորդ պետութեան ղեկավարի կողմից իր նախորդի հանդէպ նոյնաբովանդակ մեղադրանք ներկայացնելու համար:
Ի դէպ, առաջին նախագահի պահով: 1995-ի սահմանադրական հանրաքուէի,1996-ի խորհրդարանական ընտրութիւնների հսկայածաւալ ապացուցողական հիմքով փաստուած աղաղակող կեղծումը բոլոր հիմքերը տալիս էին ու տալիս են նրա հանդէպ հէնց այդ նոյն ձեւակերպումով դատ յարուցելու համար: Բոլորը շատ լաւ յիշում են հրասայլերը քաղաքի կենտրոնում, ցուցարարների ծեծուջարդը: Այդ ժամանակ բարեբախտաբար հնարաւոր եղաւ խուսափել զոհերից բացառապէս, կրկնում եմ, բացառապէս թեկնածու Վազգէն Մանուկեանի ու նրան սատարող ուժերի, այդ թւում` Դաշնակցութեան, կեցուածքի շնորհիւ, որոնք հրաժարուեցին թէկուզ մէկ մարդու արեան գնով յանուն նախագահական աթոռի վտանգաւոր առճակատումից:
Աւելին ասեմ, 1998-ի իշխանափոխութիւնից յետոյ շատերի մօտ կար գայթակղութիւնը` վերոնշեալ հիմքով դատի տալու առաջին նախագահին: Բայց դրան առաջինը դէմ եղան Վահան Յովհաննիսեանը, Հրանդ Մարգարեանը, Արմէն Ռուստամեանը եւ միւսները, որոնք տարիներ շարունակ բանտում անցկացրեցին շինծու մեղադրանքով: Նոյն կերպ էլ վարուել էր 1992-ին Հրայր Մարուխեանը, յորդորելով ու համոզելով իր անօրինական արտաքսման դէմ բողոքի գործողութիւնների պատրաստ իր կուսակիցներին:
Այնժամ էլ, հիմա էլ մեզ համար պետութեան ղեկավարի հաստատութիւնը, կրկնում եմ` հաստատութիւնը, ոչ թէ անձը, աւելի կարեւոր են: Այնժամ էլ, հիմա էլ համոզուած ենք, որ նմանօրինակ ձեւակերպումը հարուած է պետութեան ղեկավարի հաստատութեան, անկախ նրանից` ղեկավարն ով էր երէկ, ով է այսօր, ով կը լինի վաղը:
Ժողովուրդն ուժեղ է պետութիւնով: Պետութիւնն ուժեղ է պետական հաստատութիւններով ու այդ հաստատութեան հանդէպ հանրային վերաբերմունքով: Կրկնում եմ` անկախ նրանից, թէ տուեալ պահին ով է այդ հաստատութիւնը ներկայացնում: Եւ եթէ այսօր ոեւէ մէկը Դաշնակցութեանն այս մօտեցման համար պէտք է քննադատի կամ մեղադրի, ապա դա իր հասկացողութեան ու խղճի հարցն է: Մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք եւ ասում ենք բաց` առանց վախենալու քննադատութիւնից կամ էլ թաքուն ու երկչոտ: Նոյն կերպ վերաբերուել ենք նախկինում, նոյն կերպ վերաբերւում ենք հիմա, նոյն կերպ կը վերաբերուենք նաեւ ապագայում, եթէ նմանօրինակ երեւոյթ կրկնուի:
Երրորդ, մեր այս կեցուածքը ոչ թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դէմ է, ինչպէս կարող են իրենց շահախնդրութիւնից ելնելով մեկնաբանել հին ու նոր պատեհապաշտներն ու վարձկան «վերլուծաբանները», այլ ճիշդ հակառակը` դա Նիկոլ Փաշինեանի օգտին է: Ոչ թէ առանձին քաղաքական ուժի ղեկավարի, ոչ թէ հասարակութեան որեւէ շերտի սիրելիի, այլ ամբողջ երկրի, բոլորի քաղաքացիների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի օգտին է: Պետութեան մէջ պէտք չէ լինեն երեւոյթներ, որոնք թէկուզ նուազագոյն հնարաւորութիւն ու դուռ բացեն շահարկումների, այլազան որակումների համար: Եթէ այս գործի հետ կապուած քաղաքական պիտակ կամ որակում առաջանայ, ապա այն միանգամից արտապատկերուելու է թէ՛ նախորդ, թէ՛ հնարաւոր յաջորդ բոլոր գործերի վրայ` անկախ նրանից, թէ ինչ ձեւակերպումներով են դրանք յարուցուել, ում դէմ եւ ինչի համար: Սա առաջ է բերելու լուրջ կասկած երկրում արդարադատութեան հանդէպ: Սա չի կարելի թոյլ տալ: Սա մեր համոզումն է եւ հէնց սա է մեր յայտարարութեան իմաստն ու նպատակը:
