01 ՕԳՈՍՏՈՍ 2018 –
Մի սանձարձակ հայտարարություն, որ կատարել էր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը. «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ»:
Երբ այդ ՀԱԿ հապավման «ազգային» բառը կասկածի տակ է դրվել նրա ամպագոռգոռ հայտարարությամբ, էլ ի՞նչ ազգային…Ազգայինը ո՞րն է, որ ազգի իրավունքներն այսպես ոտնահարե՞լ է, որ ազատագրված հայոց հողերը գրավյա՞լ է համարել, որ մեր բարբարոս հարևանների սադրանքների՞ն է ընդառաջել…
Եթե այս ճամարտակության հեղինակն այդ «փաստի արձանագրմամբ» համամիտ է, որ այդ տարածքները «օկուպացված են», ուրեմն նա պիտի ճիշտ համարի նաև մեր հարևանների վայրենահաչությունը, թե հայոց մայրաքաղաքն էլ իրենցն է ու դրա հետ նաև՝ հայոց երկրի մի ամբողջ արևմտյան հատված:
Բայց կգտնվե՞ն մարդիկ, ովքեր համակիր կլինեն նրա խոսքերին ու «ծպտված» կկարդան բոլորի մտքերը և կմտածեն, թե ինչքա~ն լավ է, որ իրենք չեն բարձրաձայնողը, այնքան թուքումուր ընդունողը: Կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, թե իբր այդ տարածքները ետ վերադարձնելով՝ կլուծվի Արցախի հարցը: Կլինե՞ն մարդիկ, որ կմտածեն, թե հավիտենական խաղաղություն կհաստատվի ու մի նոր դարավոր բարեկամության սկիզբը կդրվի, երբ հայերն այդ տարածքները հանձնեն: Բայց մոռացա գրել՝ ազատագրված հողերը, այն էլ՝ հաղթանակած ժողովուրդը…
Իսկ հաղթանակներն ինչպե՞ս են լինում: Այն սգավոր մայրերից հարցրե՛ք, որ որդիներ են կորցրել, հարցրե՛ք այն երեխաներին, ովքեր որբացել են մանկուց, հարցրե՛ք նրանց, ում հարազատներն անհայտության են մատնվել, բոլոր նրանց, ովքեր թշնամու հրետակոծության տակ զգացել են ապրելու գինը ու գիտեն այս հողի համը: Լսած կա՞ք, հողի համը…Որ արյամբ է ներծծվել, ճաք տվել ցավից, քարերն էլ սրբացվել, համբույրով են օծվել, հուշաքար դարձել՝ ապրողներիս համար…
Հնարավոր է՝ ոմանք ցանկանան մեզ հասկացնել, որ նա անձնական իր կարծիքն է հայտնել: Այո՛, թողենք հայտնի այն, ինչ իր մտքում կա…Թող այն ազատագրված տարածքները մի ոմն Զոյա Թադևոսյան համարի գրավյալ հողեր, և այդ զավթիչները համարի, որ հայերն են…Ովքե՞ր են սխալվել այստեղ՝ լրագրողնե՞րը, թե՞ հենց ինքը, ով ներկայացել է որպես այդ կուսակցության անդամ:
Սահմանամերձ Մարտակերտում եմ ապրում, Արցախի պատմական Տիգրանակերտից ոչ շատ հեռու: Այնտեղ պեղումներ են կատարվում, հայոց հողերի ինքնություն հաստատվում: Տիգրան Մեծի կառուցածն է, որ խորհրդային տարիներին Աղդամի շրջանին էր պատկանում: Ազատագրվեց մի հայկական բնակավայր՝ մեր Ակնան, որ համարում են իրենցը, մի «գրավյալ տարածք», որ չենք ուզում վերադարձնել… Բայց չխորանամ պատմության մեջ, երբ պատմագետ չեմ:
Մեր շուրջը նոր գյուղեր կան՝ Նոր Մարաղա, Նոր Կարմիրավան, Նոր Այգեստան…Ու այսպես ամեն ինչ նոր, բայց ցավոտ է հնչում այդ նորը, երբ հինը չկա, այն հին Մարաղան, որտեղ սպանդ եղավ բնակիչների, այն հին Կարմիրավանը, որ այլևս չկա, այն հին Այգեստանը, որ դրախտ էր իսկական, բայց վաղուց դարձել են թշնամու կողմից «օկուպացված» տարածքներ ու այլևս մերը չեն:
Ճիշտ է, զայրացած եմ շատերի նման, բայց գրում եմ այս տողերը արտաքուստ հանգիստ, երբ գիտեմ, որ իմ ժողովուրդն իր կյանքը կտա, բայց մի թիզ հող չի տա այն բարբարոսներին, որոնց համակիրն է դարձել մի հայուհի՝ իր ինքնագոհ հայտարարությամբ:
Միայն ուզում եմ ասել նրան. «Հեռու՛ մնացեք Արցախից, երբ չգիտեք այս հողի գինը»:
Նատաշա Պողոսյան
usarmenianews.com/am-n-10941.html