«Ե.».- Իսկ ի՞նչ էք կարծում վարչապետի յաջորդ հարիւր օրերի կամ ընդհանրապէս առաջիկայ անելիքների մասին, որո՞նք են առաջնահերթութիւնները:
Ս. Ս.- Անշուշտ, կարելի է մատնանշել ընկերային, տնտեսական, ներքին ու արտաքին բազում հիմնախնդիրներ, եւ դրանք բոլորն էլ առաջնահերթ կը լինեն ու խիստ կարեւոր: Բայց կարծում եմ այսօր ամենակարեւորը հասարակական համերաշխութեան, միասնականութեան հաստատումն է: Սիրոյ ու համերաշխութեան մասին կարելի է շատ խօսել, բայց կարեւորը գործերն են ու դրանց արդիւնքում ձեւաւորուող միջավայրը: Այս առումով այսօր լուրջ մտահոգութիւններ կան: Մտահոգիչ է ազատագրուած տարածքները գրաւեալ ու «հետեւաբար» յանձնելի որակելու առայժմ եզակի, բայց համոզուած եմ` կրկին միտումնաւոր կերպով վերակենդանացած թեզը: Մտահոգիչ է «Արցախի հարցը թող արցախցիներին վերաբերուի» կամ դարձեալ «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերը վերակենդանացնելու ճիգերը: Մտահոգիչ է բանակի սպայի ու ազատամարտիկի կերպարի աղաւաղումը եզակի բացասական օրինակների «հիման վրայ» կամ համատարած կասկածը բոլորի հանդէպ: Մտահոգիչ է «Ազգ-բանակ» եզրոյթի բովանդակութեան աղաւաղումն ու թերագնահատումը` դրանով իսկ այդ կարեւոր յղացքի մոռացումը: Մտահոգիչ է ազգային աւանդական հոգեւոր, հասարակական, մշակութային կառոյցների, հաստատութիւնների ու արժէքների հանդէպ քամահրական, ծաղրական, սադրիչ ու պառակտիչ գործողութիւնների իրողութիւնը: Մտահոգիչ է, երբ դարձեալ հասարակութեան մէջ սկսում են ջրբաժաններ ստեղծել ու պատնէշներ կառուցել «Ով մեզ պէս չի մտածում` նա տականք է» կամ «Ով մեր հետ չէ` նա ազգի թշնամին է» խորշելի ու խիստ վտանգաւոր բանաձեւերով: Մտահոգիչ է պետական հաստատութիւնների գործունէութեան հանդէպ ցանկացած քննադատական խօսք կամ նոյնիսկ այլընտրանքային առաջարկ որպէս խափանարարութիւն կամ թշնամանք որակելն ու քննադատողի հանդէպ թշնամանքով լի կեցուածք որդեգրելու միտումները: Մտահոգիչ է, երբ որոշ շրջանակների կողմից վարկաբեկւում է ու պախարակւում իրենցից տարբերուող ցանկացած անձնական կարծիք, երբ սեփական տեսակէտ յայտնողը «սիրոյ ու համերաշխութեան» որոշ անզուսպ ջատագովների կամ երկրորդական մակարդակի չինովնիկների կողմից դառնում է ընկերային ցանցերում անձնական բնոյթի որակումների, ատելութեան ու հայհոյանքների թիրախ: Իմ խորին համոզմամբ, սա ամենամեծ վտանգներից է վարչապետի, այսօրուայ իշխանութեան համար:
Հասկանում եմ` քաղաքական լուրջ փոխակերպումներից յետոյ որոշակի ժամանակահատուածում հասարակութիւնն աթոմիզացւում է. դեռ խորն են լինում քաղաքական առճակատման մթնոլորտի հետեւանքները: Այս իմաստով յոյս ունեմ, որ թուարկածս մտահոգութիւնները վերաբերում են անցնող հարիւր օրերին: Հասկանում եմ նաեւ, որ նոր իշխանութիւն է, շատ բարդ խնդիրների լուծմանը լծուել են նոր մարդիկ, ժամանակ է պէտք նաեւ նրանց համար: Հոյակապ հասկանում եմ, որ նման իրավիճակներում աշխուժանում են նաեւ որոշակի խմբակային կամ անհատական շահախնդրութիւններով ու մղումներով առաջնորդուողներ, որոնք, բնականաբար, առաջին հերթին պայքար են սկսում թիւ մէկ պաշտօնեայի շրջապատում տեղ գրաւելու, որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, դրանք, ինչո՞ւ չէ, նաեւ սեփական քաղաքական ապագայի համար ծառայեցնելու առումով: Դրանից դեռ ոչ մի ղեկավարի չի յաջողուել խուսափել: Դրանով եմ հակուած բացատրել նաեւ որոշ վայրիվերումներ ու առանձին մօտեցումներ: Սակայն այսօր բոլորը, առաջին հերթին քաղաքական որոշումների ընդունման մէջ դերակատար մարդիկ պէտք է յստակ գիտակցեն, որ այլեւս գործ ունենք ոչ միայն առանձին մի կուսակցութեան, կամ որոշակի քաղաքական կողմնորոշման խմբի ղեկավարի, այլ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հետ, որն արդէն բոլորի վարչապետն է. ոչ միայն իր համախոհների, այլեւ` իր քաղաքական մրցակիցների կամ, նոյնիսկ, հակառակորդների, բոլորի` առանց որեւէ տարաբաժանման: Եւ վարչապետի առաջնահերթ խնդիրն, իմ կարծիքով, այդ դերակատարման լիարժէք կրողը լինելն է, եթէ կ՛ուզէք` այդ առաքելութեան իրականացնողը լինելն է:
Այսօր երկիրն ու ժողովուրդը լրջագոյն մարտահրաւէրների են դիմակայում` ներքին ու արտաքին: Մենք մեր ներքին խնդիրներն ինքներս պէտք է լուծենք, պէտք է բացառենք որեւէ արտաքին միջամտութիւն: Հիմա ոչ թէ եղած տարանջատումները խորացնելու, նոր տարանջատումներ փնտռելու եւ «գտնելու», հասարակութիւնը յաղթածների ու պարտուածների բաժանելու, այլ համախմբուելու, միասնականութեան եզրեր գտնելու, եղած տարանջատումները վերացնելու հրամայականի առաջ ենք: Եւ ոչ միայն իշխանութիւնն ու վարչապետը: Բոլորս: Որովհետեւ դժուարութիւններն ու վտանգները, առաւել եւս` մեր հակառակորդը, չեն տարբերակելու մեր մէջ իշխանամէտին ու ընդդիմադիրին, որեւէ կուսակցութեան ներկայացուցչին կամ անկուսակցականին, հաւատացեալին, աստուածամերժին, ահելին ու ջահելին: Կամ ԲՈԼՈՐՍ կը յաղթենք, կամ ԲՈԼՈՐՍ կը պարտուենք:
Որոշումներ կայացնողի, պատերազմի ժամանակ հրամաններ տուողի իրաւական օրինականութիւնը շատ կարեւոր է: Բայց ոչ պակաս, եթէ ոչ աւելի, կարեւոր է այդ անձի քայլերի ու որոշումների հանդէպ համընդհանուր, համաժողովրդական օրինականութեան մթնոլորտը: Երբ որոշումն ու հրամանը կատարւում են ոչ միայն այն պատճառով, որ դրանք ընտրուած, ընտրութիւններում յաղթած մարդու որոշումներ ու հրամաններ են, այլ որովհետեւ դրանք բոլոր, կրկնում եմ, անխտիր բոլոր քաղաքացիների շահերը ներկայացնող ու պաշտպանող մարդու որոշումներ ու հրամաններ են: Փաշինեանն այսօր երէկուայ հակամարտող բոլոր կողմերի վարչապետն է եւ նրա համար այլեւս մեր հասարակութեան մէջ «կողմեր» չկան: Եւ թող ոչ ոք չփորձի արհեստական անջրպետ ստեղծել իշխանութեան ու հասարակութեան որեւէ, թէկուզ ամենափոքր հատուածի միջեւ: Սա կը լինի հարուած առաջին հերթին վարչապետի, պետական հաստատութեան դէմ:
Համոզուած եմ. նշածս առաջնահերթութիւնների լուծման ժամկէտներից ու արդիւնաւէտութիւնից շատ բան է կախուած: Դրանով է չափուելու մեր պետութեան ու հասարակութեան հասունութեան աստիճանը, դրանով է մեծանալու բոլորիս առջեւ կանգնած մարտահրաւէրներին դիմակայելու մեր ներուժը, դա է մեր յաջողութիւնների հիմքը: Ուստի առաջին հերթին հէնց այդ հարցերում եմ ուզում յաջողի վարչապետը, որ յաջողենք բոլորս:
aztagdaily.com/archives/404293